ՀԱՐՑԱԶՐՈՅՑ-«ՎԱՅԵՆՆԻ ՏԻՓԼՈՄԱԹ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՀԵՏ
««Խաղաղութիւն Տարածքների Դիմաց» Սկզբունքն Անընդունելի Է» Ղարաբաղի Համար
ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն նախագահ, ինչպէ՞ ս է այսօր զարգանում Լեռնային Ղարաբաղը:
ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, ինչպէս եւ միւս պետութիւնները, ապրում է իր հիմնախնդիրներով: Մեր հանրապետութեան համար առաւել ակտուալ (իրական, շօշափելի-Խմբ.) են մնում բնակչութեան, յատկապէս, սոցիալապէս խոցելի խաւերի կենսամակարդակի բարձրացումը, դեմոգրաֆիական (ժողովրդագրական-Խմբ.) իրավիճակի լաւացումը, տնտեսութեան առաջնահերթային ուղղութիւնների՝ էներգետիկայի, լեռնահանքային եւ վերամշակող արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան, արտադրական ենթակառուցուածքների զարգացումը:
Յատուկ նշանակութիւն ենք տալիս գիւղի զարգացմանը: Արցախի անվտանգութեան եւ առաջընթաց զարգացման առանցքային բաղադրիչներից մէկը տնտեսապէս զարգացած գիւղն է:
Մեծ նշանակութիւն ենք տալիս ներդրումային ծրագրերին: ԼՂՀ-ում ստեղծուած է բարենպաստ ներդրումային կլիմայ: Հարկային օրէնսդրութիւնը բաւական ազատական է, մենք փորձում ենք պարզեցնել տնտեսվարող սուբյեկտների (ձեռնարկութիւններու-Խմբ.) յարաբերութիւնները պետական կառոյցների հետ: Առաջնային նշանակութիւն ենք տալիս ներդրողների իրաւունքների օրէնսդրական ամրագրմանը:
Մեր հանրապետութեան պետական շինարարութեան փիլիսոփայութեան անկիւնաքարը ժողովրդավարական պետութեան կառուցումն ու քաղաքացիական հասարակութեան ստեղծումն է:
Անկախութեան տարիներին հանրապետութիւնում վերջնականապէս ձեւաւորուել են պետականութեան ժամանակակից ինստիտուտները, սկսուել է պատերազմի ընթացքում գրեթէ ամբողջութեամբ ոչնչացուած տնտեսութեան վերականգնումը:
Այսօր ԼՂՀն ոչ միայն տարածաշրջանի, այլեւ յետխորհրդային տարածքի ամենակայուն երկրներից մէկն է:
Միեւնոյն ժամանակ մենք ունենք բազմաթիւ չլուծուած խնդիրներ: Պատերազմն ու դրա հետեւանքները լուրջ վնաս են հասցրել մեր պետութեանը եւ մինչեւ այսօր մենք ստիպուած ենք յաղթահարել այդ հետեւանքները:
ՀԱՐՑՈՒՄ.- Միջազգային հանրութեան կողմից չճանաչուած լինելու պատճառով ի՞նչ դժուարութիւնների է բախւում ԼՂՀն:
ՆԱԽԱԳԱՀ.- Չճանաչուած լինելն ունի բացասական եւ դրական ազդեցութիւն:
Բացասականն այն է, որ հանրապետութիւնը չունի միջազգային կառոյցներից եւ կազմակերպութիւններից օգնութիւն ստանալու հնարաւորութիւն: Դա իհարկէ ազդում է մեր հանրապետութեան, յատկապէս, տնտեսութեան վրայ: Միւս կողմից, տուեալ իրավիճակում մենք հիմնական շեշտը դնում ենք սեփական ուժերի, եղած ռեսուրսների (միջոցներու-Խմբ.) եւ հնարաւորութիւնների ռացիոնալ (արդիւնաւէտ-Խմբ.) օգտագործման վրայ:
Դրա շնորհիւ մեր ժողովուրդն ու երկիրը տոկունութեան բարձր մակարդակ են ձեռք բերել: Վառ ապացոյցը տնտեսութեան աճի բարձր տեմպերն (զարգացման ընթացքը-Խմբ.) են, նաեւ այն, որ ժողովրդավարական զարգացման տեմպերով մենք զգալիօրէն գերազանցում ենք շատ ճանաչուած պետութիւնների, այդ թւում Ադրբեջանին: 2009 թուականին, չնայած միջազգային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամին, մեր հանրապետութեան Համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱի) աճը գերազանցել է 13 տոկոսը: 2010 թուականին աճը շարունակուել է եւ կազմել է 9,1 տոկոս:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ իրավիճակ է ռազմաճակատի գծում: Հնարաւո՞ր է ռազմական գործողութիւնների վերսկսումը:
ՆԱԽԱԳԱՀ.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Ադրբեջանական Հանրապետութեան միջեւ գոյութիւն ունի բաւական կայուն ռազմաքաղաքական հաւասարակշռութիւն, որը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում, նաեւ Հարաւ-կովկասեան տարածաշրջանում կայունութեան առանցքային բաղադրիչներից մէկն է:
Ինչ վերաբերում է սահմանում տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ խախտում է հրադադարի ռեժիմը: Վերջին շրջանում խախտումներն աւելի յաճախ են լինում: Սակայն դրանք չեն կարող փոխել գոյութիւն ունեցող հաւասարակշռութիւնը կամ սասանել մեր ժողովրդի եւ բանակի ոգին:
Ինչ վերաբերում է ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութեանը, ապա մենք այդ սցենարը երբեք չենք բացառում, յատկապէս, Ադրբեջանի անդադար միլիտարիստական (ռազմապաշտ-Խմբ.) հռետորութեան եւ հակահայկական քարոզչութեան պայմաններում:
Բայց լայնածաւալ ռազմական գործողութիւնների հաւանականութիւնը փոքր է: Հակամարտութեան կողմերի միջեւ գոյութիւն ունի ուժերի արդիւնաւէտ հաւասարակշռութիւն, պատերազմն էլ յղի է անկանխատեսելի հետեւանքներով եւ դժուար թէ միջազգային հանրութիւնը, մասնաւորապէս, միջնորդ երկրները հետաքրքրուած լինեն Հարաւային Կովկասի նման կարեւոր ռազմավարական տարածաշրջանում ունենալ անկանխատեսելի եւ անկայուն իրավիճակ:
Միեւնոյն ժամանակ պէտք է նշել, որ ԼՂՀ Պաշտպանութեան բանակը, իսկապէս, ունի մարտական պատրաստութեան բարձր մակարդակ եւ մեր զինուած ուժերն ի զօրու են դիմակայել Ադրբեջանի հնարաւոր ագրեսիային (յարձակումին-Խմբ.):
Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան լուծման ուժային տարբերակը հեռանկար չունի: Դա ցոյց է տուել նախորդ պատերազմը: Այդ պատճառով պէտք է բոլոր ջանքերն ուղղել մարտական գործողութիւնների վերսկսումը բացառելուն եւ բոլոր խնդրները բանակցելով լուծելուն:
ՀԱՐՑՈՒՄ.- Ադրբեջանի ղեկավարութիւնը յայտարարում է Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանական Հանրապետութեան սահմաններում ինքնավարութեան լայն կարգավիճակ տրամադրելու պատրաստականութեան մասին: Ղարաբաղի ժողովրդի եւ իշխանութեան վերաբերմունքն ինչպիսի՞ն է այդ առաջարկի նկատմամբ:
ՆԱԽԱԳԱՀ.- Առաջադրելով այդ թեզը՝ ադրբեջանցի քաղաքական գործիչները զբաղւում են քաղաքական սպեկուլիացիայով (չարաշահութիւններով, արկածախնդրութեամբ-Խմբ.): Վերադարձ անցեալին չկայ եւ դա, կարծում եմ՝ պարզ է բոլորին:
Խորհրդային իրականութեան 70 տարիների ընթացքում մենք արդէն ունեցել ենք ինքնավարութիւն, եւ բոլորը գիտեն, թէ ինչով դա աւարտուեց:
Ադրբեջանի կազմում ոչ մի լայն կամ որեւէ այլ ինքնավարութեան մասին խօսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտութիւնը կարող է լուծուել միայն մէկ միջոցով՝ միջազգային մակարդակում անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իրաւական ճանաչմամբ: Դա ժողովրդի եւ հանրապետութեան ղեկավարութեան կարծիքն է:
ՀԱՐՑՈՒՄ.- Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւններում կա՞յ որեւէ առաջընթաց:
ՆԱԽԱԳԱՀ.- Բանակցային գործընթացի թերեւս գլխաւոր ձեռքբերումը խաղաղութեան պահպանումն է: Հարաւային Կովկասի նման պայթիւնավտանգ տարածաշրջանում դա իսկապէս շատ կարեւոր է: Սակայն զգալի առաջընթացի համար անհրաժեշտ է վերակագնել լիարժէք ձեւաչափը Արցախի Հանրապետութեան լիիրաւ բանակցային մասնակցութեամբ:
Դրա համար անհրաժեշտ է հաւատարիմ լինել 1994թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշումներին: Ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումն ուղղակի հնարաւոր չէ առանց մեր մասնակցութեան որպէս բանակցային գործընթացի լիիրաւ կողմի: Դա ընդունում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք մեր կողմից պատրաստ ենք ուղիղ բանակցութիւններ վարել Ադրբեջանի հետ եւ քննարկել ցանկացած հարց: Այդ մասին մենք մշտապէս յայտարարում ենք:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչքանո՞վ է իրատեսական լիարժէք բանակցային ձեւաչափի վերականգնումը:
ՆԱԽԱԳԱՀ.- Կարծում եմ դա ժամանակի խնդիր է: Ձեւախեղուած բանակցային ձեւաչափը չի կարող բերել ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան ամբողջական եւ վերջնական լուծման:
Մենք շնորհակալ ենք Հայաստանին, որ ներկայացնում եւ պաշտպանում է Արցախի Հանրապետութեան շահերը բանակցային գործընթացում: Լուրջ տարաձայնութիւններ մենք չունենք, յատկապէս եթէ հաշուի առնենք այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխյարաբերութիւններում նոյնպէս կան չլուծուած խնդիրներ: Սակայն կրկնում եմ՝ առանց ԼՂՀի անմիջական մասնակցութեան ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութիւնը լուծել հնարաւոր չէ:
ՀԱՐՑՈՒՄ.- Հնարաւոր համարո՞ւմ էք խաղաղապահների տեղակայումը ռազմաճակատի գծում:
ՆԱԽԱԳԱՀ.- Յայտնի է, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտին աշխարհում միակ տարածաշրջանն է, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանւում է բացառապէս հակամարտութեան կողմերի ջանքերով: Ինքնին դա արդէն մեծ ձեռքբերում է, ինչը ցոյց է տալիս, որ հակամարտութեան կողմերն առանց արտաքին միջամտութեան ի վիճակի են խաղաղութիւն պահպանել:
Իսկ խաղաղապահների տեղակայման հնարաւորութիւնը կարելի է լուրջ քննարկել միայն խնդրի լուծման աւարտական փուլում, երբ բոլոր հիմնական հարցերի վերաբերեալ ձեռք կը բերուի կոնսենսուս (համախոհութիւն-Խմբ.) եւ կը սկսուի պայմանաւորուածութիւնների իրագործման փուլը:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ զիջումների է պատրաստ ղարաբաղեան կողմը: Ո՞րն է այդ զիջումների սահմանը:
ՆԱԽԱԳԱՀ.- Մենք խորապէս համոզուած ենք, որ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան լուծումը պէտք է լինի փոխզիջումների հիման վրայ: Զիջումները ոչ մի դէպքում պէտք է չունենան միակողմանի բնոյթ: Հնարաւոր են միայն փոխզիջումներ: Միայն այդ դէպքում է հնարաւոր համընդհանուր խաղաղութիւն:
Նաեւ անհրաժեշտ է գիտակցել, որ կարգավիճակի եւ տարածքների հարցում նոյնիսկ խօսք լինել չի կարող 1988ի իրավիճակին վերադառնալու մասին:
Կարգավիճակի հիմնախնդիրը եւ անվտանգութեան հարցերը ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հանգուցային քաղաքական ասպեկտներն են: Միւս բոլոր հարցերն ածանցեալ են:
Նաեւ չի կարող կասկածի տակ դրուել բոլոր հարթութիւններում սեփական ուժերով Արցախի Հանրապետութեան անվտանգութեան ապահովումը:
Միւս հարցերը մենք պատրաստ ենք քննարկել Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ սա իրողութիւնների վրայ հիմնուած կառուցողական դիրքորոշում է:
ՀԱՐՑՈՒՄ.- Ինչքանո՞վ է կիրառելի «խաղաղութիւն տարածքների դիմաց» սկզբունքը: Ամբողջական կարգաւորման հասնելու համար հնարաւո՞ր է Ադրբեջանին վերադարձնել «ոչ ղարաբաղեան» շրջանները:
ՆԱԽԱԳԱՀ.- Ոչ, այդպիսի մօտեցումը ոչ միայն անընդունել է, այլեւ յղի է անկանխատեսելի հետեւանքներով ամբողջ տարածաշրջանի համար: Հակամարտութեան վերջնական լուծման համար անհրաժեշտ է վերացնել դրա պատճառը, ոչ թէ հետեւանքը: Հակառակ դէպքում, ապագայում այն կարող է դարձեալ ծագել, բայց աւելի մեծ ինտենսիւութեամբ (սաստկութեամբ-Խմբ.): Բացի այդ փոխզիջումները պէտք է լինել համաչափելի: Խաղաղութեան դիմաց կարելի է առաջարկել միայն խաղաղութիւն:
ՀԱՐՑՈՒՄ.- Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար ի՞նչ իրաւական հիմքեր գոյութիւն ունեն:
ՆԱԽԱԳԱՀ.- Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար գոյութիւն ունեն բացարձակապէս բոլոր հիմքերը: Դրանք պատմական են, իրաւական, քաղաքական եւ բարոյական:
Պատմականօրէն Արցախը երբեք չի եղել Ադրբջանի տարածքի մաս, ոչ 1918ին թուրքական սուիններով ստեղծուածի, ոչ էլ ԽՍՀՄ փլուզումից յետոյ կազմաւորուածի:
Ինչ վերաբերում է խորհրդային Ադրբեջանին, ապա միջազգային մակարդակի բազմաթիւ քննարկումներում բազմիցս նշուել է, որ երրորդ կողմի կուսակցական մարմնի կամայական որոշումը միջազգային իրաւունքում ապացուցողական բնոյթի իրաւական փաստաթուղթ չէ:
ԼՂՀ հռչակումը կայացել է այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրէնսդրութեանը եւ միջազգային իրաւունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Մեր երկիրն արդէն երկու տասնամեակ գոյութիւն ունի որպէս անկախ պետութիւն, որը չի սպառնում հարեւան որեւէ պետութեան:
Մենք նաեւ հետեւում ենք միւս գործընթացներին:
Կոսովոյի, Աբխազիայի, Հարաւային Օսիայի նախադէպերը 2011 թուականին Հարաւային Սուդանի անկախութեամբ դարձան օրինաչափութիւն: Բոլոր այդ միտումները առաջին հերթին պէտք է հաշուի առնի Բաքուն: Ադրբեջանը պէտք է ընդունի պատմական գործըթնացների անդառնալիութեան տրամաբանութիւնը, բանակցի կառուցողական դիրքերից, սեփական ժողովրդին չտանջի անցեալի պատրանքներով:
Իսկ ԼՂՀի համար անկախութեան ճանաչումը չի կանխորոշւում միայն համապաստախան նախադէպերով ու իրաւական ակտերով: Մենք կը ձգտենք միջազգային ճանաչման, անկախ նրանից՝ ճանաչուած են այլ չճանաչուած պետութիւնները, թէ ոչ: Եթէ գոյութիւն ունեցող նախադէպերը դրական դեր խաղան տուեալ գործընթացում, ապա մենք միայն կողջունենք:
NEWS.amի կողմէ թարգմանուած ու ներկայացուած՝ մասնակի կրճատումներով:








