Նուբար Ջանոյեան. Բժշկելու Արուեստը
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Բժիշկ, հոգեբան, գրող-հրապարակախօս, ազգային-հասարակական գործիչ, բարեգործ, մտաւորական այս բոլոր կոչումներն իրաւացիօրէն բնորոշ են նրան: Նուբար Ջանոյեանի հետ առաջին հանդիպումս աշխատանքային ժամի է, եւ գիտակցելով, որ բժիշկին սպասում են բազմաթիւ այցելուներ, դժուարութեամբ եմ ընդհատում չափազանց հետաքրքիր զրոյցը մի մարդու հետ, ում նշանաբանն անհատոյց նուիրաբերումն է:
Գլենդելի ու յարակից շրջանների բնակիչների մեծամասնութիւնն իր կեանքում գէթ մէկ անգամ դիմել է Նուբար Ջանոյեանին, ով լաւագոյնն է տիրապետում Բժշկելու արուեստին՝ ապաքինում մարմինն ու հոգին: Նրա գլխաւորած «ամէն ինչ առողջութեան համար, առողջութիւն բոլորին» կարգախօսով բժշկական կենտրոններն բարձրակարգ բուժօգնութիւն ու խորհրդատուութիւն են տրամադրում իւրաքանչիւր այցելուի:
Բրոդուէյ եւ Սաութ Փասիֆիք փողոցներում գործող բժշկական կենտրոններում ընդհանուր հարցերով բժիշկներն ու բուժաշխատողները օրական ընդունում են շուրջ 200 հիւանդի: Կենտրոններ այցելողների հիմնական մասը կարիքաւոր եւ ցածր եկամուտ ունեցող հիւանդներ են, որ այստեղ ստանում են նախնական զննում, դեղորայք եւ յետագայ բուժման անհրաժեշտութեան դէպքում նրանց ուղղորդում են համապատասխան հիւանդանոցներ, որոնց հետ համագործակցում են Ջանոյեանի ղեկավարած կենտրոնները, այդ թւում՝ Olive View-UCLA Medical Center, San Fernando Valley Community Mental Health Center եւ այլ:
«Կառավարութեան General Relief ծրագրով մեզ գումար է յատկացւում տարեկան 17 հազար այցելուի համար, սակայն այդ թիւը մշտապէս գերազանցում է սահմանուածը, անցեալ տարի օրինակ, մենք ընդունել ենք 24 հազար հիւանդի», պատմում է բժիշկ Ջանոյեանը, նշելով, որ թէեւ ժամանակի եւ հնարաւորութիւնների խնդիր կայ, սակայն կենտրոնում երբեք չեն մերժում նոր հիւանդներին: «Կարծում եմ, իմ առաքելութիւնն այս կեանքում կարիքաւորներին օգնելն է», նշում է Ջանոյեանը՝ յիշելով իր կեանքի պատմութիւնը:
ՅԱՒԵՐԺԻ ՃԱՄԲՈՐԴԸ
Նուբար Ջանոյեանին վիճակուել է ապրել բազմաթիւ երկրներում: Ծնուել է Իրաքում, գաղթական հայերի ընտանիքում, մեծացել է Բաղդադում, աւելի քան 6 տարի ապրել Հայաստանում: Աւարտելով Երեւանի Պետական բժշկական ինստիտուտը, երիտասարդ բժիշկը վերցնում է ճամբորդի իր ցուպն ու հաւատարիմ Հիպոկրատի երդմանը՝ մեկնում երկրներ, որտեղ իր օգնութիւնն անհրաժեշտ կը լինէր: Նուբար Ջանոյեանն աշխատում է Ալժիրում, Անգլիայում եւ վերջնական հանգրուանը գտնում է Միացեալ Նահանգներում, որտեղ բնակւում է շուրջ 30 տարի:
«Գործունէութեանս ողջ ընթացքում առաջնային է եղել մարդկանց օգնելը եւ երբեք չեմ մտածել նիւթական փոխհատուցման մասին: Ալժիրում սպասարկում էի աղքատ շրջանի բնակչութեանը, ինչպէս եւ Անգլիայում, որտեղ իմ աշխատած հաստատութիւնը բուժօգնութիւն էր յատկացնում ամենաաղքատներին ու կարիքաւորներին», պատմում է Ջանոյեանը: Յիրաւի, մեծ մարդասէրի ճակատագիրն է կարիքաւորների կողքին լինել: Միացեալ Նահանգներում էլ հաստատուելու առաջին տարիներին նա աշխատել է General Hospital-ում, որ հիմնականում ծառայում էր անվճարունակ խաւին: Բժիշկի այս առաքելութիւնը շարունակւում է նաեւ, երբ Ջանոյեանը 1987ին հիմնում է սեփական գրասենեակ, որտեղ էլ իրեն դիմած իւրաքանչիւր այցելուի մշտապէս օգնում է՝ շահելով բոլորի սէրն ու վստահութիւնը: 2005 թուականին Նուբար Ջանոյեանը հիմնում է «Ամեն ինչ առողջութեան համար» ոչ շահութաբեր բժշկական կլինիկաների ցանցը, որ առաջնային բուժօգնութիւն եւ սոցիալական ծառայութիւններ է մատուցում Գլենդելի եւ յարակից քաղաքների կարիքաւոր բնակիչներին: Այն Կառավարութեան Որակաւորուած Առողջապահական Կենտրոնի անդամ է նաեւ:
Նուբար Ջանոյեանը նաեւ հոգիներ է բժշկում՝ իր ջերմութեամբ, լաւատեսութեամբ, հաւատով ու սիրով: Մարդիկ լիայոյս են հեռանում նրա աշխատասենեակից, թաքուն ժպիտով՝ «ալքիմիկոսը» նրանց յայտնել է կեանքի խորհուրդը, որ ձեւաւորել է ճշմարտութեան որոնումների ճանապարհին:
ԿԵԱՆՔԸ ՀՐԱՇՔ Է
Ջանոյեանի կարծիքով, վերջին տարիներին մարդիկ հեշտութեամբ են կորցնում հոգեկան հաւասարակշռութիւնը, ինչը համաշխարհային աննախադէպ արագ զարգացումների ստեղծած դժուարութիւնների հետեւանք է: Արդիւնքում, յատկապէս Ամերիկայում, մարդիկ յաճախ են դիմում հոգեբոյժների, հանգստացնող դեղահաբերի, թմրանիւթերի օգնութեանը՝ վերագտնելու ներքին խաղաղութիւնը: Այնինչ, Ջանոյեանը խորհուրդ է տալիս անդրադառնալ բնութեանը, «քանզի բնութիւնը ինքնամաքրման մեծ ուժ ունի եւ հակառակը՝ կարող է ըմբոստանալ, երբ մարդը խախտում է բնական ընթացքը», նշում է բժիշկը:
«Իմ կլինիկա այցելում են տարբեր հիւանդներ; Որոշ այցելուների հիւանդ կոչելը ճիշտ չէ, նրանք ըստ էութեան առողջ են, բայց տխուր ու յուսահատ: Նման հոգեվիճակի մէջ ընկնող մարդիկ դիմում են հոգեբանի, ապա՝ հոգեբոյժի օգնութեան, սկսում դեղահաբեր կուլ տալ: Այդ սպիտակ հաբերը, որ խոստանում են փոխել հիւանդի տրամադրութիւնը, թեթեւութիւն բերել, վերացնել վախը, երկիւղը, յաճախ չեն արդարացնում հիւադի ակնկալիքները: Ախր այս մարդկանց հաբեր պէտք չեն, այս մարդկանց աշխարհայեացքն է պէտք փոխել: Ես մշակել եմ որոշ զրոյցներ, որ կրկնում եմ պարբերաբար, ծանր հոգեվիճակով տառապող այցելուներիս հետ հանդիպելիս: Այդ զրոյցները, թէկուզ ժամանակաւոր, բարեփոխում են նրանց հոգեվիճակը: Ես սկսում եմ մի պարզ հարցից. «դու հրաշք տեսել ես»: Յաճախ պատասխանը լինում է՝ ո՛չ: Հրաշք ասելով մարդիկ հասկանում են պատի միջով անցնելը, կողպուած դռնից ներս մտնելը, ջրի վրայով քայլելը: Հարցս շարունակում եմ: Քո մտքով երբեւէ անցել է, որ դու հրաշք ես եւ ես սկսում եմ բացատրել. «Քո ծնունդից առաջ մի տղամարդ, որ քո հայրն է, մօտեցաւ մի կնոջ, որ քո մայրն է եւ նրան փոխանցեց մի բջիջ: Այդ բջիջը գիտակցօրէն ուղղութիւն վերցրեց եւ փնտռեց մի ուրիշ բջիջ միանալու եւ ամբողջանալու համար եւ կնոջ ձուաբջիջը հիւրընկալեց նրան: Միանալով իրար, այդ քրոմոսոմների միջեւ սկսւում է կոդաւորուած մի ամբողջ կեանք. մի բջիջը կիսւում է, դառնում երկուս, երկուսը՝ չորս եւ այդպէս շարունակ: Յետոյ բջիջնեըը դառնում են աչք, ականջ, թոք, սիրտ եւ բոլոր միւս օրգանները: Բջիջների թիւը հասնում է տրիլիոնների եւ մինչ երեխայի հասունացումը՝ հասնում է հինգ տրիլիոնի: Իւրաքաչիւր բ« մէջ ամէն երկու վայրկեան կատարւում է հինգ տրիլիոն քիմիական ռէակցիա եւ դա կոչում ենք կեանք: Սա կատարւում է մէկ պահի մէջ այնքան համաչափ, իրար լրացնելով, օգնելով, սնելով մաքրելով, այնպիսի հարմոնիկ (ներդաշնակ-Խմբ.) ձեւով, որ հնարաւոր չէ նոյնիսկ պատկերացնել»: Այս ամէնը Դու ես Մա՛րդ, բա սա հրաշք չէ ինչ է: Դու հրաշք ես, ամուսինդ հրաշք է, զաւակդ հրաշք է, բոլորս հրաշք ենք: Հրաշք են կենդանիները, բոյսերը: Հրաշք աշխարհի մէջ ենք ապրում ու չենք գիտակցում: Յուզուելը հրաշք է, մտածելը, յիշելը քայլելը, խորհելը, սիրելը: Հրաշք են քամին, անձրեւը, ամպրոպը, արեգակի լոյսը եւ այս ամէնը գիտակցելն է հրաշք: Այսքանից յետոյ նեղանում ենք եւ մելամաղձի մէջ ենք ընկնում, երբ ինչ որ մէկը, անգիտակից հրաշք, մեզ հաւանութիւն չի տուել, չի սիրել, չի օգնել: Այ քեզ անհեթեթ, անիմաստ մտահոգութիւն: Մեր իմաստուն նախնիները փիլիսոփայել են, բայց ոչ ոք չի յանգել այս ճշմարտութեան՝ կեանքը հրաշք է: Այս պատճառով էլ դեռ խաւարի մէջ շուարած ման ենք գալիս: Իրականում, ամէն ինչ հարշք է այս աշխարհում եւ երջանիկ եւ ուրախ չլինելու ոչ մի պատճառ չունենք: Նեղութիւններ կան ու պիտի լինեն, դրանք հրաշք աշխարհի խաղերն են միայն»:
Այս խօսքերը, որոնցմով բժիշկն ամոքում է իր ացելուներին, գրառուած են Նուբար Ջանոյեանի՝ «Ճամբորդութիւն ժամանակի եւ տարածութեան միջով» փաստագրական պատմուածքների ժողովածուում: Սա նաեւ գրող-հրապարակախօսի երկրորդ գիրքն է, որտեղ մէկտեղուած են մտաւորականի կեանքի դիպուածներ, խոհեր՝ ազգային ինքնութեան, հայրենիքի, հայ մարդուն յուզող խնդիրների մասին:
ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՆՔՆՈՒԹԻՒՆ
Ճամբորդութիւնը Նուբար Ջանոյեանի նախասիրութիւններից է, որ վերջին 12 տարիներին մէկ նշանակէտ ունի: «Բիւրականում մեծ հողամաս ունեմ, որտեղ տասը հազար ծիրանի, դեղձի ու խնձորի ծառ եմ տնկել: Հայաստանն ինձ լիցքաւորում է, շարունակելու ուժ տալիս», պատմում է Ջանոյեանը: Նա ցոյց է տալիս հայ հեթանոսական աստուածների՝ Արամազդի, Անահիտի, Մհերի, Վահագնի արձանների լուսանկարներ, որ պատրաստւում է տեղադրել իր հողակտորում:
«Հայերը պէտք է վերադառնան իրենց ակունքներին, աւանդական արժէքներին: Հազարաւոր տարիներ հայն ապրել ու ստեղծել է ազգային արժեհամակարգ, որի հիմնական կրողն ու պահպանողը տոհմական ընտանիքն է եղել: Սերունդները կրթուել են այդ արժէքներով՝ իւրաքանչիւրը քաջ գիտակցելով իր դերն ու պարտականութիւնները», ազգային ինքնութեան վերարժեւորման անհրաժեշտութեան մասին խորհում է մտաւորականը: Ըստ Ջանոյեանի, այդ համակարգը ոչնչացուեց 1915 թուականին Հայոց Ցեղասպանութեան ժամանակ, երբ ազգը որբացաւ բոլոր առումներով:
«Ցեղասպանութիւնից փրկուած մայրս, որ չորս տարեկանից մեծացել է մանկատանը, երբեմն չգիտէր ինչպէս վարուել որոշ պարագաներում, քանզի չէր տիրապետում իր ընտանիքի ժառանգութեանը եւ մենք էլ մոլորուած էինք», նշում է Ջանոյեանը: Սակայն նա լաւ է յիշում մանուկ հասակում մօր սովորեցրած երգերը: «Հալածուած ենք Հայաստանի լեռներէ, ով չի վախնար սուրով թուրով մեռնելէն, քառսուն աղջիկ իրարու ձեռք բռնեցին, իրենք-զիրենք Եփրատ գետը նետեցին», երգում է Ջանոյեանը, նշելով, որ այս երգն ուղեկցել է նրան ողջ կեանքի ընթացքում՝ ոգեշնչելով առ հայրենիք ու ազգ իր գործունէութիւնը:
ՈՒԺԸ՝ ՀԱՐՈՒՍՏ
ՆԵՐԱՇԽՐԱՀԻՑ Է
Հայաստանի գրական կեանքը խթանելու եւ մշակութային ճգնաժամը յաղթահարելու նպատակով 2006 թուականին Նուբար Ջանոյեանի հովանաւորութեամբ Հայաստանում բացւում է «Նարցիս» անուանումով գրական-գեղարուետսական հանդէսը: Նախաձեռնութիւնը յաջողւում է նաեւ Նուբար Ջանոյեանի կնոջ եւ համախոհի՝ սիրուած բանաստեղծուհի Սոնա Վանի շնոհիւ:
««Նարցիս»ը թարմ շունչ հաղորդեց մեր գրական մամուլի, ընդհանուր առմամբ դժգոյն մթնոլորտին: Դասականի եւ արդիականի հմուտ զուգակցում, ճաշակաւոր փորձարարութիւն, նոր անուններ, թարգմանական ընտիր էջեր, եւ այս ամէնը ոճի ու ձեւի ներդաշնակ մատուցմամբ», գրում է Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանը: Ամսագիրը հրապարակ է տրամադրում հայ ժամանակակից գրողների, հրապարակախօսների, նրանց համար լինելով նաեւ աշխատատեղ:
«Կարծում էի, որ հայ գրողները հայրենիքում որբացած են եւ որոշեցինք նրանց օգնելու, արտայայտուելու համար կնոջս հետ միասին հիմնել ամսագիր, որ նաեւ ֆինանսապէս կ՛օժանդակէր նրանց», նշում է ազգային հարցերի ջատագով հասարակական գործիչը:
«Մարդու ներքին աշխարհը նոյնքան ընդարձակ է որքան արտաքինը, մինչդեռ վաղ հասակից մենք ծանօթանում ենք միայն արտաքին օրէնքներին՝ անտեսելով ներքինը, որտեղ առաջինն ընծայման օրէնքն է: Միայն ուժեղ ու հարուստ ներաշխարհ ունեցող, հետեւաբար՝ իմաստնացած անհատներին է բնորոշ մարդկային վսեմութիւնը, բարութիւնը», կեանքի իր փիլիսոփայութիւնն է ներկայացնում Նուբար Ջանոյեանը, ում կեանքն ու գործունէութիւնը մշտապէս համապատասխանել են խօսքերին:
Յ.Գ. Յօդուածը պատրաստ էր, երբ Facebook սոցիալական ցանցում պատահաբար տեսայ Արեւմտեան Հայաստանում արուած Նուբար Ջանոյեանի լուսանկարները, որ որպէս անակնկալ զետեղում ենք այս էջում:









