ՀՅԴ Երիտասարդական Համահայկական Բանակումը Կ՛աւարտի
ՇՈՒՇԻ.- ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական 11րդ բանակումն աւարտուել է: Դրան մասնակցել են երիտասարդներ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւններից, նաեւ՝ Սփիւռքից: Նրանցից շատերն առաջին անգամ էին հայրենիքում, ինչպէս օրինակ՝ Հոլանդիայի եւ Մեծն Բրիտանիայի մասնակիցները: Բանակումի փակման արարողութիւնը Շուշիում էր:
Հայրենասիրութիւնը սկսւում է նաեւ հայրենագնացութիւնից: Միասնական հայութիւնը ամբողջական նուիրում ցուցաբերելու դէպքում կ՛ունենայ հզօր հայրենիք: Այս գիտակցումով ու կարգախօսով 140 երիտասարդ Հայաստանից, Արցախից ու Սփիւռքից, 8 օր շարունակ շրջել են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի տեսարժան վայրերով՝ ցանկանալով ճանաչել ու սիրել հայրենիքն այնպէս, ինչպէս կայ: Հէնց սա է ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական 11րդ բանակում-հայրենագնացութեան նպատակը:
Հայաստանեան շրջայցից յետոյ բանակումի մասնակիցներն ուղեւորուել են Լեռնային Ղարաբաղ, որտեղ նրանց են միացել արցախցի երիտասարդները: Նրանք խոստովանում են, որ աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ երիտասարդներն ունեն միեւնոյն մտահոգութիւնները: Խնդիրների, նպատակների, մեծ ու փոքր յաջողութիւնների մասին նրանք հասցրել են խօսել, բայց այսօր դժուարանում են բաժանուել թէ՛ իրարից, թէ՛ հարազատ դարձած Արցախից:
Բանակումի աւարտին նոր ծանօթութիւններ, ընկերներ, ելեկտրոնային փոստի հասցէների փոխանակում, լուսանկարում ու նաեւ՝ Արցախում յետագայում ապրելու, աշխատելու ու ընտանիք կազմելու ցանկութիւն: Երիտասարդների այս ոգեւորութիւնը ուրախացնում է պատասխանատուներին ու վերահաստատում նախաձեռնութեան նպատակը, այն է՝ հայ երիտասարդը պէտք է կապուած լինի սեփական հողին:






