Հեռանալով Մեր Ազգային Արմատներից…
ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԷՐԵԱՆ
Մենք կորցնում ենք մեր ազգային դիմագիծը, հետեւաբար՝ մեր ինքնութիւնն ու մշակոյթը: Բոլոր երեւոյթները, հայոց պետականութեան հիմքերը խախտող աղանդների մուտքը Հայաստան, հայոց լեզուի ամէնօրեայ նահանջը, հին աւանդների հետզհետէ անհետացումը, արտագաղթը, ընտանեկան կառոյցի քայքայումը եւ մեր ինքնութեանը հարուածող նման այլ գործօններ, հետեւանք են այն բանին, որ շատ ենք հեռացել մեր ցեղին բնորոշ դրական յատկանիշներից, ազգային արմատներից: Յատկանիշներ, որոնք դարերի ընթացքում կերտուել եւ պահպանուել են մեր նախնիների կողմից: Կտրուել է կապը անցեալի հետ. այն ամէնը, ինչ աւանդական էր՝ ազգային, փոխարինուել է օտար մշակոյթի տարրերով: Մտաւորական անձինք ամէն օր ահազանգում են երիտասարդ սերնդի մօտ ընթերցանութեան պակասի, անցեալի մեր արժէքների մասին անտեղեակութեան եւ ազգային արմատներից հեռանալու մասին:
Ոչ միայն արուեստի բնագաւառում, այլեւ՝ կենցաղի, լեզուի եւ այլ հարցերում, զգացւում է, որ նախապատուութիւնը տրւում է օտար մշակոյթին՝ ստորադասելով սեփականը: Պէտք է ընդունել, որ մարդու հագնուածքը, նրա պահուածքն ու շարժուձեւերը նոյնպէս մաս են կազմում նրա նկարագրին եւ անհատականութեան: Խօսքը ոչ թէ «մոդայիկ» հագնուել-չհագնուելու, այլ՝ չափի զգացումը պահպանելու մասին է: Հագնուածքի եւ արդուզարդի նմանակումը եւս հասցրել է նոյնիսկ հայ երիտասարդի դիմագծի փոփոխման: Կերպարանափոխումը այնքա՛ն շեշտուած է, որ երբեմն դժուար է որոշել տուեալ երգչի հայ լինելը: Բացի այդ, նրանց «ժամանակակից» մտածելակերպն ու վարքագիծը, նրանց ներքին աշխարհի եւ դիմագծի վրայ թողել է անհոգութեան եւ մի քիչ էլ անտարբերութեան կնիք:
Ազգային արժանապատուութեան պակասի, ինչպէս նաեւ՝ մեր արմատներից հեռանալու մասին են վկայում օտար արժէքները սեփական մշակոյթի դարաւոր արժէքներից գերադասելու փաստերը: Ոչ միայն հային բնորոշ, այլեւ՝ ընդհանրական երեւոյթ է դէպի աշխարհայնացում տանող օտարամոլութիւնը, որ հասել է այնտեղ, որ նմանակւում են աշխարհում տիրական դարձած արեւմտեան բարքերը, լեզուն, հագնուածքը, դիմազուրկ ամերիկեան երգն ու երաժշտութիւնը: Ուտելիքը եւս, օգտագործւում է որպէս աշխարհայնացման, ազգային իւրայատկութիւնները ջնջող գործօն:
Ինչպէս իւրաքանչիւր անհատ, իւրաքանչիւր երկիր եւս, հետաքրքրական է իր ազգային առանձնայատուկ կերակուրներով: Նախնիներից ժառանգաբար փոխանցուած ազգային ճաշատեսակները եւս, զատորոշիչներն են տուեալ ազգութեան, որով այն առանձնանում է միւսներից: Կարեւոր չէ, թէ Ֆրանսիայում ես կամ Մեքսիքայում, Իսպանիայում կամ այլուր, ամերիկեան ուտելիքները հանդիպում են ամէն քայլափոխին՝ ներկայացնելով ամերիկեանը՝ որպէս լաւագոյն:
Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ստեղծուած տագնապայարոյց ներկայ իրավիճակի գլխաւոր պատճառներից մէկն էլ պէտք է որոնել մեր մէջ, որովհետեւ մենք պատասխանատու ենք մեր գործունէութեամբ: Որոշ տեսաբաններ ներկայ խառնաշփոթ իրավիճակը բացատրում են մտաւոր ընտրանիի եւ ազգային գաղափարախօսութեան բացակայութեամբ: Նրանց կատարած դիտարկումների համաձայն, հեռու չէ այն ժամանակը, երբ մարդկանց բարոյական ըմբռնումների արագ փոփոխութիւնը կը յանգեցնի նրան, որ «հայրենիք», «բարոյականութիւն», «ընտանիք» բառերը կը համարուեն յետադիմական, հնացած բառեր: Աշխարհայնացման ծրագիրն ուղղուած է նաեւ այն նպատակին, որպէսզի խախտուեն բարոյական չափանիշները, կտրուեն անցեալի հետ կապող բոլոր թելերը՝ մարդկանց մղելով անցողիկ հաճոյքների՝ մշակոյթի միջոցով հարուած հասցնելով ազգային արժէքներին: Եւ մարդկութիւնը ընթանում է այդ ճանապարհով: Մենք իրաւունք չունենք հետեւելու ազգային արմատներից կտրող եւ անհատի ինքնութեան հարուածող երեւոյթներին, մանաւանդ, երբ վտանգուած են մեր արժէքային համակարգի կարեւորագոյն սիւներից՝ լեզուն, մշակոյթը, ընտանեկան կառոյցը, բարոյական արժեչափերը:
Արժանապատուութեան պակասի մասին են վկայում նաեւ ներողամտութեան եւ հանդուրժողականութեան մօտեցումները՝ մեր դարաւոր թշնամու հանդէպ: Թշնամի, որը ցանկանում է աշխարհի երեսից սրբել եւ անհետացնել ոչ միայն հայ ժողովուրդը, այլեւ՝ նրա բազմադարեան մշակութային կոթողները, առանց գիտակցելու, որ մշակութային որեւէ յուշարձան, անկախ ազգային կամ կրօնական պատկանելիութիւնից, պէտք է պահպանել, քանի որ դրանք, վերջին հաշուով՝ մարդկութեան կողմից ստեղծուած մշակութային արժէքներ են: Իր յոռի նկարագրով, թուրքը դեռեւս շատ հեռու է այդ ընկալելու քաղաքակրթական մակարդակից: Հաւանաբար, դա է նկատի ունեցել պատմաբան Լէօն՝ ասելով. «Արուեստը հիացնում է կրթուած, լուսաւոր սրտերը, բայց կատաղութիւն է ներշնչում վայրենիներին, որոնց հասկանալի է միայն քանդելու, կողոպտելու պաշտամունքը»:
Հաւանաբար, այս մասին պէտք է յաճախ յիշեցնել մեր երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին, որոնցից շատերը տեղեակ չեն հայոց պատմութեան կարեւոր իրադարձութիւններին: Պէտք է մշտապէս յիշեցնել, որ թշնամուն, որն ամէն րոպէ պատրաստ է քեզ ոչնչացնել, սիրել չե՛ս կարող, հայ ժողովրդի հանդէպ գործած նրա անասելի ոճիրը երբեւէ մոռանալ չե՛ս կարող, որ՝ նահատակներին կենդանացնել չե՛ս կարող, բայց կորուսեալ հայրենիքին վերատիրանալ կարող ես, կարող ես միայն պայքարով: Այդպէս է պատգամել Սիամանթօն իր «Դարերու Վրէժ» բանաստեղծութեան հետեւեալ տողերով. «Տեսայ որ արդարութիւնը ստեղծել պէտք էր եւ ազատութիւնը՝ մոլեգնաբար յափշտակել»: Այո՛, յափշտակել: Զիջումների գնալու փոխարէն, պէտք է մարտնչելով խլել եւ ետ բերել բռնագրաւուած հայրենի տարածքները: Հայոց լեզուն, հաւատը եւ հին աւանդոյթները անեղծ պահելու եւ մեր ինքնութիւնը պահպանելու համար, պէտք է ամուր կառչել ազգային արմատներին:
Իսկ ազատութեան եւ իր իրաւունքների վերականգնման համար պայքարի նետուող ժողովուրդը, առաջին հերթին պէտք է հոգեպէս եւ բարոյապէս պատրաստ լինի դրան:
Հայ ժողովրդին հարկաւոր է հոգեւո՛ր վերածնունդ:






