Ո՞ւմ Է Ձեռնտու «Արեւմտահայոց Երրորդ Համագումարը»


ՄԱՐԻԱ ԿԱՐԱԹՈՐՈՍԵԱՆ

Հայ Դատի եւ Հայոց պահանջատիրութեան խնդիրներով զբաղուող հասարակական կազմակերպութիւնները վերջերս Սփիւռքում՝ յատկապէս ԱՄՆում եւ Ֆրանսիայում, աննախադէպ ակտիւութիւն (աշխուժութիւն-Խմբ.) են ցուցաբերում: Միմեանցից անկախ, յաճախ նաեւ միմեանց դէմ գործող կազմակերպութիւնները նաեւ վերամբարձ անուններ ունեն՝ «Արեւմտահայոց ազգային խորհուրդ», «Արեւմտահայոց կառավարութիւն». այժմ էլ շատ է խօսւում մոսկուայաբնակ Կարէն Միքայէլեանի նախաձեռնութեան՝ 1917 եւ 1919 թուականների համաժողովների իրաւայաջորդը հռչակած «Արեւմտահայերի երրորդ համագումարի» մասին,  որը Դեկտեմբերի 10ին Փարիզի Սեւր արուարձանում համագումար կը հրաւիրի: Բայց արդեօ՞ք այս կազմակերպութիւնները նպաստում են ընդհանուր գործին, այն է՝ Հայ Դատի եւ պահանջատիրութեան հարցերին:

ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը նշում է, որ այդ կազմակերպութիւնները մինչեւ հիմա որեւէ արդիւնք չեն տուել, բայց, մանաւանդ վերջինը, հրապարակայնօրէն վնասելու հաւանականութիւն ունի եւ կարող է ներքին պառակտման նորանոր շերտեր աւելացնել:

«Մենք սկզբունքային խնդիր ունենք սրա հետ. իրենք կարծում են, թէ Հայաստանի Հանրապետութւինը (ՀՀ-ն) ո՛չ իրաւունք ունի, ո՛չ էլ իրաւաժառանգորդն է Առաջին Հանրապետութեան: Կարծում ենք, որ Հայաստանի հանրապետութիւնը ոչ միայն իրաւաժառանգորդն է, այլեւ այդ տարածքների բուն պատասխանատուն եւ իրաւատէրը, որովհետեւ խօսքը ոչ թէ տարածքները արեւմտահայերին վերադարձնելու, այլեւ հայ-թուրքական սահմանը վերագծելուն է», մեզ հետ զրոյցում ասաց Կիրօ Մանոյեանը:

«Վասպուրականի նոր սերունդ»  հայրենակցական միութեան նախագահ Մարինէ Վահրադեանը նոյնպէս հրաւէր է ստացել՝ մասնակցելու Փարիզի Սեւր արուարձանում կայանալիք «Արեւմտահայերի երրորդ համագումար»ին, աւելին՝  նա նաեւ համակարգել եւ գործող հայրենակցական միութիւններին տեղեկացրել էր փարիզեան այս հաւաքի մասին եւ ընդգրկուել Հայաստանեան կազմկոմիտէում՝ հաւատալով, որ  համագումարի ընթացքում պէտք է վեր հանուեն Արեւմտեան Հայաստանի ժառանգների խնդիրները:

Արեւմտահայերի ժառանգների լիազօր ներկայացուցիչները Երեւանում ստեղծում են կազմկոմիտէ, որում ընդգրկւում են արմատներով արեւմտահայ պատմաբաններ, թուրքագէտներ, իրաւագէտներ: Կազմկոմիտէի ղեկավար Արկադի Տէր Թադեւոսեանի պնդմամբ, սակայն, Կարէն Միքայէլեանը ստիպուած է լինում ներկայացնել Փարիզում հնչեցնելիք յայտարարութեան տեքստը, ինչից յետոյ թէ՛ կազմկոմիտէն, թէ՛ հայրենակցական միութիւնների մեծ մասը հրաժարւում է յետագայ մասնակցութիւնից: Նրանց մասնաւորապէս զայրացնում է յայտարարութեան այն հատուածը, որտեղ նշւում է, որ ՀՀն  լիազօրուած չէ ներկայացնել արեւմտահայերի շահերը:

«Ներկայիս ՀՀն, համաձայն իր Սահմանադրութեան, իրաւայաջորդը չէ Առաջին Հանրապետութեան, լիազօրուած չէ աշխարհում սփռուած արեւմտահայերի շահերը ներկայացնել: Ի վիճակի չէ առնուազն տեսանելի ապագայում ստանձնելու արեւմտահայութեան ճակատագրին եւ ապագային առնչուող իւրայատուկ խնդիրների, յատկապէս պահանջատիրութեան խնդրի լուծման առաքելութեանը», Սեւրում պատրաստւում է յայտարարել Կարէն Միքայէլեանը:

Մարինէ Վահրադեանը, բոլոր նրանց, ովքեր դեռեւս շարունակում են հաւատալ Կարէն Միքայէլեանին, խորհուրդ է տալիս զգուշանալ եւ լաւ ծանօթանալ նրա հրապարակելիք տեքստին:

Կիրօ Մանոյեանը պնդում է՝ Կարէն Միքայէլեանի մտքում արմատացած է գաղափարը, թէ  արեւելահայերը սովետահայ են, իսկ արեւմտահայերն իսկական հայերն են:

«Այսօր այնպիսի վիճակ է, որ շատ էլ պարզ չէ, թէ ով է արեւելահայ, ով արեւմտահայ: Այն մարդկանց ժառանգները, ովքեր ներգաղթել են եւ, ասենք, 60 տարի ապրում են այստեղ, հիմա՝ ի՞նչ են արեւելահայ, թէ արեւմտահա՞յ», ասաց նա:

Մեր հարցին, թէ արդեօ՞ք Փարիզի համագումարի մասնակիցներն իրաւունք ունեն իրենց 1917 եւ 1919 թուականների համագումարների իրաւայաջորդը համարել, Կիրօ Մանոյեանն ասաց, որ նրանք արդէն իսկ  դաւաճանում են հէնց նոյն՝ Արեւելահայոց երկրորդ համագումարի  մօտեցումներին ու սկզբունքներին, քանի որ այստեղ նշւում էր, որ այդ ժամանակուայ Հայաստանի Հանրապետութիւնը համայն հայութեան հայրենիքն էր, այն պէտք է ընդլայնուի եւ դառնայ միացեալ Հայաստան:

«Կարծելով, որ ինչ որ դրական բան են անում, սա կարող է գործին վնասել, որովհետեւ սա նաեւ շփոթ կը ստեղծի եւ կ՛օգտագործուի օտար շրջանակների կողմից՝ մեզ իրականում զրկելով այն հիմնական իրաւունքից, յատկապէս տարածքների նկատմամբ, որ ունի Հայաստանը», ասաց Կիրօ Մանոյեանն ու յաւելեց. «Պէտք է ուշքի գան եւ այդ մտքից հետ կանգնեն: Չեմ կարծում, որ բոլոր մասնակիցներն են զգում, որ դա խաղ է: Պէտք է հետ կանգնել, քանի դեռ ուշ չէ»:

Դաշնակցական գործիչը յիշեցնում է, որ այս միտքը նոր միտք չէ եւ շրջանառութեան մէջ եղել է նաեւ 20 տարի առաջ՝ Ղարաբաղեան շարժման նախօրէին:

Մարինէ Վահրադեանը չի բացառում, որ այն կարող է նաեւ օտար երկրների պատուէր լինել: Նա նաեւ պնդում է, որ Կարէն Միքայէլեանը, անօրինական համաժողով է կազմակերպել Երեւանում, իսկ մամուլում կեղծ տեղեկատուութիւն է տարածել՝ հանդէս գալով համաժողովին չմասնակցած հայրենակցական միութիւնների եւ անդամների անունից:

2 Responses

for “Ո՞ւմ Է Ձեռնտու «Արեւմտահայոց Երրորդ Համագումարը»”

  1. Ara Papian says:

    “Դեկտեմբերի 10-ին տեղի կունենա այս տարվա վերջին խավարումը` Լուսնի լրիվ խավարում, որը կդիտվի Երկրագնդի զգալի մասից, այդ թվում` Հայաստանից:” ԼՐԱԳԻՐ, 10 դեկտեմբերի 2011թ.
    Տեսնես ինչո՞ւ այս երկու չարագուշակ իրադարձություններն համընկան:

  2. Կարեն Միքայելյան says:

    Մարինէ Վահրադեանը եւ Կիրօ Մանոյեանը մինչեւ կարծիք հայտնելը առնվազն պարտավոր են կարդակ ՀՀ -ն Սահմանադրությունը: Ըստ Սահամանադրության եւ Հռչակագրի անվիճելի ճշմարտություն է, որ այսօրվա ՀՀ -ը իրավահաջորդն է Խորհրդային Հայաստանի: Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը ուժի մեջ են: ՀՀ -ն սահմանները ամրագրված են այդ պայմանագրերով: Ցավալի է, բայց այդպես է: Հակառակ պնդել – կամ տգիտություն է , կամ դեմագոգիա: Երբ ՀՅԴ կգա իշխանության (երբ եւ ինչպես?!) եվ հանրաքվեով կփոխի Սահմանադրությունը, ՀՀ -ը կհռչակվի Առաջին Հանրապետության իրավահաջորդը, կվերանայի հակահայ պայմանագրերը, կստանա լիազորություն արտերկրի հայության անունից հանդես գալու իրավունքը, ինչպես դա տեղի ունեցավ 1919 թ մայսին, միայն այդ դեպքում կարող է պահանջատեր լինել համայն հայության իրավունքների եւ շահերի: Մինչ այդ արտերկրի հայությունը պարտավոր է ունենալ իր Լիազոր Ներկայացուցչական Մարմինը՝ իր իրավունքները եւ շահերը պաշտպանելու համար: ՀՀ -ը հենվելով Հռչակագրի վրար կարող էր հռչակել, որ Արցախը եւ հարակից տարածքները ազատագրված են եւ միացված ՀՀ -նը: Բայց դրա համար իսկ չկա քաղաքական կամք, ոգի, ազգային գիտակցություն, էլ ու մնաց պաեանջներ ներկայացնել Թուրքիային: Եթե չեն հասկանում այս պարզ իրողությունը, ապա դիմում են զրպարտության եւ թշնամիներ գտնելուն:
    Հարգանքներով,
    Կարեն Միքայելյան

Leave a Reply