Հողի Դողը


ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԵԱՆ

Արգելեցին զէնքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկութեան համար անվճար մոմեր բաժանեցին, եւ մենք, զէնքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք: Յետոյ սրընթաց արագութեամբ վերցնում էինք նրանց

գիւղերը: Մենք քաղաքին մօտեցանք, քաղաքն էլ ընկաւ: Մենք մտնում ու դուրս էինք գալիս, վազում էինք տապալուած հեռագրասիւների, առաջնորդների մեծադիր իւղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնոյթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից ընկնող գիւղերի միջով:

Մեր յարձակման յաջողութիւնը սրընթաց զարկի մէջ էր: Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետեւից խորանալ: Նրանց դժգոհութիւնը հաշուի չառնելով՝ դրեցին մեքենաներն ու ետ ուղարկեցին: Վերցուած գերիներին եւ վիրաւորներին խումբեւխումբ թիկունք էինք ուղարկում:

Քնում էինք քնապարկերի մէջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լոյսը չծագած, տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղէ ատամնանիւների ճռնչոցը ականջներիս մէջ՝ մտանք տափաստան: Դէմ-դիմացի գիւղը վերցնելը դժուար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել: Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագոյն էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթեւ լեզուները արհամարհելով՝ քնեցինք դեղին դդումների դաշտում:

Լուսածագին քարտէզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշդեցին գիւղի դիրքը, ու մենք չորս կողմից տապալուած հեռագրասիւների, էլեկտրասիւների, առաջնորդների մեծադիր իւղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու, քթներիս առած ինչեւոր բուրմունքների միջով, մեր շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ՝ մտանք գիւղ: Մէկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջուեցի, ոչ ոք չկար:

Յետոյ նրանց աղջիկը, որ զինուորական շորերով նստած «Շիլկայի» վրայ մեր տանկերն էր ոչնչացնում, նրան իւրայինները լքել էին, յանձնուեց յուսախաբ: Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արեւի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին: Կանաչ տերեւներով նախշազարդ բաճկոնի թեւքի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերեւ, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապոյտ երակի բուժասեղից առաջացած վէրքը պարզեց մեզ, ասաց. «Միայն թէ ներարկէք նոր… ես չեմ վախենում»:

Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մէկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մէջ՝ խնձորի ծառը մօտիկ էր: Ես գիտէի՝ նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թեւի վրայ էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլաւացած սպին գունաւոր քնի մէջ նւում էր: Մենք բոլորս էլ գիտէինք՝ ինչ է ուզում նա, գիտէինք նաեւ ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլքտող ցաւը զսպելով՝ ծխում էինք:

Մէկն եկաւ՝ միւս ջոկատներից էր, ասաց. «Լաւ էլ ուրախանում էք, նստել ինչի՞ն էք սպասում, տարէք, միաժամանակ երեք անցքն էլ փակէք, մի դրա երակներին նայէք, տարէք այդ գործն արէք, դրա նմաններն այդպիսի բաներ շատ են սիրում»: Նրանց աղջիկը թեւը պարզել էր, ես տեսնում էի թափանցիկ կապոյտ երակը, լսում էի բերաններում պայթող խնձորի ու նռան ճայթոցը, թիկունքից էլի ձայն լսեցի, շրջուեցի՝ ոչ ոք չկար ու չհասկացայ, թէ ինչին էի կարօտել ու այլեւս չէի ուզում լսել միւս ջոկատից եկած հրամանատարին, հրազէնով վիրաւորուած Կամօն փսխում էր, գնացի նրան յոյս տալու:

Յետոյ, կրկին մեր ոտքերի տակ դողաց հողը, մենք անծայրածիր, դեղին տափաստանի մէջ իրարից հեռու, ցրուած ու ձայնի տաք ելեւէջով իրար որոնելով ու իրար տեղ չիմանալով, բարակ փոշին մետաղէ թրթուրների տակ ծեծելով՝ գնացինք առաջ, մտանք Արաքսի հովիտ՝ մեր երազների ափը, ու մեր տանկերը եռացնում էին ջուրը:

Ծակող, թանձր տաքութեամբ արեւը կանգնել էր երկնքի կենտրոնում ու այրում էր մեր գլուխները, ես այդ ժամանակ արդէն երրորդ անգամ լսել էի թիկունքից եկող ձայնը ու գիտէի, որ ստուերի մէջ թաքնուել է պէտք, դեղին տափաստանի մէջ սեւ չկար, ամէն մի ստուերի երկարութիւն հալւում էր երկնքի կենտրոնում կանգնած արեւի առատ ու տաք լոյսի մէջ, փոքրիկ, մոխրագոյն, խանձուած բլրակները եռում էին իրենց տեղերում, հէնց եռացող բլրակների մէջ էլ միւս ջոկատի տղաներից մէկին չէին կարողանում գտնել:

Տափաստանի պարզ, շատ հեռուները նկատուող՝ փռուած հարթութեան վրայ, ոչ մի տեղ չէր երեւում: Բոլոր ջոկատները իրար կանչող ռադիօկապերի, հեռադիտակների, հռնդոցների ու ճռնչոցների մէջ որոնում էին Սերոբին ու չէին կարողանում գտնել: Օդը ոռնում էր: Չէինք խօսում ու ծխում էինք, մեր բոլորի քթանցքները խցկուել էին փոշով, բերաններիս շնչառութիւնը տաք էր ու նիկոտինով յագեցած:

Մեզ գիւղը ցոյց տուեցին: Ռադիօկապով հրաման տուողներն ու գեներալներն ասացին. «Այն գիւղը վերցրէք ու բազա դրէք»: Հողը դողաց մեր ոտքերի տակ, մենք դարձեալ գնացինք՝ մետաղների, գալարաթափ լարերի, հեռագրասիւների, էլեկտրասիւների, առաջնորդների մեծադիր իւղանկարների ու տարաբնոյթ բուրմունքների միջով, եւ նրանք մեր մօտենալը տեսել էին, ու գիւղում բնակիչ չկար:

Մեր հրամանատարն ասաց. «Ստուգէք տները մէկ առ մէկ, թաքնուածներ մնացած չլինեն»: Նրանց շները պատառոտում էին մեզ, ամէն կողպէքը կախած փակ դռան ետեւը նրանք իրենց գամփռներին էին դրել, որոնք ներս մտնելուն պէս հափռում էին մեր տղաներին, իսկ մենք, ինչքան հասցնում, գնդակահարում էինք նրանց օդի մէջ, դէպի մեր կոկորդը թռիչքի պահին: Յետոյ երեկոյեան, մեր ցրուած ջոկատը, ամենքը մի տեղից՝ թփերի, ծառերի, տների թիկունքից, ստուերների ու մութի միջից գալիս էին՝ տափաստանի փոշին թարթիչներին ու մօրուքներին:

Գալիս էին գիւղի չորս կողմից՝ էշով, էն մէկը՝ ձիով, հովտի խաղողի ողկոյզներով, թզով, խնձորով, նռով, աւարով՝ անծայրածիր դեղին անապատի չորս ծայրերից՝ իրար ձայն տալով էին գալիս, որ մոլորուածները չկորչեն: Երբ հաւաքուեցինք մի տեղ ու բերաններիս մածուկուած փոշին էինք թքում, նկատեցինք, որ բոլորիս ջրի տափաշշերն էլ դատարկ են: Միանգամից վտանգը զգացինք, մեզանից ոչ մէկը գիւղում աղբիւր չէր նկատել: Մեր ծարաւը սաստկանում էր, գիւղը տակն ու վրայ էինք անում, ջուր չկար:

Տղաները գնացին ու տափաստանի խանձուած, եռացող բլրակների ետեւից անհամ, անջուր, ծարաւ չյագեցնող ձմերուկներ բերեցին, եւ դարձեալ բոլորով մռայլ էինք: Մենք գիշերատեղի դարձրած կանաչ ու մուգ կանաչ պատշգամբով տունն էինք կարգաւորում, պարսերով եկած երկարակնճիթ մոծակները մեզ ուտում էին, իսկ ամբողջ գիւղով մէկ ցրուած տղաները դարձեալ չէին կարողանում ջուր գտնել, ու շատերս տրտնջում էինք եւ դժգոհում: Հարեւան գիւղի իրենց բազայից մէկը եկաւ՝ Սերոբին էր որոնում:

Մեր հրամանատարին ասաց. «Սերոբին այդպէս էլ չգտանք, Սերոբին չէ՞ք տեսել: Անընդհատ աջ թեւից էր գալիս»: Մենք ուզում էինք, որ նա գնայ, թողնի ու գնայ: æրոտ տանձ տուեցինք, ճաքճքուած շուրթերին փոշի կար, կիսակծեց՝ տանձի վրայ որդ խաղաց, չնկատեց, կրկին կծեց: Ուզում էինք, որ նա գնայ, ասաց. «Ես էի բերել նրան, առաջին անգամ ինձ հետ եկաւ: Կինն էլ երկու ամսից երեխայ է ունենալու»: Քնատ աչքերը փակւում էին: «Դէ լաւ, գնամ, որ տեսնէք, իմաց տուէք»: Ուզում էինք, որ նա գնայ: Յետոյ Գեղամը եկաւ, ասաց. «Այս գիւղում ջուր չի էլ լինի, տափաստանում աղբիւր որտեղի՞ց լինի, ես ջրհոր եմ գտել»:

Հրամանատարը չէր ցանկանում, որ այդ ջրից խմենք, յամառօրէն մերժում էր, նա գիտեր, որ ջրհորները ամենայարմարն են թունաւորելու համար: Ասաց. «Համբերէք, կարող է թիկունքից ջուր են հասցնում, կապով կը պարզենք»: Շարժական ռադիօկայանը միացրինք, մէկը դարձեալ Սերոբին էր ուզում: Կապաւորին գոռացինք. «Անջատիր, ապուշ, կեանքումդ երբեւէ միացե՞լ ես, անհրաժեշտութեան պահին միշտ էլ փորլուծ ես ունեցել, անջատիր…»: Կապաւորն ասաց. «Գիշերայինով դուրս գամ, գիշերային գիծը միշտ էլ ազատ են թողնում, եօթանասունինն ազատ կը լինի»: Գիշերային ալիքի ուժեղացող ու թուլացող խշշոցների մէջ մէկը միապաղաղ ձայնով, դարձեալ Սերովբէին էր որոնում: Ես այդ ժամանակ, կրկին թիկունքից ձայն լսեցի, շրջուեցի, ոչ ոք չկար: Տղաները կապաւորին գոռում էին. «Անջատիր, անջատիր…»:

Ծարաւը սաստկանում էր, մենք ջուր էինք ուզում, եւ հրամանատարը տեղի տուեց, միայն թէ եռացրած ջրի առաջին բաժակն ինքը խմեց, ու մենք թախծոտ սիրում էինք նրան: Էլի եօթ օր անցաւ, ու մոծակները մեր մարմնի վրայ ջրակալ վէրքեր էին բացել, իսկ գիշերային դիրքերից վերադարձած տղաներին՝ ցերեկը ճանճերը, ու պղտոր եւ թթուահամ ջրից, սաստիկ ծնօտային ատամնացաւերը չէին թողնում քնեն, ու շատերի բորբոքուած աչքերի մէջ մազանօթներ էին պայթել եւ արեան նիշ էր իջել անքնութիւնից, փոշուց եւ տափաստանի անսահմանութիւնից:

Մի քանի օր էլ անցաւ, եւ գիւղի չորս ծագերից դուրս եկան ու մեր բնակատեղը լցուեցին մանր ու խոշոր, գոյնզգոյն, ռմբակոծութիւններից վիրաւոր ու փրկուած, տարացեղ պատկանելութեան կատուների խմբեր ու շների ոհմակներ: Նրանք քաղցից մլաւում, կաղկանձում եւ ոսկորի համար իրար կոկորդ էին ծամում: Մեր ձեռքից, մեր թափօնից ու խոհարարի թասերից պատառներ էին թռցնում: Ցերեկները նրանք ուտում էին մեր հացը, մութն իջնելուն պէս հեռանում էին, նստում իրենց բաց դռների առաջ, վէրքերն էին լիզում ու կատաղի հաչում մեզ վրայ, կամ իրենց պսպղուն աչքերի բոցը երկնքին տուած՝ լուսնահաչ էին տալիս: Մենք նեարդայնանում էինք, մեր ջղերը չէին դիմանում:

Գիշերը գիւղում պարեկութիւն անողներիս եւ բազայի շուրջը պահակակէտի կանգնածներիս համար խախտւում էր բնական լռութիւնը, որի մէջ մենք միշտ էլ որսացել էինք նրանց հետախոյզի ծածուկ տեղաշարժերը: Լուսածրային կրակոց-ազդանշանով մեր ընկերներին օգնութեան դուրս թռչելու պահին, մութի մէջ մեր ոտնատակերից կակղամորթ, պստիկ ու մեծ, փափուկ մարմինների արձակած մլաւոցն ու կաղկանձը, ցաւից սրընթաց, պատեպատ, տեղից տեղ նետուելու աղմուկն ու թշնամու ոտնաձայները շփոթում էինք, չէինք կարողանում տարորոշել:

Գիշերուայ հետ հարաւից ու հիւսիսից փչող քամին ծեծում, շրխկացնում ու ճռռացնում էր հարիւրաւոր տների բաց ու փակ դռներն ու լուսամուտները, ինչքան էլ մենք գիտէինք, որ հիմա թիկունքում շրխկալու է դուռն ու լուսամուտը, այնուամենայնիւ, վեր էինք թռչում, ձայնը կրկնակի էր դառնում, որովհետեւ մի անգամ էլ մեր ներսում էր պայթում, ու գիշերը, փշրուած ապակու նման, թափւում էր մեր ոտքերի տակ, որի վրայով բոբիկ ներբաններով քայլելու պէս պիտի գնայինք, լաւ գիտակցելով, որ մութի մէջ, մեր շուրջը դաշոյնի շեղբն էր պտտւում:

Նռան ծառն էլ էր մեզ նեարդայնացնում, գիշերուայ լռութեան մէջ յանկարծ պայթում էր նուռը ու ճայթոցով ճղում թանձր, յարահոս մութը: Մենք գիտէինք, որ շներին ու կատուներին չի կարելի սատկացնել, դա արդէն արել էինք, երբ առաջին օրը գիւղ էինք մտել, տները խուզարկելու ժամանակ դէպի մեր կոկորդները ոստնող գամփռներին գնդակահարել էինք ու, գիւղում տարածուած, անտանելի նեխահոտը մեղմելու համար, նրանց լեշերի վրայ մեր զինուորական մեքենաների սօլեարկան (մազութը-Խմբ.) էինք շաղ տալիս:

Քսաներորդ օրը, երբ բոլորս ոջլոտել էինք ու արեւածագի հետ պատի երկայնքով նստած՝ բութ մատի եղունգի վրայ շապիկներիս ոջիլներն էինք ջարդում, նա էլի եկաւ, հարեւան գիւղի բազայից, որ շուրթերը ճաքճքուած էին ու Սերովբէին էր որոնում, ասաց. «Սերոբին այդպէս էլ չգտանք, Սերոբին չէ՞ք տեսել, կինն էլ երկու ամսից երեխայ է ունենալու: Առաջին անգամն ինձ հետ էր եկել»: Մենք ուզում էինք, որ նա գնայ, թողնի ու գնայ, ապուր տուեցինք, հացը թաթախելով էր ուտում, քնատ աչքերը փակւում էին. «Դէ, ես գնամ, որ տեսնէք, իմաց արէք»: Մենք ուզում էինք, որ նա գնայ:

Այդ օրը, այգիների ու տափաստանի իրենց թաքստոցներից գիւղի ամայի փողոցները պայտերի տակ դմփդմփացնելով, փախուստի պահին լքուած, սմբակները ջարդոտուած ու մազաթափ աւանակներ, ջորիներ, պառաւած ձիեր եկան: Նրանք ծարաւից խելակորոյս, մեր ջրի ամանների շուրջը սմբակներով հողն էին տնքոցով փորում ու ստուերների միջից գտած ամէն մի խոնաւ բան ծամելով, աչքերի թացութիւնը խմող, կապտաթեւ ճանճերի պարսից հալածուած՝ մեզ էին նայում ու վրնջում: Մենք հեծնում էինք ու նրանց դողդոջուն մէջքների վրայ յարմար կեցուածք ընդունած, կրծքներս ուռեցրած՝ լուսանկարւում:

Տղաներից Շահէնն ու էլի մի քանի հոգի, եկան պահակակէտից ու ասացին. «Մեր գիշերատեղի դիմացի տունը պիտի հրկիզեն»: Հրամանատարն ասաց. «Չէ, այդպիսի բան անել պէտք չէ: Չանէք եւ՝ վերջ»: Շահէնը տեղի չէր տալիս. «Պէտք չէ, բայց այդպէս էլ դիրքի կանգնել հնարաւոր չէ: Կտուրը կղմինդրից է, հէնց դրանք մի թեթեւ տեղաշարժ են կատարում, կա՝մ թեւ են թափ տալիս, ոնց որ այնտեղ մարդ ման գայ: Ամբողջ գիշերը էդ է, ուղիղ մեր բազայի դիմաց. էդ տունը չպիտի մնայ, կը միամտուենք, ու մի օր թշնամին կը բարձրանայ կտուր»:

Ես ու Կարօն միասին էինք դիրքի կանգնում ու կանանց կարօտի մասին էինք խօսում: Ասացի. «Ներսումս մէկը կայ, ես նրան չեմ տեսել, բայց նրա հետ մի օր կը գնամ կիսաւեր տաճարը, արեան աւազանի մօտ»: Ասաց. «Նա քո զոհը կը դառնայ»: «Ոչ,- ասացի,- ոչ, նա ոչ մի փորձութեան չի դիմանայ ու ինձ կը մատնի»: Իսկ գիշերուայ միջով սրընթաց չղջիկներ էին անցնում, ասաց. «Թուլութիւն է, երակները լցնելու… թէ չէ դեռ չեղածը դու ինչի՞ց ես իմանում, որ պատահելու է…»:

Հեռու մի տեղից աղմուկ էր լսւում, գնացինք ու, շունչներս պահած, տարբեր կողմերից մտանք երկյարկանի տան բանջարանոցը. սոված գամփռը հորթին էր խեղդում: Երբ ետ էինք գալիս, փշատենու սաստկացած բուրմունք էր գալիս, ասացի. «Թիկունքից չորս անգամ ձայն եմ լսել»: Լռում էինք, յետոյ առաջինն ինքը խօսեց. «Դա լարուածութիւնից է, էն մեծ գիւղը, որ մտանք, այնտեղ մտնողը ինչ ձայն ասես, որ չէր լսի: Այդպիսի բան հնարաւոր չէ, քո ուղեղն է հնարել… տագնապի պահին ուղեղը սիրում է բաներ յօրինել…»: Յանկարծ մութը կարմրեց‘ հրկիզել էին մեր գիշերատեղի դիմացի տունը, ու կղմինդրէ տանիքից հարիւրաւոր աղաւնիներ օդ բարձրացան, գիշերուայ ու կարմիր մութի մէջ նրանց թեւաբախութիւնն էր պայթում: Մենք վազում էինք այնտեղ, ես թիկունքից դարձեալ ձայն լսեցի ու կանգնել, չէի ուզում գնալ:

Յետոյ կենտրոնից հրամանատարների ու գեներալների հրամանը եկաւ՝ գերեզմանոց չպղծել: Բայց նրանց ձայնի վրայ, մեր ալիքի մէջ, մէկը միապաղաղ ձայնով, դարձեալ Սերովբէին էր որոնում: Յաջորդ օրը, նրանք՝ կենտրոն ժամանած ֆրանսուհի լրագրողին առած եկան, ու մենք բոլորս դուրս թափուեցինք: Սպիտակ վերնաշապիկով, ակնոցներով դեպուտատների ու նրա խօսքերը, նրա ասածները մեզ պէտք չէին, յափշտակուած նայում էինք նրա ճերմակ ատամնաշարին, խոնաւ շուրթերին, տաք մատներին, ուսերին թափուած բարակ մազերին, նուրբ ու ճկուն մէջքի ալիքուելուց, կարմիր, համարեա թափանցիկ շրջազգեստի տակ երերացող ստինքներին:

Նրա զրնգուն ծիծաղը թանձր շոգի մէջ թափւում էր մեր գլխին: Ասաց. «Թուզ տուէք», տղաները թուզ բերեցին: Ասաց. «Նուռ տուէք», տղաները նուռ քաղեցին: Ասաց. «Խնձոր տուէք», տղաները յափշտակուած խնձոր բերեցին: Ասաց. «Խաղող տուէք», տղաները վազերը ճռաքաղ արին: Շիրակը ձեռքերը երկինք պարզեց, յետոյ գլուխը բռնեց ու նրան ասաց. «Վայ, մամա ջան, Տէր Աստուած, թզի տերեւ ուզիր, թզի տերեւ ցանկացիր…», ու դեռ չէինք ծիծաղել, դեռ չհռհռացած՝ հասկացանք, թէ մարտերը ինչ թափով, ինչ երկար, ինչ ուժեղ ու ինչ դաժան էին եղել:

Ծիծաղի ու հռհռոցի ալիքը եկել ու բացուել էր մեր անքուն, անձրեւն ու քամին տեսած, գիշերները աւտոդողի խարոյկից մրոտուած, արեւով եփուած դէմքներիս վրայ, ու այդ պահին էլ բոլորս տեսանք, թէ ինչպէս անցեալ տարի, հեռու լեռներում թշնամու գնդակից ընկած մեր ջոկատի Անդրէի ստուերը եկաւ, տուեց ու մեր միջով անցաւ:

Հրամանատարը տխուր էր, երբ մենակ մնացինք, դուրս եկանք քայլելու, տափաստանային խորը, անդունդն ընկած գիշերուայ մէջ, մենք մեր ոտքի ձայնը ու մեր խօսքի արձագանգն էինք լսում: Հեռու, անաստղ երկինքը, մեզ համար ջրհորի վրայ իջած կափարիչի փակուածութեան նման էր, ու մենք դրանից նեղւում էինք, եւ մեր խօսակցութիւնը կիսատ, կիսաբառ ու անհասկանալի էր դառնում: Ճերմակում էր գիշերը: Գիւղում ինչ-որ տեղից կանչեց դեռ թաքնուած աքաղաղը՝ որ մթեղէն ստուերներն ու լոյսի հակակշիռ ուժերը վերադառնան իրենց տեղերը:

Մենք եկանք ու միացրինք ռադիօկայանը՝ շտաբից սնունդ պահանջելու համար: Ու մէկը դարձեալ միապաղաղ ձայնով, ալիքների մէջ Սերովբէին էր որոնում: Հաց ու ծխախոտ չուզած՝ շտապով անջատեցինք կայանը ու նստեցինք սեղանի առաջ, արդէն բոլորը քնել էին, մեր դէմը տան բազմաթիւ կանաչ ու մուգ կանաչ, մեր հոգու հետ չհամադրուող դռներն էին, որոնցից ներս մութ էր: Մենք գինի էինք խմում:

Հրամանատարի աչքերը թախծոտ ու անքուն էին, գիշերը ջրհորի նման մութ էր ու խորը, ասաց. «Մենք հասանք երազների հովիտ, դու ի՞նչ ես կարծում, արդէն հասե՞լ ենք»: Կրկին մեր խօսակցութիւնը չէր ստացւում, ու մենք գինին էինք աւելացնում: Ես դարձեալ թիկունքից ձայն լսեցի: Գիւղում ինչ-որ տեղից կանչեց դեռ թաքնուած աքաղաղը: Լուսանում էր, արդէն չորրորդ օրն էր՝ մենք հրկիզել էինք մեր դիմացի կղմինդրէ տունը, իսկ աղաւնիները չորս օր է երկնքից կախուած, առանց վայրէջքի, շրջապտոյտ ու շրջապտոյտ պտտւում էին նրա վրայ:

Leave a Reply