Հեռացար, Մոռացար, Եաաաա~ր…


ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Ի՞նչ երգեր ենք լսում եւ ինչո՞ւ: Ինչո՞ւ են ոմանք երանութեան գիրկն ընկնում ուրիշների բնորոշած «ոռնոցների» ազդեցութեամբ: Երաժշտութիւնը նախասիրութեան խնդիր է, եւ իւրաքանչիւր մարդու հարազատ են ամենատարբեր երգեր, ամենատարբեր երգիչների կատարմամբ: Երեւի կռահեցիք, որ զրուցելու ենք մեր ժողովրդի մի մասի մէջ այսօր արդէն շատ տարածուած թրքա-ադրբեջանական ոճի երգերի հանդէպ ցուցաբերած թուլութեան մասին: Ես կ’աշխատեմ հնարաւորինս հեռու մնալ քննադատութիւններից, եթէ դա իհարկէ հնարաւոր է:

Նախ եւ առաջ քննարկենք, թէ ինչու են ոմանք լսում թրքական եւ ադրբեջանական երգեր: Դրա համար պէտք է տասնեակ, գուցէ հարիւրաւոր տարիներ ետ գնալ:

Երբ մանկական ուղեղը ձեւաւորւում է եւ արդէն սկսում ճանաչել շրջապատող աշխարհը, նա բնազդով կարողանում է տարբերակել, թէ որ միջավայրում է իրեն աւելի ապահով զգում, որտեղ է աւելի վտանգաւոր եւ այլն: Բնականաբար, փոքրիկի համար ամենաապահով միջավայրն ընտանիքն է, ամենաապահով մարդիկ՝ հայրն ու մայրը: Եւ երբ հօր ու մօր լսած երաժշտութիւնը թրքական է կամ ադրբեջանական, ապա բնականաբար նա էլ իրեն ապահով է զգում այդ ձայնային ելեւէջների ներքոյ: Եւ այդպէս, տարիների ընթացքում այս «տեղեկութիւնը» փոխանցւում է սերնդէ սերունդ: Այդ է պատճառը, որ հարսանիքների կամ ծննդեան տարեդարձների ժամանակ հնչած շատերի համար խորթ ելեւէջների պահին որոշ մարդկանց դէմքին անասելի ուրախութիւն է նկատւում. նրանք յիշում են փոքր ժամանակուայ ունեցած իրենց զգացումները եւ ինքնաբերաբար հրճւում են: Իսկ մանկական յիշողութիւնները մտային անկրկնելի ճանապարհորդութիւններ են պարունակում իրենց մէջ:

Սակայն, այս ընթացքում ոմանց դէմքին էլ զզուանք եւ դժգոհութիւն է նկատւում, քանի որ այսպիսի մարդիկ իրենց չափազանց անապահով են զգում. նրանց մօտ էլ առկայ է վտանգի զգացումը, քանի որ այսպիսի երաժշտութիւնն իր հետ բերում է նախկինում կոդաւորուած (ծրագրաւորուած-Խմբ.) վտանգի «տեղեկութիւնը»:

Հակասութիւնը մեր ազգի ներկայացուցիչների այս երկու տեսակի միջեւ ակնյայտօրէն երեւում է, յաճախ էլ վերածւում բացայայտ վիճաբանութեան՝ իր տխուր հետեւաքներով, եւ քչերս ենք փորձում գտնել հարցի պատասխանը, թէ ինչու են ոմանք այդքան հակուած թուրքական-ադրբեջանական երգեր լսելուն:

Երաժշտութիւնը համամարդկային լեզու է, եւ բոլորն էլ ազատ են լսելու այն, ինչ ցանկանում են: Որեւէ ազգի ներկայացուցչի գրած երաժշտութիւնը «վատ» որակել չի կարելի, քանի որ դա յարաբերական հասկացութիւն է. մէկի համար վատ է, միւսի պատկերացմամբ՝ գերազանց, եւ այսպէս շարունակ: Ինչպէ՞ս մեղադրել նրան, ով թրքական երգ լսելիս յիշում է իր տատիկի երգերը, կա՛մ ինչպէ՞ս մեղադրել միւսին, ով զայրանում է կարմրելու աստիճան ու պատրաստ է ձեռնակռուի մէջ մտնել իր պատկերացմամբ անպատեհ երգ լսողի հետ, քանզի լսել է, որ նման «ելեւէջների» ներքոյ են սպանել կա՛մ բռնաբարել իր հարազատներին: Խնդիրը բաւականին հակասական է եւ միանշանակ պատասխան չունի:

Այստեղ հարկ եմ համարում մէջ- բերել յիշատակումն այն մասին, թէ ծանօթս ինչպիսի փորձառութիւններ է ունեցել ռեստորանում նուագած տարիներին:

Ամէն «ադրբեջանական» երգ նուագելիս ռեստորանում գտնուած ոմանց մօտ տրամադրութեան նկատելի փոփոխութիւն էր նկատւում, եւ նրանք աւելի մեծ պատրաստակամութեամբ էին բաժանւում իրենց փողերից՝ շռայլօրէն վարձատրելով երաժիշտներին: Գուցէ պատճառն այն էր, որ այսպիսի երաժշտութիւնը տեղ չունէր Հայաստանի հեռուստատեսութեան եւ ռադիոյի երգացանկերում «բռնակալ» խորհրդային տարիներին, քանի որ պետական մարմինները չէին խրախուսում դրա տարածումը: Ուրեմն այս մարդիկ յիշում են իրենց մանկութեան «ելեւէջները», ուրախանում են, պարում, սակայն նրանցից շատերը գիտեն, որ հրճւում են «թշնամական» երգերով, եւ ընկնում են ներքին ընդվզման մէջ: Այսպիսի հրճուանքի մէջ ընկած մարդիկ նախ հեշտութեամբ բաժանւում էին իրենց փողերից՝ «շաբաշ» տալիս մատուցողներին ու երաժիշտներին, յետոյ մի լաւ հարբում էին ու կռիւ անում:

Թուրք-ադրբեջանական երգեր նուագելու օրերին կռիւն ու քաշքշոցներն անպակաս էին, յաճախ էլ տխուր հետեւանքներով: Գուցէ նրանց չգիտակցած այս ներքին կռիւն էր պատճառը այն հակասութեան, որի հետեւանքով այդ մարդիկ իրենց զայրոյթը փորձում էին թափել անմեղ մարդկանց գլխին:

Լսել եմ, որ լիբանանահայ մեր եղբայրներն ու քոյրերը նոյն խնդիրն են ունեցել: Ասում են, թէ տարիներ առաջ ազգանուէր երիտասարդների մի խումբ շրջելով քաղաքում կոտրում էր նրանց ռադիոներն ու ձայնագրիչները, ովքեր թրքական երգեր էին լսում իրենց խանութներում: Լսել եմ նաեւ, որ որոշ կուսակցական առաջնորդներ մասնաւոր քէֆերի ընթացքում բացայայտօրէն թրքերէն երգերի տակ էին իրենց «հանգիստն անցկացնում»:

Միամտութիւն կը լինի այս մարդկանց դաւաճաններ որակել եւ որոշել, թէ այս առումով ինչ պատժի են նրանք արժանի: Սակայն հակասութիւնն ակնյայտ է. ոմանք ըմբոշխնում են այս երգերը, ոմանք էլ սրտխառնոցի աստիճան զզւում են դրանցից, եւ ճիշդ կա՛մ սխալ հետեւութիւններ են անում: Մէկ բան ակնյայտ է. խորհրդային տարիներին իրեն քիչ թէ շատ կրթուած համարող անձնաւորութիւնը թուրք-ադբեջանական երգերի սիրահար չէր դառնում, նոյնիսկ եթէ նման միջավայրի մէջ էր մեծացել, քանի որ իր շրջապատը դաժան ծաղրի կարող էր ենթարկել իրեն, ընդհուպ մինչեւ քարկոծելու աստիճան: Այսպիսով ոմանք ճնշուելով, ոմանք էլ բնական զարգացման արդիւնքում հեռանում էին կլկլոցներից:

Այստեղ հարկ է հպանցիկ ձեւով յիշատակել նաեւ պատմաշխարհագրական գործօնը, թէ ինչպէս ենք մենք շաղ տուած եղել ամբողջ աշխարհով մէկ, այդ թւում նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Ի միջի այլոց նաեւ հարկ եմ համարում նշել, թէ ինչպիսի երաժիշտներ եւ երգահաններ են տուել Թուրքիայում եւ Ադրբեջանում գտնուող հայկական գաղթօջախները: Բայց հասարակ մահկանացուն անխուսափելիօրէն ազդեցութեան է ենթարկւում իր միջավայրից: Տարօրինակ չէ, որ հայաստանցիների մեծ մասի համար հարազատ են ռուսական ելեւէջները, իրանահայերի համար՝ պարսկական, յունահայերի համար՝ յունական հնչերագները: Միայն Արեւ-մտեան Հայաստանում եւ Ադրբեջանում ծնուած եւ մեծացած մեր հայրենակիցների բախտը չի բերել, քանի որ նրանք մեծացել են մեր ազգի համար անսովոր «հնչիւնային» պայմաններում:

Ուրեմն ի՞նչ անենք. ջնջե՞նք այս տասնեակ, գուցէ հարիւր հազարաւոր մարդկանց մեր ազգի ցանկից: Ո՞ւր կը հասնենք այսպէս: Միւս կողմից իրավիճակն օրհասական է այն առումով, որ որոշ երաժշտական «գռդոնչիներ» (մարդիկ, ովքեր ապօրինի ձեւով ինքնաշարժ էին վարում Խորհրդային Միութիւնում եւ օրուայ հասոյթն իրենց գրպանն էին դնում) յայտնաբերեցին, որ կարելի է պարսկական, թուրքական, ադրբեջանական ռադիոյից կա՛մ ձայնագրութիւններից երգերը մէկ առ մէկ պատճէնահանել, հայերէն բառեր դնել վրան («հեռացար, մոռացար, եաաաա~ր») ու ձայնագրութիւնները տարածել հասարակ ժողովրդի շրջանում: Այսպիսի երգերը ժողովրդին որպէս հայկական նոր երգեր մատուցելու գաղափարը շատ աւելի յանցաւոր է, քան Իբրահիմ Թաթլըսըի երգերի տակ մրմնջալը, քանի որ վերջինս թուրք (ասում են քուրդ) երգիչ է, եւ չնայած ինձ համար անտանելի ոռնոցներ է կլկլում, իր ժողովրդի կառկառուն ներկայացուցիչն է, եւ ոչ ոքի ՉԻ ԽԱԲՈՒՄ, չի թունաւորում երիտասարդներին, որոնք վաղը փաստաբան եւ բժիշկ պիտի դառնան, ու «հայերէն նոր երգեր» լսեն առանց իմանալու, որ իրենք խաբուած են: Եւ քանի որ ազատ շուկայական պայմաններում գրաքննութիւն չկայ, ոչ մի մեխանիզմ չկայ, որ այս մարդկանց սեւը սպիտակից տարբերել սովորեցնի: Նրանք իրենց սերունդներին կը ներկայացնեն Զէյնաբ Խանլարովայի երգերից մէկը՝ հայերէն (ողբամ զքեզ, իմ խեղճ գրագէտ) բառերով, ու կը վիճեն պնդելով, թէ իրենց լսած երգն է հայկականը՝ պատճառաբանելով, թէ «Կարո՞ղ ա Կոմիտասի տակ պարենք»: Այստեղ մի փոքր դադար պիտի առնեմ, քանի որ ադրենալինի տարօրինակ հոսք զգացի, բայց միաժամանակ որեւէ բարոյական իրաւունք չունեմ թէկուզ մէկ ընթերցողի վիրաւորել:

Ուրեմն, հաւասարում բազմաթիւ անյայտներով. ովքե՞ր ենք մենք՝ ասիացի՞, թէ՞ եւրոպացի: Գաղտնիք չէ, որ մեր մէջ կրում ենք երկու ազդեցութիւն եւ ժամանակ առ ժամանակ ճչում է ասիացին՝ միւսներին թիւրիմացութեան մէջ գցելով, թէ «ես ճանաչում եմ հայերին, սրանք այսպէս չեն, ախր»: Այս մասին մէկ, երկու, տասը յօդուածը բաւարար չէ, մի քանի գիրք, մի քանի գիտական աշխատութիւն գրելուց յետոյ անգամ գուցէ պատասխանը մնայ նոյնքան հեռւում, որքան գիրքը գրելուց առաջ:

Հիմա էլ նոր տեսակ է յայտնուել մեր շարքերում. Կենտրոնական եւ Հարաւային Ամերիկային ենք նմանւում: Մեր որոշ նոր երգերում լատինամերիկեան ռիթմերն են ահագնացել, եւ մեքսիկացի «սիրեկանի» կերպարով երիտասարդներ են յայտնուել տեսահոլովակներում: Ի՞նչ կա՛յ որ, ժամանց է, կը մտածեն ոմանք: Միգուցէ ճիշդ են, կատակ երգեր են հրամցնում, որոշներն էլ այնքան մեծ վարպետութեամբ են գրուած ու տեսահոլովակներ են նկարահանուած, որ որեւէ քննադատութեան չեն կարող ենթարկուել, այնքան վարպետօրէն է ամէն ինչ արուած: Միգուցէ սա էլ այսպէս կոչուած «գլոբալիզացիայի» հետեւա՞նքն է, ուր ամէն ինչ սինթեզուելու (միաձուլուելու-Խմբ.) է, միանալու՝ դառնալով մի տեսակ: Եթէ նոյնիսկ դա իրականութիւն պիտի դառնայ, շատ ժամանակ կը պահանջուի:

Այսօրուայ ակնարկը, նախկինում գրուած շատերի պէս, ընդամէնը հարցեր է բարձրացնում մտորումների համար: Շատերը կարող է չհամաձայնեն այստեղ հնչած կարծիքների հետ, եւ սրանում ոչ մի ողբերգութիւն չկայ:

Անուանի եւ իրենց անուանի համարող երգիչ աստղերին եմ դիմում. Զիջումների մի՛ գնացէք որեւէ երգահանի հետ, եթէ նկատում էք, որ ձեզ մատուցուած երգերը նախկինում լսել էք կա՛մ էլ դրանք ուղղակիօրէն պատճէնահանուած են Հայաստանի արեւելեան եւ հարաւային հատուածներում տեղակայուած հարեւանների սահմաններից այն կողմ հնչող երգերից: Եւ ճիշդ է, որ երաժշտութիւնը սահմաններ չի ճանաչում, բայց ամէն պարագայում պէտք է պատուախնդրութիւնը պահպանել: Իսկ եթերում, շատ աստղեր նպատակադրուած են մեր ժողովրդին Ասիա տանել, քանի որ միանշանակ որոշում են կայացրել, որ Հայաստանը սխալ ճանապարհով է գնացել, երբ «եւրոպական» արժէքներ է կերտել տասնեակ տարիների ընթացքում. եւ հնչում է երանելի ռիթմով կասկածելի ելեւէջների տարափը, եւ ակամայից հարցնում ես. «Ախր, այս երգչուհին հանգիստ կարող էր Կարնեգի Հոլում համերգ տալ, եթէ իր նախկին երգացանկի վրայ մի փոքր աշխատէր, ինչո՞ւ է ինքնակամ ընտրել «խորովածային տրամադրութիւնը», եւ ոչինչ, եթէ հարսանիքի ժամանակ երգեր, ախր ուղիղ եթերում է երգում, եւ այնպէս է ուսերը շարժում երգի տակ, կարծես ըմբոշխնում է իր ամէն մի կլկլոցը»: Բայց գուցէ մենք ենք մեղաւոր, որ խրախուսում ենք, վարձատրում սրանց, քանի որ ձայնագրութիւններ գնում են հիմնականում այսպիսի երգեր փնտռողները:

Կարելի է շատ երկար խօսել այս մասին, բայց առանց անուններ տալու արդէն հնարաւոր չէ, իսկ անուններ տալ չեմ ցանկանում, քանի որ աստղերից ու աստղիկներից շատ շատերին անձամբ ճանաչում եմ, ոմանց հետ էլ ընկերութիւն եմ արել նախկինում, եւ չէի ուզենայ կարծիք ստեղծել, թէ թոյնով եմ լցուած նրանց նկատմամբ. բայց ակամայից կարօտում եմ այն, ինչի ոխերիմ թշնամին եմ համարել ինքս ինձ՝ գրաքննութիւնը: Սակայն գրաքննութեան ուղղակի զոհն եմ եղել անձամբ, երբ խորհրդային պաշտօնեաների ու երգահանների մի խումբ փորձում էր տեղում ոչնչացնել երիտասարդ երգահանի իմ առաջին փորձերը: Սա էլ միւս ծայրայեղութիւնն էր, երբ ամէն ինչ էր քննութեան ենթարկւում, եւ որոշ անհատների քմահաճոյքից էր կախուած, թէ ինչ կարելի է լսել, իսկ ինչ՝ ոչ: Ակամայից աղբի հետ մէկտեղ նաեւ հնարաւորութիւն ունեցող երգերն էին դուրս մնում եթերից, քանի որ հին օրերի լաւագոյն գնահատականը եթեր դուրս գալն էր: Այսօ՞ր: Այսօր ցանկացած աղբ կարելի է եթեր թողնել, միայն փող տուր: Իսկ այս աղբն ինչ-որ մէկին, եթէ ոչ հազարներին, աղտոտում է, վատ ճաշակ փոխանցում:

«Ամէն ինչ լինում է այնպէս, ինչպէս պիտի լինէր», ասում է ծանօթներիցս մէկը՝ կրկնելով յայտնի փիլիսոփայի բառերը:

Թոյլ տուէք ես էլ մեր ժողովրդի մի հատուածին միանալով յայտարարեմ, որ կտրականապէս հրաժարւում եմ միջինասիական մշակոյթի կրողը համարուելուց, չնայած այն մտքին, որ որեւէ բացասական վերաբերմունք չունեմ ուզբեկ, ղազախ, կա՛մ տաջիկ ժողովրդների եւ նրանց մշակոյթների նկատմամբ: Բայց երբ Ղազախստանի նախագահ Նազարբաեւն անկախացած Հայաստանի առաջին նախագահին ինքնաթիռից իջնելիս ռեստորանային երգի հնչիւններով դիմաւորեց, բաւական տխրեցի եւ այն ժամանակ մտածեցի, արդեօք ինչպէ՞ս դա ընդունեց առաջին նախագահը, ում կրթութեան եւ կենսամակարդակի մասին որեւէ կասկած կամ երկմտութիւն լինել չի կարող:

Այստեղ պէտք է դադար տալ, սակայն թեման կը մնայ շարունակելի:

ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ,

Լոս Անջելես,

Մանկավարժ

Leave a Reply