Ազգօգուտ Ապրելու Տարի
ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ
21րդ դարը եկաւ ու, աշխարհականացման անուան տակ, վերջնականապէս ջախջախեց մարդու եւ ժողովուրդների իրաւունք հասկացողութիւնները, քանզի մեծ տէրութիւններին ձեռնտու չէ ասպարէզ տալու մարդ եւ ժողովուրդ պատկանելութեանը, որ իրենք ամբողջովին տիրանան նրանց անձնական եւ ազգային իրաւունքներին՝ նրանց տնտեսական ուենցուածքին: Նրանք քաջ գիտեն, որ տնտեսականի ոչնչացումով սկիզբ է դրւում մարդկայինի եւ ազգայինի փոշիացմանը:
Այսօր աշխարհը փորձում է այս նոր աշխարհաքաղաքականացման ծրագրով ոչնչացնել, ջնջել նաեւ ազգային պատմական յիշողութիւնը, յատկապէս փոքր ժողովրդների միջից, հոգեւոր ժառանգութեան գիտակցումը հիմնահատակ քերել, հանել ժողովրդային բնազդից, որ նրանք ինքնստինքեան, նոյնիսկ ինքնակամօրէն ձուլուեն ու ոչնչանան, առանց մեծ տէրութիւններին գլխացաւանք դառնալու:
Նրանք առանց երկար-բարակ մտածելու տեղահանում, վերաբնակեցնում են ժողովուրդներին, ջնջում նրանց ինքնութիւնը, կարեւորութիւն չտալով, ոչ պատմական փաստարկներին, ոչ էլ հանրութեան կարծիքին: Անում են այն, ինչ իրենց շահ է ապահովում:
Իրենց հիմքերը վաղուց ամրացրած լինելով, նրանք ոչ մէկ մտավախութիւն ունեն վերը նշուածներից, քանզի իրենք են ձուլողներն էլ, ոչնչացնողներն էլ եւ իրենց ժողովուրդն էլ ապրում է իր հողի վրայ, իր բնականոն կեանքով, իր օրէօր աճող ու զարգացող մայրենի լեզուով:
Բնականաբար փոքր ժողովուրդները իրենց չլուծուած հազարաւոր հարցերով անհանգստութիւն են պատճառում աշխարհի տէրերին: Ժամ առաջ նրանք փորձում են ազատուել փոքր ժողովուրդների իրենց համար խառնիճաղանճ խնդիրներից, որ հանգիստ իրենց կողոպուտը վայելեն: Նրանք այնքան են տարուած դրանով, որ նոյնիսկ արհամարհում են իրենց երկրի ներքաղաքական աճող խնդիրները. վկան՝ Ամերիկայի եւ աշխարհի տարածքով գլուխ բարձրացրած զանգուածային աշխատաւորական ցոյցերի հանդէպ կառավարութիւնների անտարբեր վերաբերմունքը:
Փոքր տէրութիւնները, որոնք դարձել են մեծ տէրութիւնների ցուցմունք-ցանկութիւնների գերին ու կամակատարը, հետեւում են նրանց օրինակին՝ իրենց կողոպուտի եւ օտարների հրամայականների տակ արհամարում են ոչ միայն իրենց ժողովրդի, այլ իրենց երկրի ապագայի օրէօր բարդացող խնդիրները: Բայց արդեօ՞ք դա թոյլատրելի է թոյլերին, որոնց թւում եւ յատկապէս մեզ, մեր նորածին ինքնանպատակ պետականութեամբ, մեր խախուտ, դեռ ոչ ամբողջական, մասնատուած սահմաններով, խլուած իրաւունքներով, նոյնքան մասնատուած ժողովրդով ու մտածողութեամբ ապրողներիս: Ներելի՞ է մեզ, որ նրանց օրինակին հետեւենք առանց սեփական ուժ ու հարստութիւն ունենալու:
Մէկ տարի եւս մեր երկիրը գլորեց ներքաղաքական միտումնաւոր, օտարների հրահրումով կազմակերպուած, պառակտիչ քաշքշուկներով, մոռացութեան տալով ամենակարեւորը՝ երկրի ապագան եւ համայն հայութեան պահանջները եւ Նոր տարին թեւակոխում ենք նոյնքան անորոշ, անծրագիր ու թուլակամ, որքան աւարտել էինք անցնող հին տարին:
Ճակատագրի հրամայականով մենք դարձանք այն ազգը, որը ոչ թէ մտածելու է միայն այսօրուայ մասին, անհոգ կերտելով իր ապագան, ինչպէս մեր շրջապատի միւս բոլոր ազգերն են, այլ ամենակարեւորը՝ մտածելու եւ աշխատելու է նաեւ իր ետեւում թողածի, իրենից խլուած, իրեն պատկանող իրաւունքները ետ ստանալու մասին: Այսպիսով, իւրաքանչիւր բաց թողած վայրկեան, չօգտագործուած իւրաքանչիւր հնարաւորութիւն, աւելի ու աւելի է բարդացնում մեզ պատկանող իրաւունքների ձեռք բերման գործը, մեզ ստիպում է ետ գնալու աւելի երկար ու խոչնդոտներով լի աւելի դժուար ճանապարհ անցնել:
Վերջին տասնամեակում մենք զոհ գնացինք թուրքերի կողմից խորամանկօրէն եւ փայլուն մտածուած, օտար շահամոլ հսկաների կողմից հաստատուած, մեր դէմ կատարուած Ցեղասպանութիւնը իրեն՝ յանցագործ թուրքին, ընդունել տալու խաղին: Եւ մինչեւ օրս դեռ շարունակում ենք նրա լարած այդ խաղ-թակարդի մէջ մնալ, իզուր դրամ եւ ժամանակ վատնելով: Մինչդեռ, մենք կարող էինք այս տարիներին նոյն յաջողութեամբ, դրան զուգահեռ եւ միաժամանակ, մեր պահանջատիրութեան հարցը աշխարհաճանաչ դարձնել եւ ոճրագործին հասկացնել, որ միայն ոճրի ընդունումը չէ մեր պահանջը: Որպէս Ցեղասպանութիւնը ապրած ազգ իրաւունք չունէինք այն քննարկման հարց դարձնելու, նոյնիսկ վիրաւորանք պիտի ապրէինք այդ առաջարկից: Բայց մենք ոչ միայն չվիրաւորուեցինք եւ չկասեցրինք նրա խաղը, այլ հնազանդօրէն հետեւեցինք նրա իւրաքանչիւր առաջարկին՝ պատմաբանների քննարկումից սկսած, մինչեւ առանձին յանձնախմբերի ստեղծումի համար պատրաստակամութիւն ցուցաբերելով:
Թուրքը քաջածանօթ լինելով հայի դիւրահաւատութեան «անգնահատելի» յատկութեան, այնքան առաջ գնաց, որ նոյնիսկ ամէն ինչ մոռացութեան տալու համաձայնագիր առաջարկեց մեզ: Մենք դա էլ ընդունեցինք:
Ընդունեցինք նաեւ այն, որ Թուրքիոյ խորհրդարանը անիմաստ գտնելով այդ համաձայնագիրը մի կողմ նետեց այն, նոր թակարդի մէջ քաշելու համար մեզ, իսկ մեր կառավարութիւնը դեռ սրտատրոփ սպասում է, թէ Թուրքիան երբ է այն կրկին կեանքի կոչելու: Հայերի այս անհամբեր սպասումին Թուրքիոյ նախագահ Ա. Գիւլը Լոնդոնում յայտարարեց, որ «հայ-թուրքական յարաբերութիւնները դեռ ամբողջովին չեն մահացել»: Ահա թէ ինչու վերջերս Երեւանում կայացած հայ-թուրքական գործարարների համաժողովը, որին մասնակցել են 100 ներկայացուցիչներ, 50ը ժամանել են Թուրքիայից, մեծ ոգեւորութիւն է առաջացրել հայերի մօտ: Ինչպէս երեւում է մեր կառավարութիւնը հիմա էլ գործարարների միջոցով է ջերմացնում Թուրքիոյ հետ առերես սառած յարաբերութիւնը, որպէսզի ինքստինքեան ջնջուեն քաղաքական անձեռնտու մեղադրանքները:
Մինչ Հայաստանը Թուրքիոյ հետ իր անձնական շահերին հետամուտ գործընթացի մէջ է, Հայ Դատի եւ սփիւռքահայութեան յամառ աշխատանքով, օտար պետութիւններից շատերը օրէնք են որդեգրում, Հայոց Ցեղասպանութիւնը ժխտողներին քրէական յանցագործութեամբ պատժելու:
Իսկ ո՞վ է պատժելու մեր ղեկավարներին եւ այն հայերին, որոնք ոտնատակ են տալիս մեր պահանջատիրութեան, մեր գալիք սերունդների իրաւունքները:
Դրա վառ օրինակներից մէկը աշխարհահռչակ երգիչ, վերջին տարիներին հայրենիքին իր նուիրուածութիւնը բազմիցս հաստատած, Շ. Ազնաուրի ցնցիչ հարցազրոյց- յայտարարութիւնն էր, ուր ողջ հայութեան կողմից պաշտուած հսկան «մեծահոգաբար», թուրքերին չվշտացնելու համար, Ցեղասպանութիւն անուանումը, որն իր մէջ ազգերի դէմ կիրառուող ամենածանր յանցանքներ է ընդգրկում, առաջարկում է փոխարինել հասարակ մի բառով՝ կոտորածով, որը քրէական ծանր պատասխանատուութիւն չի ընդգրկում իր մէջ:
Վստահաբար, պարզամիտ բառերը նուրբ երաժշտութեամբ զարդարող երգչի ականջին բաւական ծանր է հնչել Ցե-ղա-սպա-նու-թիւ-նը, իսկ եթէ դրան գումարենք նաեւ բառի իմաստի ահռելի ընդգրկումը, հասկանալի կը դառնայ այդ բառի հանդէպ իր վերաբերմունքը:
Բայց այդքանով էլ չսահմանափակուելով նա այնքան է առաջ գնում «Les Nouvelles d՛armenie»ի իր հարցազրոյցում, որ իմաստազրկում է մեր տարածքային պահանջատիրութիւնը, այն համեմատելով Գերմանիոյ՝ Էլզաս Լոթարինգիան եւ Ֆրանսիայի՝ Ռուռի, այլեւս չպահանջուող տարածքների հետ, եզրայանգելով՝ «եթէ նոյնիսկ թուրքերը վերադարձնեն այդ տարածքները, ո՞վ է գնալու այնտեղ ապրելու»: Դա էլ բաւարար չնկատելով, վերջում բոլորի կողմից հաւաստիացնում է՝ «ոչ ոք»:
Դիւանագէտի իր պաշտօնից ելնելով՝ Շուէյցարիայում Հայաստանի դեսպան, նա իրաւունք չունէր երկրի կամ ժողովրդի անունից պատասխանատու յայտարարութիւններ անելու, թէկուզ որպէս անձնական մտածում: Դրան գումարած նաեւ առանց պատմութիւն իմանալու, խառնելով պատմական իրադարձութիւնները, հաւասար համեմատութեան նժարի վրայ դնէր ծրագրուած, դիտումնաւոր բնաջնջուած, իր ժողովրդի խլուած հողատարածքների պահանջի եւ պատերազմով շահած տարածքների պահանջների միջեւ: Այդ ամէնից յետոյ էլ արդարանալու, որ «ես այդչափ խելամտութիւն եւ զարգացածութիւն չունեմ, որպէսզի հաստատեմ այն ամէնն, ինչի մասին խօսում եմ»:
Որ «խելամտութիւն ու զարգացածութիւն» չունի դա դեռ ոչինչ, բայց այդ ամէնի մասին ինքը քաջատեղեակ լինելով, ինչո՞ւ էր իրեն թոյլ տալիս, որ աշխարհը իմանար այդ մասին: Կամ եթէ գիտէր, որ չունէր, ինչո՞ւ էր կարծիք յայտնում մի նիւթի մասին, որից պարզւում է այնքան էլ քաջատեղեակ չէ:
Սա երկրորդ անգամ է, որ նա իրեն դնում է թուրքերի հետ բարի դրացիական յարաբերութիւն մշակողի դերում: Առաջին անգամ մենք ականատես եղանք Հայ-թուրքական համաձայնագրի ստորագրման ժամանակ, իրբեւ երջանիկ վկայ նրա լայնաժպիտ, շողացող դէմքով ներկայութեանը եւ հիմա իբրեւ մեր պահանջատիրութիւնը խորտակողի: Իսկ ինքը կը համաձայնուէ՞ր, եթէ իր աշխարհահռչակ տիտղոսը փոխարինէին սովորական եգչի տիտղոսով:
Նա շատ լաւ գիտեր, որ իր խօսքը իր համբաւի թեւերով տարածուելու եւ ճիշդ հասցէատիրոջը՝ թուրքին, է հասնելու, նրան աւելի ամրացնելով իր դիրքում:
Արժէ՞ր արդեօք թշնամուն սիրաշահելու համար դառնար իր ազգի պատմութեան յիշողութիւնը ջնջողներից: Միթէ՞ քիչ էր նրանց թիւը, որ ինքն էլ միանում էր, բազմապատկելու այն:
Հարց է ծագում, թէ մենք մինչեւ ե՞րբ ենք օտարին ծառայելու, նրա ուղեղով մեր ազգային շահերը վերլուծելու, նոյնիսկ դիւանագիտութեան օրէնքներից անտեղեակ, հողից իրաւազրկուած ֆրանսահայի կոկորդով էլ զիջելու ու ջնջելու մեր ժողովրդի իրաւունքները:
Առանց պատմական յիշողութեան, այն էլ փլուզուած, կենսագրութեամբ, ինչպէ՞ս ենք առաջ ընթանալու: Մենք մեղաւո՞ր ենք, որ մէկը խաթարել է մեր կենսագրութիւնը, չէ՞, որ այդ մէկը այսօր հզօրացել է մեր մորթոտուած կենսագրութեան, այդ կենսագրութիւնը կրող սերունդների իրաւունքների հաշուին:
Այս ինքնահոսի մատնուած, անտարբեր եռուզերից, ապազգայնացումից ինչպէ՞ս, ի՞նչ թռիչքով ենք պոկուելու, որ սկսենք մեր ուշացած պահանջատիրութիւնը:
Հայ-թուրքական ներկայ յարաբերութիւնների անհասկանալի բնոյթը է՛լ աւելի է վտանգում մեր պահաջատիրութեան օրինականացման գործը: Մինչեւ ե՞րբ լռենք, սպասենք, որ օտարները՞ մեր փոխարէն պահանջեն: Արդէն այնքան ենք օտարին փարուել, ձուլուել, որ մեր ազգայինն ենք փոշիացնում:
Մենք անվերջ ահազանգում ենք, որ գործուած եղեռնագործութիւնը շուտով դարն է բոլորելու, բայց բաւարարւում ենք միայն մեծ շուքով այն նշելու ծրագրի վրայ աշխատելով:
Ի՞նչ երեսով, ինչպէ՞ս ենք այն նշելու, երբ չենք սկսել ամենակարեւորը՝ մեզնից խլուած իրաւունքների պահանջատիրութիւնը: Երբ թափառում ենք աշխարհով մէկ, սերունդներ ենք մեծացնում առանց լեզուի ու մշակոյթի, երբ մեր՝ արեւմտահայութեան հայ մնալու ապագան է վտանգուած:
Անցնող տարում սփիւռքում արծարծուող մեծագոյն հարցը արեւմտահայ լեզուի վտանգուած լինելն էր: Լեզուն եւ մշակոյթը հողի արգասիք են, դրանից բխող, դրանով շաղախուած, դրանով շնչող գործօններ են: Ինչպէ՞ս կարող ենք օտար ափերում այն կենդանի պահել: Եթէ նոյնիսկ ազգովին ամբողջ ուժով աշխատենք, դարձեալ արդիւնքի չենք հասնի: Գուցէ մի քանի հոգի աւելի հայերէն խօսեն, բայց լեզուն զարգացում չի կարող ապրել: Յատկապէս, երբ իրար ետեւից փակւում են հայկական այնպիսի կարեւոր հաստատութիւններ, որ իրենց երկարամեայ փորձառութեամբ մեր կորցրած հողերի փոխարինողներն էին դարձել, ինչպէս «Մելգոնեան»ը, «Մուրատ Ռաֆայէլեան»ը: Շահամոլ իրականութիւնը եկաւ հաստատեց, որ ազգայինից առաջ շահն է կարեւոր եւ ապագայ սերունդների դաստիարակումը յանձնեց այդ շահին:
Քաղաքականութեան մէջ երբեւէ հաստատուն ոչինչ կայ: Թուրքիան որքան որ հզօրանում է, նոյնքան էլ ներսից տեղաշարժ է ապրում: Երէկուայ թրքացած հայերը, այսօր իրենց ազգապատկանելիութիւնն են բացայայտում: Մեր խլուած հողատարածքների վրայ դեռ կանգուն են մեր գոյութիւնը հաստատող փլատակները: Քանի դեռ այդ արթնացումը կայ, քանի դեռ այդ շօշափելի փաստերը իսպառ չեն վերացել, կառչենք դրանցից եւ մեր պահանջատիրութեան դատը սկսենք:
Ժամանակն է, որ ազգովին նոր փուլ մտնենք:
20 տարուց ի վեր մենք մաշւում, պառակտւում, մինչեւ իսկ բնակչութեամբ նօսրանում ենք անհեռանկար ղեկավարների ձեռքին: Մեր հայրենի ժողովրդին հետաքրքրում է միայն իր տնտեսական վիճակը: Այնինիչ, եթէ նա իր պահանջատիրութեանը տէր կանգնի, կը դառնայ տնտեսապէս բաւարարուած երկիր ու ժողովուրդ, քանի որ միլիարդների գումար է կազմում անցած 96 եւ գալիք տարիների մեր հողատարածքների շահագործումից ստացած Թուրքիոյ գումարը: Այդ մասին ոչ մէկը չի խօսում, ոչ մէկ աշխատանք է տարւում, մեզնից խլուածի շահագործուած եկամուտը թուերի վերածելու, այն դարձնելու պահանջ: Ոչ մէկ աշխատանք է տարւում ժողովրդին լուսաբանելու իրեն պատկանող իրաւունքները: Դրա փոխարէն հաւաստիացնում են, որ եթէ ամէն ինչ մոռանանք ու սահմանները բացուեն, դու լաւ կ՛ապրես ժողովուրդ:
Հրէաստանն այսօր հարուստ եւ ինքնաբաւ է զգում այն ահռելի գումարներով, որ վճարւում է նրան որպէս հատուցում իրենից խլուածի: Ի՞նչ է, կարծում էք Գերմանիան ուզելո՞վ է հատուցում:
Պարզապէս պահանջողն է հաստատուն, պահանջողն է իր իրաւունքին տէր կանգնում եւ դեռ այդքանից յետոյ էլ աչալուրջ հսկում է, որ որեւէ մէկը չփորձի նոյնիսկ ակնարկով, հարցականի տակ դնելու իր ազգին պատահած ողբերգութիւնը:
Մենք այլեւս չենք կարող միայն Ցեղասպանութեան ընդունման հանգրուանով սահմանափակուել, կամ սպասել, որ ոճրագործը ընդունի իր գործած ոճիրը: Նա մեզնից լաւ գիտէ այն ընդունելու հետեւանքը:
Ահա թէ ինչու Հայ Դատը իր գործունէութեան նոր փուլը պիտի սկսի՝ Պահանջատիրութեան եւ Փոխհատուցման փուլը: Իսկ դա միայն ազդեցիկ է պետական օրինական ծրագիր դառնալով:
Մեր պահանջատիրութեան պետական օրինականցման հարցը գնալով այնքան հրատապ է դառնում, որ իւրաքանչիւր օրուայ ուշացում միայն ի վնաս մեզ է գործում այլեւս: Ժամանակն է մեր ողջ ուժերը կենտրոնացնենք ժողովրդի մէջ արթնացնելու իր իրաւունքներին տէր կանգնելու ձգտումը:
Ինչպէս ցեղասպանութեան աշխարհաճանաչման գործում իր մեծագոյն ներդրումը ունեցաւ արեւմտահայ սփիւռքահայութիւնը, այս հարցում էլ նա դառնալու է մղիչ ուժ ու առաջնորդ, քանի որ ամէնից առաջ ինքն է պահանջատէր, իր գերդաստանից են խլուած այդ տարածքները, իր ծնողների թողած եկամուտներն է այսօր թուրքը օգտագործում, իսկ ինքը անհող ու թափառական է, ազգային անյայտ ապագայով:
Իւրաքանչիւր նոր տարի նոր ծրագրերի, խոստումների ձգտումներով է սկսւում: Դուրս գանք մեր թմբիրից եւ գործենք:
Այս գալիք տարուայ ողջ սփիւռքահայութեան գլխաւոր խնդիրը դարձնենք մեր հայրենի պետութեանը հարկադրել, որ թուրքերի հետ նախքան որեւէ նոր յարաբերութիւն սկսելը Հայոց Պահանջատիրութեան եւ Հատուցման հարցը պետական օրինական ծրագիր վերածի:
Մեր սերունդը Ցեղասպանութիւնը ապրածների ամենավերջին մօտիկ կապն է, այն սերունդի, որը առանց ուսումի, առանց կոչումների, կարողացաւ մեր մէջ մեր դատին տէր կանգնելու գիտակցութիւնն ու մղումը ներդնել եւ նրանց հրամայականով մենք պարտաւոր ենք, նրանց ներդրածը օգտագործելու՝ նրանցից խլուածներին տէր կանգնելու, մեզ տրուած կեանքը ազգօգուտ ապրելու:
Այս նոր 2012թ դարձնենք մեր պահանջատիրութեան, մեր իրաւունքներին տիրանալու սկիզբը:
Դեկ. 2, 2011








Indeed!
“Իսկ ո՞վ է պատժելու մեր ղեկավարներին եւ այն հայերին, որոնք ոտնատակ են տալիս մեր պահանջատիրութեան, մեր գալիք սերունդների իրաւունքները”: