Սողոմոն Թէհլիրեանի Յուշարձանի Պատմականը

ՀԱՐՄԻԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ կարդացի Ս. Թէհլիրեանի դատավարութիւնը եւ նրան անմեղ յայտարարելը («Մխիթարեան» հրատարակչութենէն): Երբեք չէի սպասում, որ օրերից մի օր ես բախտը եւ պատիւը պիտի ունենամ լինելու նրա յուշարձանի ճարտարապետը:

Անցաւ տարիներ եւ ահա 1968ին, կուսակցական ժողովում Յակոբ Մանջիկեանի առաջարկը միաձայնութեամբ ընդունուեց, որն էր կառուցել մի յուշարձան՝ հերոսի գերեզմանի վրայ:

Այդ առթիւ կեանքի կոչուեց մի յատուկ յանձնախումբ, որը գործի անցնելով՝ միջազգային հայկական մամուլով յուշարձանը կառուցելու մրցոյթ յայտարարեց: Այս առթիւ զանազան երկրներից հայ ճարտարապետները եւ արուեստագէտները իրենց մասնակցութիւնը բերեցին եւ ուղարկեցին իրենց նախագիծը՝ յուշարձանի կառուցման համար:

Մասնակցողների թիւը 16 էր՝ տարբեր երկրներից՝ Անգլիա, Լիբանան, Սուրիա, ԱՄՆ, Աբու Դաբի, Իրաք, Ռումանիա, Եգիպտոս:

Յանձնախումբը, որը գտնւում էր Բէյրութ, բծախնդիր քննութիւներից յետոյ իր որոշումը հրատարակեց «Ազդակ» օրաթերթի Յուլիս 16, 1968 համարով, որով յայտնում էր, որ իմ տուած նախագիծը առաջնութիւն է շահել: Բայց շինարարական աշխատանքները անմիջապէս չսկսուեցին. Յակոբ Մանջիկեանը առաջարկեց, որ յուշարձանի նախագիծը պիտի ցոյց տանք Անահիտ Թէհլիրեանին (հերոսի այրին) եւ ստանանք իր հաւանութիւնը: Այդ առթիւ, Յ. Մանջիկեանը եւ տողերս գրողը անմիջապէս մեկնեցինք Սան Ֆրանսիսկօ, հանդիպում ունեցանք տիկին Թէհլիրեանի հետ ու ստացանք իր հաւանութիւնը յուշարձանի վերաբերեալ: Այս հանդիպման ընթացքում հերոսի կինը երկու դրուագ պատմեց իրենց կեանքից, որը կ՛արժի այստեղ յիշել. թող խօսքը տանք իրեն, որ պատմի.

«Այն ժամանակ ես տասնեօթը տարեկան աղջիկ էի եւ նաւով ճամբորդում էի Փարիզ՝ ամուսնանալու Ս. Թէհլիրեանի հետ: Նաւում կային մի քանի ազգային յայտնի մարդիկ, որոնք նկատելով մի երիտասարդ հայ աղջիկ՝ ինձ սկսեցին հարց ու փորձ անել՝ ո՞վ եմ, ո՞ւր եմ գնում եւ այլն: Երբ ես բացատրում էի իմ ճամբորդութեան նպատակը եւ տալիս էի Ս. Թէհլիրեանի անունը, նրանց վերաբերմունքը լրիւ փոխւում էր եւ մի արհամարհական հայեացք գձելով վրաս՝ հերանում էին: Այս հանգամանքը քանի անգամ կրկնուեց, ես զարմանում էի նրանց վերաբերմունքի փոփոխման վրայ: Յետոյ ինձ համար պարզուեց, որ Ս. Թէհլիրեանը արդէն պատժել էր հայ ժողովուրդի դահիճին, բայց այն ժամանակ լուրերի հաղորդութիւնը բաւականին դանդաղ էր, եւ ես այդ առթիւ որեւիցէ լուր չունէի, եւ երբ յայտնում էի իմ ճամբորդութեան նպատակը, նրանք մտածում էին՝ այս փոքր աղջիկը ո՛վ է, որ համարձակւում է ասելու, թէ գնում է ամուսնանալու մեր մեծ հերոսի հետ»:

Երկրորդ դրուագը, որ մեզ պատմեց, հետեւեալն էր.

«Մենք որոշ ժամանակով փոխադրուեցինք Մադակասկար. մի գիշեր, երբ հաւաքուած էինք մեր տանը ընթրելու, Սողոմոնից խնդրեցին, որ իր լեզուով մանրամասն պատմի Թալէաթի սպանութիւնը. նա էլ յօժարակամ սկսեց պատմել: Այդ ժամանակ ներկաներից մէկը իր պատմածը ձայնագրեց (tape) եւ այդ ձայնագրութիւնը ներկայումս գտնւում է այսինչի տանը, Ֆրեզնօ քաղաքում»:

Այդ լուրը լսելով՝ Յ. Մանջիկեանը եւ ես անմիջապէս Սան Ֆրանսիսկոյից ճանապարհուեցինք դէպի Ֆրեզնօ. մենք որոշում տուեցինք, որ յուշարձանի բացման օրը հերոսի ձայնը հեռարձակենք Ֆրեզնոյի ամերիկեան ռադիոյից:

Երբ հասանք այն տունը, ուր պիտի գտնէինք հերոսի ձայնի երիզը, դուռը թակեցինք, տանտիրուհին մեզ սիրով ընդունեց. իրեն յայտնեցինք մեր գալու պատճառը. նա մեզ յանձնեց ձայներիզը, բայց աւա՜ղ, մի ինչ որ մէկը դրա վրայ «ռաք ընդ ռոլ» պարի երաժշտութիւն էր դրել. այդ ձեւով էլ ընդմիշտ կորաւ մի կարեւոր պատմական փաստ:

Սողոմոն Թէհլիրեանը մնում էր æորջ Մարտիկեանի մօտ. երբ մահանում է, նրան ժամանակաւոր դնում են այն գերեզմանում, ուր մի ժամանակ թաղուած է եղել Զօրավար Անդրանիկը, «Արարատ Գերեզմանատան»ը. մօտ ինը տարի է անցնում եւ կառուցւում է իրեն վայել յուշարձանը:

Բացումը տեղի ունեցաւ Կիրակի, Օգոստոս 31, 1969ին, ներկայութեամբ բազմաթիւ հայրենասէր ընկերների: Ներկայ էին կուսակցական ներկայացուցիչներ եւ նոյնպէս տարբեր կրօնական հոգեւորականներ: Եղան բազմաթիւ խօսողներ՝ Յ. Մանջիկեան, Երուանդ Ֆնդիկեան, æորջ Մարտիկեան եւ այլն:

Մի որոշ ժամանակ անց, գործի բերումով փոխադրուեցի Իրան. մի քանի տարի անց, երբ վերադարձայ ԱՄՆ, տեսայ յուշարձանի վրայ շատ սխալ փոփոխութիւններ է արուած, որով կորցրել է իր նախկին տեսքը եւ միտքը. բացատրեմ թէ ինչո՛ւ.

Յուշարձանի յատակը սեւ գրանիտ քար է, որը ներկայացնում է հայ ժողովուրդի քաշած տառապանքը, որի երկու կողմից «pedestal» է բարձրանում, որը ներկայացնում է մարդկային ձեռքերի՝ դէպ Աստուած, որը վերջաւորւում է մի արձանով՝ «մի արծիւ, որ սպաննում է մի օձի»: Ըստ երեւոյթին, «pedestal»ի վրայի սպիտակ մարմարը նորոգութեան կարիք է ունենում, քարտաշի համար թերեւս դժուար է լինում մարմարը թեք կտրել. նա ճարում է հեշտութեան մի միջոց, որն է ուղիղ կտրել «pedestal» եւ սարքել մի անշքեղ սիւն, որի վրայ ամրացրել է մոխրագոյն անշուք քարեր:

Իմ առաջարկս է յուշարձանը վերադարձնել իր նախկին տեսքին: Քանի որ երեսուն տարի է անցել յուշարձանի կառուցումից, վրայի արձանը կորցրել է իր նախկին փայլը, որը հեշտութեամբ կարելի է նորոգել: Ափսոս է մեր մեծ հերոսի դամբարանը անուշադրութեան մատնել:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top