Կրթութիւն Յանուն Հայ Երեխայի Բարօրութեան


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

«Հայկ» նախագիծը (Haik Project.org) կրթական ծրագիր է, որ գործում է «Հայ երեխայի բարօրութեան» հիմնադրամի շրջանակներում 2005 թուականից: Այն իր տեսակով բացառիկ ծրագիր է, որի նպատակն է

ծնողներին կրթել մի քանի առանցքային հարցերի շուրջ, հիմնականում՝ ծննդաբերութեան, յետծննդաբերական շրջանի եւ նորածնի խնամքի հետ կապուած, ինչպէս նաեւ թլփատման հարցերով:

Բժշկական մարդաբան Աստղիկ Վարդանեանն ու ամուսինը՝ մասնագիտութեամբ մանկական հոգեբոյժ Արթուր Պօղոսեան, այս թեմաների մասին հայ համայնքի շրջանում իրազեկութեան բարձրացումը համարում են առաքելութիւն եւ մի քանի տարի է, իրենց նախագծի շրջանակներում՝ սեմինարների, հեռուստահաղորդումների, յօդուածների, անհատական այցերի ու հանդիպումների միջոցով հայ ծնողներին են փոխանցում կենսական նշանակութիւն ունեցող տեղեկատուութիւն:

«Որպէս երեք տղաների մայր եւ բժշկական մարդաբան, ուսումնասիրել եմ երեխաների եւ մայրերի առողջութեանն առնչուող բազմաթիւ թեմաներ: Արդիւնքում, առանձնացրել եմ յատկապէս մի քանի խնդիրներ, որոնք կարող են անդառնալի ազդեցութիւն ունենալ մօր եւ երեխայի առողջութեան համար եւ իւրաքանչիւր ծնող պէտք է տեղեակ լինի այդ հիմնահարցերից: Սա էր, որ շարժիչ ուժ հանդիսացաւ իմ եւ ամուսնոյս համար՝ ստեղծելու «Հայկ» նախագիծը եւ փորձելու առաւելագոյնս օգտակար լինել հայ մայրերին ու մանուկներին», պատմում է Աստղիկ Վարդանեանը:

Թլփատման դէմ ակտիւ շարժման արդիւնքում, Միացեալ Նահանգներում 1979 թուականից այդ երեւոյթը նուազել է 85 տոկոսից, հասնելով՝ 65ի՝ 2005 թուականին: Մինչդեռ, նոյն ժամանակահատուածում, ամերիկահայերի շրջանում թլփատման դէպքերն աճել են՝ հասնելով 70 տոկոսի: Բժշկական մարդաբան,

մագիստրոս Աստղիկ Վարդանեանը հայ համայնքում այս միտումը համարում է բացասական՝ հիմնաւորելով տեսակէտն իր գիտական ուսումնասիրութեամբ, որտեղ ներկայացնում է թլփատման հետ կապուած խնդիրներն ու հնարաւոր բացասական հետեւանքները: «Թլփատումն անվնաս վիրահատութիւն չէ, ինչպէս փորձում են հաւատացնել դրա կողմնակիցները: Այն լուրջ վիրաբուժական գործողութիւն է յատկապէս նորածին երեխայի համար, որ հիմնականում տեղի է ունենում առանց ցաւազրկման: Ցաւը մանուկներից շատերի մէջ համարեա նեարդային կարճատեւ կոմա (neurogenic shock, coma) է առաջացնում», նշում է Աստղիկ Վարդանեանն ու աւելացնում, որ թլփատման արդիւնքում, երեխան կարող է դժուարամիզութիւն, արեան վարակում եւ արիւնահոսութիւն ունենալ: Նա կոչ է անում բոլոր հայ մայրերին, մինչ իրենց նորածնին նման փորձութեան ենթարկելը՝ մանրամասն ուսումնասիրել այդ երեւոյթը՝ օգտուելով մասնագիտական խորհրդատուութիւնից, համացանցում առկայ մեծաքանակ տեղեկատուութիւնից:

Ստորեւ ներկայացնում ենք թլփատման եւ ծննդաբերութեան հետ կապուած խնդիրների շուրջ Աստղիկ Վարդանեանի հետ զրոյցից գրառումներ.

ԹԼՓԱՏՈՒՄ

Կը ցանկանայի սկզբում ներկայացնել, թէ ի՛նչ է թլփատումը՝ փաստերով հակադարձելով ընդունուած այն կարծրատիպին, թէ թլփատումը դրական երեւոյթ է: Թլփատումը առնանդամի ծայրամաշկը (թլիփը) հեռացնելու վիրահատութիւնն է: Այն հիմնականում իրականացւում է երեխայի ծնուելու յաջորդ օրը եւ յղի է հնարաւոր անկանխատեսելի հետեւանքներով. երեխան կարող է դժուարամիզութիւն, արեան վարակում եւ արիւնահոսութիւն ունենալ: Մարդիկ կարծում են, թէ թլփատման ժամանակ ընդամէնը մի քանի միլիմետր մաշկ է հեռացւում, սակայն հեռացւում է բաւական մեծ քանակութեամբ հիւսուածք: Մաշկի այդ մասի վրայ մասնագիտացուած, մօտ 10-20 հազար նեարդային վերջոյթներ կան եւ որոշ հետազօտութիւնների արդիւնքում պարզուել է, որ սեռական օրգանի վրայ ամենազգայուն հինգ կէտերը գտնւում են հէնց թլիփի վրայ: Թլփատման արդիւնքում, փաստօրէն, երեխան կորցնում է նեարդային բազմաթիւ հանգոյցներով զգայուն մի համակարգ, որը յետագայում մեծ դեր է խաղալու նրա սեռական զգայունակութեան պահպանման հարցում: Բացի այդ, հեռացւում է մեխանիկական պաշտպանական ֆունկցիա (պաշտօն-Խմբ.) ունեցող մաշկ: Թլիփն ունի նաեւ իմունոլոգիական (պաշտպանական-Խմբ.)

նշանակութիւն. այն ստեղծում է հակավիրուսային (հակավարակային-Խմբ.) եւ հակաբակտերիալ առողջ միջավայր: Թլփատման աջակիցները նշում են, որ այն նպատակայարմար է առողջութեան եւ հիգիէնայի (մաքրութեան-Խմբ.) տեսանկիւնից, քանզի իբր՝ թլիփի ներքոյ սմեգմա կոչուող արտադրուկը կարող է քաղցկեղածին լինել եւ ոչ հիգիէնիկ: Սակայն այս վարկածն էլ անտրամաբանական է, քանզի առողջ ֆունկցիոնալ օրգանի հեռացումը հիւանդութիւն կանխարգելելու նպատակով ինքնին անմտութիւն է: Իսկ մաքրութեան առումով՝ պէտք է ընդամէնը հետեւել անհատական հիգիէնայի պարզ կանոններին: Թլփատման վնասների եւ դրա արդիւնքում հաւանական բարդութիւններին անդրադարձել են համաշխարհային բազմաթիւ բժշկական խոշոր եւ հեղինակաւոր կազմակերպութիւններ ու միութիւններ, ինչպէս՝ Ամերիկեան մանկաբուժական ակադեմիան, Ամերիկեան բժշկական ասոցիացիան, գանադական ու աւստրալիական համանուն կազմակերպութիւններ: Այս հաստատութիւնները թլփատումը չեն դասում հիւանդութիւնների կանխարգելման շարքին: Բրիտանական բժշկական ասոցիացիան իր հերթին յայտարարել է, որ «ծնողների նախասիրութիւնը բաւարար չէ երեխաներին վիրաբուժական գործողութեան ենթարկելու»:

Եւրոպայում, Աւստրալիայում, Ասիական մի շարք երկրներում մանուկների թլփատումն վաղուց կասեցուած է, մինչ Միացեալ Նահանգներում երեւոյթը շարունակւում է, ինչը պատմական արմատներ ունի:

ԹԼՓԱՏՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԿՐՕՆԱԿԱՆ ԱՒԱՆԴՈՅԹՆ Է

Թլփատումը մահմեդական եւ հրէական կրօններում պատմականօրէն առանցքային տեղ է ունեցել. ազգային, էթնիկ, մշակութային եւ կրօնական պատկանելիութիւնը յաճախ պայմանաւորուած է եղել թլփատուած լինելու հանգամանքով: Հաւատացեալ հրեաները ծիսական թլփատում կատարում էին ութ օրական նորածիններին: Շուրջ վեց դար Եւրոպայում թլփատումը եղել է այն պատնէշը, որ բաժանել է հրեաներին քրիստոնեայ աշխարհից, քանզի քրիստոնեաները վախ են ունեցել թլփատման ծէսից եւ այդ երեւոյթը նոյնիսկ առասպելացուել է բացասական առումով, թէ հրեան ի՛նչ կարող է անել իր երեխայի հետ: Ուղղափառ հրեաները, իսկապէս, այդ ծէսը արիւնալի ձեւով են անցկացնում. թլփատողը՝ մոհելը, կտրում է թլիփը եւ այդ արիւնը ծծում ու թքում է գինու մէջ եւ տալիս այն ներկաներին խմելու:

Զիգմունդ Ֆրոյդն է նոյնիսկ անդրադարձել այս հարցին՝ նշելով, որ հակասեմիտականութեան հիմքում ընկած է թլփատման հարցը: Քրիստոնեայ եւ հրեայ հոգեւոր գործիչներն էլ բազմիցս բանավիճել են այս հարցով: Հին Կտակարանում թլփատումը համարուել է որպէս «դաշինք» Աբրահամի եւ Աստծու միջեւ, մինչդեռ Նոր Կտակարանում Պօղոս առաքեալն ասում է, որ քրիստոնէութիւնը վեր է մարմնական բոլոր ծէսերից եւ որեւէ զոհաբերութիւն անիմաստ է: Թւում է, թէ ներկայում կրօնի ազդեցութիւնը թուլացել է,

սակայն այդպէս չէ: Բժշկական պատմագրութեան համաձայն, Ամերիկայում թլփատման տարածումը մեծ թափով սկսուել է հասարակայնացուել յատկապէս հրեայ բժիշկների կողմից, եւ տարբեր ժամանակաշրջաններում այդ երեւոյթն իրականացնելու համար տարբեր հիմնաւորումներ են ներկայացուել: Թլփատումը, իւրաքանչիւր ժամանակաշրջանում յայտարարւում է, որպէս տուեալ պահին անբուժելի հիւանդութիւնների կանխարգելման լաւագոյն միջոց: Բժշակական վերջին, (ոչ վստահելի) ուսումնասիրութիւններն էլ՝ կատարուած իբր Աֆրիկեան երկրներում, վկայում էին, որ թլփատումը կանխարգելում է ՁԻԱՀ (AIDS) հիւանդութիւնը: Սրանք չափազանց վտանգաւոր եւ անբարոյական մօտեցումներ են, որովհետեւ Աֆրիկայում ՁԻԱՀը տարածւում է բոլորովին այլ պատճառներով: Զուգահեռաբար, թլփատման ամենայաճախ հանդիպող արդարացումը՝ հիգիէնան է: Հարկ եմ համարում անդրադառնալ նաեւ թլփատման մէկ այլ՝ ֆինանսական կողմին: Մօտաւորապէս տասը րոպէ տեւող վիրաբուժական այս գործողութիւնը բաւական թանկ՝ 400-800 դոլար արժեցող վիրահատութիւն է՝ շահաւէտ թէ՛ բժշկի եւ թէ՛ հիւանդանոցի համար:

ԹԼՓԱՏՈՒՄԸ ԱՂԵՐՍՆԵՐ ՉՈՒՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀԵՏ

Թլփատումը քրիստոնեայ հայերի շրջանում երբեւէ ընդունուած չի եղել եւ նոյնիսկ Նոր կտակարանն է մերժում մարմնական որեւէ զոհաբերութիւն: Այստեղ նոյնիսկ հակասութիւն է առաջանում քրիստոնէական մկրտութեան եւ անդամահատման միջեւ:

Հայերը, դարերով, նոյնիսկ երբ շրջապատուած են եղել մահմեդական հարեւաններով՝ մշտապէս պայքարել են մահմեդականացուելու դէմ, ինչի գլխաւոր մարմնական դրոշմն էր համարւում թլփատումը: Կան բազմաթիւ փաստեր նաեւ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ թլփատման դէմ հայերի պայքարի մասին: Մինչդեռ այժմ, երբ չկան ճնշումներ եւ օրէնքներ, հայերն ինքնակամ են դիմում այդ գործողութեանը, այն դէպքում, երբ թլփատումը երբեւէ մեր կրօնի եւ մշակոյթի մաս չի կազմել: Թլփատումը, սակայն չպէտք է քննարկուի զուտ կրօնական, ազգային տեսանկիւնից՝ այն դրանցից վեր է: Երեխայի մարմնական ամբողջականութիւնը մարդու հիմնարար իրաւունքի հարցն է:

Ցաւօք, մեր հայ հանրութիւնը դեռ պատրաստ չէ այս թեմայի շուրջ բաց եւ ազատ քննարկման: Հայ ծնողները չեն ցանկանում խօսել այս մասին՝ խուսափում են, կա՛մ սկսում են պաշտպանուել ու արդարանալ, երբեմն էլ նկատւում է ագրեսիւութիւն: Սակայն, անհրաժեշտ է կամք կիրառել եւ կրթուել, քանզի շատ յաճախ բժիշկներն էլ խեղաթիւրուած են ներկայացնում պատկերը: Սակայն, անհրաժեշտ է մի կողմ թողնել նախապաշարումները եւ պատրաստ լինել ակտիւօրէն ներգրաւուելու հասարակական քննարկման՝ յանուն մեր երեխաների պաշտպանութեանը:

ՎԵՐԱԴԱՐՁԷՔ ԲՆԱԿԱՆ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹԵԱՆԸ

«Հայկ» նախագիծը (Haikproject.org) մայրերին դիմում է նաեւ այսպիսի կոչով: Հիւանդանոցներում ծննդաբերութիւնը խիստ յագեցած է տեխնիկական գերծախսատար միջամտութիւններով: Դրանք, ինչպէս թլփատումը, խրախուսւում են հիւանդանոցներում եւ բժշկական հաստատութիւններում, որովհետեւ իւրաքանչիւր միջամտութեան ու գործողութեան համար պետական ու մասնաւոր ապահովագրութիւններից գումար է ստացւում:

Պտղի սրտի էլեկտրոնային մոնիտորինգը, մէջքի վրայ պառկած ծննդաբերելը եւ բազմաթիւ այլ միջամտութիւններ սահմանափակում են կնոջ շարժունակութիւնը, ուժ տալու կարողութիւնը, խանգարում մօր եւ երեխայի արեան շրջանառութեանն ու սրտի աշխատանքին: Այս իրավիճակում միակ ցուցումը լինում է կեսարեան հատումը: ԱՄՆում բոլոր ծնունդների 30 տոկոսը կեսարեան հատումով է կատարւում: Բժշկական տուեալների համաձայն՝ կեսարեան հատումների հետեւանքով մայրական մահացութիւնը 8-12 անգամ աւելի բարձր է յատկապէս կրկնակի կեսարեանների ժամանակ: Միաժամանակ, բնական ծննդաբերութիւնը դարձել է այլընտրանքային եւ քիչ թուով մարդկանց կողմից է ընդունւում: Մէկ այլ կարեւոր հարց է երեխային կրծքով կերակրումը, որ կարող է 50 տոկոսով նուազեցնել հնարաւոր հիւանդութիւնների հաւանականութիւնը:

Բազմաթիւ հիւանդութիւններ բուժելու համար ծախսուող գումարների փոխարէն, կարելի է կանխարգելիչ-կրթական սեմինարներ անցկացնել: Իւրաքանչիւր մայր պէտք է տեղեակ լինի պարտադիր փաստերից մինչ երեխայի ծնուելը:

Վերոնշեալ եւ այլ հարցերի շուրջ «Հայկ» նախագիծը իւրաքանչիւր ամսուայ վերջին Չորեքշաբթին անցկացնում է սեմինար-քննարկում՝ հայ համայնքի ծնողների համար:

Յ.Գ. «Հայկ» նախագծի շրջանակներում անցկացուող հերթական սեմինարը տեղի ունեցաւ Յունուարի 25ին: Ձեռնարկի ընթացքում խօսնակները՝ Աստղիկ Վարդանեանը, հոգեբան Լիզա Մանուէլեանն ու մանկական հոգեբոյժ Արթուր Պօղոսեան, խօսեցին ծննդաբերութեան, երեխային կրծքով կերակրելու, թլփատման եւ մի շարք այլ թեմաների մասին: Նրանք կոչով դիմում են հայ ծնողներին, եկեղեցուն, համայնքի բժշկական կառոյցներին՝ միասնական լինելու հայ երեխայի առողջութեանն առնչուող հարցերում եւ համատեղ պայքարելու վնասակար սովորոյթների դէմ:

Leave a Reply