Ոխերիմ Բարեկամները
«ԵՐԿԻՐ»
Բոլորը գիտեն, որ երկու ամենակենտրոնացուած կուսակցութիւններում՝ ՀՀԿում եւ ԲՀԿում, գրեթէ բոլոր որոշումները, յատկապէս՝ միմեանց հետ յարաբերութիւնների հետ կապուած, կայացնում են լիդերները (առաջնորդները-Խմբ.)՝ Սերժ Սարգսեանը եւ Գագիկ Ծառուկեանը:
Եւ երբ երկու կուսակցութիւնների ոչ շարքային անդամները, գործի դնելով լեզուի ու մտքի ողջ ճարտարութիւնը, մեծ հաճոյքով հրապարակային լեզուակռիւ են սկսում, իսկ ԲՀԿի անդամների եւ համակիրների նկատմամբ սկսւում են բացայայտ ճնշումներ, պարզ է դառնում, որ ինչ որ շատ կարեւոր բան վաղուց խախտուել է, որ գործընթացները գնալով դառնում են անվերահսկելի, եւ այս կուսակցութիւններում ոչ ոք այլեւս չի փորձում թաքցնել միմեանց նկատմամբ ունեցած հակակրանքը:
Փաստօրէն, ներ-կոալիցիոն հակասութիւնների մասին՝ երկար ժամանակ շրջանառուող խօսակցութիւնները, չնայած այս կուսակցութիւնների ղեկավարների հաւաստիացումներին, ստորագրուած ու վերաստորագրուած յուշագրերին եւ յայտարարութիւններին, իրար դէմ չպայքարելու ու իրարից ձայն «չփախցնելու» խոստումներին, ոչ միայն չեն դադարում, այլեւ օր օրի նորանոր դրսեւորումներ են ստանում:
Սրան զուգահեռ շարունակում են հնչել կոալիցիայի կենսունակութեան մասին հաւաստիացումներ: Սա մէկ անգամ եւս ցոյց է տալիս երկու ուժերի գաղափարական սնանկութիւնը եւ անձնական շահի վրայ հիմնուած քաղաքական դաշտի ձեւախեղումը:






