ԶՐՈՅՑ՝ ՍԻՊԻԼԻ ՀԵՏ

Փափաքում Էի, Ինքնութիւնս, Մայրենի Լեզուս Իմ Երգով Ներկայացնել Թուրքերին

———————–

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

———————–

«Երազիս մէջ այրում էիր,

Նամակներս քեզ գրած,

Ա՜խ, նրանց մէջ՝ թէ բանայիր՝

Իմ սիրտը կա՛ր, իմ սիրած…»

Յովհաննէս Շիրազի «Նամակ» բանաստեղծութեան հիման վրայ գրուած համանուն երգը Սիպիլի կատարմամբ անցեալ տարի Թուրքիայի եւ համաշխարհային մամուլի գլխագրերում էր: Պոլսահայ երգչուհու  հայալեզու երգն աննախադէպ ջերմ ընդունելութեան արժանացաւ թուրք հասարակութեան կողմից, ինչը պատահական չէր, քանզի երիտասարդ հայուհու ջերմ ու թովիչ ձայնը,  կանացի իւրատեսակ քնքշութեամբ կատարումը, որ  թափանցում է  հոգու բոլոր անկիւնները, անտարբեր չէր կարող թողնել նաեւ ամենախիստ՝ թուրք քննադատներին: Առաջին անգամ Թուրքիայի հանրային եւ այլ հեռուստաալիքներով եթեր հեռարձակուեց հայերէն լեզուով տեսահոլովակ, որ յայտնուեց նաեւ երկրի երաժշտական լաւագոյն տասնեակում:

«Ինձ համար ամենակարեւորը ժողովրդի արձագանգն էր: Փափաքում էի, ինքնութիւնս, մայրենի լեզուս իմ երգով ներկայացնել թուրքերին: Երազանքս իրականացաւ՝ երգը ոչ միայն ընդունուեց, նաեւ սիրելի դարձաւ: Բոլորն ինձ ասում էին, ինչ գեղեցիկ լեզու է, ինչ հաճելի երաժշտութիւն»:

Թուրքիայի երիտասարդների շրջանում երգը դարձաւ հիթային, Սիպիլի ձայնը հնչում էր իւրաքանչիւր վաճառատնից, երգչուհու մասին գրեցին երկրի ճանաչուած լրատուամիջոցները: «Նամակ» տեսահոլովակի նկարահանման ընթացքում ստեղծագործական ողջ խումբի անդամները հայերէնով կրկնում էին երգի բառերը», պատմում է Սիպիլ, որ իր կատարմամբ նաեւ կոտրեց  Թուրքիայում  առկայ կարծրատիպեր:

Թուրքիայի պետական «ԹՐԹ» հեռուստաալիքի «Երազային Երգեր» յայտնի հաղորդմանը Սիպիլի մասնակցութիւնը, միաժամանակ պատմական կարելի է համարել: Երիտասարդ հայուհին ուղիղ եթերում, ճանաչուած թուրք երաժիշտների նուագակցութեամբ, ներկայացրեց հայի համար նուիրական՝ «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», նաեւ՝ «Տէր Ողորմեա» երգերը՝ կատարման իրեն բնորոշ նրբութեամբ մեր ազգի կարօտի ու վշտի երգերը ներկայացնելով միլիոնաւոր թուրք հեռուստադիտողների:

«Իւրաքանչիւր երգից առաջ նաեւ թուրքերէնի էի թարգմանում բառերն ու ներկայացնում երգի իմաստը: Այդ ամէնն անհաւատալի էր թւում», պատմում է Սիպիլը: Այսօր  Սիպիլի հայալեզու ձայնասկաւառակը վաճառւում է  Թուրքիայի երաժշտական բոլոր վաճառակէտերում եւ մեծ պահանջարկ ունի ոչ միայն հայերի, նաեւ՝ թուրքերի եւ օտարերկրացիների շրջանում:

Հայկական եկեղեցի այցերի ժամանակ հոգեւոր երաժշտութիւնն էր, որ մանուկ հասակում Սիպիլի մօտ սէր է արթնացրել դէպի արուեստի այս ժանրը: Ու թէեւ Սիպիլը երաժշտական կրթութիւն չստացաւ, իսկ յետագայում աշխատանքի անցաւ տնտեսագէտի իր մասնագիտութեամբ, երբեք չհեռացաւ երաժշտութիւնից: Հաւատարիմ մնալով երգարուեստի նկատմամբ իր նախասիրութեանը, Սիպիլը 1991 թուականից հանդէս է գալիս Պոլսի «Սուրբ Վարդանանց» երգչախմբում: Երաժշտական նրա յետագայ ուղին նախանշւում է պոլսահայ յայտնի երգահան Մաժակ Թոշիկեանի հետ հանդիպումից յետոյ:

«Երգելու եւ իմ ձայնասկաւառակը ունենալու մասին երբեք չեմ դադարել մտածել, նոյնիսկ աշխատանքիս ժամերին: Շիրազի բանաստեղծութիւնը, որ առաջին պահից սիրելի էր ինձ, պահում էի գրադարակումս եւ հաւատում էի, որ գալու է իմ պահը: Մաժակ Թոշիկեանի հետ հանդիպումը շրջադարձային էր ինձ համար: Նրան խնդրեցի մեղեդի գրել բանաստեղծութեան հիման վրայ, որը իմ երգը պիտի դառնար: Երեք օր անց ստեղծուեց «Նամակը», այնուհետեւ ձայնագրեցինք «Կիլիկիան» եւ հայկական մի քանի այլ երգեր ու թողարկուեց իմ առաջին՝ «Սիպիլ» ձայնասկաւառակը», պատմում է երգչուհին: Այն անսպասելի  աննախադէպ յաջողութիւն է ունենում: Տաղանդաւոր հայուհու մասին գրում են նաեւ համաշխարհային լրատուամիջոցները, իսկ ամենաբաղձալին երգչուհին համարում է  Հայաստան հրաւէրը:

«Առաջին անգամ հայրենիքում եղել էի տասը տարի առաջ եւ առիթ էի ունեցել մասնակցելու համահայկական խաղերին: Այդ ժամանակ շատ էի յուզուել, երբ հայրենի հողում համախմբուած տեսայ աշխարհի տարբեր կողմերից ժամանած հայերի: Այդ պահին երազեցի, որ մի օր երգեմ իմ բոլոր հայրենակիցների համար: Տասը տարի անց, 2011 թուականին հրաւէր ստացայ Հայաստանից՝ երգելու համահայկական խաղերի ժամանակ: Դա հրաշք էր եւ հայրենիքում գտնուելուս իւրաքանչիւր օրը շնորհակալութիւն եմ յայտնել Աստծուն», յուզմունքով նշում է Սիպիլ:

«Եթէ հաւատաս, գործդ անես անկեղծութեամբ ու սիրով՝ իւրաքանչիւր երազանք կ’իրականայ», հաւաստիացնում է նաեւ ազգայինը կրող հայուհին: Սիպիլի կատարումը ջինջ է, հոգուց բխող  ու լի սիրով, որ փոխադարձ է: Ունկնդիրը զգում եւ գնահատում եւ այս առումով յատկանշական է, որ Սիպիլը յաղթող է ճանաչուել Մոսկուայում ամէն տարի անցկացուող «Արմէնիա» հեղիանակաւոր մրցոյթում, «Կախարդական ձայն» անուանակարգում: Այս յաղթանակը նա ստացել է հանդիսատեսի շրջանում անցկացուած հարցումների արդիւնքում՝ ստանալով 13 հազար ընտրողներից 9.400 ձայն: Ապրիլի 7ին Սիպիլ իր մրցանակը կը ստանայ՝ մասնակցելով 7րդ ամենամեայ արարողութեանը:

«Չափազանզ յուզուած եմ եւ ուրախ նման պարգեւի համար, որ արժանացայ հայ հանդիսատեսի կողմից: Սա նաեւ մեծ խթան է ինձ համար», նշում է Սիպիլը: Մինչ Ռուսաստան մեկնելը, Սիպիլը Պոլսահայ համայնքի հրաւէրով համերգներով հանդէս կը գայ Լոս Անջելեսում՝ Մարտի 24ին եւ Մարտի 31ին՝ Նիւ Եորքում: Երգչուհին այնուհետեւ կը մեկնի հայրենիք՝ մասնակցելու հայաստանեան երգիչների հետ զուգերգով հանդէս գալով նախագծին:

«Երաժշտութիւնը սէր է ինձ համար: Սէրը իմ կեանքում ամենաթանկ բանն է՝ ես սիրով եմ աշխատում եւ արդիւնքում շրջապատուած եմ սիրով եւ սա է   ամենամեծ երջանկութիւնը», կեանքի իր նշանաբանն է ներկայացնում երգչուհին:

Յ.Գ. Սիպիլի կատարումներին ծանօթ էի տարբեր կայքերից: Նրա հետ հանդիպումս հաստատեց այն լուսաւոր ու անկեղծ զգացումը, որ ստացել էի առաջին անգամ լսելով նրան: Սակայն եւս մի զգացողութիւն ունեցայ. իմ առջեւ  չափազանց մեղմ ու գեղեցիկ հայ կին էր, ում յիրաւի կարելի է մեր օրերի հերոսներից համարել, որ իր արուեստի միջոցով, խիզախաբար  թուրք հասարակութեանն է  ներկայացնում հային, նրա արժէքներն ու ցաւը, նաեւ՝ պահանջները:

«Երբ լսում եմ իմ երգերը Պոլիսի գլխաւոր փողոցներում, յուզւում եմ եւ արտասւում: Ամէն ինչ անելու եմ, որ այս հողերում միշտ լսուի հայ երգը», նշում է Սիպիլ, որ պատրաստւում է առաջիկայում երգել Անիում: Յաջողութիւն մաղթենք մեր հայրենակցուհուն իր առաքելութեան ճանապարհին եւ նեցուկ կանգնենք նրա նախաձեռնութիւններին:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top