17րդ Դարի Հայկական Առեւտրական Նաւի Ոդիսականը
ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ
2007թ. Դեկտեմբերի 13ին, Ինդիանայի համալսարանի պրոֆեսէօր Չարլզ Բեքեր «BBC» հեռուստալիքի եթերում յայտարարեց, որ Կարիբեան ծովում Դոմինիկեան հանրապետութեան ափերին յայտնաբերուել են 17րդ դարի նաւի մնացորդներ: Նա կարծիք յայտնեց, որ ամենայն հաւանականութեամբ, դա «Quedagh Merchant» («Կեդախի Վաճառական») առեւտրական նաւն է, որ կապւում է տխրահռչակ նաւապետ Քիդի անուան հետ:
Ինդիանայի համալսարանի արշաւախմբի աշխատանքի գրեթէ առաջին իսկ օրերից, նրանց միացաւ «ANAHIT» արշաւախումբը՝ ի դէմս Շուէյցարիայի քաղաքացիներ Պաւել Ղալումեանի եւ Իզաբէլ Ագադ-Ղալումեանի: Հայկական դրօշի ներքոյ նաւարկող նրանց «ANAHIT» նաւի վրայից էր հետազօտութիւններ կատարում համատեղ արշաւախումբը, իսկ 2008ին, նոյն այդ նաւի վրայից կատարուեցին խորտակուած նաւի մասին պատմող «National Geographic»ի գիտահանրամատչելի ֆիլմի նկարահանումները:
Վերջերս Երեւանում կազմակերպուած միջազգային գիտաժողովին մասնակցում էին մասնագէտներ, որոնք ժամանել էին այս պատմութեանն առնչուող բոլոր երկրներից: Արշաւախմբի արշաւանքի ու «Quedagh Merchant» նաւի պատմութեան մասին արկածային վէպի սիւժէին վայել տեղեկութիւններ է հաղորդում Պաւել Ղալումեանը:
- Ձեզ համար ինչպէ՞ս, ե՞րբ սկսուեց այս պատմութիւնը:
- 2006 թուականին մենք որոշեցինք ծովային արշաւախումբ ստեղծել եւ մեր նաւով, հայկական դրօշի ներքոյ, նաւարկել Կարիբեան ծովի կղզիներում: Մենք անդամագրուեցինք «Այաքս» ակումբին եւ տղաներին առաջարկեցինք միանալ մեզ: Հէնց այդ ժամանակ էլ տեղեկութիւններ ստացանք, թէ իբր 17րդ դարում անգլիացի նաւապետ Քիդի առեւանգած հայկական առեւտրական մի նաւ, ժամանակին խորտակուել է Գանադայի ու Ամերիկայի ափերին: Պատմութիւնը մեզ շատ հետաքրքրեց. սկսեցինք տեղեկութիւններ հաւաքել: Առաջին իսկ տուեալները չափազանց ուշագրաւ էին:
Նախ պարզուեց, որ նաւի գրաւումը եւ դրան յաջորդած իրադարձութիւնները համաշխարհային պատմութեան ուշագրաւ դրուագներից են: Պարզուեց նաեւ, որ նաւի մնացորդները գտնւում են Կարիբեան ծովում, Դոմինիկեան հանրապետութեան ափերին: Այդ մասին պահպանուել է 17րդ դարի հոլանդացի մի նաւապետի վկայութիւնը, որն այդ ափերին տեսել էր այրուող «Quedagh Merchant» նաւը: Եւ մինչ մեր արշաւախումբը պատրաստւում էր ծով դուրս գալ, Ինդիանայի համալսարանի պրոֆ. Չարլզ Բեքերը, հանդէս գալով «BBC» հեռուստալիքով՝ յայտարարեց, որ խորտակուած նաւը յայտնաբերուել է:
Խոր հիասթափութիւն ապրեցի, բայց դա շատ կարճ տեւեց: Յետոյ հասկացայ, որ այդ ամէնից մեր աշխատանքը միմիայն կը շահի. չէ՞ որ Ինդիանայի համալսարանը ԱՄՆի միակ կրթօջախն է, որտեղ զբաղւում են ստորջրեայ հնագիտութեամբ: Պրոֆեսէօնալների այդպիսի խումբի աշխատանքը, անկասկած, գտնուելու էր «CNN», «BBC», «National Geographic» ալիքների ուշադրութեան կենտրոնում: Ես եւ Իզաբէլն անմիջապէս միացանք այդ արշաւախմբին: Կարճ ժամանակ անց, ծովի յատակից դուրս բերուեց նաւի վրայ տեղադրուած թնդանօթներից մէկը:
- Ասացիք, որ նաւի գրաւումը եւ դրան յաջորդած իրադարձութիւնները համաշխարհային պատմութեան ուշագրաւ դրուագներից են:
- Նախ ասեմ, որ «Quedagh Merchant» նաւը գրաւելով՝ նաւապետ Քիդն իր կեանքով վճարեց: Նրա դատավարութիւնը, որ ձգուեց 2 տարի՝ 1699-1701 թուականները, մեծ աղմուկ էր բարձրացրել Անգլիայում: Ի վերջոյ, նրան՝ որպէս ծովահէնի, մահուան դատապարտեցին: Մինչդեռ նա ամենեւին էլ ծովահէն չէր եւ ծառայում էր անգլիական գահին: Բայց, որպէսզի ամէն ինչ հասկանալի լինի, պէտք է 300 տարի ետ գնանք եւ ծանօթանանք Արեւմուտք-Արեւելք առեւտրական կապերի պատմութեանը: Իսկ այս պատմութեան մէջ հայերը, աւելի ճիշդ՝ Նոր æուղայի վաճառականները, բաւական մեծ դերակատարութիւն ունէին: Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանի մերձակայքում գտնուող Նոր æուղայի վաճառականներն աշխոյժ առեւտուր էին անում թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Արեւելքի հետ: Նկատենք, որ 17րդ դարում Արեւմուտքն ու Արեւելքն առեւտուր էին անում ծովային եւ ցամաքային ճանապարհներով: Ծովայինը ժամանակին բացել էին պորտուգալացիները: Այստեղ մեծ մրցակցութիւն էր տիրում նրանց եւ այնպիսի Եւրոպական ընկերութիւնների միջեւ, ինչպէս՝ Արեւելահնդկական հոլանդական ընկերութիւնը, Արեւելահնդկական անգլիական ընկերութիւնը, Ֆրանսիական թագաւորական արեւելահնդկական ընկերութիւնը: Ցամաքային ճանապարհն անցնում էր Միջերկրականի նաւահանգիստներով: Քարաւանային այս ճանապարհը հիմնականում գտնւում էր Նոր æուղայի հայերի ձեռքին: Եւրոպացիները շահագրգռուած էին հայերի հետ պայմանագիր կնքելու՝ նրանց կապերից օգտուելու հարցով: Բնական է, որ այն ընկերութիւնը, որին կը յաջողէր լեզու գտնել հայերի հետ, Արեւելքի հետ առեւտուր անելու այդ պատերազմում յաջող դուրս կը գար:
- Իսկ ինչո՞ւ եւրոպացիներն առանց հայերի միջնորդութեան չէին կարող ուղղակիօրէն առեւտուր անել Արեւելքի երկրների հետ:
- Պատճառները մի քանիսն էին: Հնուց ի վեր պատմական Հայաստանի տարածքով էին անցնում քարաւանային ճանապարհները: Առեւտրական նոր երթուղիներ, ճանապարհներ ստեղծելը չափազանց բարդ աշխատանք էր: Բացի այդ, շատ Եւրոպացիների, նրանց վարած միսիոներական գործունէութեան պատճառով, չէին թոյլատրում մուտք գործել Մահմեդական տարբեր երկրներ: Հայերս, թէպէտ քրիստոնեայ էինք, սակայն մեր հաւատքը չէինք պարտադրում միւսներին: Բնականաբար, Մահմեդական աշխարհն էլ մեր հանդէպ էր հանդուրժողականութիւն հանդէս բերում: Քրիստոնեայ լինելով՝ հայերը իւրային էին եւրոպացիների համար, այնպէս որ կարողանում էին միջնորդ լինել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. առեւտրական պայմանագրեր էին կնքում եւրոպական տարբեր ընկերութիւնների, անգամ երկրների հետ ամենաբարձր պաշտօնեաների մակարդակով: 1688 թուականին անգլիական East India Company ընկերութեանը յաջողուեց համաձայնութիւն ձեռք բերել հայերի հետ: Դա ոչ թէ առեւտրական պայմանագիր էր, այլ՝ երկարաժամկէտ ծրագիր, որով հայերը մեծ իրաւունքներ են ստանում, դառնում անգլիացիների լիիրաւ գործընկերները: Այսօր դժուար է հաւատալ, որ անգլիացիներն օտարերկրացիներին նման արտօնութիւններ են տուել: Ասենք հայերն իրաւունք ունէին առեւտուր իրականացնել Հնդկաստանի եւ Անգլիայի միջեւ: Մինչ այդ, դա համարւում էր East India Company-ի մենաշնորհը: Ընդ որում, հայերը պէտք է վճարէին նոյնքան հարկեր, որքան անգլիացիները:
- Անգլիական East India Company ընկերութեան կնքած պայմանագիրը Նոր æուղայի հայ վաճառականների հետ ինչո՞վ էր ձեռնտու անգլիական կողմին:
- Պայմանագրի համաձայն՝ հայերը պէտք է փակէին Միջերկրականով անցնող առեւտրական ճանապարհը, ինչի արդիւնքում՝ անգլիացիների ձեռքն էր անցնում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտուր անելու մենաշնորհը: Այլ հարց է, որ հայերը ամենայն խստութեամբ չհետեւեցին պայմանագրի կէտերին: Չէ որ դա աղէտալի հետեւանքներ կ՛ունենար եւրոպական այն երկրների համար, որոնք առեւտուր էին անում ցամաքային ճանապարհով: Այսուհանդերձ, պայմանագիրը գործում էր եւ ձեռնտու էր թէ՛ հայերին, թէ՛ անգլիացիներին:
- Վերադառնանք «Quedagh Merchant» նաւին: Ո՞ւմ էր այն պատկանում:
- «Quedagh Merchant»ը առեւտրական նաւ էր Նոր æուղայի ամենահեղինակաւոր հայերից մէկին՝ Փանոս Քալանթարի որդի Աղա Փերի Քալանթարին: Հէնց Փանոս Քալանթարի ստորագրութիւնն էր վաւերացնում Նոր æուղայի հայերի եւ անգլիական East India Company ընկերութեան միջեւ կնքուած պայմանագիրը: Ֆրանսիական փաստաթղթերով նաւն իրականացնում էր հայկական բեռնափոխադրումներ: Այդ տարիներին նաւի պատկանելութիւնը որոշում էր դրա վրայ ծածանուող դրօշով, փաստաթղթերով եւ բեռների պատկանելութեամբ: Փաստաթղթերի համաձայն՝ նաւի վրայ 7-8 հայ կար՝ բեռների սեփականատէրերն ու նրանց առեւտրական գործակալները: Նաւի անձնակազմը բաղկցած էր մաւրերից եւ մի քանի եւրոպացիներից: Նաւապետն անգլիացի æոն Ռայթն էր: 1698թ. Հնդկաստանի ափերի մօտ «Quedagh Merchant» նաւի վրայ է յարձակւում անգլիացի նաւապետ Քիդը: Իրենց կեանքն ու նաւը փրկելու համար, հայերը նրան առաջարկում են, ըստ մի վարկածի՝ 20 հազար, ըստ մէկ այլ վարկածի՝ 30 հազար ռուփի: Քիդը հրաժարւում է՝ ասելով, որ նաւի վրայ գտնուող հարստութեան համեմատ՝ առաջարկուածը չնչին գումար է: Նա արդէն մտովի վայելում էր հայերի հարստութեան հաշուին իր արշաւախմբի աշխատանքն աւարտելու եւ Անգլիա վերադառնալու բերկրանքը. բացի այդ, նրա «Adventure Galley» նաւն արդէն խարխուլ էր, եւ Քիդը, ափ իջեցնելով «Quedagh Merchant»ի անձնակազմին ու հայ վաճառականներին՝ իր նաւը ջրասոյզ անելով տեղափոխւում է «Quedagh Merchant» նաւ: Յետագայում, զրուցելով «Quedagh Merchant» նաւապետի հետ՝ Քիդը գիտակցում է, թէ ի՛նչ պատմութեան մէջ է ընկել եւ ի՛նչ խնդիրներ կարող են ծագել East India Company ընկերութեան հետ, եւ որոշում է վերադարձնել նաւը: Սակայն, ինչպէս դատաւարութեան ընթացքում է խոստովանում, նաւը գրաւած ծովահէնները հրաժարւում են վերադարձնել նաւն ու գանձերը: Քիդի միակ յոյսը Անգլիայում իր ունեցած կապերն էին, որոնք գործադրելով՝ պէտք է փորձէր խուսափել East India Company ընկերութեան հետ բախումից: Յոյս էր ներշնչում նաեւ այն, որ «Quedagh Merchant» նաւի փաստաթղթերը ֆրանսիական էին: Քանի որ Անգլիան ու Ֆրանսիան այդ ժամանակ պատերազմում էին միմիանց դէմ, ուրեմն նաւն, ըստ էութեան՝ թշնամական էր, եւ նրա վրայ յարձակումը անօրինութիւն չպէտք է համրուէր:
- Բայց իրադարձութիւններն այլ ընթացք ստացան:
- Այո՛: Ափ իջեցուած հայ վաճառականները եղան Հնդկաստանի միապետի մօտ, ապա բողոքագիր ներկայացրին անգլիական կառավարութեանը՝ նշելով, որ Անգլիայի հպատակները Հնդկաստանի ափերի մօտ անպատիժ թալանում են նաւերը: Իր հերթին, Անգլիայի միապետին դիմեց նաեւ Պարսից շահը՝ պահանջելով պատժել իր հպատակների դէմ ոտնձգութիւններ կատարած ծովահէններին: Հնդկաստանի միապետը, որն էլ իր առեւտրական շահն ունէր Աղա Փերի Քալանթարի հետ համագործակցութիւնից, իբրեւ փոխհատուցում՝ East India Company ընկերութիւնից պահանջում է մեծ տուգանք: Այս իրաւիճակում, East India Company-ն, որն ամէն ինչ անում էր իր ընկերութեան անունն ու հեղինակութիւնը անբասիր պահելու համար, պէտք է փորձէր ապացուցել, որ կարող է պաշտպանել իր գործընկերի շահերը Անգլիայում: Հէնց դա էր պատճառը, որ նախքան Ուիլեըմ Քիդը մտնէր Կարիբեան ծովի ջրերը, նրան արդէն ծովահէն հռչակեցին: Քիդը որոնման մէջ էր եւ այլեւս չէր կարող շարունակել նաւարկութիւնը. անգլիական ռազմանաւերը նրան անմիջապէս կը կալանաւորէին: Ուստի հասնելով Իսպանիօլա կղզու ափերին՝ Քիդը թաքցնում է նաւը Ռիօ Դուլչէ գետաբերանում, իսկ ինքը մի փոքրիկ նաւով շարունակում է նաւավարել դէպի Նիւ Եորք: Անձնակազմի մի մասը մնում է նաւի վրայ, իսկ միւսներն ուղեկցում են Քիդին: Նիւ Եորք նահանգում նրանց անմիջապէս ձերբակալում են եւ տեղափոխում Լոնդոն: Լուրն ստանալուն պէս, Իսպանիօլայում մնացածները հրկիզում են նաւը, ինչպէս ընդունուած է ծովահէնների օրէնքով: Հոսանքը այրուող նաւը տանում հասցնում է Իսպանիօլայից ոչ հեռու գտնուող Կատալինա կղզեակի մօտ, որտեղ էլ «Quedagh Merchant»ը ջրասոյզ է լինում: Իսկ Քիդի դատավարութեան շուրջ, ինչպէս արդէն ասացինք, մեծ աղմուկ է բարձրանում: Լսումները շարունակւում են երկու տարի, որից յետոյ նաւապետին յայտարարում են ծովահէն եւ մահուան դատապարտում: 1701թ. Մայիսի 23ին, նաւապետ Ուիլեըմ Քիդ հրապարակաւ կախաղան է հանւում: Մահուանից առաջ, այդպէս էլ չխոստովանելով իր մեղքը՝ յայտարարում է, որ ինքը երբեւէ մահուան դատապարտուածներից ամենաանմեղն է: Իրականում հէնց պարզ էր, որ նրա մահուան վճիռը կայացուած էր դատավարութիւնից շատ աւելի վաղ: Նա կանգնել էր East India Company-ի ճանապարհին, եւ դրանով իսկ կանխորոշել իր ճակատագիրը: Ուշագրաւ մի փաստ՝ դատավարութեան ընթացքում կորել, անհետացել էր Քիդի ամենակարեւոր փաստարկ-կռուանը՝ «Quedagh Merchant» նաւու ֆրանսիական անձնագիրը: 200 տարի անց միայն, այն գտնուեց ծովակալութեան արխիւներում, մինչդեռ այդ փաստաթուղթը կարող էր արդարացում բերել Քիդին: Պարզ է, որ դա պատահական չէր եղել. անշուշտ ինչ որ մէկը թաքցրել էր փաստաթուղթը, որպէսզի հնարաւոր լինէր առանց «կողմ» ու «դէմ» վարել դատը: Այդպիսով, East India Company ընկերութիւնը հերթական անգամ ապացուցեց, որ Արեւելքում ինքն էր տէրն ու տիրականը, նաեւ հաւաստիացրեց հայերին, որ կարող է իր սեփական երկրում պաշտպանել իր գործընկերների շահերը: Նաւապետ Քիդի կեանքը ստորադասեցին ընկերութեան հեղինակութեանը. նա դարձաւ քաղաքական-տնտեսական շահերի զոհը:
Մինչեւ օրս էլ ուսումնասիրութիւններ են կատարւում պարզելու, թէ որքանո՞վ են արդար դատել նաւապետ Քիդին: Ճիշդ է նրա արարքն ըստ էութեան ծովահէնութիւն էր, բայց Անգլիայի օրէնքներով, նրան աւելի շուտ պէտք է արդարացնէին, քան դատապարտէին մահուան: «Quedagh Merchant» նաւի մնացորդները յայտնաբերուելուց յետոյ, շոթլանդական (Scotland) խորհրդարանում պատրաստւում են դիմել Լոնդոնեան դատարանին՝ նաւապետ Քիդի գործը վերանայելու խնդրանքով: Այս դիմումին, ամենայն հաւանականութեամբ, կը միանայ նաեւ ԱՄՆի Նիւ Եորք նահանգը: Կարծում եմ Հայաստանի կառավարութիւնը եւս շահագրգռուած պէտք է լինի, որ հարցը վերանայուի, քանի որ ժամանակին անարդարացի վճիռ է կայացուել նաեւ հայ վաճառականների հանդէպ. Քիդից առգրաւուած հարստութեան մեծ մասը յատկացուել է անգլիական կառավարութեանը, եւ Անգլիայի թագուհին այդ գումարը տրամադրել է հաշմանդամ ծովայինների Գրինվիչի հիւանդանոցին: Մեր օրերում՝ այդ գումարը շուրջ 10 միլիոն դոլարի է հասնում:







Ակումբի անունը “ԱյաՔս” չէ, Խնդրում եմ ուղղեք, Ակումբը կողչվում է՝ “ԱՅԱՍ” Ծովային հետազոտությունների ակումբ: