ԼՂՀում Ընտրութիւնների Նախաշեմին Ադրբեջանը Գլուխն Է Թաքցնում


«ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»

Ինչպէս յայտնի է, Մարտի 29ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովը նշանակել է ԼՂՀ նախագահի հերթական ընտրութիւնների օրը՝ 2012 թուականի Յուլիսի 19ը: Աւելորդ է խօսել այն մասին, որ նախագահական ընտրութիւնները ցանկացած երկրի համար հանդիսանում են հսկայական քաղաքական ու պետական կարեւորութեան իրադարձութիւն, որը կանխորոշում է պետութեան յետագայ զարգացման ուղիները:

Բացառութիւն չի կազմում եւ ԼՂՀն, քանզի այդ ճշմարտութիւնը հաւասարապէս վերաբերում է բոլոր պետութիւններին՝ անկախ նրանց միջազգային ճանաչուածութիւնից կամ չճանաչուածութիւնից: Աւելին, նոյնիսկ կարելի է ասել, որ ընտրութիւնները չճանաչուած պետութիւնում, զուտ ներքին կարեւորութիւնից բացի, նաեւ նկատելի արտաքին քաղաքական հնչողութիւն են ստանում:

Ճիշդ է, տարբեր ձեւով: Որպէս ամէն տեսակի ու մակարդակի ղարաբաղեան ընտրութիւնների համար մինուս նշանով (-) իւրատեսակ ռեզոնատոր (արձագանգող-Խմբ.)՝ անփոփոխ կերպով հանդէս է գալիս Ադրբեջանը, որը լաւագոյն ձեւով կիրառման արժանի յամառութեամբ սկսում է աշխարհով մէկ շեփորել ԼՂՀում դրանց  անցկացման անօրինականութեան եւ անթոյլատրելիութեան մասին: Ադրբեջանն իրեն կը դաւաճանէր, եթէ առաջիկայ ընտրութիւններին եւս չարձագանգէր, ըստ որում արտակարգ նեարդայնութեամբ (ջղագրգռութեամբ-Խմբ.): Ինչպէս եւ հարկ էր սպասել, այդ երկրի Արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ), ի դէմս մամլոյ ծառայութեան ղեկավարի, բացասական վերաբերմունք է արտայայտել ընտրութիւնների նկատմամբ՝ դրանք անուանելով «Հայաստանի կառավարութեան  (՞) հերթական սադրանք»: Դրան հետեւել է ամէն տեսակ տրամաբանութիւնից զուրկ տրիադա (համազարկ-Խմբ.) այն մասին, թէ «Հայաստանը լիակատար յարգանքի բացակայութիւն եւ քամահրանք է դրսեւորում միջազգային իրաւունքի  սկզբունքների եւ նորմերի նկատմամբ, հերթական հարուածը հասցնում բանակցային գործընթացին» եւ այլն: Մի քանի օր աւելի վաղ համանման բովանդակութիւն ունեցող  յայտարարութեամբ հանդէս է եկել նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի  հասարակական – քաղաքական բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

Գտնում ենք, որ առողջ դատող ամէն մարդ, անշուշտ, հարց կը տայ. իսկ ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Եւ իրաւացի կը լինի, քանզի ԼՂՀում անցկացուող ընտրութիւնները, որպէս իշխանութիւնների ձեւաւորման ժողովրդավարական արարողակարգ, հանդիսանում են ոչ թէ Հայաստանի, այլ  հէնց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հռչակած անկախ պետականութեան կառուցման ու կայացման գործընթացի կարեւոր բաղադրիչը: Եւ ոչ թէ Հայաստանում, այլ հէնց Լեռնային Ղարաբաղում առաջիկայ՝ Յուլիսի 19ին կայանալիք նախագահական ընտրութիւններն են դառնալու ԼՂՀ ղեկավարի՝ արդէն թուով հինգերորդ համաժողովրդական ընտրութիւնները: Իսկ ԼՂՀում  ընտրութիւններին մասնակից լինելու մէջ Հայաստանին ուղղուած մեղադրանքի հետեւում դիւրութեամբ է նկատւում Ադրբեջանի յայտնի քաղաքականութիւնը՝ խեղաթիւրել ադրբեջանա–ղարաբաղեան հակամարտութեան ուրուապատկերը եւ աշխարհին ներկայացնել որպէս հակամարտութիւն Բաքուի ու Երեւանի միջեւ: Ըստ այդմ, գլուխն աւազի մէջ խրած ջայլամի պէս ձեւացնել, թէ Լեռնային Ղարաբաղը, որպէս այդպիսին, գոյութիւն էլ չունի:

Այնինչ, պաշտօնական Բաքուի բռնած այդ դիրքը, ինչպէս եւ ջայլամի համապատասխան կեցուածքը, իսկապէս կոմիկական է: Եւ թաքցնի  Ադրբեջանն իր գլուխը թէ չթաքցնի՝ Լեռնային Ղարաբաղը դրանից չի դադարի հակամարտութեան լիիրաւ կողմ լինել: Չխօսելով արդէն այն մասին, որ պետութիւն լինելուց չի դադարի: Աւելին, դեռեւս 1994 թուականին Բուդապեշտում ճանաչուած «լիիրաւ կողմը» ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդներն ամրապնդել են արդէն իսկ այն հանգամանքով, որ ներկայումս նրանց կողմից առաջարկուած՝ հակամարտութեան կարգաւորման նախագծի հիմքում դրուած է նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը, ինչպէս դիւրութեամբ կարելի է կռահել, նախատեսուած է ԼՂՀի համար:

Նշենք մի կարեւոր պահ եւս, որն անմիջական կապ ունի կարգաւորման գործընթացի հետ: Յայտնի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով նախատեսւում է ղարաբաղեան հիմնախնդրի լուծման վերաբերեալ բանակցութիւններ վարել հակամարտութեան կողմերի ընտրեալ ներկայացուցիչների հետ, ինչն էլ անում են Մինսկի խմբի համանախագահները՝ ամէն անգամ ԼՂՀ գալով: Ի դէպ, նոյնիսկ ներկայիս նախագահի հօր ժամանակների ադրբեջանական իշխանութիւններն են բազմիցս հանդիպում խնդրել ղարաբաղեան ղեկավարութեան ընտրեալ ներկայացուցիչների հետ, ինչի մասին այսօր Ադրբեջանում վերյիշել չեն ուզում:

Ընդհանրապէս, պէտք է ասել, մեր ընտրութիւններն Ադրբեջանի չընդունելն ունի մի ամբողջ շարք պատճառներ: Դրանց թուին կարելի է դասել, թերեւս, նաեւ այն փաստը, որ առաջիկայ նախագահական ընտրութիւններին տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպութիւններից ԼՂՀ կը ժամանեն, ինչպէս որ ամէն անգամ է եղել, տասնեակ  անկախ դիտորդներ: Եւ կարելի է համոզուած լինել, որ, ինչպէս եւ նախկինում,  կ՛արձանագրեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան քաղաքացիների  հաւատարմութիւնը իրենց կենսակառուցուածքի ժողովրդավարական սկզբունքներին,  ընտրական գործընթացի կազմակերպման ու անցկացման բարձր մակարդակը: Համաձայնէք, որ դա հերթական լուրջ հարուածը կը դառնայ Ադրբեջանի ինքնասիրութեանը, որը ժողովրդավարութեան զարգացման մակարդակով արդէն վաղուց եւ հաստատապէս հիմնաւորուել է երկրների վարկասանդղակի ստորին տողերում՝ ժողովրդավարական ազատութիւնների եւ մարդու  իրաւունքների ասպարէզում տիրող իրավիճակի համար մշտապէս  քննադատութեան ենթարկուելով միջազգային ինստիտուտների կողմից: Այն էլ, որ դիտորդներն ու արտասահմանեան ԶԼՄների (զանգուածային լրատուական միջոցներու-Խմբ.) ներկայացուցիչները աշխարհին կը պատմեն ճշմարտութիւնը Լեռնային Ղարաբաղի մասին, որն ընդհանուր ոչինչ չունի այն կեղտոտ ստի հետ, որն Ադրբեջանն է տարածում ԼՂՀի մասին: Ադրբեջանը հիմքեր ունի հիստերիայի (ջղային նոպայի-Խմբ.) մէջ ընկնելու, ինչն էլ այսօր մենք տեսնում ենք:

Leave a Reply