Անահիտ Աստոյեան. «Դարի Կողոպուտը. Հայերի Ունեզրկումը Օսմանեան Կայսրութիւնում 1915-1923թթ.»
«Մուստաֆա Քեմալի գլխաւորած ազգայնական շարժումը ֆինանսաւորուել է հայերի ունեցուածքի կողոպուտով հարստացած թուրքերի եւ քրդերի կողմից». Մատենադարանի Արխիւային բաժնի աւագ գիտաշխատող Անահիտ Աստոյեանը հրատարակութեան է պատրաստում «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանեան կայսրութիւնում 1915-1923թթ.» գիրքը: Հեղինակի հետ զրուցեցինք աշխատութեան մէջ արծարծուող խնդիրների մասին:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Յայտնի է, որ Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր դրդապատճառներից մէկն էլ հայութեան ունեցուածքի կողոպուտն էր: Ի՞նչ ուսումնասիրութիւններ են եղել մինչ այժմ այս խնդրի վերաբերեալ:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Հայոց Մեծ Եղեռնի մասին հրատարակուած հսկայածաւալ գրականութեան մէջ փոքր թիւ են կազմում Օսմանեան կայսրութիւնում Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով հայերի կրած նիւթական կորուստների մասին աշխատութիւնները: Այս նիւթն ուսումնասիրողների կողմից արժանացել է պակաս ուշադրութեան: Մինչ օրս հրատարակուած մի քանի աշխատութիւններից զատ՝ վերոյիշեալ նիւթի մասին հրապարակումները հիմնականում ցրուած են մնում 1915-1918 թթ. Կովկասի, Եգիպտոսի, ԱՄՆի, Ֆրանսիայի եւ հայկական այլ գաղթավայրերի մամուլի էջերում, Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ Կ. Պոլսում հրատարակուող պարբերականներում, հայկական գաւառներին եւ բնակավայրերին նուիրուած յուշամատեաններում, օտար դիւանագէտների տեղեկագրերում, օտարազգի ականատեսների վկայութիւններում, Մեծ Եղեռնի մասին պատմող բազմաթիւ այլ հրատարակութիւններում եւ տարբեր արխիւներում:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Իսկ այդ թեման երբեւէ եղե՞լ է արդեօք թուրք ուսումնասիրողների ուշադրութեան կենտրոնում:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Ուշագրաւ է, որ վերջերս թուրք պատմաբանները սկսել են անդրադառնալ հայերի ունեզրկման թեմային եւ նիւթական փոխհատուցման խնդրին: Յիշատակման են արժանի յատկապէս Սաիթ Չեթինօղլուի, Թաներ Աքչամի, Ունգուր Ումիթի, Նեւզաթ Օնարանի եւ Այշէ Հիւրի՝ վերջին տարիներին հրատարակած գրքերն ու յօդուածները, որոնք վերաբերում են այս թեմային:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Շուտով լոյս կը տեսնի «Դարի կողոպուտը. հայերի ունեզրկումը Օսմանեան կայսրութիւնում 1915-1923թթ.» վերնագրով ձեր գիրքը: Խնդրեմ՝ ներկայացրէք այն:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Գիրքը կառուցուած է շուրջ 700 փաստերի եւ արխիւային վաւերագրերի հիման վրայ: Կարելի է ասել, որ առաջին անգամ համապարփակ կերպով ներկայացւում է Օսմանեան կայսրութիւնում հայերի ունեզրկման առարկայական պատմութիւնը: Գրքում օգտագործուած են հիմնականում Օսմանեան կայսրութիւնում ԱՄՆի, եւրոպական երկրների դիւանագէտների եւ Մեծ Եղեռնի օտար ականատեսների վկայութիւններ, օտար եւ թուրքական մամուլի հրապարակումներ, 1918թ. Օսմանեան խորհրդարանի քննարկումների եւ երիտթուրքերի 1919-1921թթ. դատավարութիւնների նիւթեր, թուրք գործիչների վկայութիւններ: Մեծապէս օգտուել եմ այս նիւթին անդրադարձած թուրք պատմաբաններ Սաիթ Չեթինօղլուի, Թաներ Աքչամի, Ունգուր Ումիթի, Նեւզաթ Օնարանի եւ Այշէ Հիւրի՝ վերջին տարիներին հրատարակած գրքերից եւ յօդուածներից:
Գրքի առաջին գլուխը նուիրուած է Օսմանեան կայսրութիւնում հայերի տնտեսական գործունէութեանը: Այս հարցին անդրադարձը նպատակ ունի ներկայացնել Մեծ Եղեռնի նախօրէին հայերի ֆինանսա-տնտեսական վիճակը: Հայերն իրենց ձեռքում էին կենտրոնացրել օսմանեան տնտեսութեան կարեւոր լծակները: Արեւմտահայ առեւտրականները, դրամատէրերն ու արդիւնաբերողներն իրենց տաղանդի եւ ձեռներէցութեան շնորհիւ կարողացել էին տէր դառնալ զգալի հարստութեան: Երիտթուրքական կառավարութիւնը խիստ մտահոգուած էր, որ հայերի տնտեսական այս հզօրացումը հիմք է դառնալու նրանց վաղուայ քաղաքական յաղթանակների համար եւ, որ երէկուայ հպատակ հայը տիրանալու է իրենց իշխանութեանը, ինչպէս դա արել է տնտեսութեան ասպարէզում: Երիտթուրքերն իրենց գաղտնի ժողովներում քննարկում էին հայերի բնաջնջումով երկրի տնտեսութիւնը թրքացնելու եւ հայերի ունեցուածքը բռանգրաւելու միջոցառումների ծրագրերը:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ինչպէ՞ս է կատարուել հայ ժողովրդի ունեզրկումը:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Հայ ժողովրդի անհատական եւ հաւաքական ունեցուածքի իւրացումը եղել է Հայոց Ցեղասպանութեան նպատակներից մէկը: Իրապէս հայերի ունեցուածքի կողոպուտը ծրագրաւորուած է եղել երիտթուրքերի կողմից: Ամբողջ ժողովուրդ կողոպտելու համար հարկ էր նախ եւ առաջ հայերի ունեցուածքը դարձնել տիրազուրկ: Այդ նպատակով 1915 թ. Յունիսի 1ին երիտթուրքական կառավարութիւնը, առանց օսմանեան խորհրդարանի ընդունման, մամուլում հրատարակեց «Տեղահանութեան մասին օրէնքը», որից յետոյ՝ 1915 թ. Յունիսի 10ին, հրատարակուեց «Հայերի լքեալ գոյքերի տնօրինման» մասին կանոնադրութիւն, իսկ Սեպտեմբեր եւ Հոկտեմբեր ամիսներին ընդունուեցին «Լուծարման» կամ «Լքեալ գոյքերի» մասին օրէնք եւ կանոնադրութիւն: Այդպիսով, օրինականացուեց հայերի ունեցուածքի բացայայտ կողոպուտը, որն իրականացւում էր ողջ երկրով մէկ: Այս իրաւական փաստաթղթերը ստեղծուած էին ոչ թէ հայերի իրաւունքները պաշտպանելու, այլ՝ զանգուածային թալանը զսպելու եւ պետական գանձանակը եւ իշխանաւորների գրպանները լցնելու նպատակով:
Գրքում բերուած փաստերը, թուրք եւ օտար քաղաքական գործիչների մեկնաբանութիւնները վկայում են այն մասին, որ հայերի ունեզրկումը եղել է Մեծ Եղեռնի դրդապատճառներից մէկը: Այս առնչութեամբ յիշատակութեան է արժանի թուրքական «Ալեմդար» թերթի խմբագիր Ռեֆի æեւադ Ուլունայ բէյի կարծիքը, որ նա յայտնել է Լոզանի խորհրդաժողովի հայ պատուիրակներին. «Իմ համոզումն այն է, որ թուրքերի՝ հայերի դէմ թշնամութեան հիմքը ոչ քաղաքական է, ոչ էլ կրօնական, այլ՝ պարզապէս տնտեսական: Թուրքիոյ այսօրուայ եւ նախկին ղեկավարները թուրք ժողովրդին ներշնչել են քրիստոնեաների ունեցուածքին տիրանալու տենչը: 1915 թ. ես անցայ ամբողջ Անատոլիայով եւ չտեսայ թուրքական մէկ տուն, որտեղ չգտնուէին հայերի կարասիներ, գորգեր կա՛մ ուրիշ իրեղէններ: Վաղը, եթէ առիթ գտնեն, թուրքերը նոյնը պէտք է անեն անպատճառ»:
Հայերի տեղահանութիւնն ու կոտորածներն ուղեկցուել են նրանց շարժական եւ անշարժ գոյքի կողոպուտով, որին մասնակցել են երկրի բնակչութեան բոլոր խաւերը: Հարուստ կողոպուտի հեռանկարը լայն զանգուածների եւ համախոհների մեծ բանակ հաւաքագրեց երիտթուրքական իշխանութիւնների շուրջ: Երիտթուրքերի վարչակազմը հայերի լքեալ գոյքերը յանձնեց հայերից տեղահանուած բնակավայրերի իշխանութիւններին, շռայլօրէն շէնքեր եւ հողատարածքներ տրամադրեց նախարարութիւններին, իսկ փոխարէնը գտաւ համախոհների հսկայ բանակ եւ նրանցից ստացաւ աջակցութիւն՝ հայերի բնաջնջումն իրականացնելու համար:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Իսկ ի՞նչ տեղի ունեցաւ Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Հայերի ունեցուածքի կողոպուտը շարունակուեց պատերազմի աւարտից յետոյ: Գրքում լայն կերպով լուսաբանուել են 1918 թ. կնքուած Մուդրուսի զինադադարից յետոյ իրենց տները վերադարձած վերապրած հայերի ունեցուածքի կողոպուտի բազմաթիւ փաստեր: Հակառակ այն բանի, որ թուրքական իշխանութիւնները Անտանտի երկրների ճնշման տակ չեղեալ յայտրարեցին 1915 թուականի «Լքեալ գոյքերի մասին» օրէնքը եւ խոստացան վերադարձնել հայերի ունեցուածքը, Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժման ողջ ընթացքում արեւմտահայութեան բեկորները ենթարկուեցին կողոպուտի, կոտորածի եւ բռնի տեղահանութեան: Հայերի նկատմամբ քեմալականների գործելակերպը բացարձակապէս չէր տարբերւում երիտթուրքերի գործելակեպից: Գրքում յատկապէս լայնօրէն է լուսաբանւում երկրի ամենահարուստ համայնքի՝ 1922 թ. Զմիւռնիայի եւ 1922-1923 թթ. Կ. Պոլսոյ հայութեան ունեզրկման գործընթացը: Երկիրը հայաթափելուց յետոյ թուրքական իշխանութիւնները 1920, 1923, 1927 թթ. ընդունեցին օրէնքներ, որոնք հայերին զրկեցին քաղաքացիութիւնից եւ իրենց պապենական երկիրը վերադառնալու իրաւունքից: Այս օրէնքները թուրքական իշխանութիւններին հնարաւորութիւն տուեցին տիրանալու հայերի ողջ ունեցուածքին:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ինչպէս յայտնի է, Հայոց Ցեղասպանութեան ընթացքում իրականացուել է նաեւ մշակութային եղեռն: Դուք գրքում անդրադառնո՞ւմ էք արդեօք հայկական մշակութային արժէքների կողոպուտին եւ ոչնչացմանը:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Գրքի մի գլուխը նուիրուած է հայկական եկեղեցական գոյքերի եւ մշակութային գանձերի կողոպուտին: Թուրքական տեղեկութիւնների համաձայն՝ 1914ին արեւմտահայերն ունէին 83 առաջնորդարան, 1860 հայկական եկեղեցի եւ մատուռ, 451 վանք եւ շուրջ 2000 վարժարան: Ազգային այս հաստատուտութիւնների ողջ ունեցուածքը՝ իրենց կալուածքներով, կահկարասիով, կրօնական հնութիւններով, մասունքներով, ձեռագիր հնագոյն մագաղաթներով եւ մատենագրական հսկայ հարստութեամբ թալանուեց, աւերուեց, հրկիզուեց, ոչնչացուեց եւ անէացաւ: Հայկական մշակութային գանձերի՝ մասնաւորապէս հայկական ձեռագրերի ոչնչացումը խոշոր հարուած էր ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային մշակոյթին ու գիտութեանը եւ անդառնալի կորուստ մարդկութեան, համաշխարհային քաղաքակրթութեան համար:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Արդեօք օտար պետութիւնները որեւէ կերպ մասնակցե՞լ են հայերի ունեզրկմանը:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Այո՛, հայերի ունեցուածքի ընդհանուր թալանից բաժին հասաւ նաեւ օտար պետութիւններին: Հարկ է նշել, որ լքեալ գոյքերի մաս էին կազմում օտար ապահովագրական ընկերութիւններին հայերի՝ ոսկեդրամով վճարած գումարները: Ոչ լրիւ տուեալներով մինչեւ Առաջին աշխարհամարտը Օսմանեան կայսրութիւնում գործել է 62 օտար ապահովագրական ընկերութիւն եւ 10 դրամատուն: Այս ապահովագրական ընկերութիւնները եւ դրամատէրերը, հայերի նկատմամբ իրենց ստանձնած ֆինանսական պարտաւորութիւնները չիրականացնելով, փաստօրէն իւրացրեցին նրանց գումարները:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ըստ ձեզ՝ հնարաւո՞ր է արդեօք, գոնէ մօտաւոր կերպով, հաշուարկել Օսմանեան կայսրութիւնում Մեծ եղեռնի հետեւանքով հայերի կրած նիւթական վնասի չափը: Գրքում նման փորձ արւո՞ւմ է:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Ինչ խօսք՝ չափազանց դժուար եւ նոյնիսկ անհնար է պատկերացնել հազարամեակների պատմութեան ընթացքում ստեղծուած նիւթական, մշակութային եւ հոգեւոր արժէքների իւրացման ծաւալները: «Հայկական կորուստների դրամական մօտաւոր հանրագումարը» վերնագիրը կրող գրքի հատուածում ներկայացուած են հայկական նիւթական կորուստների մասին թուերի վերածուած բազմաթիւ փաստեր:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Հայերի ունեզրկմամբ ի՞նչ խնդիրներ լուծեցին երիտթուրքական եւ քեմալական իշխանութիւնները:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Ունեզրկելով մի ամբողջ ժողովրդի, տիրանալով նրա՝ դարերի քրտինքով եւ տքնութեամբ ստեղծուած ունեցուածքին՝ երիտթուրքական եւ քեմալական իշխանութիւնները յետագայում կարողացան լուծել երկրին եւ իրենց ազգային անվտանգութեանը սպառնացող բազմաթիւ հարցեր: Նախ՝ հայերի ինչքերի եւ կալուածքների կողոպուտի հաշուին երիտթուրքական իշխանութիւնները լցրեցին պետական գանձարանը: 1914-1918 թթ. օսմանեան պետական բիւջէն, հակառակ պատերազմական ծանր պայմաններին, աննախադէպ աճ է արձանագրել: Անգլիական հետախուզութեան տուեալների համաձայն՝ թուրքական իշխանութիւնները հայերից բռնագրաւած գումարների հաշուին հոգացել են պատերազմական մեծագումար ծախսերը եւ վճարել արտաքին պարտքերի զգալի մասը:
Բնաջնջելով եւ բռնի տեղահանելով արեւմտահայութեանը՝ երիտթուրքական եւ քեմալական իշխանութիւնները տնտեսական ասպարէզից վերացրին իրենց հզօր մրցակցին, նրանց ունեցուածքի իւրացումով ստեղծեցին ազգային կապիտալ: Հայերի տնտեսութեան ոչնչացումը դարձաւ թուրքական տնտեսութեան զարգացման հիմքը: Այսօր թուրք պատմաբաններն անգամ հաստատում են, որ ժամանակակից Թուրքիայի տնտեսութիւնը գրեթէ ամբողջապէս յենուած է հայերից բռնագրաւուած ունեցուածքի վրայ:
Հայկական հարստութիւնը թուրքերին փրկել է նաեւ հանրապետական շրջանում: Ֆինանսների նախարարութիւնում պահուող՝ հայերից կողոպտուած գումարները թուրքական իշխանութիւնները բազմիցս օգտագործել են երկիրը տնտեսական տագնապներից դուրս բերելու նպատակով:
Աւելին՝ Մուստաֆա Քեմալի գլխաւորած ազգայնական շարժումը ֆինանսաւորուել է հայերի ունեցուածքի կողոպուտով հարստացած թուրք եւ քուրդ կալուածատէրերի, առեւտրականների, արդիւնաբերողների, զինուորականների եւ հասարակական գործիչների կողմից: Նրանք ֆինանսաւորել են նաեւ բանակից դուրս գործող աւազակախմբերին, որոնք ազգայնական շարժման հիմնական ուժն էին: Ուրեմն՝ քեմալական շարժումը, որի արդիւնքում 1923 թուականի Հոկտեմբերի 29ին ստեղծուեց Թուրքիայի Հանրապետութիւնը, կրկին հայկական ունեցուածքի հաշուին էր: Այնպէս որ՝ Թուրքիայի Հանրապետութիւնը զերծ չի կարող մնալ նիւթական պատասխանատուութիւնից:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ե՞րբ էք նախատեսում գրքի հրատարակումը:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Գրքի հրատարակութեան համար բարերարի կարիք ունեմ: Այն գրեթէ պատրաստ է հրատարակութեան, սակայն առայժմ նման բարերար չեմ գտել: Ուսումնասիրութիւնը, գիտական նշանակութիւնից բացի, խնդիր ունի արծարծուող նիւթի հանրահռչակման, հետեւաբար՝ նախատեսում ենք աշխատութիւնը յագեցնել օսմանեան տէրութեան մէջ հայ կապիտալը ներկայացնող բազմաթիւ պատկերներով եւ փաստաթղթերով: Գրքում կը ներառուեն թուրքերի կողմից իւրացուած՝ հայերին պատկանող մանուֆակտուրաների (արտադրական գործարաններու-Խմբ.), գործարանների, ֆաբրիկաների, վաճառատների, խանութների, հիւրանոցների, պահեստների, շէնքերի, տների լուսանկարներ, հայերի տնտեսական գործունէութեան մասին քսաներորդ դարի սկզբներին հայկական մամուլում տպագրուած գովազդների պատկերներ: Կը ներկայացուեն նաեւ հայերի աւանդները իւրացրած Օսմանեան կայսրութիւնում գործած օտար ապահովագրական ընկերութիւնների եւ դրամատների գովազդներ, հայերի ունեցուածքի կողոպուտի մասին վկայող նորայայտ վաւերագրեր:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ըստ ձեզ՝ ի՞նչ նշանակութիւն ունի այս խնդրի ուսումնասիրութիւնը:
ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԵԱՆ.- Օսմանեան կայսրութիւնում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի ունեզրկման գործընթացի ուսումնասիրութիւնն ունի ոչ միայն գիտաճանաչողական, այլեւ՝ արդիական-քաղաքական կարեւոր նշանակութիւն: Հայ-թուրքական յարաբերութիւնների ողբերգական անցեալի խնդիրների՝ քաղաքակիրթ եղանակով հանգուցալուծումն առնուազն ենթադրում է Թուրքիայի Հանրապետութեան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչում եւ հայերի ունեցուածքի վերադարձ կա՛մ վնասի դրամական փոխհատուցում՝ Ցեղասպանութեան զոհերին եւ նրանց ժառանգներին: Մեծ եղեռնի 100ամեակին ընդառաջ՝ անհրաժեշտ է ամփոփել ու ամբողջացնել Հայոց պահանջատիրութեան նիւթական-ֆինանսական կողմը: Յուսամ՝ այս գրքի տպագրութիւնից յետոյ կը մեծանայ սոյն թեմայի շուրջ հետաքրքրութիւնը, եւ նոր ուսումնասիրութիւններ կ՛արուեն այս խնդրի վերաբերեալ: Օսմանեան կայսրութիւնում հայերի ունեզրկման առարկայական պատմութիւնը կարող է հիմք դառնալ նրա իրաւաժառանգորդ Թուրքիայի Հանրապետութեան դէմ դատական հայց պատրաստելու համար:
«ԱԿՈՒՆՔ»









