Ցեղասպանութեան Հետքերը Մեջլիսի Արձանագրութիւններում


ՍԵՐԴԱՐ ՔԱՅԱ

Այսօր իմ սիւնակում մէկ այլ յօդուած էր տեղ գտնելու, որում այն երեք ճշմարտութիւններն էի ներկայացնելու, որոնց մասին առանձնապէս տեղեակ չեն Թուրքիայում:

1. Երբ Թուրքիայում, ցեղասպանութիւն են ասում, թէեւ մարդկանց միտքն անմիջապէս 1915ն է գալիս, սակայն 1914-1922 թթ. ընդգրկող ժամանակաշրջանում որպէս թիրախ են ընտրուել ոչ միայն հայերը, այլ նաեւ՝ բոլոր քրիստոնեայ խմբերը:

2. 1914 թ. գարնանից մինչեւ 1922 թ. Թուրքիայում հայերից բացի ցեղասպանութեան են ենթարկուել նաեւ շուրջ մէկ միլիոն օսմանահպատակ յոյներ եւ ասորիներ: Այս երկու էթնիկական խմբից բազմաթիւ կանայք ենթարկուել են բռնութեան, կանայք, որոնց թիւը յայտնի չէ: Այդ անձանց ունեցուածքը (Ջելալ Բայարի իշխանութեան տարիներին) բաժանուել է մուսուլմանների միջեւ:

3. Այդ իրադարձութիւնները առաջին իսկ տարիներից սկսած նկատուել են աշխարհի կողմից, արտացոլուել պարբերականներում եւ մեծ արձագանգ ստացել: Ցեղասպանութեան ուսումնասիրութիւնների ոլորտում մասնագիտացած աշխարհի գիտնականների մեծ մասն այսօր ցեղասպանութիւն է համարում նաեւ յոյների եւ ասորիների հետ կատարուած դէպքերը: Ինչ վերաբերում է այն համեմատաբար փոքր խմբին, որը տուեալ իրադարձութիւնները չի որակում որպէս ցեղասպանութիւն, այդ խումբը եւս միւսներից տարբերուող կարծիք չունի կոտորածների, բռնութիւնների եւ ունեցուածքի զաւթումների վերաբերեալ:

«Սա՞ որտեղից յայտնուեց»

Լաւ, իսկ ինչո՞ւ չգրեցի, եթէ դրանց մասին էի գրելու: Հարցին քաջատեղեակ անձանց համար, անշուշտ, ոչ մի բան չէր փոխուելու: Իսկ հարցից անտեղեակները հակազդեցութիւն էին ցուցաբերելու՝ «Սա՞ որտեղից յայտնուեց» կա՛մ էլ «Տեսնենք՝ ուրի՞շ ինչեր էք յօրինելու» ասելով, ինչպէս որ եղաւ, երբ նրանք առաջին անգամ լսեցին 1915ի, Դերսիմի, Մուստաֆա Քեմալի աշխատավարձի եւ ունեցուածքի մասին:

Երկրի պատմութեան մասին իրականութեան առումով գաղափար անգամ չունեցող անձանց՝ «Եթէ ճիշտ լինի, մենք էլ անպատճառ կ՛իմանայինք» ենթադրութեամբ ցուցաբերած հակազդեցութիւններին դիմելը բոլորովին էլ հաճելի զբաղմունք չէ անշուշտ: Այդ պատճառով էլ որոշեցի յետաձգել այդ յօդուածս եւ այս շաբաթ ընթերցողներին ներկայացնել մի փաստաթուղթ, որը ցոյց է տալիս, որ նման բաները նոր չեն ի յայտ եկել, ամէն բան ի սկզբանէ յայտնի է եղել, սակայն քանի որ երկրի մակերեսը ծածկող 87 տարուայ մշուշը դեռ նոր-նոր է սկսել ցրուել, դրանց մասին այլեւս հնարաւոր է ընթերցել նաեւ թերթերում:

Սոյն փաստաթուղթը մի հարցապնդում է, որը մեր 3 ոչ մուսուլման պատգամաւորների կողմից 1918 թ. Նոյեմբերի 2ին յղուել է օսմանեան խորհրդարանի պատգամաւորների պալատին եւ 2 օր յետոյ ընթերցուել եւ արձանագրուել: Ստորեւ ներկայացնում եմ հարցապնդման ամբողջական տեքստը: Տեքստում առկայ շեշտերը, պարզեցումներն ու փակագծերում արուած արտայայտութիւններն ինձ են պատկանում: Հարցապնդման չպարզեցուած տարբերակը կարելի է գտնել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կայքէջում՝ http://j.mp/meclis1918:

Փաստաթղթի տեքստը (բնագիրը-Խմբ.)

«Այդընի պատգամաւոր Էմանուէլ Էմանուէլիդի էֆենդու՝ նախկին կառավարութեան գործադրումների վերաբերեալ նոր կառավարութեանը յղուած հարցապնդումը:

ՆԱԽԱԳԱՀ- Կա՛յ մէկ հարցապնդում եւս, որը հաղորդուել է կառավարութեանը: Ընթերցել եմ տալիս.

«Ինչպէս որ ձեզ յայտնի է, երկրում 5 տարի շարունակ պատմութեան մէջ նախադէպը չունեցած բազմաթիւ ցաւալի դէպքեր են եղել՝ կառավարութեան գործադրումների անուան տակ:

1. Հայ ժողովրդին պատկանելուց բացի ուրիշ ոչ մի մեղք չունեցած մէկ միլիոն բնակչութիւն՝ կանայք ու երեխաներն էլ ներառեալ, սպանուել եւ ոչնչացուել է:

2. Առնուազն 4 դար շարունակ երկրում իրական իմաստով քաղաքակրթութեան տէրը եղած յոյն հպատակներից 250 հազար հոգի վտարուել են Օսմանեան կայսրութեան սահմաններից, իսկ նրանց ունեցուածքը՝ բռնազաւթուել:

3. Պատերազմից յետոյ (1918ից) 550 հազար յոյն բնակիչներ էլ սպանուել ու բնաջնջուել են Սեւ ծովի, Դարդանելի նեղուցի, Մարմարա ծովի, Իշխանաց կղզիների ափերին եւ շրջակայքում, իսկ նրանց գոյքը՝ զաւթուել:

4. Ոչ մուսուլմաններին երկրում արգելուել է առեւտրով զբաղուել, եւ քանի որ առեւտուրը դարձել է ուժ եւ ազդեցութիւն ունեցող մարդկանց մենաշնորհը, ազգի գրեթէ բոլոր ներկայացուցիչները կողոպտուել են:

5. Պատգամաւորներից Զօհրապն ու Վարդգէսը ոչնչացուել են: (Այս երկու հայ պատգամաւորները 1915ին ձերբակալուելուց եւ աքսորուելուց յետոյ սպանուել էին մահուան ճամփորդութեան ժամանակ):

6. Ազնուական արաբ ժողովրդի հանդէպ ցուցաբերուած վատ վերաբերմունքը այսօրուայ աղէտների նախապատճառն է:

7. Տեղիք են տուել, որպէսզի զօրահաւաքի պատրուակով կազմուած բանուորական գումարտակների անդամներից 250 հազար հոգի ոչնչանան՝ սովի եւ ունեզուրկ լինելու պատճառով:

8. Անտեղի ներքաշուել են Առաջին աշխարհամարտի մէջ, եւ այդ տարաբախտ պատուին հասնելու համար երկրի մի մասը յանձնուել է բուլղարացիներին:

Ի՞նչ տեղեկութիւններ ունի կառավարութիւնը յանցագործների մասին: Ի՞նչ է մտածում նոր կառավարութիւնը սոյն խնդրի էութեան մասին եւ ե՞րբ է սկսելու միջոցներ ձեռնարկել: Նոր կառավարութեանը հարցում ենք անում յիշեալ կէտերի վերաբերեալ:

1918 թ. Նոյեմբերի 2

Այդընի պատգամաւոր Էմանուէլիդի

Չաթալջայի պատգամաւոր Թոքինիդիս

Իզմիրի պատգամաւոր Վանգել»

Աղբիւր՝ Օսմանեան խորհրդարանի պատգամաւորների պալատի արձանագրութիւնները, հատոր առաջին, 3րդ նստաշրջան, նիստի ամսաթիւը՝ 1918 թ. Նոյեմբերի 4, Երկուշաբթի, 11րդ գումարում, 109:

http://www.taraf.com.tr/serdar-kaya/makale-meclis-zabitlarinda-soykirim-izleri.htm

Թարգմանեց Մելինէ Անումեանը

«ԱԿՈՒՆՔ»

Leave a Reply