ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆԻ ՀԵՏ


Նարինէ Շահպազեան Մայիս 20ին Հանդէս Պիտի Գայ Իւրայատուկ Ծրագրով

«ԱՍՊԱՐԷԶ».- Նարինէ Շահպազեան երգչուհի-արուեստագէտը բնութագրելու մեր փորձին ինչպէս կրնաք օգտակար ըլլալ: Ի՞նչ են անոր ձայնային առանձնայատկութիւնները, անոր երգացանկի իւրայատկութիւնը:

ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆ.- Լիահնչիւն, իւրօրինակ տեմբերով եւ նրբերանգներով հարուստ ձայն, մեծ ճաշակ, արտաքին, անթերի, բարձրաճաշակ բեմական վարպետութիւն, բացառիկ կազմակերպչական ջիղ, նրբաճաշակ, նորաձեւ եւ կանանց դասին պատկանող. սա է Նարինէ Շահպազեանը:

Համամարդկային հազուագիւտ յատկանիշները դրսեւորելու համար երգչուհուց չի պահանջւում ուժերի լարում, ինչպէս ինքն է բեմականօրէն բնական, անկաշկանդ իր արուեստում, իր շարժուձեւում, նոյնքան էլ անկաշկանդ է նրա հաղորդակցութեան ձեւերը ունկնդիր հասարակութեան հետ: Նարինէ Շահպազեանի բոլոր ընտրած երգերը բարձրարժէք եւ բարձր կատարողականութեամբ մատուցելու կուլտուրա եւ հզօր ձայնով են օժտուած: Նարինէ Շահպազեանը հանդէս է գալիս ժողովրդի ամենատարբեր խաւերի առջեւ: Ունկնդիրների յուզմունքը, ոգեւորութիւնը, որով ընդունւում են նրա ելոյթները վկայում են ոչ միայն Նարինէի կատարման բարձր մակարդակի, այլեւ կատարուած երգերի ոճի մաքրութեան եւ հարազատութեան մասին:

«ԱՍՊԱՐԷԶ».- Հայ երգն ու հայ արուեստագէտը, յատկապէս երգիչը, ի՞նչ մարտահրաւէրներ կը դիմագրաւէ ձեր կարծիքով այստեղ, մեր համայնքի մէջ, Սփիւռքի մէջ եւ հայրենիքի մէջ:

ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆ.- Տարիներ առաջ, սկաւառակ կամ ձայներիզ լոյս աշխարհ բերելը համարւում էր մի շատ հաճելի պահ երգչի կեանքում: Դա մի ուրախութիւն էր, դա պատիւ էր համարւում, երբ երգիչն ինքն իրեն ներկայացնում էր սկաւառակով՝ հայ ժողովրդին, մեր համայնքին, Սփիւռքի տարբեր գաղթօջախներում, մինչեւ անգամ Հայրենիքում: Ինչու ոչ, դա նաեւ ինչ-որ մի միջոց էր, երբ ապահովում էիր ապրուստդ, գոյատեւելու եւ ստեղծագործելու միջոցդ: Իսկ հիմա այդ մասին կարող ես միայն երազել: Այդ երազը, ինչպէս բոլոր այլ երազները կ՛ունենան վախճան, ինչ որ վերջանում է, դրան փոխարինում են շատ ուրիշ նորութիւններ, կեանքը ընթանում է առաջ: Հիմա ստեղծուել են կայքի հնարաւորութիւններ, երգը, տեսահոլովակը դիտում եւ ունկնդրում են կայքից, հեռուստատեսային բազմաթիւ կայանները հնարաւորին չափով գովազդում են Հայաստանի նորելուկ աստղերին, որոնք պիտանի էլ չեն մեր երգարուեստին, ուր մնաց մեր արժանապատուութեանը, հայի արժանապատուութեանը, երբ բեմի վրայ ռռռռռ ձայներ են արձակւում տարբեր եղանակների տակ եւ այդպիսով գտնում հովանաւորներ, որոնք էլ զբաղւում են նրանց չուերթով Երեւանից Լոս Անջելես, կազմակերպում ինչ որ «համերգիկներ», աշխատում համապատասխան գումարներ եւ դրանով մեզ՝ այստեղ ապրող երգիչներիս կամ արուեստագէտներիս անտեսում: Ինչպէս կարող ես գոյութիւնդ ապահովել, երբ չորս կողմը գրաւել են ոչ արժանավայել բեմի տուրիստներ: Ով որ ուժեղ է դեռ կը պայքարի եւ կը գոյատեւի, իսկ եթէ ոչ՝ կը կորչես կը մոռացուես: Ո՞վ քեզ կը բարձրացնի ընկած վիճակում, ոչ ոք, դու ինքդ քեզ:

«ԱՍՊԱՐԷԶ».- Մայիսին կը կազմակերպէք ձեռնարկ մը: Ուրկէ կու գայ այսպիսի մեծ ձեռնարկ կազմակերպելու ձեր խիզախութիւնը, ինքնավստահութիւնը: Ո՞վ կ՛օգնէ ձեզի:

ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆ.- Այո, մօտենում են օրերը եւ պիտի տեղի ունենայ շատ յատուկ, տեղաբնիկ հայկական երգերի եւ պարերի իւրայատուկ երեկոյ: Հնչելու են մեր հին աւանդական երգերը, կը հնչեն չլսուած, մեզ ոչ ծանօթ երգեր, որոնք պահպանուել են հին օրերից եւ դրանք մշակուել են Հայրիկ Մուրադեանի կողմից: Այդ երգերը թեմատիկայի տեսակէտից չափազանց բազմազան են. դրանք հարուստ աղբիւրներ են ժողովրդի կեանքի ու կենցաղի մասին, բազմապիսի գիտա-ազգագրական տեղեկութիւններ պարունակող ուսումնասիրական նիւթեր են պարունակում: Այդ երգերը, որոնք ներկայացուելու են իրենց համապատասխան տարազներով, իրենցից ներկայացնում են բանահիւսական, ազգագրական ու պատմագրական արժէք: Տարազների ընտրութեան մէջ ինձ օգտակար եղաւ Քնարիկ Ներսիսեանը, որին յատուկ շնորհակալութիւններս պիտի ուղղուեն մեծ բեմից: Համերգային երգերի գերակշռող մասը Վասպուրականին է պատկանում: Սակայն հնչելու են նաեւ երգեր, որոնց ծագումը ստոյգ տուեալների համաձայն կապուած է այլ վայրերի հետ: Իմ նպատակը այս կամ այն երգի ծագման վայրը ճշդելը չէ: Կարեւորն այն է, որ այդ երգերը լայնօրէն տարածուած են եղել Վասպուրականում, Մոկաց աշխարհում եւ մասնաւորապէս Շատախում եւ բնութագրում են այդ վայրերի երաժշտական կենցաղը: Այդ օրը ինձ հնարաւորութիւն կը տրուի այդ բոլոր երգերը կրկին վերադարձնել ժողովրդին:

Այս ձեռնարկը իրականացնելու համար պէտք է ասեմ, որ ես արդէն աշխատում եմ երկար (կարող եմ ասել 2011 թուականից). շատ ջանք ու եռանդ է պահանջում այս գործի իրականացումը: Ինձ միացան իմ լսողները, որոնք հաստատուել են ԱՄՆ տարբեր աշխարհներից՝ Հայաստանից, Լիբանանից, Պարսկաստանից, Իրաքից, Հալէպից, Եգիպտոսից, Ռումինիայից, բայց հայ քոյրեր եւ եղբայրներ, որոնցով ես հպարտանում եմ եւ շնորհակալութեամբ հանդէս կը գամ՝ նրանց անունները բարձրաձայն տալու մեծ բեմից: Ինձ օգնում է հայ ժողովուրդը, հպարտօրէն է օգնում, ամէն մէկ հայոց որդի իր հնարաւորութիւններով թեւ է տալիս իմ երգին: Ես խորապէս շնորհակալ եմ նրանց: Ես՝ հայ երգչուհիս, իմ նուիրական զգացմունքները, յոյզերն ու ապրումները, հայ ժողովրդի հանդէպ տարած խոր յարգանքն ու երախտագիտութիւնը արտայայտում եմ իմ երգով, որ բխում է սրտի խորքից, որ սրտեր է որոնում, որ սիրոյ մրմուռ է տանում, կարօտի ճիչ սպասում: Երգերիս կատարումները ինքնին ապացոյց են իմ խորը յարգանքի ու սիրոյ, որ տածում եմ հարազատ ժողովրդի հանդէպ: Շնորհակալութիւն ձեզ իմ երգիս հովանաւորներ, ձեր շնորհիւ եւս մէկ անգամ կ՛իրականանայ այս հիանալի մեծ, ազգօգուտ միջոցառումը: Հրաւիրում եմ Մայիսի 20ին երեկոյեան ժամը 6ին Եունիվերսալ Շերատօն Պանդոկ: Բոլորիդ, բոլորիդ, բոլորիդ:

«ԱՍՊԱՐԷԶ».- Բացի երգարուեստէն ի՞նչ հետաքրքրութիւններ ունիք:

ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆ.- Երբեմն մտածում եմ, արդեօք ինչ հետաքրքրութիւն ունեմ ես կեանքում բացի իմ երգից: Նախ անդրադառնանք իմ երգարուեստին, որը որ չի եղել ինձ համար հետաքրքրութիւն, դա եղել է իմ կեանքի ուղեկիցը, եղել է եւ կայ իմ ընկերը տխուր ու ուրախ պահերին, անբաժան, անդաւաճան ընկեր է համարուել, ապրել եւ ապրում է մինչեւ այսօր, մինչեւ այս պահը՝ ինձ հետ տխրութիւն եւ բերկրանք կիսելով: Ուրեմն երգը չի կարող համարուել իմ հետաքրքրութիւնը: Կարծում եմ, որ հետաքրքրութիւնները առաջանում են կեանքի ընթացքում, երբ զարգացման աստիճաններ ես ձեռք բերում եւ այդ ընթացքում ըմբռնում ես որն է եւ ինչն է քեզ հետաքրքիր: Շատ հետաքրքրական պահեր ունեցել եմ, փորձել եմ ուժերս ներդնել եւ ստեղծել ինձ համար ճանապարհներ, որոնք տանում են «իբրեւ թէ» դէպի հետաքրքրութիւններս: Բայց հասկացել եմ, որ մարդն անզօր է բնութեան առջեւ եւ բնութիւնն է որ որոշում քո հետաքրքրական ուղին: Մինչեւ այս տարիքս շատ եմ ճամփորդել, փնտռելով ինչ որ երազանքների իրականացում, սակայն ապարդիւն: Փորձել եմ ուժերս թատրոնի եւ կինոյի ասպարէզում, երիտասարդ տարիքում ուժերս ներդրեցի մոդելային գործակալութեան հետ աշխատելով, փորձեցի հետաքրքրութիւններ գտնել սիրոյ մէջ, ստեղծեցի բաւականին կտաւներ՝ ներդնելով իմ ներաշխարհը (մօտ վաթսուն), ուժերս ներդրել եւ մինչեւ հիմա ներդնում եմ որդուս եւ դստրիկիս դաստիրակութեան մէջ, որոնց մեծացրեցի «միայնակ մայր» լինելով: Միթէ սրանք մեր ձեռքերով ստեղծուած «հետաքրքրութիւններ չեն: Ի հարկէ այո:

Ուրեմն մենք ենք ստեղծում մեր ճանապարհները, ժամանակաւոր հետաքրքրութիւնները եւ դա տալիս է մեզ հիանալի առիթ. յայտնաբերում ես ինքդ քեզ ամէն վայրկեան, ամէն րոպէ ու ամէն օր եւ առաջնորդւում ես քո կեանքի ընտրած՝ արդէն գծուած ճանապարհով, որն ի վերուստ տրուած է քեզ բարձրեալից, այն ճանապարհով, որը միակն է: Հետաքրքրութիւնները առաջանում են քայլելով այդ ճանապարհով, ուղղակի մի փոքր կանգ ես առնում, հանգստանում ես, բայց միեւնոյնն է, շարունակում ես քայլել, թողնել ամէն ինչ քո ետին: Այդ պատճառով է որ կոչւում է «անցած ճանապարհ», ինչ ես թողնում, ինչ ես թողնելու ճանապարհիդ: Երբեմն ես մտածում եմ, արդեօք ինչ հետաքրքրութիւն ունեմ ես կեանքում բացի իմ երգից:

Երեւի շատ շատ ու շատ հետաքրքրութիւններ, որոնց արդեօք կը հասցնեմ հանդիպել, մի գուցէ նրանք ինձ են սպասում, դեռ իմ առջեւում են, եւ դեռ շատ բան ունեն ինձ պատմելու: Ես կը լսեմ նրանց պատմութիւնները, կանգ կ՛առնեմ մի պահ, բայց ոչ յաւերժ, որովհետեւ իմ ճամբաներում թողնում եմ ես մի բառ, չասուած մի բառ «սիրում եմ քեզ»:

«ԱՍՊԱՐԷԶ».- Սկսնակ երգիչի մը ի՞նչ խորհուրդ կու տայիք այսօր:

ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆ.- Սկսնակ երգիչները այնքան էլ իրենց նորելուկ չեն զգում, որովհետեւ այսօրուայ նորելուկները իրենց համարում են «յայտնի աստղեր» եւ նրանց խորհուրդ տալը շատ անիմաստ է, մանաւանդ ով է հիմա հաշուի առնում վաստակած երգչի խորհուրդները: Նորելուկները չեն էլ յիշում, թէ ովքեր են անցել այս հայոց բովերով, փորձել միշտ բարձր պահել հայ բեմը, լինի դա երգարուետի կ՛ամ թատերական արուեստի մէջ, այնպէս որ առանց իմ խորհրդի էլ նորելուկը արդէն super star է:

«ԱՍՊԱՐԷԶ».- Ի՞նչ պատգամ ունիք փոխանցելու մեր ընթերցողներուն:

ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆ.- Նախ խորապէս շնորհակալութիւն եմ յայտնում իմ հայրենակից ընթերցողին, որ ժամանակ տրամադրեց եւ ծանօթացաւ այս հարցազրոյցի հետ: Շատերը կարդում են շատ նախանձով լցուած, շատերը՝ լցուած սիրով, ուրախ են մեր յաջողութիւնների համար, շատ շատերն էլ ուղղակի թերթում են իրենց թերթի օրը, ծանօթանալով այս կամ այն իրադարձութիւնների հետ: Բայց ինչ էլ որ անում է ընթերցողը, միեւնոյնն է կարդում է հայերէն, դա արդէն ուրախալի է ինձ համար: Մենք պիտի չմոռանանք , որ հայութիւնը պահպանելու համար նախեւառաջ պէտք է գրել եւ կարդալ հայերէն, եւ դա փոխանցել մեր գալիք հայոց սերունդներին, հայրենիքից շատ հեռու ապրողներին: Թող նրանք մեծանան, ժառանգեն մեր Արարատ լեռը, ժառանգեն արեւը, այն մշտական արեւը, որի շողերի տակ ապրել, ապրում է եւ յաւերժ կ՛ապրի հայ երգն ու ժողովուրդը:

1 Response

for “ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԵՐԳՉՈՒՀԻ ՆԱՐԻՆԷ ՇԱՀՊԱԶԵԱՆԻ ՀԵՏ”

  1. Anush says:

    Interview with Narine Shahbazian? Vay, Asbarez, vaaaaaay!!

Leave a Reply