Թակարդ Քոչարեանի Համար, Կամ՝ Ճշմարտութեան Պահը
ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ
Երբ քրէական հետապնդում է սկսւում նախկին արտգործնախարարի, ներկայ պատգամաւորի նկատմամբ, անկախ իրաւական բաղադրիչից, միշտ լինում է նաեւ քաղաքական ենթատեքստ: Առաւել եւս, երբ հետապնդումն սկսւում է ԱԺ ընտրութիւններից յետոյ եւ նախագահականից առաջ:
Եթէ խնդիրը միայն քրէական յանցագործութեան բացայայտումը լինէր, ապա Վարդան Օսկանեանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս»ի շուրջ յարուցուած քրէական գործը՝ այն էլ նման ծանր մեղադրանքներով, կարող էր նաեւ աւելի վաղ սկսուել: «Սիվիլիթաս»ը գործում է 2008ից, եւ ԱԱԾ (Ազգային անվտանգութեան ծառայութիւնը-Խմբ.) նաեւ չէր կարող չիմանալ, որ Օսկանեանը, որպէս «Սիվիլիթաս»ը պահելու միջոց, օգտուել է նաեւ Հանթսմանի եւ նրա հիմնադրամի հետ նախկին նախագահի եւ նրա վարչակարգի ունեցած կապերից: Եւ եթէ ապօրինի գործարքներ են եղել, ապա ստացւում է, որ առաջին հերթին ԱԱԾն ինքն է աչք փակել այդ ամէնի վրայ եւ յանցաւոր անգործութիւն ցուցաբերել:
Հանթսմանի հետ կապերի մասին Օսկանեանի գործի շրջանակներում տեղեկատուական արտահոսք թոյլ տալով՝ ԱԱԾն փորձում է ցոյց տալ նաեւ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարեանի հնարաւոր կապը այս ամէնի հետ: Եթէ այդպէս է, ապա սա Քոչարեանին կաշկանդելու համար է արւում: Այս իմաստով իշխանութիւնը Քոչարեանին բարդ երկընտրանքի առջեւ է կանգնեցնում, եւ ահա թէ ինչու:
Օսկանեանն ակնյայտօրէն ԲՀԿի ամենախոցելի կողմը չէր: Վերջինս խոցելի էր ոչ միայն Գագիկ Ծառուկեանի, այլեւ նրա կուսակցութիւնում հանգրուանած մի քանի մանր ու միջին օլիգարխների բիզնես շահերով, ինչպէս նաեւ պատեհապաշտների ու կարիերիստների այն ահռելի բանակով, որոնք այս ամբողջ ընթացքում հմտացել են միայն ճամբարափոխութեամբ արեւի տակ իրենց յարմարաւէտ տեղը գտնելու գործում:
Բայց իշխանութիւնը ոչ թէ այդ շրջանակի դէմ ուղղեց իր ռեսուրսները, այլ կոնկրետ մէկ մարդու, որը, լինելով ընդգծուած քաղաքական գործիչ, հսկայական ազդեցութիւն ունէր կուսակցութեան վրայ ու իրենով էր մարմնաւորում՝ ԲՀԿի քաղաքական դիմագիծ որդեգրելու գործընթացը: Իշխանութիւնը անուղղակի հէնց Օսկանեանին է մեղադրում այն բանում, որ ԲՀԿն հրաժարուեց կոալիցիա կազմել ՀՀԿի հետ եւ մտավախութիւն ունի, որ նրա անվերահսկելի հրապարակային գործունէութիւնը կարող է ընդհանրապէս յանգեցնել ԲՀԿն կորցնելուն: Դրա համար էլ օպերացիան (գործողութիւնը-Խմբ.) իրականացւում է ոչ թէ ԲՀԿի, այլ նրա «կոյր աղքիը» հեռացնելու համար, որը սկսել էր «թունաւորել» ողջ օրգանիզմը: Պատահական չէր, որ քրէական գործը յարուցուեց հէնց կոալիցիա չկազմելու մասին Ծառուկեանի յայտարարութեան յաջորդ օրը, եւ վարչակարգը, այլ ելք չունենալով, փաստօրէն, անցաւ կոնկրետ կանխարգելիչ միջոցառումների:
Գագիկ Ծառուկեանը, թերեւս, վաղօրօք գիտեր՝ ինչ դամոկլեան սուր է կախւում Օսկանեանի գլխին: Քրէական գործի յարուցման մասին վերջինիս յայտարարութիւնից երկու օր առաջ տետ-ա-տետ (գլուխ-գլխի-Խմբ.) ռեժիմով նա հանդիպում էր ունեցել վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ, եւ վերջինս չէր կարող տեղի ունեցող գործընթացների մասին չտեղեկացնել խորհդարանում մեծութեամբ երկրորդ խմբակցութիւնն ունեցող կուսակցութեանը:
Պատահական չէ, թերեւս, որ երբ ԱԱԾն հաստատեց քրէական գործի յարուցման փաստը եւ Օսկանեանին վերագրուող մեղադրանքները, ԲՀԿն ոչ մի յայտարարութեամբ հանդէս չեկաւ, թէեւ նախկին արտգործնախարարը ԲՀԿի երկրորդ դէմքն էր: Ընդհակառակը՝ ԲՀԿն պոչը քաշեց, որդեգրեց սպասողական կեցուածք: Սա կարող է նշանակել, որ Ծառուկեանը պատրաստ է Օսկանեանին յանձնելու տարբերակին, ինչը կարող է տեղի ունենալ այն դէպքում, եթէ Ծառուկեանը իր կամ կուսակցութեան ամբողջականութեան պահպանման տեսանկիւնից դա համարի չարեաց փոքրագոյն լուծումը:
Բոլոր սլաքները բացառապէս Օսկանեանի դէմ ուղելով՝ իշխանութիւնը ցոյց է տալիս, որ ԲՀԿն իրեն առայժմ պէտք է եւ այդ կուսակցութիւնը քայքայելու նպատակ չունի: Դրա փոխարէն առանցքային խնդիր է համարում ԲՀԿից Օսկանեանի գործօնի արագ չէզոքացումը: Բայց դա կախուած է նրանից, թէ ինչ շահագրգռութիւններ ունի Ռոբերտ Քոչարեանը: Այս օպերացիան սկսելով՝ իշխանութիւնը նպատակ ունի Ռոբերտ Քոչարեանին կանգնեցնել փաստի առաջ: Սա մի միջոց է՝ ստիպելու Քոչարեանին հէնց այս փուլում բացայայտելու իր խաղաքարտերը կամ նահանջելու:
Եթէ Օսկանեանը ԲՀԿում իսկապէս Քոչարեանի ժանդարմի (ոստիկանի-Խմբ.) գործառոյթն է իրականացնում, ու վերջինս չմիջամտելով ներկայիս զարգացումներին, հանդուրժում է կուսակցութիւնից Օսկանեանի գործօնի մեկուսացումը, որին կարծես թէ դէմ չէ հէնց Գագիկ Ծառուկեանը, ապա ոչ միայն կորցնում է իր գործօնը ԲՀԿում եւ այս կուսակցութեանը՝ իբրեւ յենարան, այլեւ խաչ է քաշում նախագահական ընտրութիւնների հետ կապուած իր պլանների (ծրագիրներու-Խմբ.) վրայ:







