Ներքին Կարմրաղբիւր. Չինարի. Մովսէս. Սահմանամերձ Կեանք
ԼՈՒՍԻՆԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄՐԱՂԲԻՒՐ
«Մենք սահմանամերձ չենք, մենք սահմանապահ ենք», ասում է Կարմրաղբիւրի մտաւորականը՝ հայոց լեզուի ուսուցիչը:
Երբ տեսախցիկով լրագրողը բացեց մանկապարտէզի դուռը, երեք տարեկան տղան սոսկալի ծղրտոց արձակեց. «Մի կրակի, էլի»… Լրագրողի ուսին դրած սեւ տեսախցիկը երեխան հրացանի տեղ էր դրել՝ բոլոր ներկաները, նոյնիսկ նրանք, որ պատերազմ էին անցել՝ շփոթուել էին ու չէին կարողանում թաքցնել: Սա հէնց սարսափն է: Սարսափի հետեւանքը: Սարսափը ծղրտոցի տեսքով՝ իբր անպատերազմ կեանքում:
Ներքին Կարմրաղբիւրը դատարկւում է, շատ հասարակ պատճառով՝ մարդիկ ուզում են ապրել: Նոյնիսկ բոլորովին ոչ այնպէս, ինչպէս նրանք, ովքեր որոշում են սահմանամերձերի փոխարէն՝ նրանց կեանքի տեսակը, այլ շատ աւելի պարզ ապրել, բայց՝ ապրել: Օրինակ, հարցին՝ ինչո՞վ օգնենք, մի կին պատասխանեց «օգնի տանս մէջ գիշերը հանգիստ քնեմ, կարա՞ս»: Աւելի պարզ ցանկութիւն երեւի չի լինում: Ուզում են աշխատել, սնուել, հագնուել: Ամառային անթալիաների ու իսպանիաների մասին իրենք չեն երազում: Ուզում են ապրել:
Ներքին Կարմրաղբիւրը վերջին անգամ գնդակոծուել էր երեք օր առաջ: Գիւղն ունի ընդամէնը 125 աշակերտ: Տղամադիկ ծառայում են, զինուորական են, մնացածը չեն աշխատում, շատերը դուրս են եկել գիւղից:
Գիւղն ունի տարբեր մարդիկ եւ անպայման բանասիրական կր-թութեամբ հայերէնի ուսուցիչ, որն իր մտաւորականի կեցուածքով հասցրել է գիւղում չսիրուել: Բացառիկ մաքուր ու գեղեցիկ հայերէնով խօսող այս կինը ասում էր նախադասութիւններ, որոնցից ամէն մէկը յօդուածի վերնագիր էր, բայց յօդուածը չէր արդէն խնդիրը, որովհետեւ ամէն ինչ ծայրայեղ իրական էր: Ուսուցչուհին ասում է. «Սիրելիս, սահմանը միայն կրակելուց չեն յիշում», յետոյ ասում է. «Սահմանը պահելու համար կուսակցական կոնկուրենցիա (մրցակցութիւն-Խմբ.) չպիտի լինի», ասում է. «Մեր գիւղի ամէն վախից կակազող երեխայ հերոս է ու պէտք է պարգեւատրուի մարտական խաչով», «մահուան դատապարտուածին ասում են՝ ասա վերջին ցանկութիւնդ, ասում է՝ գարեջուր եմ ուզում: Գարեջուրը բերում են, սա սկսում է փչել վրայի փրփուրը, ասում են՝ ինչու ես փչում, պատասխանում է՝ առողջութեանը վնաս է: Մենք նման ենք էդ մարդուն: Մեզ համար ոչինչ իմաստ չունի, քանի դեռ ապրում ենք մեռնելու վտանգի մէջ»:
Խանութի վաճառողուհուն ասում եմ, եթէ տուն տան, կը գնա՞ս Կաթնաղբիւրից, ասում է՝ «քոյրիկ ջան, իմ թայ աղջիկ ես, ես էս տարի առաջին անգամ եմ դիւան կռեսլոյ (բազկաթոռ-Խմբ.) առել, թողեմ գնա՞մ, մի ամիս այ, որ վրեն նստում եմ»: Ասում եմ, բայց դրանք կարող ես տանել հետդ. պատասխանում է՝ «սիպտըկցրած պատերս էլ դէմ տանիլ». յետոյ ինձ հասակակից Նարգիզը պատմում էր , որ երեխաները որ քնում են, վերմակը բարձրացնում է ու ծածկում գլուխները, որ կրակոցի ձայները չլսեն ու չեն լսում: Նա գոհ է սեփական հնարամտութիւնից: Իսկ ցերեկը, ասում է, բարձրացնում եմ հեռուստացոյցի ձայնը: Նարգիզը չգիտի, որ ՀՀ նախագահը Մայիսի 4ին, մայրաքաղաքի մտաւորականութեան հետ հանդիպելիս «Մոսկուա» կինոթատրոնում ասել է բառացիօրէն հետեւեալը. «Ես մեծ պրոբլեմ (խնդիր-Խմբ.) չեմ տեսնում, երբ խօսում են լեռնային գիւղերի մասին. խօսում են դատարկուող գիւղերի մասին: Չգիտեմ, էդ պրոբլեմն ինչքան է ակտուալ, որովհետեւ մարդն ապրելուց (ապրելիս-Լ.Հ) լինի գիւղում թէ քաղաքում, ուզում է կեանքի համար լաւ պայմաններ, յարմարաւէտ պայմաններ: Եւ եթէ այսօր հարթավայրում կամ մօտիկութեամբ (մօտակայքում-Լ.Հ) կայ մի գիւղ, որտեղ ապրում է 5-6 հազար մարդ, որն ապահովուած է ոռոգման ջրով, խմելու ջրով, գազաֆիկացուած է, ինտերնետը հասանելի է, դպրոցները վերանորոգուել է, մանկապարտէզ կայ՝ ես կը նախընտրէի, որ 7 կմ. վերեւ ապրող 10-12 ընտանիքը իջնէր այդտեղ, այդ գիւղում ապրէր, մինչեւ ձեռներս կը հասնի այն վերեւի գիւղն էլ գազ քաշենք կամ դպրոց կառուցենք: Պրոբլոմներն այնքան շատ են, որ այդպիսի բաների մասին մտածելը դեռ շատ վաղ է: Այսինքն, եթէ Երեւանի գիւղը չի ջեռուցւում, մենք ինչ հնարաւորութիւն ունենք՝ գնանք սահմանամերձ գիւղում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մենք վեր կենանք գնանք ապրենք: Մենք պըտի կենսական պրոբլեմների մասին մտածենք առաջին հերթին»: Այս նախագահը պատերազմ է տեսել: Այս նախագահին վստահուած են երկրի ճակատագիրը, սահմանները, մարդիկ:
Մտնում եմ Կարմրաղբիւրի խանութ: Անկեղծ հարցնում եմ. «Եթէ ամէն ինչ էնպէս է, ինչպէս նկարագրում էք, մարդիկ ինչո՞վ են առեւտուր անում»: Նարգիզը ցոյց է տալիս պարտքերի տետրը: Ընդհանուր տետրի առաջին էջի վրայ գլխատառերով գրուած է. «վաեննիք», ասել է թէ՝ զինուորականները: Զինուորականների պարտքերն են: Վաճառողուհին նրանց փոխարէն արդարանում է. «Մինակ ուտելիք ընտանըմ՝ ոչ կօշիկ, ոչ շոր»: Փաստօրէն, սահմանին կանգնած պայմանագրային ծառայողը խանութից առեւտուր է անում պարտքով, տարածն էլ՝ միայն ուտելու բան:
Ինչ լաւ է, որ գոնէ չեն տեսնում գեներալների ամառանոցները:
Իսկ խանութի տէրը վաճառողուհուն խնդրում է. «Քեզ մատաղ, հինչ ուզում ես արա, ղաչանք արա, թող պարտքերս տան, աղջիկ եմ պսակում, փող ա հարկաւոր»: Այ էսպիսի սահմանամերձ յարաբերութիւններ: Իսկ մահը պտտւում է շուրջը, իսկ մահը չի նահանջում, իսկ ապրելու պայմաններ չկան:
Գիւղամիջում կանգնած խօսում ենք ու կանանցից մէկը ասում է «Երեք օր առաջ հէնց էս ժամին, այ որտեղ հիմա կանգնած ես՝ կրակում էին, «գիւլլան (փամփուշտը-Խմբ.) ընգաւ ստեղ»: Սա արդէն շօշափելի վախ էր: Ամօթ էր ցոյց տալ, որ մի քանի ժամով եկածիս համար թշնամու «գիւլլան» սարսափելի է, երբ իրենք գիշերը մահը գրկած են քնում: Բայց կարմրաղբիւրցի հասակակիցս հումոր (կատակախօսեց-Խմբ.) արեց. «Վախիլ մի, թուրքերը եկածներին խփում չեն»: Այ քեզ բան… էլի մահուան շուրջ հումոր, ինչպէս քսան տարի առաջ:
ՄՈՎՍԷՍ
Մովսէսում աւելի տխուր էր, մի տեսակ աւելի անտրամադիր, թէ՝ աւելի յուսահատ: Գիւղապետը սիրտ չունէր առանձնապէս երկար բարակ զրոյցների, ինքը մտահոգ էր, լուրջ, հասկացող: Ինքը գիտեր գիւղի փրկութեան ճանապարհը, բայց իր ձայնը լսող չկայ: Գիւղապետը ասում է, Մովսէսից հեռացած ունեւոր նախկին բնակիչներին համոզում է վճարել հարկերը, մանաւանդ որ իրենց համար դա խնդիր չէ, կամ՝ յանձնել հողը, ոչ էն են անում, ոչ՝ էն: Գիւղապետն ասում է, հարեւան ադրբեջանական գիւղերը, որոնք իրարից ահագին հեռու էին, հիմա էնքան են բարգաւաճել, բնակինչները քառապատկուել են, ու երկու գիւղերը համարեա միացել են իրար: Գիւղապետն ասում է, Ադրբեջանը միջոց չի խնայում սահմանամերձ գիւղերի համար: Գազաֆիկացուած են ու գազն անվճար է, ոռոգման ջրերի համար դիզելային շարժիչներ են դրել ու ոռոգման ջրեր ունեն միշտ ու անվճար, այն դէպքում, երբ խորհրդային ժամանակ ջուր չեն ունեցել:
Ի պատասխան գիւղապետի՝ ՀՀ նախագահին ուղղուած նամակի, նրան պատասխանել էին. «Ի պատասխան ՀՀ նախագահին ձեր գրութեան՝ հացահատիկահաւաք կոմբայնի (մեքենայի-Խմբ.) խնդրանքով, յայտնում եմ. ՀՀ Գիւղնախարարութեան 23.05.2012թ. վկ172624-12 գրութեամբ տեղեկացուել է, որ ներկայումս ՀՀ կառավարութիւնը միջոցներ է ձեռնարկում հանրապետութիւն հացահատիկահաւաք կոմբայններ ներկրելու ուղղութեամբ»: Այսքանը: Սա է սահմանամերձ գիւղի յոյսը՝ համար 172624-12 գրութիւնը:
Մովսէս գիւղն ունեցել է 1090 աշակերտ, հիմա 160 աշակերտ կայ Մովսէսում: 3000 բնակչից մնացել է 1300 բնակիչ: Չէ, միգրացիա (գաղթ-Խմբ.) ի հարկէ չկայ՝ բնաւ բայց եւ այնպէս…
Բոլոր երեք գիւղերում խօսում էին Բաբայեան ազգանունով մէկի մասին: Հարցրեցի՝ ով է, պարզուեց այդ մարդն ամէն տեղ մեզ հետ է եղել, բայց լուռ: Խօսում էին, որ անփոխարինելի հետախոյզ է եղել պատերազմի ժամանակ, որ բոլոր ադրբեջանցիները նրա մասին գիտեն, բայց միայն լսելով: Մովսէսի գիւղապետն էլ ասում էր, Բաբայեանի նման մադուն հերոսի կոչում է պէտք տալ, իսկ ինքը հող է մշակում: Խօսում էին, որ Զինուած ուժերից դուրս է եկել կամաւոր, ինչ որ խնդիր է ունեցել: Մօտեցայ, հարցնում եմ, ասում է՝ ես ոչ մի խնդիր չեմ ունեցել, խօսում է ցածրաձայն, ամաչելով, որ իր մասին առհասարակ խօսւում է: Հարցնում եմ, բա ինչի են ասում, թէ գնահատուած չէք. ասում է. «Ես գնահատուած եմ, ինձ պարգեւատրել են, մեդալներ ունեմ, ես գոհ եմ, ինձ համար հող եմ մշակում: Ասում եմ, Դուք գնդապետ էք, ասում է՝ չէ, մայոր եմ, ու համեստ-համեստ, ոչ թէ վախենում է խօսել, այլ չի դժգոհում, ինքը էդ ձորերի ամենաանվախն է ու գլուխ չի գովում, թէ քանիսին է սպանել, ոնց է արել ու չի ստիպում լսել սեփական փառքի հեռարձակումը:
Մովսէսում ամպեր էին հաւաքուել, մարդ չկար, ձայն չկար, սիրուն երեխաներ կային՝ սահմանապահ, կակազող երեխաներ:
ՉԻՆԱՐԻ
«Չինարին» 5 ժամ անընդհատ գնդակոծուել էր: Մարդիկ լարուած էին, զգօն էին, բայց էլի հումոր կար, էլի ձգուած ներվի (լարուած ջիղերու-Խմբ.) հաշուին ստեղծուած հումոր կար:
Հաւաքուել էինք գիւղի «Փրոմթովար» ցուցանակով խանութի մօտ: Մի քանի օր առաջ 150,000 դրամ հարկերի կանխավճար էին պահանջել խանութից՝ պատճառաբանելով, որ բիւջէն ճեղքուածք ունի: Հասկանում էք, չէ՞: Սա համարեա դիակապտութիւն է: Սահմանին, հակառակորդի դիրքերի դիմաց ծուարած այս գիւղի խանութից, որի ցուցանակից միայն «հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում կայ, ժանգոտած տառերով, խեղճուկրակ մի խանութից՝ գալիս են ու մեզ «անհասկանալի է թէ ինչպէս» ճեղքուածք տուած բիւջէի համար 150,000 դրամ են պահանջում:
Գիւղապետ Սամուէլ Սաղոյեանը կռուած ու մի ձեռքը վնասուած մարդ է, անիմաստ նախադասութիւններ չի հանդուրժում, խօսում էր ստոյգ, ունէր ճշգրիտ պահանջներ ու պատկերացումներ: Ասում էր գալու եմ Երեւան, Ազգային ժողովում ելոյթ ունենամ ամբիոնից, ասեմ կէտերով՝ ինչ անել: Կենսագրութիւն ունեցող այս ստոյգ տղամարդն ասում է, մինչեւ հիմա տաշտակի մէջ ենք լողանում, կինս ջուրը լցնում է՝ ես լողանում եմ:
Մտածեցի, որ օլիգարխիկ հարիւր սաունաների ու բաղնիքների փոխարէն Չինարին կը պահուէր, մի քանի ռեստորանով կը պահուէր՝ Մովսէսն ու Կարմրաղբիւրը:
Սահմանամերձ գիւղերը դատարկւում են: Չինարին ունեցել է 1860 բնակիչ, մնացել է հազարը: Սահմանամերձ գիւղերի մնացած բնակիչները ուզում են դուրս գալ: Երեխաները նեարդային եւ այլ խանգարումներ են ունենում: Գիւղերը քաղցած են, վատ հագնուած, կենցաղը՝ նախորդ դարի մակարդակի: Սահմանամերձ գիւղը երկրի մուտքն է: Հայրենիքը, երկրի հզօրներ, սկսւում է ոչ թէ Արգաւանդի ճանապարհի «Դոստոեւսկի», «Բալզակ», «Լիաննա» խաղատներից, այլ սահմանամերձ գիւղերից: Եթէ նրանք նահանջեն՝ կը մօտենայ ձեր սահմանամերձ լինելու օրը: Սահմանամերձ Այգեձոր գիւղում գիւղացիների պատմելով, ընտրութիւններից առաջ խոստացել էին գազ, 33 մլն. փոխհատուցում, կոմբայն՝ հանրապետականին տրուած 800 ձայնի դիմաց: Սա է հայրենասիրութիւնը իրական՝ առանց շպարի, առանց փողկապների, առանց փայլի:
Իսկ Չինարիի գիւղապետը կոնկրետ (յստակ-Խմբ.) պահանջներ ունի.
Սահմանամերձ գիւղերը պէտք է արտօնեալ լինեն, սահմանամերձ գիւղի բնակչից ոչ թէ հարկ է պէտք պահանջել, այլ վճարել նրան սահմանամերձ գիւղում ապրելու համար: Պահածոների գործարան է պէտք, որ իր հաւաքած բերքը կիսափչացած չհասցնի Երեւան ու վաճառի էժան գնով: æուրը պէտք է օգտագործուի անվճար, գազի համար սահմանամերձ գիւղի բնակիչը չպէտք է վճարի:
Սա կը լինի հոգ տանել բանակի, երկրի, սահմանների մասին: Այ դրանից յետոյ կարելի է ռազմահայրենասիրական ֆիլմեր նկարել, գովազդել, յետոյ բանակի մասին ձօն գրել, նշել տօնը:
Բարձրաձայն հայրենասէրներ, ինքնահոս ջուրը ադրբեջանցիներն օգտագործում են անվճար, նրանց համար պայմաններ են ստեղծուած, իսկ հայերը չեն օգտւում իրենց գիւղով անցնող ինքնահոս ջրից՝ օգտագործման պայմանները դժուար են: Աւելի կոնկրետ փաստ չի լինում, աւելի կոնկրետ ապուշութիւն չի լինում, աւելի փաստարկուած փաստ չկայ, բարձրախօս հայրենասէրներ:
Բայց հաւանաբար կռուած գիւղապետն էլ տեղեակ չէր պրն. նախագահի մտքերին, համաձայն որի ասենք Չինարին, Մովսէսը, Ներքին Կարմրաղբիւրը, միւս սահմանմերձ գիւղերը պէտք է իջնեն ներքեւ՝ աւելի ապահով գիւղեր, մինչեւ «նրանց ձեռքները կը հասնի» սահմանմերձներին:
Իսկ Չինարիի գիւղապետը պատրաստւում է գալ, Ազգային ժողովում ելոյթ ունենալ իրական հայրենասիրութեան մասին: Ու նրան ուշադիր կը լսի 800 ձայնի դիմաց կոմբայն ու գազ առաջարկող հանրապետական մեծամասնութիւնը: Եւ վստահ եմ՝ նոյնիսկ հրապարակայնօրէն հաւանութիւն կը տայ:
Եթէ սահմանամերձ գիւղը չես պահում՝ յաջորդն է դառնում սահմանամերձ:
Ու մի օր Արգաւանդի «Դոստոեւսկի», «Բալզակ», «Լիաննա» խաղատները կը դառնան սահմանամերձ օբյեկտներ (խանութներ-Խմբ.): Սահմանն ընդհուպ կը մօտենայ:
«ԺԱՄ»










