ՔԱՌԵԱԿՆԵՐ


Հողն հերկել է հարկաւոր,

Բոյսին ջուր է հարկաւոր,

Ամէն մարդու իր կեանքում,

Ազատ խօսքն է հարկաւոր:

***

Ընտրութիւն է թէժ ու լարուած,

Խոստումներով անձնամոռաց,

Չի փոխուելու քանզի կեանքում,

Չարն արթուն է‘ բարին քնած:

***

Մարդու կեանքը վազք է դարձել,

Հոգսերի մէջ առօրեական,

Յոյսի գինն է շատ թանկացել,

Անմատչելի ոսկու նման:

***

Այստեղ է, որ թովչահնչիւն,

Սիրոյ դողը երգ դառնում,

Այստեղ է, որ լեռնակարկառ,

Մասիսները երկինք յառնում:

ՀՈԳ  ԵՒ  ՀՈԳՈՑ

Լսում եմ լսում,

Մէկ-մէկ ու կրկին,

Չեմ գտնում սակայն իմաստը խօսքի,

Սուտը վարար է

Կենսարար ճշդից,

Լոյսը անզօր է խաւար ու մթից…

Յոգն է ինձ հիմա

Պաշարել անձայն,

Ին՞չ է լինելու վերջն այս օրերի,

Միթէ պիտ խաչուեմ

Իմ բախտի սիւնին,

Միթէ գալիքը անելիք չունի…

Լռում եմ լռում

Խորհում եմ անվերջ,

Անարդարութեանն էլ չեմ դիմանում,

Երգս մարում է

Յոյզերիս ծովում,

Ամէն շնչելիս՝ հոգոց եմ հանում…

Երբ Սիրտս Է Խօսում  Հոգուս Հետ Անվերջ

Արեւի լոյսն է մարում մեղմօրէն,

Հովն է գիշերուայ  լալիս դաշտերում,

Թափառ ամպերն էլ արտասուաթաթախ,

Շղթայ են հիւսում թանձր երկնքում:

Ես էլ վշտահունց  բնութեան նման,

Անձնատուր դարձած  յոյզերին անձայն,

Վերջալոյսերի հանգչող լոյսերում,

Փորձում եմ գտնել՝ իմ դարձի ճամբան:

Իմ լքուած սրտի մորմոքը անծայր,

Ուզում եմ արդէն ինձանից վանել,

Մի խոհ է դարձել աշխարհն ինձ համար,

Անզգայ հոգով  չեմ կարող ապրել:

Ո՞վ է արարել տառապանք այս մութ,

Երկինք ու գետին խաւարով լցրել

Ո՞վ է արարել խորհուրդը մահուան,

Հոգուս տաճարը՝ քանդել, աւերել:

Արդարութիւնը ծաղր է աշխարհում,

Ի՜նչ երազներ են կեանքում մոխրացել,

Մոլորակն այսօր չարի սադրանքով,

Անսիրտ, անողորմ, մի գունդ է դարձել:

Գիտեմ որ ցուրտ է, մութ է իմ ուղին,

Բայց կայ աշխարհում ամէն ինչի վերջ,

Իմ կեանքը չունի, չունի մահացում,

Երբ սիրտս է խօսում՝ հոգուս հետ անվերջ:

Եւ արշալոյսն է  բացւում մեղմօրէն,

Գուրգուրում է ինձ լոյսը վաղորդեան,

Ո՛չ հեռու անեղծ, մի լուսէ երազ,

Շոյում է հոգիս աղօթքի նման:

ԱՒԻԿ ԴԷԻՐՄԵՆՋԵԱՆ

ԲՈՍԴՈՆ

Leave a Reply