Զարմանք Եւ Հպարտանք Պատճառող Երեւոյթ՝ Ալենը
ԿԱՐԻՆԷ ՏԷՐ-ԳԷՈՐԳԵԱՆ
Կիրակի, Յուլիս 1, 2012ին գտնւում էինք Քրեսենթա Հովտի Հայց. առաքելական եկեղեցում՝ մասնակցելու համար յաւարտ Ս. Պատարագի տեղի ունեցող հոգեհանգստին:
Ներկայ էր առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը, որ պիտի հանդիսապետէր Ս. պատարագը եւ Արամ Ա. կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 17րդ տարեդարձին նուիրուած Հայրապետական մաղթանքի արարողութիւնը:
Ամէն մանրամասնութիւն ընթանում էր իր պատշաճութեան մէջ. սրբազան հայր, քահանայ, սարկաւագ, եկեղեցու դպրաց դաս, ղեկավարուող երգեցողութիւն, մանուկ դպիրներ:
Նկատում ենք, որ ձեռնադաշնակը նուագում է եկեղեցու շապիկ հագած պատանի Ալենը: Ուրեմն նա ամէն Կիրակի է այստեղ: Այս բազմազբաղ տղան՝ Լարք երաժշտանոցի 9րդ կարգի ուսանողը, հայերէն ասմունքողը, շաբաթ օրերը երաժշտական դպրոցում անցկացնողը, Clark Magnet High School-ի աշակերտը, Շամլեան ազգային վարժարանի շրջանաւարտ Ալեն Աւետիս Դիշիգրիքեանը կարողանում է իր Կիրակի առաւօտներն էլ տրամադրել հայկական եկեղեցուն: Նայում ես սրահի առաջացած տարիքով ներկաներին եւ՝ դառնում հայ պատանուն:
Զարմանք եւ հպարտանք է պատճառում երեւոյթը. արդեօ՞ք ուրախանալ, թէ սա համարել բացառութիւն: Չմտածել, որ սա եզակի երեոյթ է: Քաջալերել իւրաքանչիւր երիտասարդի գործունեութիւնը: Անցեալի փառքը եւ գալիքի երազները մեզ կարող են ոգեւորել, սակայն իրականութիւնը մեր այսօրուայ ապրուող օրն է՝ յանձին մեր նոր սերնդի, մեր գիտակից հայ երիտասարդների: Նրանք են դառնալու մեր առաջնորդները: Հաւատ եւ յարգանք նրանց:







