«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ» ԹԵՐԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆԻ ՀԵՏ


Անբարոյականութիւնն Այսօր Էլ Է Խեղդում Հայաստանը

«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆ».- Մինչ երբ է մեր երկրում շարունակուելու այս բարդակը (անկարգ վիճակը-Խմբ.), «ՉԻ»ին (թղթակից ԳԱՅԻԱՆԷ ԶԱՐԳԱՐԵԱՆ) հարցադրում արեց դաշնակցական նախկին պատագամաւոր Լիլիթ Գալստեանին, որն էլ իր խօսքում նշեց.

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Այս ամէնը խօսում է այն մասին, որ մեր իրականութեան մէջ բռնութեան մշակոյթը խորը արմատներ ունի այն կեանքի նորմ (չափանիշ-Խմբ.) է դարձել՝ իր բոլոր երեսներով: Մեր երկիրն այն երկիրը չէ, ինչպիսին ամրագրուած է Սահմանադրութեան մէջ: Մենք ապրում ենք մի իրականութեան մէջ, որտեղ Սահամանդրութեամբ ամրագրուած՝ իրաւական, սոցիալական, ժողովրդավարական երկրի հաստատումը իրականութեան հետ առնչութիւն չունի: Ամենաթողութեան, անպատժելիութեան, ցինիզմի, բռնութեան աւանդոյթները գնալով խորանում են: Երբ օրէնքն ու իշխանութիւնը չեն ուզում կամ անկարող են գործել, խաղի մէջ ինքնիրաւչութիւնն է մտնում, կամ ժողովրդի ասած անցնում են «սամասուդի»: Կոնտեքստից (պարունակէն-Խմբ.)  դուրս հանուած՝ «Ուժն է ծնում իրաւունք» յայտնի ասոյթը, որոշների համար դարձել է կենսակերպ ու քաղաքական վարքագիծ: Մեր երկրում մարդը պարզապէս արժէք չունի, պաշտպանուած չի. իւրաքանչիւր վայրկեանի կարող ես բռնութեան զոհ դառնալ: Այն, ինչ տեղի ունեցաւ մեր զինուած ուժերի սպաների հետ եթէ սոսկ քրէական մի էպիզոդ (դրուագ-Խմբ.) լինէր, գուցէ միայն իրաւական գնահատական պահանջէինք, եւ մեր պահանջներն էլ իրաւական դաշտում լինէին: Բայց սա այլեւս մեր համբերութեան բաժակի վերջին կաթիլն է: Հասարակական ընդվզումների ալիքը, որ արդարացիօրէն բարձրացել է, արդարացի է, երբ պահանջում է երեւոյթի քաղաքական, իրաւական եւ բարոյական գնահատականները: Վերջապէս պէտք է հասկանալ, որ այս իրավիճակը ուղիղ առնչութիւն ունի Հայաստանում կարծրացած քաղաքական վարքագծի, աւադոյթների ու մշակոյթի հետ: ՀՀ նախագահը՝ մեր իրաւունքների երաշխաւորը, պարտաւոր է հասարակութեանը համոզել, որ սա խալիֆութիւն չէ, արեւելեան կլանային երկիր չէ: Սա երկիր է, որտեղ պէտք է օրէնքներն ու ինստիտուտները գործեն, եւ ոչ թէ բռնութեամբ ու հաշույարդարներով խնդիրներ, յարաբերութիւններ լուծուեն: Երբ ՊՆ փոխգնդապետն է անցնում ինքնիրաւչութեան, սա արդէն խօսում այն մասին, որ սպառուել են քաղաքակրթական, իրաւական մեր բոլոր գործիքները, սպասումները: Հասարակութիւնը խորը հիասթափութեան մէջ է, անկումային բարոյահոգեբանական կացութեան մէջ, դեգրադացուած (քայքայուած-Խմբ.) արժէքները խեղդում են պետութիւնը:

ԳԱՅԻԱՆԷ ԶԱՐԳԱՐԵԱՆ.- Այսօր մեծ ու փոքր քաղաքական գործիչները, ինչպէս նաեւ Հայրապետեանի սրտացաւ կուսակիցները, փորձում են հասարակութեանը համոզել, թէ Հայրապետեանը մեղաւոր չէ «Հարսնաքար»ում տեղի ունեցած միջադէպի համար: Շատերն անգամ ժողովրդական բանահիւսութեանն են ապաւինում, ասելով. «Ընկածին չեն խփում»: Ձեր մեկնաբանութիւնը:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ես անձերի հարց չեմ դնում, ես խօսում եմ երեւոյթի մասին: Մենք առհասարակ արդարութեան ու պատասխանատուութեան խնդիր ունենք: Այս 20 տարիների ընթացքում պատասխանտուութեան ինստիտուտը մեր միջավայրում չի աշխատել: Մենք անընդհատ բախւում ենք թիկնապահների «դատաստանների» հետ, զօռբայութեան, օրէնքից դուրս բարգաւաճող քրէաօլիգարխիկ համակարգի հետ: Պարզ է, որ հասարակ քաղաքացին երբեք թիկնազօրներով չի շրջում: Եւ հէնց այնպէս չէ, որ թիկնապահ երեւոյթը օլիգարխի հետ է ասոցացւում (կ՛առնչուի-Խմբ.), որն էլ իր հերթին իշխանութեան հետ է ասոցացւում: Բողոքի ալիքի մէջ «Վահէ Աւետեանը՝ ես եմ» պաստառով քայլող իւրաքանչիւրը համոզուած է, որ յաջորդն ինքն է լինելու. այո՝ մենք պաշտպանուած չենք: Այս ողբերգութիւնը հեռու չի ոչ ոքից՝ ինձնից, ձեզանից, բոլորից:

ԳԱՅԻԱՆԷ ԶԱՐԳԱՐԵԱՆ.- Աւելի յստակ, «Հարսնաքար»ի ողբերգական միջադէպի մէջ, Հայրապետեանը իր մեղքի բաժինը ունի, թէ՞ ոչ: Այն դէպքում, երբ Վահէ Աւետեանին մահուան դուռը հասցրեց նրա անձնական թիկնապահը:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ի հարկէ ունի պատասխանատուութեան իր բաժինը: Երբ որ դու ՀՀԿ կարկառուն դէմքերից ես, հրապարկային անձնաւորութիւն ես, ՀՖՖ նախագահն ես, հանրային մարդ ես, պարտաւոր ես, քո միջավայրում մարդկային, քաղաքակիրթ խաղի կանոններ սահմանել: Նախ, քո վարքագծով պէտք է դառնաս մոդելային (օրինակելի-Խմբ.), պիտի խնայես քո կուսակցութեանը, պետութեանը, հասարակութեանը, որովհետեւ ուզես, թէ ոչ ասոցացւում ես քո կուսակցութեան հետ: Այս դէպքում՝ ՀՀԿի, ճիշդ այնպէս, ինչպէս ես՝ ՀՅԴի: Երկրորդ՝ Ռուբէն Հայրապետեանը սեփականատէր է, որին պատկանում է «Հարսնաքար» ռեստորանային համալիրը: Նշանակում է նա բաւարար կառավարում չի իրականացրել. բաւարար անվտանգութեան միջոցներ չի սահմանել, որպէսզի ՀՀ քաղաքացիները կարողանան իրենց այնտեղ անվտանգ զգալ: ՀՀում օրէնքների իշխանութիւնը չի աշխատում, մինչդեռ ՀՀ նախագահը պարտաւոր է երաշխաւորել մեր իրաւունքներն ու ազատութիւնները: Ողբերգութեան արդիւնքում տուժողները շատ են՝ հասարակութիւն, պետութիւն եւ ամենակարեւորը՝ Աւետեանների ընտանքը, որ զրկուեց առողջ ապրելու հնարաւորութիւնից, եւ ով պիտի այս ամէնի համար պատասխան տայ ու հատուցի: Երեւոյթին համակողմանի գնահատական պիտի տալ: Այսօր ՀՀ քաղաքացին ինչո՞ւ է լքում Հայաստանը, ոչ այնքան, որ սոված է, այլ յատկապէս, որ անպաշտպան է ու նուաստացած: Քաղաքական մեծամասնութիւնը պատասխանատուութիւն է կրում ամէն ինչի համար. ներառեալ բարոյահոգեբանական մթնոլորտի ու երկրի կառավարման որակների համար:

ԳԱՅԻԱՆԷ ԶԱՐԳԱՐԵԱՆ.- Լիլիթ, այսօր օրակարգում դրուած է Ռուբէն Հայրապետեանին մանդատից զրկելու (ան արդէն հրաժարական տուաւ-Խմբ.), ինչպէս նաեւ ՀՖՖ (Հայաստանի ֆութպոլի համադաշնութեան-Խմբ.) նախագահի լիազօրութիւնները դադարեցնելու մասին հարցը: Ինչ էք կարծում, արդեօ՞ք արդարութեան համար պայքարողների այդ մեծ բանակին կը յաջողուի արդիւնքի հասնել: Երբ խօսքը գնում է մի մարդու մասին, ով ըստ էութեան այսօր պետութիւնից վեր է կանգնած:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Երանի այս ամէնը իշխանութեան համար դաս դառնայ: Պիտի չունենայինք, չստեղծէինք այնպիսի միջավայր, ու այս տեսակը կենսունակ ու ամենակարող լինէր: Բայց, մեր երկրում անպատժելիութիւնը դարձել է վարքագիծ: Եթէ այս վարքագծով ու փիլիսոփայութեամբ պիտի շարունակենք, կը նշանակի մոռացել ենք Սոդոմ-Գոմորի, եւ այն մասին, որ անբարոյականութիւնը կործանեց Անի մայրաքաղաքը: Անբարոյականութիւնն այսօր էլ է խեղդում Հայաստանը: Կարող ենք գիտակցել, սթափուել, արգելակել այս կործանարար ընթացքը՝ Մենք բոլորս նոյն շղթայից ենք կախուած:

Leave a Reply