Ալիս Նաւասարգեանի «Անմահները» Հատորի Մասին


ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ

«Անմահները» գիրքը նուիրուած է Ալիս Նաւասարգեանի թոռնիկներին, Ջուլիանին եւ Հենրիին:

Գրքում իրենց արժանաւոր էջը ունեն Ալիսի ծնողները, հին ու պատմական լուսանկարով, Պօղոս Ալեքսանի Մինասեանը եւ Աստղիկ Ալավերդեանը, երկուսն էլ ղարաբաղցի:

Գրքի մտասեւեռումը հայ կեանքի մի մասն է, տարածքային ու ժամանակահատուածային սահմանումով:

Գրքում ներկայացուած է գծանկարների, լուսանկարների եւ գեղանկարչութիւնների մի հաւաքածոյ, որ Ալիս Նաւասարգեանը հաւաքել է մի տասնամեայ ժամանակամիջոցում, պատկերային եւ պատմագրական բնանիւթերով:

Ալիս Նաւասարգեանի աշխատասիրած ու հրատարակած այս հատորի մասին եթէ ասուի, որ նա հաւաքել ու հրատարակել է նկարների մի ալբոմ, չեմ առարկի. բայց կը հաստատեմ, որ նա արել է իր նախընտրած բնանիւթի, թեմայի սահմանումով, պատմելու իր նախասիրած բնանիւթը, որպէս մի յանձնառու հեղինակ. հեղինակել է մի պատմութիւն ազգային, հասարակական եւ ընկերային բնորոշ կողմնորոշումով. մի պատմաշրջան, պատմականօրէն իր կեանքը ապրած հայ համայնքների. եւ այդ պատմութիւնը պատկերապատմագրային է. խօսուն նկարներով, նկարների տակը տրուած պատմագրական բացատրութիւններով, կենսագրական համառօտ տուեալներով, խօսուն մանրամասնութիւններով, այնպէս որ չոր պատմութիւնը դարձնում է նկարազարդուած իրականութիւն, բնական ու կենդանի լուսանկարային ճշտգրտութեամբ: Այսպիսի պատկերապատմագրային պատմագրութեան ես չեմ հանդիպել հայ իրականութեան մէջ: Կան նկարիչների գեղանկարչութեան ալբոմներ: Բայց չենք ունեցել ազգային, հասարակական եւ ընկերային հաւաքական, համայնքային կեանքի այսպիսի պատկերապատմագրային պատմութիւն, որ իրացրել է Ալիս Նաւասարգեանը: Այդպիսի մօտեցումով եմ արժեւորում Ալիս Նաւասարգեանի այս աշխատութիւնը:

Գրքի մատենագրական տեղեկութիւնները ցոյց են տալիս հեղինակի բազնաթիւ բնաղբիւրների ուսումնասիրութիւնը: Ինչպէս եւրոպացի ճամբորդ ուղեգիրների գործեր՝ Կ. Պորտեր, æ. Դիլլոն, նաեւ յայտնի հայ դէմքեր՝ Հրաչեայ Աճառեան, Ալեքսանդր Թամանեան, Վարդգէս Սուրէնեանց, Մարտիրոս Սարեան, Յակոբ Կոջոյեան եւ Սարգիս Խաչատրեան: Օգտագործած աղբիւրները եղել են հայերէն, պարսկերէն, իտալերէն, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն եւ հինդիերէն (հնդկերէն-Խմբ.):

Իր համեստութեան ու անհատական պարզութեան յատկանիշով Ալիս Նաւասարգեանը հայ մշակոյթին ու գեղարուեստին նուիրուած անհատականութիւն է, որ եռանդուն հետեւողականութեամբ աշխատասիրութիւններ է կատարում, եւ գնահատելի հատորներ է հրատարակում, նուիրուած հայ գեղարուեստագէտ, գրական եւ մշակութային դէմքերի, անուանի քաղաքական ու աղեւտրական անձնաւորութիւնների: Նա հրատարակել է «Ոսկէ կամուրջներ» հատորը, նուիրուած հայ գեղանկարիչներին 1997թ: «Հայ բեմի դերասանուհիները»՝ 1999թ: Եւ ահա հրատարակել է «Անմահները» խորագրով ներկայ հատորը՝ 2012թ:

Այս հատորը գեղանկարներով ու լուսանկարներով հայոց պատմութիւնն է ներկայացնում 12րդ դարից մինչեւ մեր օրերը: Հատորի սկզբում ի հարկէ կան հայ այն բոլոր սուրբ ու պատմական դէմքերի ու վայրերի գծանկարներն ու գեղանկարները, սկսած Նոյ Նահապետի իջնելը Նախիջեւան, Մեսրոպ Մաշտոցը, Մովսէս Խորենացին ու հայոց Արարատը եւ այլն: Այնուհետեւ՝ 12րդ դարի բժշկապետ Մխիթար Հերացին, 16րդ դարի պատմագիր Առաքէլ Դաւրիժեցին, որ հէնց Ալիսի համաքաղաքացին է, մինչեւ 18-19րդ դարերի պարսկահայ յայտնի վաճառականները, մասնաւորաբար նորջուղայեցիներ… որ իմ համաքաղաքացիներն են… օրինակ՝ Սամուէլ Մուրադեանը, Էդվարդ Ռափայէլ Ղարամեանցը, որոնք հիմնադիրներն են եղել Վենետիկի Մուրադ -Ռափայէլեան դպրոցի 1740թ, որի շարունակութիւնն է այս օրերի Մուրադ-Ռափայէլեան դպրոցը՝ Փարիզում:

Գրքում հայ յայտնի Լազարեան ընտանիքն է ներկայացուած. նրանք էլ են նորջուղայեցի, որ Մոսկուայում հիմնադրել են Լազարեան Ճեմարանը. շէնքը այսօր Հայաստանի դեսպանատունն է:

Նոր Ջուղան միշտ էլ յատուկ խնամքով է վերաբերուել Լազարեան Ճեմարանի հանդէպ, ընդհուպ մինչեւ Ռուսաստանի, Հայաստանի, խորհրդայնացումը: Լազարեան ճեմարանի 20ական թուականների տնօրէն Քանանեանի կինը եւ աղջիկը, որ յեղափոխութեան եւ սովետականացման պատճառով ապրուստի դժուարութեան մէջ էին ընկել. Նոր Ջուղայի Համայնական Խորհուրդը տէր է կանգնում նրանց, փոխադրում է Նոր æուղա, պահում է նրանց արժանաւոր բարօրութեան մէջ: Նրանց գերեզմանները գտնւում են Սբ. Ամենափրկիչ վանքի բակում, զանգակատնից հիւսիս:

Բազմաթիւ գեղանկարները եւ լուսանկարները աւելի խօսուն են դարձնում պատմականութիւնը, դարձնում են իրական ու շօշափելի: Մասնաւորաբար այն բոլոր բացատրական, պատմագրական եւ նկարագրական մէջբերուած վկայութիւնները, որ բազմաթիւ նկարների տակ են տրուած. դասական ու միջնադարեան պատմաբաններից:

Բազմաթիւ եւ բազմաթիւ նկարներ կան, որոնք առնուած լինելով հազուագիւտ աղբիւրներից, ուղղակի դառնում են առաջին անգամ ժողովրդականացած: Օրինակները շատ են, ես նշում եմ ինձ աւելի մտերիմները.

Իրանի Խարք կղզու վրայ աւերուած եկեղեցու մնացած աշտարակի կիսաւէր բեկորի նկարը: Եկեղեցին հոլանդական է եղել, կառուցուած հոլանդացիների կողմից 1800ական թուականներում: Բայց պարսկա-հոլանդական կռուից յետոյ, պարտուած հոլանդացիները հեռանում են Խարք կղզուց: Այնտեղի քրիստոնէական եկեղեցու որոշ փրկուած գոյքեր իրանի կառավարութեան միջոցով յանձնւում են Նոր æուղայի Սբ. Ամենափրկիչ վանքին. դրանցից, բնորոշը, մի զանգն է, որ մինչեւ այսօր կախուած է, եւ ղօղանջում է վանքի զանգակատան երկրորդ յարկի, կարծեմ, հիւսիսային կողմի վրայ:

Անգտանելի լուսանկար է Իրանի Դարեհ Թագաւորի դամբարանի քանդակների շարքում, հայ արքայ, կամ Արախա Իշխանի քանդակը. նա ընդդէմ Դարեհի իրեն թագաւոր էր հռչակել:

Նկարներ Երեւանի Խանութեան ժամանակաշրջանի… ինչպէս պարսկա-քուրդական կռուի մի գեղանկար Սբ. Հռիփսիմէ վանքի դիմաց, գործ 1847 թուականի:

Երեւանի բազարի լուսանկարը:

1828 թուականի ռուս-թուրքական պատերազմին մասնակցած հայ բանակների դրօշների եւ զինանշանների նկարներ. մէկի նշանաբան է. «Ընդ հովանեաւ թեւոց քոց բարձրացոյց, թագաւոր արդար կանգնէ զաշխարհ»:

Ռուս-պարսկական Թուրքմանչայ դաշնագրի ստորագրման գեղանկարը, Իշխան Պասկեւիչի եւ Աբբաս Միրզա Շահզադէի մասնակցութեամբ: Հայկական հարցը միջազգայնացնող առաջին դաշնագիրը:

40,000 հայերի գաղթը պարսկահայքից ռուսահայաստան 1828 թ., Գեներալ Եղիազար Լազարեանի հրամանատարութեան ներքոյ:

«Անմահները» այս փառաւոր գունազարդ պատկերապատումը առաջին բաժնով ներկայացնում է ընդհանուր հայկական պատմագրութեան հատուածներ: Ապա վերջին մասով սեւեռում է պարսկահայութեան վրայ:

Ներկայացնում է դաւրէժահայութիւնը (թաւրիզահայութիւնը), նորջուղայահայութիւնը, հնդկահայութիւնը, որ հիմնականում նորջուղայահայութեան ընդարձակումն էր դէպի հեռաւոր արեւելք:

Գրքում կան բազմաթիւ լուսանկարներ իրանական թագաւորների տուած հրամանագրերի, որ մեծաւ մասամբ պահւում են Նոր æուղայի Սբ. Ամենափրկչեան վանքի թանգարանում: Արժի յիշել Շահ Աբբաս թագաւորի հրամանագրերը. Նադեր Շահի հրամանագրերը: Ի դէպ Նադեր Շահը հիւանդութեան բերումով ճամբորդում է Երեւան, այնտեղ բուժուելու Դր. Հերմետեան հայ բժշկի միջոցով:

Հատորում նկարներին, կամ բնանիւթին վերաբերող գրական գեղարուեստական արտացոլումներ են տեղադրուած հայ հանրածանօթ բանաստեղծութիւններից, ինչպէս Ռափայէլ Պատկանեանի «Արաքսի արտասուքը», «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…», Եղիշէ Չարենցի բանաստեղծութիւններ, եւ այլն:

Էսֆահան քաղաքը Նոր æուղային կապող երեք պատմական կամուրջներ կան, արեւելքից արեւմուտք՝ Խաջու կամուրջը, Ալավերդիխան կամուրջը, կամ Սիոսեփոլ իմա Երեսուներեք Ակերի կամուրջը, եւ Մարնունի կամուրջը: Առաջին երկուսը կառուցուել են հայերի միջոցով, որպէսզի երբ Շահ Աբբաս թագաւորը էսֆահանից այցելում էր Նոր æուղա, հայերին հիւր, նրա ձին Զայենդեռուդ գետի միջով չանցնէր, չկեղտոտէր, չցեխոտէր: Խաջու կամուրջի մասին պատմում են, որ Խօջա Պետրոսը, կամուրջի ֆինանսաւորողը, որի մասին թագաւորի վազիրը թագաւորին ասում է, թէ նա թագաւորից աւելի հարուստ է, մի օր թագաւորի հետ ճաշում են եղել Զայանդեռուդ գետի ափին: Թագաւորը նրան հարցնում է, թէ ինչքան է քո հարստութիւնը: Խօջա Պօղոսը ասում է, ես կարող եմ Խաջու կամուրջի ցածի ակերը արծաթէ դրամով փակել, այնպէս որ ջուրը վերին ակերով հոսի: Համաձայնւում են, եւ նա անում է: Այնուհետեւ նա այդ ամբողջ գումարը նուիրում է Շահ Աբբասին: Նրա գործերի ու վաճառականութեան ընթացքը վատանում է, նաւերը խորտակւում են, նա սնանկանում է: Սկսում է Մեյդան Շահ հրապարակում հաւաքարարութիւն եւ բանուորութիւն անել… ու մի օր էլ Շահ Աբբասը տեսնում է նրան… Ճանաչում է: Հարցնում է Խօջա Պօղոսից նրա իրավիճակի մասին: Նա պատասխանում է.

Հեմաթ ագեար սելսելէ ջոմբան շաւադ

Մուռ թաւանադ քէ Սօլեման շաւադ.

Հեմաթ ագեար դասթ բէ գերիբան շաւադ

Խաջէ Պօղոս լութի է մեյդան շաւադ:

(Եթէ վեհանձնութիւնը եւ ձգտումը օրօրուող շղթայ լինի,

Մրջիւնն էլ կը կարողանայ Սողոմոն թագաւոր դառնալ.

Վեհանձնութիւնը եւ ձգտումը եթէ մարդու օձիքը բռնի

Խօջա Պօղոսը նոյնիսկ հրապարակի խեղկատակը կը դառնայ):

Թագաւորը հաւանում է նրա պատասխանը. դրամ է տալիս, որով նա վերսկսելով իր վաճառականութիւնը, վերականգնում է իր հարստութիւնը, վերադարձնում է թագաւորի պարտքը:

Ներկայացուած է Նոր Ջուղայի վանքի տպարանի պատմութիւնը 1636թ. տպագրած գրքերի նկարները: Դա Միջին արեւելքի առաջին տպարանն է եղել:

Հազուագիւտ նկարներով ներկայացուած են Նոր æուղայի եկեղեցիները, դրանց գունաւոր նկարազարդ որմնանկարները: Վանքը եւ Սբ. Բեթղեհէմ եկեղեցին, ներքնապատերը յատակից մինչեւ գմբէթների պորտը ամբողջութեամբ գունանկարուած աստուածաշնչային եւ հայոց պատմական դրուագներով: Սբ. Գէորգ եկեղեցին, ուր պահպանւում են 3րդ դարի Տրդատ թագաւորի եւ Գրիգոր Լուսաւորչի տաշել ու քանդակել տուած քարերը, գործածուած Սբ. Էջմիածնի կառոյցում: Ամենայայտնին, «Իջման տեղի» սալաքարը, մկրտութեան քանդակուած միակտուր աւազանը: Նախկինից մինչեւ հիմա դրանց փորուած գուռի մէջ ջուր է ածւում, որ այցելու ուխտաւորները իրենց ձեռքը թաթախելով՝ իրենց ճակատին խաչ են դաջում, ինչպէս անում էր, պարզ յիշում եմ, իմ Փերում Նանը, երբ մանկութեանս՝ Սբ. Գէորգ եկեղեցի էինք այցելում:

1660թ. նորջուղայեցի վաճառականները մի գոհարակուռ գահ են նուիրում Ռուսաստանի Ալեքսի Միախելովիչ Կայսրին, մինչեւ հիմա պահւում է Կրեմլինի թանգարանում:

Ահա տեսնում էք, մարդ ինչ պատմութիւնների միջով է անցնում երբ թերթում է Ալիս Նաւասարգեանի «Անմահները» պատկերապատմագրութիւնը: Ես կարծում եմ Ալիսի այս հրատարակութիւնները այսպիսի մի նոր եզրի ստեղծման պահանջ են առաջացնում: Ես բնորոշում եմ, որպէս պատկերապատմագրութիւն:

Իսկ թէ ինչու է նա գիրքը խորագրել «Անմահները»: Դէ, մարդ արարածը միշտ էլ ենթակայ է մարմնական մահուան այս աշխարհում: Անմահանում են նրանք, ովքեր իրենց ստեղծագործական աշխատանքով այնպիսի հետք են թողնում աշխարհում, որով անմահանում են. իրագործած գործը մահ չունի: Գործը անմահութեամբ է պսակում անողին, ստեղծագործողին:

Ալիս Նաւասարգեանը ճիշդ է խորագրել իր գիրքը, նա պատմում է այն մարդկանց մասին, որոնք աշխարհքում մնայուն հետք են թողել իրենց գործով, հովանաւորութեամբ, շինարարութեամբ, աշխարհագրութեան քարտէզում այնպիսի կէտ ու գիծ են աւելացրել, ինչպէս Թաւրիզի հայաշէն մասունքը, Նոր Ջուղայի հայաշէն մասունքը Հնդկաստանի, Ինդոնեզիայի տարածքներում մնացած հայակերտ մասունքները, կառուցումները, նաեւ Իտալիայի Վենետիկում… որ ժամանակին ղօղանջել են հայերէն… որ ներկայի լռութեան մէջ էլ յարատեւում են արեւի տակ անմահութեամբ:

«Անմահները» արժէքաւոր աշխատասիրութեան վրայ ես կ՛աւելացնէի միայն մէկ մանրուք, դրա պարունակութեան առարկայական ցանկը, index-ը, որ կարիք է զգացւում պատմական կոթողները փնտռելու ժամանակ:

Սրտագինս շնորհաւորում եմ Ալիս Նաւասարգեանին նրա այս իրագործութեան համար:

ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ բանաստեղծ է

Գլենդել, Կալիֆորնիա

2012-07-20

Leave a Reply