«Ամերիա»՝ Հայաստան – Սփիւռք Ներդրումային Կամուրջ


ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Հայաստանում գործարար, ֆինանսական եւ իրաւաբանական խորհրդատուութիւն տրամադրող «Ամերիա» ընկերութիւնների խումբը 2011 թուականին ներկայութիւն հաստատեց նաեւ Միացեալ Նահանգներում՝ Հայաստան-Սփիւռք ներդրումային կամուրջդառնալու առաքելութեամբ: Դեկտեմբերի 13ին Գլենդելում տեղի ունեցաւ «Ամերիա»ի նոր գրասենեակի հանդիսաւոր բացումը, որտեղից կարող է սկսուել ձեր շահաւէտ ներդրումը Հայաստանում: Այս մասին մեր զրոյցը «Ամերիա» խմբի Ամերիկեան գրասենեակի ղեկավար Րաֆֆի Մանուկեանի եւ հասարակութեան հետ կապերի ղեկավար Անոյշ Յովսէփեանի հետ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարո՛ն Մանուկեան, դուք Գլենդելի քաղխորհրդի անդամ էք, ինչպէս նաեւ ֆինանսական ոլորտում տիտղոսաւոր գործիչ: Ինչով էր պայմանաւորուած «Ամերիա» խմբին միանալու ձեր որոշումը:
ՐԱՖՖԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Ապրիլին ես ներկայ եղայ «Ամերիա» խմբի կազմակերպած «Ներդրումները Արցախում եւ Հայաստանում» համաժողովին եւ աւելի մօտիկից ծանօթացայ այս կառոյցի աշխատանքներին, որ ներկայացրեցին «Ամերիա» ընկերութիւնների խմբի գործընկեր եւ գործադիր տնօրէն Անդրէյ Մկրտչեանն ու Իրաւական ծառայութեան ղեկավար Դաւիթ Սարգսեանը: Բաւական տպաւորուեցի Հայաստանում նրանց ծաւալած գործունէութիւնից եւ Ամերիկայում նրանց նոր նախաձեռնութիւնից: Երբ ինձ առաջարկ եղաւ ստանձնել «Ամերիա» խմբի ամերիկեան գրասենեակի տնօրէնի պաշտօնը, ես առաւել մանրամասն ուսումնասիրեցի «Ամերիա»ի պատմութիւնը, գործունէութիւնն ու աշխատակազմը եւ որոշեցի միանալ ու իմ քսան տարուայ հաշուապահական, ինչպէս նաեւ հասարակական-քաղաքական փորձն ու գիտելիքները ներդնել «Ամերիա» խմբում: Ինձ գրաւեց նաեւ «Ամերիա» խմբի նպատակը՝ դառնալ խորհրդատուութիւն տրամադրող կամուրջ հայրենիքի ու ամերիկահայերի միջեւ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գաղտնիք չէ, որ սփիւռքահայերի շրջանում միանշանակ չէ վերաբերմունքը Հայստանում գործարար միջավայրի մասին: Կան բազմաթիւ հիասթափուած ամերիկահայեր, ովքեր ներդրումներ են կատարել Հայաստանում եւ ձախողումից յուսախաբուել: Ինչպէս է «Ամերիա»ն պատրաստւում փոխել այդ ընդունուած կարծրատիպերը, ի՞նչ երաշխքինրեր է տրամադրում:
ՐԱՖՖԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Այո, շատ պատմութիւններ կան, որ սփիւռքահայ ներդրողները հիասթափուել են, բայց պէտք է ընդգծեմ, որ նրանք իրենց ներդրումները կատարել են Հայաստանում իրենց բարեկամների, ազգականների միջոցով: Այս դէպքում աւելի մեծ է հաւանականութիւնը ձախողման՝ օրէնքներին լիարժէք չտիրապետելու արդիւնքում:
Իւրաքանչիւր երկրում, լինի դա Ֆրանսիա, Իսպանիա, Մեծ Բրիտանիա, եթէ ցանկանաք գործ սկսել բարեկամների խորհրդով, ձախողուելու սպառնալիքը նոյնքան մեծ է, որքան Հայաստանում: Ըստ այդմ, պէտք է մեր հայրենիքում եւս ընտրել ոլորտի արհեստավարժ կազմակերպութիւններին դիմելու ճանապարհը, առաջնորդուել օրէնսդրական ճանապարհով եւ միայն այս դէպքում յաջողութիւնն այլընտրանք չի ունենայ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայաստանի դէպքում, յաճախ են բողոքներ հնչում կոռուպցիայի դէպքերից:
ՐԱՖՖԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Կոռուպցիայի մասին խօսելիս, կարող եմ ասել, որ նման դէպքեր կան նաեւ այստեղ եւ պէտք չէ հեռու գնալ: Օրինակ, Գլենդելի նախկին քաղաքապետը ներկայումս հետախուզւում է Դաշնային Հետախուզութիւնների Բիւրոյի կողմից: Բէլի քաղաքապետարանի աշխատակիցների, քաղխորհրդի անդամների նկատմամբ հետախուզութիւն է ընթանում կոռուպցիայի մեղադրանքով: Կոռուպցիայի դէպքերից խուսափելու համար, հարկաւոր է լաւ ծանօթ լինել օրէնքներին եւ դիմել մասնագիտական աջակցութեան: Դա միակ ճիշդ ձեւն է:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամերիկահայ ներդրողները կարո՞ղ են «Ամերիա»ն համարել այն յուսալի եւ վստահելի գործընկերը, որ մասնագիտական խորհրդատուութիւն կը տրամադրի: Հնարաւո՞ր է արդեօք միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնես իրականացնել Հայաստանում ու յաջողել:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Այո, միջազգային ստանդարտներին համապատասխան բիզնեսի իրականացումը Հայաստանում հնարաւոր է‘ ընդ որում համեմատաբար աւելի արագ աճի ակնկալիքով քան հասուն արեւմտեան շուկայում: «Ամերիա»ն ինքնին Հայաստանում գործարար յաջողութեան վառ ապացոյց է: Ընդ որում, «Ամերիա» ընկերութիւնների խումբը ձեւաւորուել է հէնց մի շարք սփիւռքահայ ներդրողների եւ Հայաստանի գործարարների համատեղ ջանքերով: Արդիւնքում ստեղծուել է վստահելի գործակցութեան մոդել ու կամուրջ հայրենիքի հետ: Այս գործակցութիւնը սկսուել է Հայաստանում հինգ աշխատակցով եւ 100,000 դոլարի ներդրումով: Այժմ «Ամերիա»ն իր ակտիւներում ունի 500 միլիոն դոլար եւ 500ից աւելի աշխատակից: Այնպէս որ, Սփիւռքից Հայաստանում ներդրում կատարելու եւ յաջողելու օրինակը «Ամերիա»ն ապացուցում է իր օրինակով: Սոյն մեխանիզմը «Ամերիա»ն այժմ ցանկանում է կիսել սփիւռքահայ այլ գործարարների հետ եւ իրականացնել Հայաստանի զարգացմանը խթանող նոր ներդրումային ծրագրեր:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ե՞րբ է հիմնուել «Ամերիա» խմբի ամերիկեան գրասենեակը եւ ինչո՞ւ:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- «Ամերիա» խմբի ամերիկեան գրասենեակը գործում է 2011թ. Սեպտեմբերից: Անցեալ տարի Սեպտեմբերին մեծ շուքով նշուեց բացումը, որին ներկայ էին նաեւ ՀՀ նախագահը եւ ամերիկահայ գործարար համայնքը: Այժմ ի դէմս Րաֆֆի Մանուկեանի՝ մենք ունենք հրաշալի ղեկավար եւ գրասենեակն առաւել ակտիւ գործունէութիւն է ծաւալում: Մէկ տարուայ գործունէութիւնից յետոյ ուրախ ենք նշել, որ Դեկտեմբերի 13ին մենք մեծ շուքով նշեցինք մեր նոր գրասենեակի բացումը Գլենդելի սրտում, որ անմիջապէս Բրանդ փողոցի վրայ է՝ հասանելի ու տեսանելի բոլորին: «Ամերիա»ի նպատակն է աջակցել սփիւռքում բնակուող մեր հայրենակիցներին հայաստանեան շուկայ մտնելիս՝ տրամադրելով նրանց ֆինանսական, բիզնես, իրաւաբանական խորհրդատուութիւն:
«Նախքան Հայաստանում ներդրում կատարելը խորհրդակցէք մեզ հետ», սա է մեր գրասենեակի հիմնական ասելիքը բոլոր պոտենցիալ (հաւանական-Խմբ.) ներդրողներին: Մենք ԱՄՆում ենք խորհրդատուական ծառայութիւնների համալիր փաթեթով:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս է ԱՄՆ գրասենեակն աջակցում բոլոր նրանց, ովքեր Հայաստանում բիզնես եւ ներդրումային գործունէութիւն են ծաւալել կամ ցանկանում են ծաւալել:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Մեր գրասենեակ են դիմում տարբեր հարցերով. օրինակ‘ գործարանի կամ հիւրանոցի ձեռքբերում կամ վաճառք, արդէն գործող բիզնեսի շահերի պաշտպանութիւն դատարանում եւ այլն: Յաճախորդի խնդիրը քննարկելուց յետոյ մեր գրասենեակը անմիջապէս կապ է հաստատում հայաստանեան մեր գործընկերների հետ: Կատարւում է ուսումնասիրութիւն՝ պարզելու թէ որքանով է շահեկան ապագայ գործարքը, որն է օպտիմալ (լաւագոյն-Խմբ.) տարբերակը գործարքն իրականացնելու կամ խնդիրը լուծելու համար:
Այդ ամէնից յետոյ կապ է հաստատւում յաճախորդի հետ եւ արդէն ոլորտի փորձագէտների օգնութեամբ համապատասխան խորհրդատուութիւն է տրամադրւում: Մենք հէնց այդ կապող օղակն ու Հայաստան-Սփիւռք ներդրումային կամուրջն ենք:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է «Ամերիա»ի առանձնայատկութիւնը:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- «Ամերիա»ն, որպէս ընկերութիւնների խումբ, ունի արդէն ձեւաւորուած ամուր ենթակառուցուածք, փորձագիտական մեծ պաշար եւ ռեսուրսներ (միջոցներ-Խմբ.) թէ՛ ֆինանսական, թէ՛ իրաւական եւ կառավարման, թէ՛ անշարժ գոյքի եւ թէ ներդրումային ծառայութիւնների ոլորտում: Ունի տարիների պատմութիւն, Սփիւռքի եւ Հայաստանի գործակցութեան կայացած մոդել եւ յաջողութեան հասած շատ ներդրողներ: Ներդրողները նախընտրում են աշխատել «Ամերիա»ի հետ, որովհետեւ մէկ հովանոցի ներքոյ կարողանում են ստանալ անհրաժեշտ բոլոր ծառայութիւնները Հայաստանում բիզնես եւ ներդրումներ իրականացնելու եւ յաջողելու համար:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ամփոփելով ներկայացրէք խնդրեմ բոլոր այն ծառայութիւնները, որ «Ամերիա»ն կարող է մատուցել Սփիւռքում բնակուող հայրենակիցներին:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- «Ամերիա»ն կարող է անել ամէն բան, ինչ վերաբերում է գործարար եւ ներդրումային ոլորտին: Խմբի ընկերութիւններից տարածաշրջանում առաւել յայտնի են իրաւաբանական եւ կառավարման խորհրդատուութիւն տրամադրող «Ամերիա» ՓԲԸն (Փակ բաժնետիրական ընկերութիւն), «Ամերիաբանկ» ՓԲԸն, «Ամերիա ակտիւների կառավարում» ՓԲԸն եւ «Պռոդեկօ» անշարժ գոյքի ընկերութիւնը:
Օրինակ, միայն «Ամերիա»ի իրաւաբանական խորհրդատուութեան թիմը կազմուած է 13 որակեալ իրաւաբաններից: Նրացից ոմանք կրթութիւն են ստացել նաեւ ԱՄՆում, հրաշալի տիրապետում են թէ՛ Հայաստանի շուկային եւ թէ միջազգային ստանդարտներին (չափանիշներուն-Խմբ.): «Ամերիա»ի իրաւաբանները կարող են աջակցել գործարար, հարկային, անշարժ գոյքի հետ կապուած իրաւաբանական հարցերում՝ լինի դա նոր բիզնեսի գրանցում կամ արդէն գործող բիզնեսի հետ կապուած խնդիրիների լուծում՝ իրաւաբանական միջամտութեան շնորհիւ: Սա պարզապէս ակնարկ՝ իրաւական ծառայութիւնների վերաբերեալ:
Իրականացնում ենք նաեւ կառավարման խորհրդատուութիւն, գործարար ծրագրերի մշակում, կադրերի կառավարում, տնտեսութեան տարբեր ոլորտների մասնագիտական մանրակրկիտ հետազօտութիւններ:
«Ամերիա»ն խորհրդատուական ծառայութիւններ է մատուցում ՀՀ կառավարութեանը, Հայաստանում խոշոր պետական, մասնաւոր եւ միջազգային կազմակերպութիւններին, որոնց թւում են Համաշխարհային բանկը, USAID, EBRD, UNDP, IFC, KfW, USDA, ինչպէս նաեւ մի շարք խոշոր տեղական ու միջազգային ընկերութիւններին:
Ի դէպ, դէպի Տաթեւ տանող աշխարհի ամենաերկար ճոպանուղու բիզնես մոդելի մշակումը տեղի է ունեցել «Ամերիա»ի աջակցութեամբ: Նաեւ իրականացնում ենք ակտիւների կառավարում: Եթէ ցանակնում ենք ներդրումներ կատարել Հայաստանում, կարող էք դիմել «Ամերիա» խմբին եւ ձեզ կը ներկայացուեն շահաւէտ տարբերակներ:
«Ամերիա» խմբի ընկերութիւնները.
«Ամերիա» ՓԲԸ, որը խորհրդատ-ուական ծառայութիւնների հայաստանեան շուկայի առաջատար ընկերութիւններից մէկն է, իրականացնում է մասնագիտացուած գործունէութիւն խորհրդատուական ծառայութիւնների երեք հիմնական ոլորտներում՝ գործարար, ֆինանսական եւ իրաւաբանական:
«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ, որն իրականացնում է ներդրումներ անշարժ գոյքի շուկայում, ինչպէս նաեւ տրամադրում կառուցապատման կառավարման եւ վարման ծառայութիւններ:
«Ամերիա Էքուիտի Փարթներս» ՓԲԸ, որը հանդիսանում է մասնաւոր ներդրումային ծրագրեր իրականացնող կառոյց եւ ներդրումներ է իրականացնում Հայաստանում եւ տարածաշրջանում առաւել արդիւնաւէտ բիզնես ծրագրերում:
«Ամերիա Ասէթ Մենեջմենթ» ՓԲԸ, որը ներդրումային ոլորտում Հայաստանի առաջատար ընկերութիւններից է, առաջարկում է Հայաստանում արժեթղթերի շուկայում մասնագիտացուած ծառայութիւններ եւ խորհրդատուութիւն:
«Ամերիաբանկ» ՓԲԸ, որը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է եւ մատուցում է կորպորատիւ, ներդրումային եւ մանրածախ բանկային ծառայութիւններ՝ տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ եղե՞լ են արդէն ձեզ դիմողներ Սփիւռքից եւ յատկապէս որ ոլորտներում ներդրումներով են հետաքրքրուած:
ՐԱՖՖԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Աշուշտ, դիմողներ կան: Հետաքրքրութիւն կայ՝ յատկապէս բանկային ոլորտի եւ անշարժ գոյքի շուկայի նկատմամբ: Շատ ներդրողներ հետաքրքրւում են նաեւ «Ամերիաբանկ»ի ծառայութիւններով, քանի որ առաջարկուող աւանդների տոկոսադրոյքներն այստեղից բաւական բարձր են, եւ բանկն էլ ունի բարձր վարկանիշ ֆինանսական շուկայում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Իսկ կարո՞ղ են արդեօք Սփիւռքում բնակուող մեր հայրենակիցները օգտուել բանկի ծառայութիւններից:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Այո: Հայաստանում «Ամերիաբանկ»ն ունի «Diaspora Deposits» աւանդային ծրագիր Սփիւռքում բնակուող մեր հայրենակիցների համար: Սփիւռքահայ ներդրողները կարող են հաշիւ բացել հեռակայ՝ www.ameriabank.am կայքի օգնութեամբ: Հարցեր ունենալու դէպքում կարող են անվճար զանգահարել 1-855 Ameria 1/ 1855 263 7421 եւ խօսել հայաստանեան մեր աշխատակիցների հետ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք անդրադարձաք «Ամերիաբանկ»ին, որ գործունէութեան շատ կարճ ժամանակահատուածում դարձած է Հայաստանի առաջատար բանկերից: Ուրիշ ինչ նուաճումներ ունեք:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- «Ամերիաբանկ»ն արդէն 3րդ տարին է, ինչ ճանաչւում է լաւագոյնը միջազգային կայացած ֆինանսական հաստատութիւնների եւ պարբերականների կողմից: Նուաճումները շարունակւում են, եւ այն փաստը, որ մենք հիմա այստեղ ենք՝ Հայաստանի սահմաններից դուրս նոյնպէս նուաճում է:
«Ամերիաբանկ»ը 2010թ. Com-merzbank-ի կողմից արժանացել է միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցութեան» մրցանակին, Financial Times-ի The Banker ամսագրի կողմից Հայաստանի 2010թ. «Տարուայ լաւագոյն բանկ» մրցանակին, Euromoney 2011 եւ Euromoney 2012 Գերազանցութեան մրցանակներին՝ որպէս Տարուայ լաւագոյն բանկ Հայաստանում: «Ամերիաբանկ»ը 2011թ. արժանացել է Համաշխարհային խմբի անդամ IFC-ի կողմից GTFP Award 2010 մրցանակին՝ Առեւտրի ֆինանսաւորման ծրագրի /GTFP/ շրջանակներում որպէս ամենաակտիւ թողարկող բանկ Անդրկովկասի բանկերի մէջ: Այս մրցանակը IFC-ին առաջին անգամ է շնորհել Անդրկովկասի տարածաշրջանում գործող բանկի: Իսկ 2012թ. «Ամերիաբանկ»ը IFC-ի կողմից ճանաչուել է որպէս Լաւագոյն թողարկող բանկ Եւրոպայում եւ Կենտրոնական Ասիայում՝ Առեւտրի ֆինանսաւորման GTFP ծրագրի ներքոյ էներգիայի արդիւնաւէտ օգտագործման նախագծերում (Best GTFP Issuing Bank for Energy Efficiency): Այս տարի Բանկն արժանացել է նաեւ երեք մրցանակի Global Finance-ի կողմից՝ որպէս 2012թ. Հայաստանի Լաւագոյն բանկ, 2012թ. Հայաստանի Լաւագոյն բանկ առեւտրի ֆինանսաւորման գծով եւ 2012թ. Հայաստանի Լաւագոյն բանկ արտարժոյթի փոխարկման ծառայութիւնների մատուցմամբ: «Ամերիաբանկ»ը միակն է հարաւկովկասեան տարածաշրջանում, որ իր արագ եւ կայուն աճի, ինչպէս նաեւ ապագայում տարածաշրջանի առաջատար դառնալու բարձր պոտենցիալի համար համաշխարհային տնտեսական համաժողովի (World Economic Forum) կողմից ներառուել է «global growth companies» ցանկում:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք համագործակցո՞ւմ էք Սփիւռքում գործող այլ կառոյցների հետ:
ԱՆՈՅՇ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Համագործակցում ենք սփիւռքի այն կառոյցների հետ, որոնք իրենց շուրջ համախմբել են Հայաստանի զարգացման համար գործունէութիւն ծաւալող հայերի՝ հետեւեալ պատճառով. «Ամերիա»ն նպատակ ունի աջակցել սփիւռքում բնակուող բոլոր գործարար ամերիկահայերին, որպէսզի նրանք ստանան ճշգրիտ տեղեկութիւններ Հայաստանում գործարար հնարաւութիւնների վերաբերեալ եւ ստեղծեն ու զարգացնեն իրենց բիզնեսը Հայաստանում՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի զարգացմանը:
Մասնաւորապէս համագործակցում ենք Հայ-Ամերիկեան առեւտրի պալատի, Արցախի Զարգացման Հիմնադրամի հետ: Ներկայ ենք գտնւում եւ սատարում համայնքը միաւորող կառոյցներին, ինչպիսիք են Հայ Բարեգործական Ընդհանուր Միութիւնը (AGBU), ՀՄԸՄը (Homenentmen) եւ այլն: Մեր նոր գրասենեակում, որը գտնւում է 330 North Brand, # 140 հասցէում, պարբերաբար գործարար հանդիպումներ ենք իրականացնելու՝ գործակցելով համայնքային կառոյցների հետ, որպէսզի ներկայացնենք յստակ ներդրումային ծրագրեր եւ ճշգրիտ տեղեկատուութիւն հայաստանեան շուկայի վերաբերեալ:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ո՞րն է «Ամերիա» խմբի ապագայի տեսլականը եւ առաջիկայում ինչպիսի ծրագրեր ունի ամերիկեան գրասենեակը:
ՐԱՖՖԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- «Ամերիա»ն նախատեսում է մօտ ապագայում դառնալ միջազգային համահայկական խորհրդատուական եւ ֆինանսական խումբ՝ նպատակ ունենալով աշխարհում սփռուած ողջ հայութեան եւ հայրենիքի միջեւ դառնալ կամուրջ՝ շահաւէտ գործունէութեան ծաւալման համար՝ ի նպաստ Հայաստանի յետագայ զարգացման ու բարգաւաճման:
Երբ ականատես ենք լինում հայկական կազմակերպութիւնների, որոնք չեն զիջում համաշխարհային համբաւ վայելող հաստատութիւններին, պէտք է հպարտ լինենք: Ամերիան այն ընկերութիւնն է, որ միջազգային չափանիշներին համապատասխան մօտեցում է ցուցաբերում թէ՛ գործի, թէ՛ աշխատակիցների նկատմամբ: Եւ ամենակարեւորը՝ գործում է ի նպաստ հայրենիքի զարգացմանը: Ֆինանսական ոլորտում «Ամերիա» խումբը կարող է մրցել համաշխարհային ճանաչում ունեցող կառոյցների հետ: Պատահական չէ, որ ԱՄՆում «Ամերիա» խմբի խորհրդանիշն է դարձել խնձորներով շրջապատուած ծիրանը՝ հայկական խնձորը, որը խորհրդանշում է «Ամերիա» խմբի ԱՄՆում խոշոր ֆինանսական խորհրդատուական ընկերութիւնների կողքին լինելը եւ միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայութիւններ մատուցելը: «Ամերիա»ն կոչուած է ծառայելու որպէս կամուրջ Սփիւռքի եւ հայրենիքի միջեւ:

Յաւելեալ տեղեկութիւնների համար զանգահարել (818) 646 1111 համարով:

Ն.Ա.- Հարկ է նշել, որ «Ամերիա»ն նաեւ բարեգործական ձեռնարկներ է կազմակերպում, այդ թւում‘ աւանդական դարձած ամանորեայ բարեգործական աճուրդ տարբեր հիւանդութիւններով տառապող երեխաներին օգնելու համար: Դեկտեմբերի 13ի տօնական միջոցառման ժամանակ «Ամերիա»ի գրասենեակի միջոցով ամերիկահայ համայնքը եւս հնարաւորութիւն ստացաւ մասնակցելու բարեգործական նախաձեռնութեանը: «Ամերիա»ն աճուրդի ներկայացրեց սիրուած արուեստագէտ Վահէ Պէրպէրեանի կտաւը, որից ստացուած հասոյթը կը փոխանցուի երեխաների բուժման ծախսերի համար: Պէրպէրեանը նշեց, որ բարձր է գնահատում եւ սիրով մասնակցում է նման բարձր նպատակի համար կազմակերպուած աճուրդին:

Leave a Reply