Քիմ Քարդաշեանի՝ Բի.Բի.Սի. Պարբերականում Գրուած Յօդուածի Մասին


ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Անցեալ շաբաթ հեղինակաւոր Բի.Բի.Սի. պարբերականը անդրադարձաւ նշանաւոր հայերին, որտեղ ընթերցողի ուշադրութիւնը գրաւեց այն հանգամանքը, թէ ընդհանուր առմամբ հայերը «չեն

հպարտանում Քիմ Քարդաշեանով», եւ չեն ուզում, որ աշխարհը կարծի, թէ «բոլոր հայերը այդպէս են», միանշանակ մատնանշելով Քարդաշեանի բաց ապրելակերպը:
Թէ ինչո՞ւ է այսպիսի հարցադրում ներկայացուել յօդուածում՝ մնում է միայն զարմանալ: Իսկ այն փաստը, թէ հայերը «կատակներ» են անում Քարդաշեանի նկարագրի հետ կապուած՝ նորութիւն չէ: Ինչպէս Սփիւռքում, այնպէս էլ Հայաստանում շատերի քննարկման առարկայ է Քարդաշեանի բարոյական նկարագիրի քննադատութիւնները: Միայն նեղ շրջանակներում են ընդունում, թէ այն, ինչ արել է Քիմ Քարդաշեանը Հայկական հարցը աշխարհին ներկայացնելու հարցում, գրեթէ անկրկնելի է: Քարդաշեանի պէս մէկին «հրապուրելու» համար, միլիոնաւոր դոլարեների ներդրումներ կ՛անէին աշխարհի բազմաթիւ պետութիւններ: Վերջին մի քանի տարիներին նա Հայոց Ցեղասպանութեան հարցը բարձրացրել է միլիոնաւոր մարդկանց առջեւ, այդ թւում այնպիսի մարդկանց, ովքեր ոչ միայն Ցեղասպանութեան, այլ հայ ազգի գոյութեան մասին գաղափար անգամ չունէին: Ուրեմն, ինչո՞ւ է Բի.Բի.Սի.ն հէնց այժմ բարձրացնում «նշանաւոր հայեր»ի հարցը, շեշտը դնելով Քարդաշեանի մասին հայերի ընդհանուր առմամբ «բացասական» վերաբերմունքի վրայ: Արդեօ՞ք սա պատահական է: Արդեօ՞ք մենք այս հարցը չափից աւելի զգացական մօտեցումով չենք ընդունում, եւ արդէն որերորդ անգամն է, ինչ տուժում ենք զգացական արձագանգների պատճառով:
Ցեղասպանութեան հարիւրամեակի տարելիցին մնացել է 2 տարուց մի փոքր աւելի ժամանակ: Առաջիկայ 2 տարիների ընթացքում Քարդաշեանի աստղը դեռ կը փայլի միջազգային լրատուական պարբերականներում: Փնովելով նրա վարքագիծը, մենք, հայերս, արդեօք չե՞նք կորցնում աշխարհին՝ մեր ցաւին հաղորդակից դարձնելու լաւագոյն միջոցներից մէկը, եւ ո՞ւմ է դա ձեռնտու: «Ամուսնացել է սեւամորթի հետ եւ նրանից երեխայ է սպասում» արտայայտութիւնը շատ է հնչում: Ինչո՞ւ ենք մեր քիթը խոթում մարդու անձնական կեանքի մէջ, որ աշխարհն էլ, Քիմն էլ, կարծիք ստեղծեն, թէ մենք ռասիստ (ցեղապաշտ-Խմբ.) ենք եւ անհանդուրժողական:  «Հայերի կարծիքը» վերջին հաշուով կարող է Քիմի ականջն ընկնել, ու լաւագոյն դէպքում՝ նա կարող է դադարեցնել հայկական հարցը աշխարհին ներկայացնելու սեփական նախաձեռնութեամբ իր ստանձնած առաքելութիւնը: Եկէք անկեղծ խօսենք, նոյնիսկ ամենալաւ պատրաստուած դասախօսութիւնը ամենախելացի գիտնականի կողմից չի կարող այդքան մարդու ուշադրութիւն գրաւել, որքան Քիմ Քարդաշեանի Twitter-ը, որին հետեւում են մօտաւորապէս 35 միլիոն անձնաւորութիւն՝ մի հաշուարկի համաձայն: Այս 35 միլիոնից մի քանի միլիոնը, վստահ եմ, հետաքրքրուել են, թէ որտե՞ղ է Հայաստանը եւ ինչո՞ւ է Քիմը այդքան յաճախ օգտագործում «ցեղասպանութիւն» բառը իր արմատների մասին խօսելիս: Բի. Բի.Սի.ն իր յօդուածում նշում է. Last year, Kardashian tweeted: Today lets all stand together & remember the 1.5 million people who were massacred in the Armenian Genocide.   Փորձենք Հոլիվուդեան աստղերից, ասենք՝  Ջուլիա Ռոբերտցից խնդրել, որ նման յայտարարութիւն կատարի: Քանի՞ միլիոն դոլար է հարկաւոր նման նախադասութիւն բարձրաձայն ասելու համար:
Երբ հանդիպեցի կորէացի մի կնոջ, վերջինս հարցրեց, թէ ի՞նչ լեզուով եմ խօսում: Ասացի՝ հայերէն: Քարդաշեանի լեզուով, ասաց: Ուշի ուշով հետեւում եմ նրան, աւելացրեց:
Քիմ Քարդաշեանը, ով ինքնակամ վերցրել է Հայկական հարցը ժողովրդականացնելու (մասսայականացնելու) խնդիրը իր ուսերի վրայ, պէտք է, որ իրեն հանգիստ զգայ, երբ յայտարարի իր ազգային պատկանելութիւնը: Իսկ թէ ի՞նչ վարքագիծ է դրսեւորում նա, ում հետ է ամուսնանում ու քնում՝ պիտի որ քննադատների համար երկրորդ պլանի վրայ դրուի: Այստեղ ակամայից յիշում եմ հօր կողմից հայ, մօր կողմից կորէացի տղայի յայտարարութիւնը, երբ հպարտօրէն ասաց, թէ ինքը հայ է: Որոշ հայ աշակերտներ ծաղրեցին նրան՝ ասելով. …where have you seen an armenian with narrow eyes? Իսկ տղան, ի միջի այլոց, մաքուր հայերէնով էր խօսում:
Բի.Բի.Սի.ի յօդուածը բաւական հաւասարակշռուած ձեւով էր գրուած, եւ հաւանաբար արտացոլում էր հայկական որոշ շրջանակներում ձեւաւորուած կարծիքներ: Ինչո՞ւ այն լոյս տեսաւ հէնց այս պահին: Աւելի քան 2 տասնեակ տարի է ինչ հետեւում եմ, եւ ոչ մի անգամ չեմ հանդիպել, որ նմանօրինակ ներկայացմամբ յօդուած տպագրուի այսքա՛ն հեղինակաւոր պարբերականում, որտեղ ժողովրդի «վերաբերմունքն է» արտայայտւում այս կամ այն անձի ազգային պատկանելութեան մասին:  Մտածելու տեղիք կայ:

Leave a Reply