Հայոց Ցեղասպանութեան Թանգարանը Հրատարակել Է Գէորգ Վարդանեանի «Յոյն Բնակչութիւնն Օսմանեան Կայսրութիւնում Եւ Փոքրասիական Աղէտը (1914-1923 թթ.)» Գիրքը

«ԱԿՈՒՆՔ»

Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը հրատարակել է պատմական գիտութիւնների թեկնածու Գէորգ Վարդանեանի «Յոյն բնակչութիւնն Օսմանեան կայսրութիւնում եւ Փոքրասիական աղէտը (1914-1923 թթ.)» գիրքը:
Մենագրութիւնը նուիրուած է Օսմանեան կայսրութիւնում յոյն բնակչութեան կարգավիճակի եւ 1914-1923 թթ. յոյների ցեղասպանութեան ուսումնասիրութեանը: Գրքում ներկայացւում է Օսմանեան կայսրութիւնում յոյն բնակչութեան ներկայութեան, նրա իրաւական, քաղաքական, սոցիալ-տնտեսական դրութեան, ինչպէս նաեւ՝ 1914–1923 թթ. թուրքահպատակ յոյների զանգուածային տեղահանութիւնների եւ կոտորածների ուսումնասիրութիւնը:
Աշխատութեան աղբիւրագիտական հենքն են կազմում Հայաստանի Ազգային արխիւի նիւթերը, Կ. Պոլսի յունական Տիեզերական պատրիարքարանի «Սեւ գրքերը» եւ փաստաթղթերը, 20րդ դարասկզբին Եւրոպայի եւ ԱՄՆի Յունական կոմիտէների հրապարակած տեղեկագրերը, ինչպէս նաեւ արխիւային փաստաթղթերի (այդ թւում նաեւ՝ յունական) ժողովածուները:
Գրքի առաջին գլխում ներկայացւում է 19րդ դարի վերջին եւ 20րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում յոյն բնակչութեան տեղաբաշխումն ըստ վիլայէթների, ինչպէս նաեւ յոյների սոցիալ-տնտեսական ու քաղաքական դրութիւնը: Առանձին քննութեան է առնւում նաեւ 1908-1914 թթ. յոյների իրաւական կարգավիճակը:
Գրքի երկրորդ գլխում ուսումնասիրւում են Առաջին համաշխարհային եւ 1919-1922 թթ. յոյն-թուրքական պատերազմի տարիներին յոյների զանգուածային տեղահանութիւններն ու կոտորածներն Արեւելեան Թրակիայում, Փոքր Ասիայի արեւմտեան հատուածում, Պոնտոսում եւ Օսմանեան կայսրութեան այլ շրջաններում: Ներկայացւում են նաեւ 20րդ դարի առաջին քառորդին հայերի եւ յոյների համագործակցութեան փորձերը:
Երրորդ գլխում քննութեան են առնւում Լօզանի կոնֆերանսում յունական հարցի քննարկումները եւ «Թուրքիայի ու Յունաստանի միջեւ բնակչութեան փոխանակման վերաբերեալ» պայմանագիրը:
Զուգահեռներ են անցկացւում նաեւ հայերի ու յոյների Ցեղասպանութիւնների պատճառների եւ իրականացման մեխանիզմների միջեւ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top