«Ներողութիւն Եմ Խնդրում, Որ Ցեղասպանուել Եմ»

ԱԼԻՆ ՕԶԻՆԵԱՆ

Թուրքիայի մշակոյթի նախարար Օմեր Չելիքի, ինչպէս նաեւ «Թուրք արտադրողների եւ գործարարների միութեան» նախագահութեան անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի կողմից Անատոլիան (Արեւմտեան Հայաստանը.- «Ակունք»ի Խմբ.) «լքած» հայերի ժառանգներին Թուրքիա հրաւիրելու եւ նրանց քաղաքացիութիւն շնորհելու վերաբերեալ կառավարութեանն արուած առաջարկութիւնը, ինչպէս եւ սպասւում էր, թուրքական մամուլում եւ հասարակական-քաղաքական շրջանակներում բուռն քննարկումների տեղիք է տուել:
Ցեղասպանութեան հարիւրամեակի շեմին արուած այս քայլերի՝ թուրքերի մօտ ինչ տպաւորութիւն թողնելը հասկանալու համար թուրք լրագրողներից շատերը, չգիտես ինչու, դիմեցին թուրք արուեստագէտներին: Հարկ չեմ համարում նշել հեռուստասերիալների այն աստղերի, էստրադայի երգիչների անունները, որոնք ներկայացւում են որպէս լուրջ արուեստագէտներ, բայց կարեւորում եմ նրանց պատասխանները, քանի որ դրանք շատ դիպուկ արտայայտում են ժողովրդի միջին խաւի մեծամասնութեան կարծիքը:
«Արուեստագէտները» նախ թուրքերի՝ հայկական հարցին բնորոշ զարմանքով ասում են, որ բոլորս հայ, քուրդ, հրեայ, յոյն հարեւանների հետ եղբայրաբար ու խաղաղութեամբ ապրում էինք, ի՞նչ եղաւ, ինչո՞ւ գնացին, իհարկէ թող հետ գան, մենք այդպէս էլ չհասկացանք՝ ինչ կատարուեց:
Իսկ մէկ ուրիշը, արժեւորելով թուրքական հիւրասիրութիւնը, ասում է, որ թուրքական հողերը բաւարար են աշխարհի բոլոր կարիքաւոր ժողովուրդներին՝ լինեն արաբ, թէ հայ: Ով ցանկանում է, թող գայ. մեր դռները բաց են: Կենացները գնալով քաղցրանում են, ու մի ուրիշ արուեստագէտ, երեւի «իսկականներից», քանի որ մտքի նման թռիչքի համար իրօք ստեղծարար ուժ է պէտք, ասում է. «Մենք օսմանցիների թոռներն ենք, Իսպանիայից վռնդուած հրէաների դէմ մեր պապերը բացեցին դռները, օգնեցին նրանց: Մենք արդէն ապացուցել ենք մեր մարդասիրութիւնն աշխարհին, այնպէս որ՝ հայերին էլ ձեռք կը մեկնենք»: Նման զզուելի տրամաբանութեամբ՝ պրոբլեմատիկ մասը ոչ թէ մոռանալն է Օսմանեան կայսրութեան դերակատարութիւնը հայերին «օսմանական» հողից վռնդելու գործում, այլ հրէաների տնտեսական, մշակութային, կրթութեան, բժշկութեան եւ տարբեր ոլորտների ոչ միայն զարգացման, այլեւ ստեղծման մասին որեւէ փաստ չյիշատակելը ու միայն թուրքերի ազնուութեան ընդգծումը:
Կան նաեւ հարցին այսչափ «մարդասիրաբար» չմօտեցող «արուեստագէտներ», որոնք, կարեւորելով ներողութիւն խնդրելը որպէս քաղաքակրթութեան ամենամեծ չափանիշ, ինչպէս նաեւ օրինակներ բերելով թերեւս երեք օր առաջ ծանօթացած «կարմայի փիլիսոփայութիւնից», խորամանկ քմծիծաղով եւ ձայնի արհամարհական ելեւէջներով հռետորական հարց են ուղղում լրագրողին. «Իհարկէ, եթէ կատարուել է նման մի բան, ուրեմն դրա համար պէտք է ներողութիւն խնդրուի»:
Իսկ ամենահիւանդագին մօտեցումը, որը նաեւ լսելի է դառնում արուեստագէտների շրջանակներում, հետեւեալն է. «Իսկ հայերն արդեօ՞ք պատրաստւում են մեզնից ներողութիւն խնդրել իրենց արածների համար»:
Երկու կողմի ցաւերի ընդունման, համահաւասարեցման բանաձեւը որոշ թուականից ի վեր օգտագործւում է հայ-թուրքական երկխօսութեան շրջանակներում, սակայն արդէն աբսուրդի (անհեթեթութեան.- Խմբ.) է հասնում, երբ իրենց հումանիստ (մարդասէր.- Խմբ.) անուանող մի քանի թուրքահպատակ հայ մտաւորականներ սկսում են ազերիների կողմից Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, «օբյեկտիւ (առարկայական.- Խմբ.) լինելու անհրաժեշտութիւնից ելնելով», համեմատել Թեհլիրեանի հերոսացման հետ եւ հանդէս են գալիս Սփիւռքին ու Հայաստանին ուղղուած ուղերձով, որ «գոնէ այսօր չշարունակեն այդ սխալը»: Նման «օբյեկտիվիզմով» բարդոյթաւորուելը ամենալաւատես մարդկանց նոյնիսկ չի կարողանում համոզել, որ դա ոչ թէ հայոց, օսմանեան, թուրքական եւ նոյնիսկ համաշխարհային պատմութեան առնուազն թերի տիրապետելու արդիւնք է, այլ հետազօտական աշխատանքից աւելի պոպուլիստական (աժան ժողովրդականութեան.- Խմբ.) քաղաքականութիւն վարելու կամաւոր կամ պարտադրուած ընտրութիւն:
Պաթոլոգիկ (հիւանդագին.- Խմբ.) նման մեղադրանքներով հանդէս են գալիս նաեւ Խօջալուում եւ Ղարաբաղեան պատերազմի ժամանակ տեղի ունեցած դէպքերի մասին խօսելիս՝ հայկական կառավարական եւ ոչ կառավարական շրջանակներին կոչ անելով ներողութիւն խնդրել կամ գոնէ տխրել ադրբեջանցիներին պատճառած ցաւի համար:
Կարծում եմ՝ երկխօսութեան քօղի տակ զարգացող աբսուրդի ամենալաւ պատասխանը տալիս է Հայաստանում եւ Եւրոպայում տարիներ շարունակ բնակուելուց յետոյ կրկին Պոլսում հաստատուած պոլսահայ ծաղրանկարիչ Արեթ Գըճըռի մի ծաղրանկար, ուր թուրքահայը, ձեռքերը գրպանում, իր սիգարետի վերջին մուխն առնելով, խոստովանում է. «Ներողութիւն եմ խնդրում այն բանի համար, որ ցեղասպանուած եմ»:

http://civilnet.am

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top