ԻՄ ԼՈՅՍ ԱՊԱԳԱՆ…

Արնագոյն ցոլքը շիկնած արեւի,
Դանդաղ  փշրուեց սարերի լանջին,
Թափառ ամպերն էլ
արտասուաթաթախ,
Երկնակամարից տրտունջ մաղեցին:

Նիրհեց լեռների պարը մթան մէջ,
Գիշերը դարձաւ ծանր, թախծագին,
Լուսինն ծանրացած իր կոպը բացեց,
Ինչպէս մոմի լոյս՝ յանձնուած մթին:

Ես էլ վշտահունց  բնութեան նման,
Փնտռում եմ լոյսը արեգակներից,
Տագնապում եմ լուռ, դողում հոգեւին,
Շրջում եմ դէմքս՝ խռոված կեանքից:

Իմ հոգու բոլոր ճախրանքներն անեղծ,
Բախուել են անյոյս պատնէշին մթան,
Իմ կրծքի խորքում աշխարհ է թաղուել,
Խաւարածնունդ չարերից դաժան:

Ես դեգերել եմ երկիրներ անտուն,
Անլոյս, անարեւ ճամփեքով անցել,
Եւ տառապանքի անապատներում,
Ցամաք աչքերով վշտերս  ողբացել:

Արդարութիւնը տուայտում է դեռ,
Լսում եմ անդարձ պատրանքը ստի,
Չսանձահարուող կեղծիքով անափ,
Տեսնում  եմ անգայթ՝ մշուշն խաւարի:

Դեռ չէ խաղաղուել յոյզը իմ հոգու,
Ես պիտի փշրեմ վշտերիս շղթան,
Տխրութիւն ու լաց ինձնից վանելով,
Յառաջ պիտ գնամ  հոգով յաղթական:

Թէկուզ փլուզուի խենթ դարը շուտով,
Ես պիտի ճեղքեմ պատնէշը մթան,
Յանուն բերկրածին լուսէ գալիքի,
Յանուն ճշմարիտի վերայայտնութեան:

Կը փայլատակի պահը սրբազան,
Լոյսը խաւարի հիմներն կը ցնցի
Կամքով անխարդախ, հաւատքով  անխախտ,
Պիտի բերկրանքիս՝ գարունը բացուի:

Ինձ,  պիտ գուրգուրի լոյսը վաղորդեան,
Ողջերթի հիմնով աշխարատարած,
Յոյսն իմ պիտ դառնայ վսեմ ախոյեան,
Այլ  ուղի չունի՝ իմ լոյս ապագան:

ԱՒԻԿ ԴԵՐԵՆՑ
Բոստոն

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top