Շուշի՝ Պատմութիւնը Մինչեւ 20րդ Դարի Սկիզբ

Գրաւոր աղբիւրները, հնագիտական նիւթերը եւ պատմա-մշակութային յուշարձանները հաստատում են, որ 12-13րդ դ.դ. Շուշին (խօսքը ամրոցի պարիսպներից ներս սարահարթի մասին է), եղել է բնակեցուած:
Շուշին (իբրեւ ամրոց, բերդ) յայտնի է գերազանցապէս պարսկական եւ թուրքական նուաճողների դէմ մղուած հայ ազգային ազատագրական շարժումների վերելքի եւ հիւսիսային լեռնական ցեղերի ասպատակութիւններին դիմագրաւելու ժամանակաշրջանից (18րդ դարի սկզբից):
Ղարաբաղի հինգ մելիքութիւններից իւրաքանչիւրն ունէր իր պաշտպանական գլխաւոր ամրութիւնը, որը յայտնի է «սղնախ» անունով: «Սղնախ անել» նշանակում է բնական կամ արհեստական բերդում ամրանալ: Արցախի հայերը թշնամիների ասպատակութիւններից պաշտպանւում էին անմատչելի լեռներում ու քարանձաւներում եւ որոշ ժամանակ այնտեղ էլ հոգում էին իրենց կարիքները:
Վարանդայի Մելիք-Շահնազարեանների «սղնախ»ը Շօշն էր:
Շօշի՝ որպէս բերդի պատմութիւնը, վկայուած ու հաստատուած է հաւաստի աղբիւրներով: Այն սկսւում է Աւան հարիւրապետից, թէեւ իբրեւ ամրոց այն գոյութիւն է ունեցել մինչ այդ: Աւան հարիւրապետը Շօշում հաստատուել է 1717թ.: Բերդի շինարարութիւնն ու վերակառուցումն աւարտուել է 1724թ.:
Շուշի քաղաքի հայկական թաղերից մէկը մինչ քաղաքի կործանումը կոչւում էր Գեաւուր Ղալին թաղ՝ անհաւատի (իմա՝ քրիստոնեայի) բերդի թաղ. այս հանգամանքը վկայում է նախկինում այդ թաղում բերդի գոյութեան մասին:
Ազգութեամբ թուրք, «սարաջալի» քոչուոր ցեղի ցեղապետ Փանահ Ալին՝ Փանահ խանը Մելիք-Շահնազար Բ.ից «նուէր» է ստացել Շօշը ոչ թէ իբրեւ անբնակ, ամայի մի սարահարթ, այլ ռազմավարական կարեւոր նշանակութիւն

ունեցող պաշտպանական բնակավայր: Փանահ Ալին գիտակցել է բնակավայրի նախկին բերդ-ամրոցի նշանակութիւնը եւ Մելիք-Շահնազարի խորհուրդներով ու հայ շինարար վարպետների միջոցով հայ շինարարական արուեստի սկզբունքներով վերակառուցել եւ աւելի է ամրացրել այն: Շինարարական աշխատանքները աւարտուել են 1752թ.:
Շօշ բնակավայրը շրջապատող բերդապարիսպի երկարութիւնը 2,5կմ. է, պարիսպի բարձրութիւնը՝ 78մ., ընդմիջարկուած բուրգերով: Պարիսպը սկսւում է բնակավայրի արեւմտեան բարձունքի ստորոտից, հասնում արեւելեան կողմի ժայռերը, հարաւային կողմն ամբողջովին, իսկ արեւմտեանն ու արեւելեանը մասամբ պաշտպանուած են անմատչելի ժայռերով: Բերդն ունեցել է երկու գլխաւոր եւ երկու սովորական մուտքեր՝ դարպասներ: Գլխաւորներից մէկը՝ հարաւ-արեւմտեանը կոչուել է Երեւանեան, երկրոդը, հիւսիս-արեւելեանը սկզբում կոչուել է æրաբերդի, յետագայում վերանուանուել Եղիսաբեթպոլիսեան: Հետիոտնի համար նախատեսուած փոքր դարպասներից հարաւայինը կոչուել է Ամարասի, արեւելեանը՝ Մխիթարաշէնի:
Շուշին իր պաշտպանական նշանակութիւնը սպառեց 1830ական թուականներին:
«Շօշ» բառը Արցախի բարբառում նշանակում է ծառի այն նորաբոյս ճիւղը, որն ամենաբարձրն է բոլոր մնացածներից («շօշ տօ շմալ» արտայայտութիւնը): Իր ֆիզիկա-աշխարհագրական վեր խոյացած բարձրադիր, իշխող դիրքով Շօշը (յետագայում՝ Շուշին) աչքի է ընկնում իրէն շրջապատող լեռնապարի մէջ եւ «շօշ»ի նմանութիւնն ակնյայտ է: Նկատի ունենանք, որ Ղարաբաղի (եւ ոչ միայն) տեղանունների զգալի մասն առաջացել է ըստ տեղավայրի աշխարհագրական միջավայրի, տեղի, դիրքի եւ այլ ֆիզիկական յատկանիշների. Առաջաձոր, Քոլատակ, Գետաշէն, æրակուս, Սպիտակշէն, Սարուշէն, Կանաչ թալա, Մեծ շէն եւ այլն:
«Շօշ-Շուշի» անուան ստուգաբանութեան շուրջ տարակարծութիւնները շարունակւում են ցայսօր: Ակնյայտ է թուրքերէն «շուշա»՝ ապակի, հայելի շինծու ստուգաբանութեան անհեթեթութիւնը, անտրաբանութիւնը, ամէն գնով սեփական լեզուին յարմարեցնելու ցանկութիւնը:
«Շօշ»ի «Շուշի» փոխակերպուելը կատարուել է գրական լեզուի ազդեցութեամբ: Ղարաբաղի բարբառում «ո-ու» հնչիւնափոխութիւնն օրինաչափ երեւոյթ է. թոթ-թութ, տոն-տուն, շոն-շուն եւ այլն:
Շօշ-Շուշին վերանուանուեց Փանահաբադ անունով, սակայն ինչպէս ինքը՝ Փանահը, այնպէս էլ անուանումը, օտար ու խորթ լինելով, չընդունուեցին Արցախում, նոյնիսկ Փանահի հաւատակիցների կողմից:
18րդ դարի կէսին Փանահ խանի Շուշիում հաստատուելուց յետոյ պարսից շահերը մի շարք մանր ու մեծ արշաւանքներ են ձեռնարկել դէպի Արցախ՝ Շուշին գրաւելու եւ Փանահ խանին Պարսկաստանին հպատակեցնելու նպատակով:
1761թ. Ուրմիայի Ֆաթալի խանը Շուշին գրաւելու նպատակով արշաւեց Ղարաբաղ: Սակայն նրա բանակը չկարողացաւ նոյնիսկ մօտենալ բերդաքաղաքին:

1796թ. Օգոստոսին պարսից շահ Աղա-Մամադ խան Կաջարը 50 հազարանոց զօրաբանակով պաշարեց Շուշին: Փանահ խանին յաջորդած Իբրահիմ խանին միացան Մելիք-Շահնազարեանը, Մելիք-æումշուդն ու Մելիք Բեգլարեանը, Մելիք-Աբովը եւ միասնական ուժերով պաշտպանեցին բերդաքաղաքը: Պաշարումը տեւեց 33 օր, վերջացաւ անյաջողութեամբ: Երկիրն էլ աւերուեց ու ամայացաւ:
1797թ. Աղա-Մամադ խան Կաջարը կրկին պաշարեց Շուշին: Այս անգամ բերդաքաղաքը չէր պաշտպանւում. Իբրահիմ խանը փախել էր Դաղստան, հայոց մելիքները զինական ուժ չունէին, Արցախում սով էր ու ժանտախտ: Աղա Մամադ Կաջարը Շուշիում մնաց 25 օր, չորս կողմը սփռելով սպանութիւն, բռնութիւն, կիրառելով ահաւոր դաժան պատիժներ Իբրահիմ խանի կուսակիցների նկատմամբ: Աղա Մամադ Կաջարը սպանուեց իր ծառայողներից մէկի ձեռքով, որը, ըստ աւանդութեան, մահմեդականացած հայ էր:
1826թ. Յուլիսին, երբ Շուշին արդէն գտնւում էր Ռուսական կայսրութեան իրաւասութեան ներքոյ, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 60 (որոշ աղբիւրների համաձայն՝ 80) հազար զօրքով պաշարում է Շուշի բերդը: Փոքրաթիւ ռուսական կայազօրը, 1700 զինուոր, փոխգնդապետ Ռէուտի հրամանատարութեամբ, բերդում գտնուող տեղի բնակիչների, շրջակայ գիւղերից Շուշիում ապաստանած հայ գիւղացիների ամենալայն աջակցութեամբ ու օգնութեամբ կազմակերպում է Շուշիի պաշտպանութիւնը: Աբաս-Միրզային չի յաջողւում քաղաքը գրաւել: Պաշարումը տեւում է 48 օր:
1826թ. Սեպտեմբերի 13ին Շամխորի մօտ տեղի ունեցած ճակատամարտը, որում հայ գեներալ Վ. Մադաթովի հրամանատարութեամբ ռուսական զօրքը փայլուն յաղթանակ տարաւ, նպաստեց Շուշին պաշարումից ազատելուն եւ Աբաս Միրզայի Պարսկաստան վերադառնալուն:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top