Հայաստանի Անկախ Հանրապետութեան Փաստացի Հիմնադիր՝ Մանուկեան Արամ


Ծնած է 1879 թ., Զէյվա գիւղում, այժմ՝ Դաւիթ Բէկ:  Արամ Մանուկեանը (Արամ փաշա) հայ ազգային-ազատագրական շարժման նուիրեալներից է, 20րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետութեան հիմնադիր գործիչներից, ՀՅԴ կուսակցութեան անդամ:
Արամ Մանուկեանը (յեղափոխական անունն է 1904 թ.ից, իսկական անուն-ազգանունը՝ Սարգիս Յովհաննիսեան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, 1901 թ.ին աւարտել է Երեւանի թեմական դպրոցը: 1901–03 թթ.ին կուսակցութեան յանձնարարութեամբ աշխատել է Բաքւում, Գանձակում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում: 1903 թ.ին Կարսից զէնք, զինամթերք եւ կամաւորական խմբեր է փոխադրել Արեւմտեան Հայաստան: 1904–08 թթ.ին գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղուել ուսուցչութեամբ, այնուհետեւ 2 տարի ապրել է Ժնեւում: 1910 թ.ին վերադարձել է Վան, դարձել Վասպուրականի հայութեան ամենաճանաչուած գործիչներից: Եղել է 1915 թ.ի Վանի ինքնապաշտպանութեան (Ապրիլ-Մայիս) կազմակերպիչներից ու ղեկավարներից, որի յաղթական աւարտից յետոյ ռուսական հրամանատարութիւնը նրան նշանակել է Վասպուրականի նահանգապետ (նահանգապետութիւնը գոյատեւել է 70 օր): Յուլիսի 2ին ռուսական զօրքերի անակնկալ նահանջից յետոյ կազմակերպել է Վասպուրականի հայութեան գաղթը Արեւելեան Հայաստան:
1916–17 թթ.ին Մանուկեանը եղել է Թիֆլիսի Ազգային բիւրոյի անդամ. զբաղուել է հիմնականում արեւմտահայ գաղթականութեան հարցերով: Մեծապէս նպաստել է 1917 թ.ի  Մայիսի 2–11ը Երեւանում Արեւմտահայերի 1ին համագումարի կազմակերպմանը: 1917 թ.ին, որպէս Հայոց ազգային խորհրդի  լիազօրներկայացուցիչ, Թիֆլիսից ժամանել է Երեւան, գլխաւորել նորաստեղծ Յատուկ կոմիտէն, որն օժտուած էր լայն լիազօրութիւններով, իսկ 1918 թ.ի Մարտին Երեւանի տարբեր խաւերի ներկայացուցիչների ժողովում ընտրուել է դիկտատոր (արտակարգ լիազօրութիւններ ունեցող պաշտօնատար անձ): Նա բազմաթիւ կոչերով եւ ուղերձներով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպուած պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական յարձակումներից երկրի պաշտպանութիւնը նախապատրաստելու համար:
Կառավարութեան դերը կատարել է Մանուկեանի ջանքերով ստեղծուած կառավարման վարիչների մարմինը, որի նախագահը եւ զինուորական գործերի վարիչն ինքն էր:
Մանուկեանը Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918 թ., Մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքի անվտանգութիւնը: 1918 թ.ի Մայիսի 28ին Հայաստանի Հանրապետութեան հռչակումից յետոյ ղեկավարել է երկիրը՝ մինչեւ Թիֆլիսում ստեղծուած Հայաստանի կառավարութեան ժամանումը (Յուլիսի 23ին) Երեւան: Մանուկեանը Հայաստանի առաջին հանրապետութեան փաստացի հիմնադիրն է: Նա նոր կառավարութեան մէջ ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտօնը, որի իրաւասութեան տակ էին նաեւ լուսաւորութեան, հաղորդակցութեան, պարէնաւորման ու խնամատարութեան ոլորտները, տեղական իշխանութիւնների ձեւաւորումը: Մանուկեանը մեծ ջանքեր է գործադրել հանրապետութիւնում պարէնային ճգնաժամը մեղմելու, գրագրութիւնների լեզուն հայացնելու, հարիւր հազարաւոր փախստականների եւ որբերի կացութիւնը հնարաւորինս բարելաւելու համար: Նրա անմիջական մասնակցութեամբ երկիրը ձերբազատուել է հայոց պետականութեան նկատմամբ թշնամաբար տրամադրուած մահմեդականներից:
Մանուկեանը մահացել է բծաւոր տիֆից:
Արամ Մանուկեանի մասին գրուել են գրքեր, հիւսուել երգեր, նրա անունով կոչուել են փողոցներ Երեւանում եւ ՀՀ այլ բնակավայրերում, կիսանդրին կանգնեցուել է մայրաքաղաքում (2009 թ.):

Leave a Reply