Սարդարապատի Ճակատամարտը


ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉԵԱՆ

Մայիսը մեր ժողովրդի համար խորհրդանշական ամիս է, համազգային մաքառման, պայքարի ու փառայեղ յաղթանակների ամիս: Աւարայր, Սարդարապատ, Շուշի՝ մայիսեան երեք գոյամարտեր, որ յիրաւի բախտորոշ եղան մեր ժողովրդի համար:
Աւելի քան ինը տասնամեակ առաջ Արարատեան դաշտավայրի սրտում՝ Երեւանից ոչ հեռու, մեր ժողովրդի՝ Ցեղասպանութիւնից մազապուրծ բեկորները կենաց-մահու գօտեմարտ մղեցին եղեռնագործ թշնամու դէմ՝ յանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի ազատութեան, յանուն ազգի գոյատեւութեան:
Սարդարապատը մեր ժողովրդի անպարտելի ոգու, անկոտրում կամքի եւ անսպառ զօրութեան յաղթանակն էր: Կարեւեր, գրեթէ հոգեվարք ապրող ժողովուրդը օրհասական պահին կարողացաւ ժողովել իր վերջին ուժերը եւ մի բռունցք դարձած վճռական ճակատամարտում անկասելի հարուածով ջախջախեց դարաւոր թշնամու բազմահազարանոց բանակը:
Սարդարապատը մեր ժողովրդի միաբանութեան յաղթանակն էր, բանակի եւ հասարակութեան բոլոր խաւերի՝ զինուորի եւ շինականի, գիւղացու, մտաւորականի ու հոգեւորականի համերաշխութեան յաղթանակը: Հերոսամարտի ողջ ընթացքում ճակատը եւ թիկունքը միաձոյլ ամբողջութիւն էին. հայ ժողովուրդը լիովին զօրաւիգ էր իր բանակին:
Սարդարապատի փառայեղ յաղթանակը կռեց մեր ողջ ժողովուրդը՝ հայ զինուորի յաղթական ոգու եւ բազկի զօրութեամբ: Հայ զինուորը յաղթեց՝ իր յաղթանակով ամրագրելով մեր ժողովրդի՝ ազատ ապրելու, անկախ պետութիւն ունենալու իրաւունքը: Մայիսեան այդ հերոսամարտից 600ամեայ ընդմիջումից յետոյ վերածնուեց հայոց անկախ պետականութիւնը՝ 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետութիւնը: Սարդարապատը մեր ժողովրդի համար համազգային յաղթանակի խորհրդանիշ է, ազատութեան խորհրդանիշ: Այս դաշտում հնչած խրոխտ մարտակոչի արձագանքն էր, որ հատելով ժամանակային անջրպետը՝ 1988ին թեւածում էր Արցախի լեռներում՝ համայն հայութեանը ոտքի հանելով նոր յաղթական ազատամարտի: Սարդարապատը մեր գալիք յաղթանակների, մեր ժողովրդի ազատութեան ու յարատեւութեան գրաւականն է:
1917 թուականին Ռուսաստանում կատարուած դարակազմիկ իրադարձութիւնները, որոնք ըստ էութեան յանգեցրին Ռուսական հզօր կայսրութեան փլուզմանը, բախտորոշ նշանակութիւն ունեցան նաեւ Հայաստանի ու հայ ժողովրդի համար: Երկրի ներսում կատարուող յեղափոխական խմորումների ալիքը արագօրէն հասնում էր ճակատ, խարխլում բանակի կարգապահութիւնը, խիստ նուազեցնում զօրքերի մարտունակութիւնը: Կովկասեան թատերաբեմի ճակատային գիծը, որը 1917թ. աշնանը ձգւում էր Տրապիզոնից Երզնկա, ապա Մուշ եւ Վանայ լճի հարաւային շրջանով հասնում մինչեւ Ռեւանդուզ, յուրախութիւն թշնամու՝ սկսեց արագօրէն քայքայուել: Ռուս զինուորն այլեւս չէր ցանկանում կռուել օտար երկրում, չէր ենթարկւում հրամաններին եւ ձգտում էր օր առաջ լքել հազարաւոր զինուորների արեան գնով գրաւած դիրքերը եւ բռնել տունդարձի ճանապարհը:
Ճակատային գծում տիրող անմխիթար իրավիճակը կարգաւորելու համար օրախնդիր էր դարձել ազգային զօրամասերի շուտափոյթ կազմաւորումը եւ նրանցով ճակատային գիծը զանգուածաբար լքող ռուսական զօրամասերի փոխարինումը: 1917թ. վերջին սկսուեց Հայկական բանակային կորպուսի (զօրաբաժինի-Խմբ.) կազմաւորումը: Կորպուսի հրամանատար նշանակուեց ռուսական բանակի փորձառու զօրահրամանատար գեներալ-մայոր Թովմաս Նազարբէկեանը, զինուորական կոմիսար՝ Դրաստամատ Կանայեանը՝ Դրօն: Կորպուսի անձնակազմը համալրելու համար Հայոց ազգային խորհուրդը կոչ յղեց հայ ժողովրդին. «Այս պատմական օրերին մեզ վիճակւում է մի համազգային առաքելութիւն: Ծանր է այս առաքելութիւնը, թերեւս վեր է մեր թոյլ ուժերից, բայց անխուսափելի է: Ազգային խորհուրդը կոչ է անում համայն հայութեանը՝ ուժերը լարուած գործի անցնելու: Այս օրհասական վայրկեանին ամէն հայ, որ խուսափում է իր քաղաքացիական եւ ազգային պարտքը կատարել, հայրենիքի դաւաճան է եւ իբրեւ դասալիք՝ արժանի է խստագոյն պատժի»:
1918թ. Փետրուարի 10ին թուրքական զօրքերը, խախտելով 1917թ. Դեկտեմբերին կնքուած Երզնկայի զինադադարի պայմանագիրը, անցան յարձակման եւ գրեթէ առանց դիմադրութեան հանդիպելու՝ արագօրէն հասան Անդրկովկասի սահմաններին: Դէպի Անդրկովկաս թուրքերի առաջխաղացման համար իրաւական խթանիչ դարձաւ Մարտին ստորագրուած Բրեստ-Լիտովսկի խայտառակ պայմանագիրը, ըստ որի՝ Խորհրդային Ռուսաստանը, արհամարհելով հայ ժողովրդի իրաւունքները, Թուրքիային զիջեց ոչ միայն Արեւմտահայաստանի ազատագրուած տարածքները, այլեւ կայսրութեան մաս կազմող Կարսի մարզը՝ դրանով իսկ թուրքական զօրքերի առջեւ բացելով Անդրկովկասի դարպասները: Հայ ժողովրդի գլխին կախուեց լիակատար բնաջնջման իրական սպառնալիքը:
Առանձին հայկական կորպուսը պաշտպանական դիրքեր գրաւեց Կովկասեան ռազմաճակատի առաւել ծանր՝ Օլթի, Սարիղամիշ, Բայազետ, Նախիջեւան հատուածում: Անդրկովկասի մահմեդականները հրաժարուեցին կռուել իրենց թուրք հաւատակիցների դէմ, իսկ Վրացական կորպուսը, որը դիրքաւորուել էր Օլթի-Բաթում հատուածում, գրեթէ առանց կռուի յանձնեց Բաթումը: Ըստ էութեան, երեք տարի մղուող ռուս-թուրքական պատերազմը 1918թ. գարնանը ինքնաբերաբար վերածուեց հայ-թուրքական պատերազմի: Հայ ժողովուրդը մնաց միայնակ թուրքական զօրքերի դէմ:
«Ամէն ոք, այդ օրերին գրել է Արամ Մանուկեանը, իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու: Հայերով ոչ ոք չի հետաքրքրւում՝ շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միայն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:
Ապրիլի վերջին, Անդրկովկասեան կառավարութեան կարգադրութեամբ, Կարսը առանց կռուի յանձնուեց թուրքերին: Կարսի անկումն այնքան անակնկալ էր, եւ այնպիսի խուճապ առաջացրեց թէ՛ նահանջող զօրքերի եւ թէ ընդհանրապէս ժողովրդի մէջ, որ չյաջողուեց լուրջ դիմադրութիւն կազմակերպել առաջ մղուող թշնամու դէմ:
Կարսի գրաւումից յետոյ թուրքական հրամանատարութիւնը կատարեց ուժերի նոր խմբաւորում: 6րդ եւ 1ին բանակային կորպուսներից եւ մի շարք այլ զօրամասերից կազմաւորուեց, այսպէս կոչուած, «Կարս» խմբաւորումը՝ Եաղուբ Շեւքի փաշայի հրամանատարութեամբ: Խմբաւորման հիմնական նպատակն էր գրաւել ամբողջ Արեւելեան Հայաստանը, ապա Թիֆլիսը եւ ապահովել արշաւը դէպի Բաքու եւ Անդրկասպեան երկրներ: Եաղուբ Շեւքի փաշան իր խմբաւորումը բաժանեց չորս զօրախմբի, որոնք Ալեքսանդրապոլից պէտք է շարժուէին համապատասխանաբար դէպի Վորոցովկա, Ղարաքիլիսա, Ապարան եւ Սարդարապատ:
«Ալեքսանդրապոլ-Վորոցովկա, Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլ-Ապարան, Ալեքսանդրապոլ-Սարդարապատ չորս ուղղութիւններն էլ իրարից բաժանուած են լեռներով, հետեւաբար դիվիզիաները պէտք է յարձակուէին մէկը միւսից անկախ: Այն ժամանակուայ կապի միջոցների պայմաններում յիշեալ զօրախմբերի գործողութիւնների կօօրդինացիան վերին աստիճանի դժուարին գործ էր: Սա հէնց թուրքերի յարձակման թոյլ կողմն էր: Հայերը հնարաւորութիւն ունէին թուրքերին ջախջախել առանձին-առանձին» (Ա. Յարութիւնեան):
***
Թուրքական զօրքերի առաջխաղացումը շարունակւում էր: Մայիսի 15ին ընկաւ Ալեքսանդրապոլը: Բացուեց դէպի Արեւելահայաստանի սիրտը՝ Արարատեան դաշտավայր տանող ճանապարհը: Այլեւս նահանջի տեղ չկար. թիկունքում ամենայն հայոց սրբավայրն էր՝ Էջմիածինը, ապա Երեւանը եւ մի բուռ անպաշտպան ժողովուրդ, որը նահանջի դէպքում դատապարտուած էր անխուսափելի կործանման: Արարատեան դաշտում արդէն զգալի էր ժանտ հրէշի մահաբեր շունչը, որ երախը բաց սողում էր առաջ՝ կուլ տալու մեր բիբլիական երկրի վերջին թիզ հողակտորը: Եւ մարդկութեան բնօրրանում անյիշելի ժամանակներից ապրող ու արարող ժողովրդի համար 1918ի մայիսեան զարթօնքը կը դառնար վերջինը:
Երեւանում, համատարած յուսալքութեան պայմաններում, գերիշխում էր քաղաքը թողնելու եւ դէպի Սեւանի աւազան նահանջելու մտայնութիւնը: Բարեբախտաբար ոչ բոլորն էին համակուած այդպիսի խուճապային, պարտուողական տրամադրութիւններով: Շարունակական նահանջի ախտի դէմ առաջինը կտրական ընդվզեց Գէորգ Է. կաթողիկոսը, որը մերժեց Ս. Էջմիածինը թողնելու եւ Սեւանայ կղզում ապաստանելու առաջարկը. «Ասացէք հայ բանակին, որ ես տեղիցս չեմ շարժւում: Ես չեմ թողնում Ս. Էջմիածինը: Եթէ մեր զինուորները նրան չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Ս. Էջմիածին, իմ դիակը պիտի գտնեն Ս. Իջման սրբավայրում»:
Այդ բախտորոշ ժամանակահատուածում Երեւանի Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացուեց Երեւանը թողնելու, Սեւանի աւազան նահանջելու եւ այնտեղից դիմադրութիւն կազմակերպելու մասին: Արամն ուժգնօրէն հարուածեց սեղանին եւ նշեց. «Երեւանը չենք դատարկի եւ պէտք է կռուենք, դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին մեր կաթիլ արիւնը, մինչեւ վերջին գնդակը»: (Ա. Ասրեան):
Ճակատամարտի նախօրէին գեներալ Մ. Սիլիկեանը եւ Դրօն այցելեցին Արամին եւ իրենց համերաշխութիւնը յայտնեցին հակառակորդին վճռական հակահարուած տալու հարցում:
Այսպէս կազմաւորուեց այն եռեակը, որը վճռորոշ դեր պէտք է խաղար յետագայ իրադարձութիւններում:
Այդ օրհասական պահին հրաշք էր պէտք, եւ հրաշքը կատարուեց. հայութեան մէջ կրկին արթնացաւ Հայկեան ազատատենչ ոգին: Ազատութիւն կամ մահ. այլ ելք չկար: Եւ դեռ երէկ յուսալքուած ու ջլատուած ժողովուրդը յուսավառուած ու կորովի ելաւ պայքարի այն գիտակցութեամբ, որ սա թերեւս հայութեան վերջին, վճռորոշ կռիւն է: Մայր տաճարի զանգերը այդ օրերին անընդմէջ ղօղանջում էին, եւ այդ ղօղանջը, իբրեւ մարտակոչ, տարածւում էր Արարատեան դաշտավայրի բոլոր անկիւններում:
«Երեւանի ամբողջ հայ ժողովուրդը վճռել է դիմադրել: Դիմում ենք բոլոր հայ սպաներին, որպէսզի նրանք գան եւ կամաւորական խմբերի գլուխն անցած ընդառաջեն թշնամուն: Ովքեր ցանկանում են ղեկավարի, առաջնորդի դեր ստանձնել, թող դիմեն Երեւանի Ազգային Խորհուրդ հէնց այսօրուանից:
Երեւանի Հայոց Ազգային Խորհուրդ 21 Մայիսի, 1918թ., Երեւան»:
Հասարակութեան բոլոր գործուն ուժերը, մտաւորականութիւնը, կուսակցութիւնները, հոգեւորականութիւնը՝ Գարեգին եպիսկոպոս Յովսէփեանի գլխաւորութեամբ, մասնակից դարձան համազգային պայքարին: Արագօրէն համալրւում էր կորպուսի զօրամասերի անձնակազմը: Միաժամանակ սկսուեց աշխարհազօրայինների հաւաքագրումը: Զինուորագրուեցին եւ Սարդարապատի ճակատամարտին մասնակից դարձան հասարակութեան բոլոր խաւերի ներկայացուցիչները՝ հոգեւորական ու գրող, գիտնական ու հասարակ գիւղացի. Գ. եպիսկոպոս Յովսէփեանը, ապագայ մարշալ Հ. Բաղրամեանը, ապագայ գեներալներ Ա. Վարդանեանը, Գ. Չայլախեանը, գրող Ա. Բակունցը, հայագէտներ Ա. Ղարիբեանը, Գր. Ղափանցեանը եւ այլք:
Ճակատամարտի նախօրէին լիովին անճանաչելի էր նաեւ հայ զինուորը. այլեւս ոչինչ չէր յիշեցնում նախկին յուսաբեկ, պարտութեան մտքին համակերպուած, առանց կռուի մարտադաշտը լքող ու նահանջող զինուորին: Հայ զինուորը Սարդարապատ հասաւ արդէն յաղթանակած. նա յաղթել էր ինքն իրեն, յաղթահարել սեփական թուլութիւնն ու վեհերոտութիւնը եւ մարտի ելաւ իր ոգու զօրութեամբ թշնամու կամքը ջլատելու, վերջնական յաղթանակ տանելու վճռականութեամբ: Նա պարտաւոր էր յաղթել, եւ նա յաղթեց՝ վրէժխնդիր լինելով անհամար զոհերի, աւերուած երկրի, ծով տառապանքի համար: Նա յաղթեց՝ իր յաղթանակով ամրագրելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրաւունքը:
Այսպիսով, ձեւաւորուեց մի պատկառելի զինական ուժ՝ Երեւանեան զօրախմբի հրամանատար գեներալ Մովսէս Սիլիկեանի գլխաւորութեամբ, որը, Սարդարապատի ճակատամարտին մասնակից մարշալ Յովհ. Բաղրամեանի վկայութեամբ, «այն ժամանակուայ բոլոր հայ գեներալներից ամենաշնորհալի զօրավարն էր»:
***
Դէպի Սարդարապատ շարժուող թուրքական զօրախմբի կորիզը կազմում էր 36րդ հետեւակային «Գելիբոլու» (Դարդանելեան) դիվիզիան, որը, ըստ Սարդարապատի ճակատամարտի մասնակից մարշալ Բաղրամեանի, թուրքական բանակի ամենամարտունակ զօրամասերից էր: Զօրախումբը բաղկացած էր երեք հետեւակային, մէկ հրետանային գնդից, հարուածային եւ սակրաւորների գումարտակներից, հեծեալ գնդից, քրդական 1500անոց հեծելազօրից, հրետանային մարտկոցից, որն ունէր 40 թնդանօթ:
Թշնամուն պէտք է դիմակայեր գեներալ Մ. Սիլիկեանի գլխաւորած Երեւանեան զօրախումբը, որը կազմուած էր 2րդ հրաձգային դիվիզիայից, 3րդ հետեւակային բրիգադից (Վանի 1ին եւ 2րդ գնդերից եւ Մակուի հետեւակային գումարտակից), 2րդ հեծեալ բրիգադի 1ին գնդից եւ մի քանի առանձին զօրամասերից: Հայկական զօրքերի ձախ թեւը պաշտպանում էին Զէյթունի հեծեալ գունդը, կամաւորական երկու վաշտ եւ Իգդիրի աշխարհազօրայինները:
«Տարբեր տուեալներով 5500-7000 զինուորներ ունեցող հայկական զօրքը Սարդարապատում պէտք է յաղթահարեր 6000-9000 կանոնաւոր զինուորներ եւ 1500-3000 քուրդ հեծեալներ ունեցող եւ լաւ սպառազինուած հակառակորդի դիմակայութիւնը: Թուրքերն ունէին ռազմամթերքի պաշարներ, օգնական ուժեր ստանալու հնարաւորութիւններ՝ գումարած թաթարների աջակցութիւնը: Հայկական զօրքը զուրկ էր օգնութեան որեւէ յոյսից» (Ա. Ասրեան):
Մայիսի 20ին, ներխուժելով Արարատեան դաշտավայր, թուրքական զօրքերը, առանց լուրջ դիմադրութեան հանդիպելու, գրաւեցին Արաքս եւ Ղարաբուրուն կայարանները: Յաջորդ օրը՝ Մայիսի 21ին, առաջանալով եւս 10 կմ., նրանք գրաւեցին Սարդարապատ կայարանը եւ համանուն գիւղը, ապա Գեչրլուն (այժմ՝ Մրգաշատ): Հայկական զօրքերը հետ քաշուեցին Քիւրաքեանլու- Քեօրփալու (այժմ՝ Արշալոյս) Հայի Զէյուա գծով:
Թշնամին սպառնում էր գրաւել Էջմիածինը, ապա Երեւանը եւ միաւորուելով Բաշ-Ապարան-Աշտարակ ուղղութեամբ շարժուող 9րդ դիվիզիայի հետ, առաջանալ Սեւան-Դիլիջան-Ղազախ ուղղութեամբ:
Այլեւս նահանջի տեղ չկար: Հայկական զօրքերի հրամանատարութիւնը մշակեց թշնամու առաջխաղացումը կասեցնելու եւ ետ շպրտելու յստակ ծրագիր, որը գործի դրուեց անյապաղ. յապաղելը մահուան էր հաւասար:
***
Մայիսի 22ի առաւօտեան՝ հրետանային նախապատրաստական կրակից յետոյ, թուրքական զօրքերը Սարդարապատի արձակ դաշտով յարձակման անցան Քեօրփալու (այժմ՝ Արշալոյս) եւ Ղուրդուղուլի (այժմ՝ Արմաւիր) գիւղերի բնագծում դիրքաւորուած հայկական ուժերի վրայ եւ հասան Ղամըշլու (այժմ՝ Եղէգնուտ): Թշնամին առաջանում էր այն ամբարտաւան ինքնավստահութեամբ, որ հեշտութեամբ կը ճնշի հայկական փոքրաթիւ զօրքերի դիմադրութիւնը եւ արագօրէն կը գրաւի Էջմիածինը, ապա՝ նաեւ Երեւանը:
Սակայն երբ ասկեարների հոծ շարքերը գրեթէ ամբողջութեամբ ծածկել էին դաշտը, գնդապետ Դանիէլ Բէկ Փիրումեանի հրամանով միաժամանակ որոտացին հայկական ուժերի հրետանային մարտկոցները՝ կրակէ յեղեղ թափելով թուրքական զօրքերի գլխին: Հրետանին, որը ղեկավարում էր գնդապետ Քր. Արարատեանը՝ Հայաստանի Հանրապետութեան ապագայ ռազմական նախարարը, դիպուկ կրակ էր վարում թշնամու թէ՛ գրոհող հետեւազօրի եւ թէ հրետանային ու գնդացրային կրակակէտերի վրայ:
Ի դէպ, յետագայում թուրքերը Սարդարապատում իրենց պարտութիւնը պատճառաբանում էին հայերի մեծաքանակ հրետանու առկայութեամբ: Մինչդեռ իրականում թուրքերի 40 հրանօթների դիմաց հայկական զօրքերն ունէին ընդամէնը 18 հրանօթ: Պարզապէս Արարատեանի հմուտ մարտավարութեան շնորհիւ հրանօթները մարտի ընթացքում անընդհատ տեղափոխւում էին մի դիրքից միւսը եւ տարբեր կրակակէտերից ռմբահարում թշնամուն՝ այդպիսով ստեղծելով մեծաքանակ հրետանու տեսլականը:
Դիպուկ հրետակոծութեան հետեւանքով թշնամու շարքերում խուճապ առաջացաւ, զօրաշարքերը խառնուեցին իրար: Գլուխները կորցրած ասկեարները սկսեցին արձակ դաշտում մահաբեր կրակից պատսպարուելու տեղ փնտռել եւ չգտնելով՝ ինքնաբերաբար մղուեցին ետ՝ դէպի ելման դիրքերը:
Պահը հասունացել էր, եւ գնդապետ Դ. Բէկ Փիրումեանի հրամանով հայկական զօրքերը անցան յարձակման: Գնդապետ Դ. Բէկ Փիրումեանի ղեկավարած 5րդ՝ «Մահապարտների» հրաձգային գունդը, Իգդիրի եւ պարտիզանական հետեւակային գնդերը, յատուկ հեծեալ գունդը աշխարհազօրային ջոկատների աջակցութեամբ նետուեցին գրոհի, հուժկու հարուած հասցրին թշնամուն եւ փախուստի մատնեցին նրան:
Ճնշելով թուրքական զօրքերի հոծ պաշտպանութիւնը եւ արագօրէն առաջանալով՝ հայկական զօրքերը թշնամուն 15-20 կմ. ետ շպրտեցին Սարդարապատ գիւղի եւ կայարանի դիրքերից եւ ազատագրեցին Գեչըրլուն եւ Մօլլա-Բայազեթը: Ճակատի հիւսիսային հատուածում մեր զօրքերը ազատագրեցին Կոշը եւ Ուջանը:
Այսուհանդերձ, գնդապետ Դ. Բէկ Փիրումեանը վճռեց չշարունակել թշնամու կրնկակոխ հետապնդումը եւ չկտրուել ելման դիրքերից՝ զգուշանալով, որ թուրքերը կարող են ուշքի գալ, համալրում ստանալ եւ հակայարձակման անցնելով՝ ի չիք դարձնել ձեռք բերուած յաջողութիւնը: Օգտուելով այդ հանգամանքից՝ խուճապահար նահանջող թուրքական զօրքերը կարողացան համախմբել իրենց ուժերը եւ ամրանալ Արաքս կայարանում եւ մերձակայ Չիմնիղըռ եւ Թիւլքի-թափա բարձունքների շրջանում:
Առաջին իսկ մարտերում հայ զինուորները ծանր կորուստներ (շուրջ 500 սպանուած եւ վիրաւոր) պատճառեցին թշնամուն: 36րդ հետեւակային դիվիզիային փոխօգնութեան հասնելու եւ անձնակազմը համալրելու նպատակով Վեհիբ փաշայի հրամանով թուրքական 5րդ դիվիզիայի զօրամասերը փորձեցին Սուրմալուից գետանցել Արաքսը եւ հարուածել մեր զօրքերի թիկունքին: Սակայն Արաքսի ափին դիրքաւորուած հայկական սակաւաթիւ ջոկատները յաջողութեամբ կասեցրին թուրքերի բոլոր գրոհները:
Հայ զինուորների առաջին յաղթական մարտերը բուռն ոգեւորութիւն առաջացրին ազգաբնակչութեան շրջանում: Անմիջապէս սկսեց ստուարանալ զինուորագրուողների թուաքանակը, անգամ դասալիքները սկսեցին շարք վերադառնալ: Բոլորը յուսավառուել էին վերջնական յաղթանակի հաւատով եւ ցանկանում էին օժանդակել համազգային պայքարին՝ ռազմաճակատի կարիքների համար զոհաբերելով ամէն ինչ:
Մայիսի 24ին գեներալ Մ. Սիլիկեանը կոչով դիմեց ժողովրդին.
«Հայե՛ր, շտապեցէ՛ք հայրենիքն ազատելու: Հասել է պահը, երբ իւրաքանչիւր հայ, մոռանալով իր անձնականը, յանուն մեծ գործի՝ հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջիկների պատուի պաշտպանութեան, պիտի գործի դնի իր վերջին ճիգը՝ թշնամուն հարուածելու համար…
Հայե՛ր, ժամանակը չէ դանդաղելու: Մինչեւ յիսուն տարեկան բոլոր տղամարդիկ պարտաւոր են զէնք վերցնելու, եւ ես պահանջում եմ բոլորից ներկայանալ իրենց զէնքերով ու փամփուշտներով՝ հայրենիքի պաշտպանութեան համար:
Հայուհինե՛ր, յիշեցէ՛ք 5րդ դարի փափկասուն տիկնանց, որոնք ոգեւորեցին իրենց ամուսիններին Մեծ գործի՝ անմահ Վարդանի կռիւների ժամանակ, հետեւեցէ՛ք նրանց օրինակներին, եթէ չէք ուզում, որ Ձեր պատիւը ոտնահարուի, խրախուսեցէ՛ք նրանց ու արհամարհեցէ՛ք այն վախկոտներին, որոնք զանազան պատրուակներով խուսափում են ճակատ գնալուց…:
Յանուն բազմաչարչար հայ ժողովրդի ֆիզիկական գոյութեան, յանուն ոտնակոխ եղած ճշմարտութեան: Ոտքի կանգնեցէք: Դէպի գործ, դէպի սրբազան պատերազմ…:
Երեւանեան զօրախմբի հրամանատար գեներալ Սիլիկեան»:
***
Առաջին յաղթական մարտերից յետոյ հայկական զօրքերը դիրքաւորուեցին Սարդարապատի մերձակայքում: Աջ կողմից՝ կայարանի մօտ, 5րդ գնդի վեց վաշտերն էին, Էջմիածնի պարեկային վաշտը, Զէյթունի գունդը, յատուկ հեծեալ գնդից մէկ էսկադրոն, Ղարաքիլիսայի գնդից մէկ վաշտ: Երկաթուղագծից հարաւ կանգնած էին Իգդիրի ջոկատը, պարտիզանական գունդը, յատուկ հեծեալ գունդը, նաեւ երկրորդ մարտկոցի չորս հրանօթ: Պահեստային ուժերն էին՝ 5րդ գնդի երկու վաշտ, Մակուի գումարտակը, Երզնկայի եւ Խնուսի գնդերը:
Մայիսի 25ին գեներալ Սիլիկեանի հրամանով վերախմբաւորելով իրենց ուժերը‘ հայկական զօրամասերը վեց վերստ ձգուող ճակատով դիրքեր գրաւեցին թուրքական զօրքերին զուգահեռ՝ 800 քայլ հեռաւորութեան վրայ՝ ճակատով դէպի հիւսիս:
Շտաբս-կապիտան Սարգսեանցի գլխաւորութեամբ ձեւաւորուած զօրասիւնը յարձակում գործեց Արաքս-Ներքին Թալին-Մաստարա ուղղութեամբ: Առաջնահերթ խնդիրը Թիւլքի-թափա լեռան գրաւումն էր եւ այնտեղ ամրացած թշնամուն ետ շպրտելը: Սակայն, չնայած հայ ռազմիկների խիզախութեանն ու անձնազոհութեանը, թուրքական դիրքերը մնացին անառիկ: Յաջողութիւն չունեցան նաեւ Արաքս կայարանի շրջանում ամրացած թշնամուն իր նպաստաւոր դիրքերից դուրս մղելու համար ձեռնարկուած ճակատային գրոհները: Հայկական զօրքերի ճակատային գրոհները որեւէ արդիւնքի չյանգեցրին նաեւ յաջորդ օրը:
«Յարձակումը դանդաղեց: Թուրքերը, հասցնելով յարմար խրամատաւորուել, ամուր պահում էին սարերը…: Ծանր իրավիճակ էր ստեղծուել: Սարդարապատի խումբը յայտնուել էր կիսաօղակի մէջ, պահեստային ուժեր չկային: Թուրքերը գրաւել էին բարձունքները, մենք՝ նրանց ներքեւում էինք», վերհիշում է Սարդարապատի ջոկատի շտաբի պետ Ա. Շնէուրը:
***
Թուրքական զօրքերի յամառ դիմադրութիւնը կոտրելու համար հայկական ուժերի հրամանատարութիւնը՝ գեներալ Մ. Սիլիկեանի գլխաւորութեամբ, մշակեց հնարամիտ ծրագիր, ըստ որի՝ հայկական զօրքերի մի մասը պէտք է թեւանցում կատարէր եւ թիկունքից հարուածեր թշնամուն: Այդ նպատակով փոխգնդապետ Հասանփաշայեանի գլխաւորութեամբ ձեւաւորուեց առանձին հարուածային զօրախումբ՝ Խզնա-ուզի ջոկատը, որը կազմուած էր Երզնկայի հետեւակային գնդից, Մակուի առանձին գումարտակից, երկու էսկադրոնից, Խնուսի գնդի մէկ վաշտից եւ չորս հրանօթից:
Մայիսի 27ի լուսաբացին հարուածային զօրախումբը, թեւանցում կատարելով Խզնաուզ (այժմ՝ Արագած) եւ Կոշ գիւղերի կողմից, Շամիրամի ձորով ու լեռներով դուրս եկաւ Արաքս կայարանի մատոյցները եւ թիկունքից անակնկալ գրոհ ձեռնարկեց թշնամու վրայ: Թշնամու թիկունքին Թալինի կողմից հարուած հասցրեց նաեւ մշեցիների ջոկատը՝ Պանդուխտի (Միքայէլ Սէրեան) գլխաւորութեամբ:
Առաւօտեան ժամը 9ին սկսուեց յարձակման հրետանային նախապատրաստութիւնը: Ժամը 14ին տեղեկութիւն ստացուեց, որ Երզնկայի գունդը շրջանցել է թուրքական զօրքերի թեւը: Թուրքերի դիմահար կրակի հետեւանքով փոքր ինչ դանդաղեց Մակուի գումարտակի թեւանցումը Ներքին Կալակուտ գիւղի մերձակայքում, սակայն իսկոյն փոխօգնութեան եկած Երզնկայի գնդի երկու վաշտերը շտկեցին իրավիճակը:
Երզնկայի գունդը, կտրուկ թեքուելով հարաւ, դուրս եկաւ ամրացուած բարձունքների թիկունքը եւ անմիջապէս յարձակման անցաւ: Միաժամանակ Սարդարապատի կողմից ճակատային գրոհի նետուեցին հայկական միւս զօրախմբերը: Թշնամին փորձեց դիմադրել, սակայն երկկողմանի ճնշմանը երկար չդիմացաւ եւ ծանր կորուստներ կրելով՝ լքեց իր դիրքերն ու խուճապահար նահանջեց:
«Թուրքերը խուճապահար փախչում են Կարա-Բուրուն լեռան ուղղութեամբ՝ դէն նետելով հանդերձանքը: Մեր փոքրաթիւ հեծելազօրը հետապնդում է նրանց: Ձախ զօրասիւնը հետապնդելով թուրքերին երկաթգծի երկայնքով՝ գրաւում է Արաքս կայարանը, իսկ երեկոյեան նաեւ Մաստարա կիսակայարանը: Աջ զօրասիւնը, որի կազմում էր նաեւ Երզնկայի գունդը, երեկոյեան մօտենում է Մաստարա գիւղին: Պանդուխտի հեծեալները շարունակում են հետապնդել թշնամուն Կրիզլուի եւ Գէօզլուի վրայով, Մայիսի 28ին հասնում են Սողութլու: Թուրքերը խուճապի մէջ են: Նրանց գումարտակներն անցնում են Արփաչայի արեւմտեան ափը» (Ա. Շնէուր):
Յաջորդ օրը, զարգացնելով յարձակումը, հայկական զօրքերը ազատագրեցին Արագած եւ Ղարաբուրուն կայարանները, Ներքին եւ Վերին Թալինը ու Մաստարան: Թուրքական զօրքերը նահանջեցին Ալեքսանդրապոլի ուղղութեամբ: Յաղթանակը կատարեալ էր. թուրքական 36րդ դիվիզիան ջախջախուեց ու ետ շպրտուեց: Ճակատամարտում թուրքական զօրքերը կորցրին աւելի քան 3500 զինուոր: Մեր կորուստները անհամեմատ քիչ էին:
Սարդարապատի ճակատամարտի յաղթական աւարտի աւետիսը համաժողովրդական ցնծութեան ալիք բարձրացրեց Երեւանում:


–Այս Էջը Կը Հովանաւորեն

Հրայր Եւ Գոհար Ճերմակեան  Եւ Ընտանիք

Leave a Reply