Շուշի

ՎԱՀԷ ԱՆԹԱՆԵՍԵԱՆ

Շուշին իրաւամբ կարելի է համարել հայոց մշակութային մայրաքաղաքը, չնայած, այն երբեւէ չի եղել հայկական պետութեան մայրաքաղաք:
Շուշին գտնւում է պատմական Հայաստանի նահանգներից Արցախ աշխարհի Վարանդա գաւառում, անմատչելի բարձրադիր հրուանդանի վրայ, որ բարձր է ծովի մակերեւոյթից շուրջ 1500 մետր:
Հնագիտական պեղումները վկայում են, որ Շուշիի տարածքում ամրոց-բնակավայր է եղել դեռեւս 19րդ դարում: Շուշին ենթադրաբար նոյնացւում է միջնադարեան Շիկաքար բերդի հետ: Համաձայն Մովսէս Կաղանկատուացու պատումի՝ Կողմանք Արեւելից Հայոց (կամ՝ Հայկական Աղուանք) պետութեան գահերէց իշխան Առանշահիկների տոհմից Սահլ Սմբատեանը հէնց Շուշի-Շիկաքարն է դարձրել հակաարաբական պայքարի իր յենակէտը: Իսկ աւելի վաղ՝ դեռեւս մ.թ.ա. 3րդ հազարամեակում այս տարածքում մարդկային բնակավայր է եղել: 13րդ դարում Շուշին արդէն Կարկառ անունով յիշատակում է Կիրակոս Գանձակեցին «Հայոց պատմութիւն» աշխատութեան մէջ: Շուշին որպէս Կարկառ յիշատակւում է նաեւ միջնադարեան այլ պատմիչների աշխատութիւններում:


Բնակավայրը յայտնի է նաեւ Շօշ, Շուշուայ սղնախ, Փանաբերդ, Քարագլուխ եւ այլ անուանումներով: Միջնադարում նրա մասին յիշատակութիւններ են թողել նաեւ արաբ մատենագիրներ Իբն ալ-Ասիրը, Եակուտը, այլք:
Արցախը Հայաստանի ամենամիատարր շրջաններից էր, եւ հայոց թագաւորութեան անկումից յետոյ էլ տեղում պահպանուեց հայոց իշխանապետութիւնը: Պարսից Շահ Աբաս առաջինը ճանաչեց Արցախի մելիքների իշխանութիւնը, եւ տեղում կազմուեց հայկական իշխանութիւնների միութիւն, որ պատմութեանը յայտնի է Խամսայի մելիքութիւններ անուամբ: Խամսան արաբերէն բառ է, որ նշանակում է հինգ՝ խորհրդանշելով Արցախի հինգ իշխանութիւնները: Իսկ մելիք դարձեալ արաբերէն նշանակում է թագաւոր:


Շուշին Արցախի մելիքների հզօր պատուարներից էր: 1720ական թթ. Արցախի զօրքերի ընդհանուր հրամանատար Աւան Իւզբաշին այստեղ հաստատեց իր սղնախը՝ հզօր յենակէտը: 1726թ. նա այստեղ յաղթական ճակատամարտ տուեց Օսմանեան 40,000անոց զօրքերին:
Միայն 18րդ դարի երկրորդ կէսին Մելիք Շահնազար երկրորդը, դաւաճանելով Խամսայի մելիքութիւնների միասնութեանը, բնակավայրը յանձնեց քոչուոր ջեւանշեր ցեղի առաջնորդ Փանահ Ալիին: Վերջինս, հաստատուելով տեղում, բերդաքաղաքը ամրացրեց եւ դարձրեց իր նորաստեղծ խանութեան կենտրոնը: Խամսայի մելիքները, չհաշտուելով իրավիճակի հետ, պատերազմի ելան նուաճողի դէմ, սակայն չկարողացան ընկճել ստահակին: Փանահ խանին յաջորդած Իբրահիմ խանը աւելի ամրապնդեց իր իշխանութիւնը Արցախում: Այդ ժամանակներից սկսած՝ Շուշիում հաստատուեց նաեւ հոծ թուրք բնակչութիւն:


1795թ. Վրաստան արշաւող պարսից Աղա Մուհամմեդ խանը պաշարեց Շուշին, բայց չկարողացաւ գրաւել այն: Միայն երկու տարի անց խանը կարողացաւ գրաւել Շուշին, սակայն օրեր անց սպանուեց այստեղ իր իսկ ծառաների ձեռքով:
1805թ. Շուշին գրաւեց ռուսական բանակը: Այս յաղթանակը ամրագրուեց տարիներ անց Գիւլիստանի պայմանագրով:
1813 թ. Գիւլիստանի պայմանագրից յետոյ Շուշին եւ Արցախը միացան Ռուսաստանին: Հայերը, որ աջակցել էին ռուսական զէնքի յաղթանակին, յոյս ունէին թօթափել թուրքական իշխանութիւնը: Սակայն ի հիասթափութիւն հայ մելիքների՝ ռուսական կաբինետը որոշ ժամանակ պահպանեց Փանահի սերունդների իշխանութիւնը Շուշիում:
Այսուհանդերձ, Ռուսաստանին միանալուց յետոյ քաղաքը ծաղկում ապրեց, արագ շէնացաւ: Առհասարակ 19րդ դարում Շուշին Թիֆլիսից ու Բաքուից յետոյ Կովկասի երրորդ քաղաքն էր: Բնակչութիւնը հասնում էր մօտ 50 հազարի: Շուշիի առաջին յատակագիծը կազմել են ռուս զինուորական ինժեներները 1820ա-կան թթ.:


19րդ դարում Շուշին մշակութային աննախադէպ վերելք ապրեց: Լինելով Հայաստանի ամենամեծ քաղաքը՝ Շուշին նաեւ մշակութային մեծ կենտրոն էր: Այստեղ շուրջ երկու տասնեակ դպրոցներ էին գործում: Նշանաւոր էին Թեմական դպրոցը, Ռէալական դպրոցը, Մարիամ Ղուկասեան օրիորդաց դպրոցը… Քաղաքում գործում էին նաեւ բարձր կարգի ուսումնարան, թատրոն, լոյս էին տեսնում երկու տասնեակից աւելի թերթեր: Հռչակուած էր յատկապէս Շուշիի թատրոնը, որտեղ շատ նշանաւոր դերասաններ են հանդէս եկել:
1885թ. Շուշին ունէր շուրջ 28,000 բնակիչ, որից հայեր էին աւելի քան 16,000ը: 1920թ. Շուշիի բնակչութիւնը հասնում էր 43,000ի, որից հայեր՝ աւելի քան 25,000:
Շուշիի տները ուրոյն դիմագիծ ունեն, բաղկացած են 2-3 յարկերից, փողոցները սալայատակ են, ուղիղ: Քաղաքն ինքնին թանգարան է բաց երկնքի տակ: Իսկ պսակը Ղազանչեցոնց եկեղեցին է, որ կառուցուել է 1868թ.: Ճարտարապետական արժէք ունեն նաեւ 1847թ. կառուցուած Կանաչ ժամը, Վերին մզկիթը, ամրոցը, քաղաքացիական շատ շինութիւններ:


1905-1906թթ. Շուշին հայ-թուրքական ընդհարումների թատերաբեմ էր: Սակայն հայերը կարողացան ուժեղ հակահարուածով զսպել թուրքական ոտնձգութիւնները:
1918ից Շուշին դարձեալ պայքարի կիզակէտում էր: Արցախին տիրելու համար չյայտարարուած պատերազմ էր ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ադրբեջանին աջակցում էին Կովկասում բրիտանական զօրքերի հրամանատարութիւնը, 1920թ. Ապրիլից՝ Խորհրդային Ռուսաստանը:
1920թ. Շուշին աւերուեց եւ հայաթափուեց: Մարտի 22ին գիշերային յարձակումով թուրք-ադրբեջանական հրոսակները գրաւեցին Շուշին, հայերի կոտորած կազմակերպեց, որին զոհ գնացին քաղաքի բնակիչներից 20 հազարը, իսպառ աւերեց քաղաքը: Դրանից յետոյ Շուշին այդպէս էլ ուշքի չեկաւ:
Շուտով Խորհրդային Ռուսաստանը Արցախը յանձնեց Ադրբեջանին, եւ Շուշին դարձաւ ադրբեջանական իշխանութիւնների պատուարը հայկական Արցախում:


1923թ. ձեւաւորուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մայրաքաղաք հռչակուեց Ստեփանակերտը (Վարարակն): Իսկ Շուշին դարձաւ բացառապէս ադրբեջանցիներով բնակեցուած քաղաք: Շնորհիւ մարտավարական յաջողակ դիրքի՝ 1988-1992թթ. Շուշին դարձաւ ադրբեջանական բանակի կարեւորագոյն յենակէտը Արցախում: Այնտեղից տարբեր տրամաչափի զէնքերով շարունակ կրակ էր թափւում Ստեփանակերտի վրայ:
1992թ. Մայիսի 9ին Շուշին ազատագրուեց եւ հնամենի հայաքաղաքի համար նոր հորիզոններ բացուեցին: Շուշիի գրոհը հայոց ռազմարուեստի պատմութեան ամենափայլուն էջերից է: Առհասարակ, նման փոքրածաւալ ուժերով գրոհել Շուշին եւ գրաւել այն՝ զուրկ է ամէն մի տրամաբանութիւնից: Գրոհն սկսուեց Մայիսի 8ի գիշերը չորս ուղղութիւններով եւ 25 կմ. ընդհանուր ճակատով: Ի վերջոյ, թշնամին չդիմացաւ 1200 հայ զինուորների հուժկու գրոհին եւ Մայիսի 9ի առաւօտեան անձնատուր եղաւ: Շուշիի գրոհի ժամանակ հայկական բանակը տուեց 57 զոհ, հակառակորդը՝ 300 զոհ եւ մօտ 1000 վիրաւոր, տասնեակ գերիներ:
Շուշիի յաղթանակը կարելի է մեկնաբանել միայն մէկ փաստարկով. հայի անկոտրում կամքով եւ ուժով: Շուշիի գրոհը նախագծուեց եւ իրականացուեց լեգենդար հրամանատար, գեներալ-մայոր Արկադի Տէր Թադէոսեանի (Կոմանդոս) ղեկավարութեամբ: Մանրամասն մշակուած գործողութիւնը կոչւում էր «Հարսանիք լեռներում»: Եւ… Շուշիի գրոհից յետոյ հարսանիք եղաւ Արցախի լեռներում: Շուշիի ազատագրումը բեկումնային եղաւ պատերազմի ընթացքում, եւ արդիւնքում ծնուեց հայոց երկրորդ պետութիւնը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը: Շուշիից յետոյ հայ մարտիկները ազատագրեցին Լաչինը, ցամաքային կապ հաստատեցին Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի միջեւ, ինչն էլ գրաւականն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ինքնիշխանութեան ապահովման:
Շուշին, լինելով մշակութային մեծ կենտրոն, շատ անուանի հայորդիների ծննդավայր է համարւում: Նշանաւոր շուշեցիներ են Արամ Մանուկեանը, Իվան Լազարեանը, Թորգոմը, Վաղարշ Վաղարշեանը, Ռաֆայէլ Իսրայէլեանը, Նելսոն Ստեփանեանը, Յակոբ Գիւրջեանը, Լէօն, Մուրացանը…
Շուշիում ներկայումս բնակւում է 3000 մարդ, որոնք հիմնականում փախստականներ են Բաքուից: Քաղաքը վեր է յառնում աւերակներից: Մշակութային, կրթական եւ հոգեւոր կեանքը աստիճանաբար մուտք է գործում քաղաք:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top