Ասմունքի Տօն Լոս Անջելեսում

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

Քալիֆորնիայի վարժարանների համահայկական Ասմունքի մր-ցոյթը, որ Լոս Անջելեսում անցկացուեց առաջին անգամ, իւրատեսակ մշակութային տօն էր:
Մայիսի 10ին, Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի սրահում ամերիկահայ շուրջ յիսուն պատանի անաղարտ մայրենիով ու բացառիկ զգայնութեամբ ներկայացրեցին հայ դասականների բանաստեղծութիւնները՝ վկայելով, որ հայկական ինքնութեան ու ազգային ոգու լիիրաւ կրողներն են:
Ձեռնարկն աննախադէպ էր մի շարք առումներով. առաջին անգամ հարաւային Քալիֆորնիայի տասնմէկ հայկական վարժարանների տարբեր տարիքային խմբերի աշակերտներ միաւորուել էին հայոց լեզուի ու գրականութեան շուրջ, եւ ձգտումը՝ առաւել գեղեցիկի վերծանումն էր, քան պայքարը մրցանակային տեղի համար:
«Մեծ ուրախութեամբ ողջունում եմ այս ձեռնարկը, որի շնորհիւ այսօր միասնաբար ունկնդրում եւ վայելելում ենք մեր թանկագին աշակերտներին: Մեր զաւակները մեծագոյն նուէր են մատուցում բոլորիս, երբ Մեսրոպ Մաշտոցի ոգու ակունքներից եւ Աստծոյ շնորհքով մեզ պարգեւ տրուած հայոց լեզուով ասմունքում են», ողջոյնի խօսքով ներկաներին դիմեց ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսեանը:


Ասմունքի մրցոյթի կազմակերպիչ խմբից՝ ԱՄՆ Արեւմտեան թեմի Ազգային վարչութեան անդամ դոկտ. Տիգրան Պապիկեանն էլ ներկայացնելով ձեռնարկի նպատակը նշեց. «Այսօր հայոց լեզուն մշտական նահանջի մէջ է եւ մայրենիով մաքուր խօսելու եւ այն պահպանելու բծախնդրութունը աստիճանաբար կորցնում ենք: Կազմակերպիչների միտքն էր առիթ ստեղծել, որպէսզի պատանիներն ու երիտասարդները մօտենան մեր մշակոյթին: Ասմունքը մշակոյթի հիմնական մասնիկներից է, որը գրականութիւն, պատմութիւն, աշխարհագրութիւն է ներկայացնում նաեւ: Մշակոյթն էլ լեզուի միջոցով է պահպանւում, որ մեր ինքնութեան հիմնասիւնն է: Մենք ցանկանում ենք քաջալերել ասմունքը հայկական կրթօջախներում»: Պապիկեան ապա ազդարարեց մրցոյթի սկիզբն ու ներկայացրեց գնահատող յանձնախմբի անդամներին՝ արուեստագէտ-մտաւորականներ Թագուհի Արզումանեանին, Շաքէ Թուխմանեանին, Գրիգոր Սաթամեանին ու Գրիգոր Օգարեանին, ինչպէս նաեւ՝ Լոս Անջելեսում ՀՀ հիւպատոս Սուրէն Վարդանեանցին, Նարեկ Ա. քհնյ. Փեհլիւանեանին եւՂեւոնդ քհնյ. Քիրազեանին:
Առաջին բաժնում հանդէս եկան չորրորդ եւ հիգերորդ դասարանների աշակերտները՝ ներկայացնելով Յովհաննէս Թումանեանի, Յովհաննէս Շիրազի, Ղազարոս Աղայեանի սիրուած բանաստեղծութիւններից: Գնահատող յանձնախումբը, դժուարին ընտրութեան առաջ էր, քանզի իւրաքանչիւր մասնակից մեծ եռանդով ու ոգեւորութեամբ էր պատրաստուել այս բացառիկ ստուգատեսին:


«Ձեր մասնակցութիւնն ու նման պատրաստուածութիւնն արդէն իսկ յաղթանակ է», նշեց Օգարեանը՝ գովասանքի խօսքեր յղելով երեխաներին:
Տարիքային այս խմբում, առաջին տեղը գրաւեց Արազ Բալեանը Ս. Նահատակաց Ֆերահեան վարժարանի Մարի Գապայեան նախակրթարանի հինգերորդ դասարանի աշակերտուհի, երկրորդ տեղը կիսեցին ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի սան, հինգերորդ դասարանցի Փաթիլ Քամաքեանն ու Ռոզ եւ Ալէք Փիլիպոս վարժարանի չորրորդ դասարանի աշակերտուհի Սաթիկ Սերայդարեանը: Երրորդ տեղում էր Ռոզ եւ Ալէք Փիլիպոսի հինգերորդ դասարանցի Թալիա Յովսէփեանը:
Մրցոյթի երկրորդ բաժնում ուժերը չափեցին վեցերորդ, եօթերորդ եւ ութերորդ դասարանների աշակերտները: Պարոյր Սեւակի, Վահան Թէքէեանի, Սիլվա Կապուտիկեանի, Միսաք Մեծարենցի խօսքերը պատանի ասմունքողները իւրովի էին զգում ու մեկնաբանում: Գնահատող յանձնախումբը հաշուի էր առնում մի շարք չափանիշներ‘ բանաստեղծութեան բարդութիւնը, մատուցման ձեւը, բեմական կեցուածքը եւ այլ: Յաղթանակն այս տարիքային խմբում տրուեց Միքայէլ Փեսնիլեանին, ով սովորում է Գլենդելի Ուիլսոն միջնակարգ դպրոցում, սակայն մրցոյթին ներկայացնում էր Լարք երաժշտական ընկերակցութիւնը, որտեղ ուսանում է ասմունքելու արուեստ: Վահան եւ Անոյշ Շամլեան միջնակարգ վարժարանից Արա Եակուբեանը հանդիսատեսին միանգամից գրաւեց իր բեմական կեցուածքով եւ ստացաւ երկրորդ մրցանակը: ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեանի սանուհի Նանօր Տէր Պետրոսեանն էլ արժանացաւ երրորդ տեղին:
Մրցոյթը գրական իւրատեսակ ձեռնարկի վերածուեց, երբ հայ դասականներին սկսեցին ներկայացնել արհեստավարժ ասմունքողները՝ գնահատող խմբի անդամները:


«Ախր ես ինչպէս ապրեմ առանց ինձ… այո, մարդ չի կարող ապրել առանց իր էութեան, իսկ մեր էութիւնը դա մեր գենոֆոնդն է, մեր ժողովուրդն է, մեր հայրենքին է, մեր լեզուն է: Իր մայրենի լեզուն վատ իմացողը կէս մարդ է, չիմացողը՝ թշուառ, ծառից պոկուած տերեւ, որ տարուբերւում է քամիներից», լեզուի ու մշակոյթի իմացութեանն անդրադարձաւ Թագուհի Արզումանեանը: Երիտասարդներին նա դիմեց Խաչատուր Աբովեանի խօսքերով. «Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անունին մեռնիմ, ձեր արեւին ղուրբան, տասը լեզու սովորեցէ՛ք, ձեր լեզուն, ձեր հաւատը ղայիմ բռնեցէ՛ք»:
Ոգեւորուած մթնոլորտում մր-ցոյթը շարունակեցին աւագ դպրոցի սաները՝ Դանիէլ Վարուժանի, Եղիշէ Չարենցի, Գէորգ Էմինի բանաստեղծութիւններով: Այս տարիքային խմբում յաղթող ճանաչուեց ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարանի իններորդ դասարանի աշակերտուհի Լիլի Սարաֆեանը, ՀՕՄի շաբաթօրեայ դպրոցից Սօսի Ջուհարեանին տրուեց երկրորդ մրցանակը, երրորդ տեղում էր Ֆերահեան վարժարանից Նարեկ Կույումջեանը: Ձեռնարկի ամփոփիչ ակորդը Գրիգոր Սաթամեանի ու Շաքէ Թուխմանեանի խօսքն ու կատարումներն էին:


Մրցոյթի բոլոր մասնակիցներին տրուեցին Ազգային վարժարանների խնամակալ մարմնի կողմից պատրաստուած գնահատագիր եւ Առաջնորդարանի կողմից յուշանուէրներ՝ Մուշեղ Իշխանի բանաստեղծութիւնների ժողովածուն, Ժագ Յակոբեանի գիրքը, Հայ մօր տարուան նուիրուած յաւելուածը: Երիտասարդների համար հաճելի անակնկալ էր Armenian iBOOKS նախաձեռնութեան նուէրը՝ հայերէն էլեկտրոնային գրքեր «iTunes»ից. «Հայաստանը Նոյեան Տուրի հետ» առաջին ինտերակտիւ ուղեցոյցն ու Յովհաննէս Թումանեանի «Մի Կաթիլ Մեղր»ը ժամանակակից նկարազարդմամբ: (www.armenianebooks.com)


Քալիֆորնիայի վարժարանների համահայկական Ասմունքի առաջին մրցոյթը, վստահաբար կարելի է փաստել, որ կայացաւ եւ մեծ յաջողութեամբ: Այդ էին վկայում ամերիկահայ պատանիների ու երիտասարդների խանդավառութիւնը, մի քանի ժամ շարունակ լեցուն դահլիճում հանդիսականների ոգեւորութիւնն ու գնահատականները, կազմակերպիչներին ուղղուած երախտագիտութեան խօսքերը: Նշենք, որ ձեռնարկն անցկացուեց Ամերիկայի Միացեալ Նահանգների Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի Ազգային առաջնորդարանի հովանաւորութեամբ եւ Լոս Անճըլըսի ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան հետ համագործակցութեամբ: Քալիֆորնիայի վարժարանների համահայկական Ասմունքի մրցոյթի կազմակերպիչներն էին՝ Ազգային վարժարանների խնամակալ մարմինը, «Աւան Շուշի Պլազա» հիւրանոցի տնօրէնութիւնը, «Ասպարէզ» օրաթերթն ու «Հորիզոն» հեռատեսիլը:
Մրցանակային տեղեր գրաւած ասմունքողների վկայականների եւ նուէրների յանձնումն ացնկացուելու է հանդիսաւոր արարողութեան ժամանակ, որտեղ կը յայտարարուի նաեւ Օգոստոսին Շուշիում անցկացուող Ասմունքի համահայկական փառատօնի մասնակիցների անունները: Այս փառատօնի շրջանակներում, ամէն տարի Արցախում հաւաքւում են պատանիներ ու երիտասարդներ տարբեր երկրներից՝ մրցելու եւ միաժամանակ ծանօթանալու հայրենիքին ու հայրենակիցներին աշխարհի տարբեր անկիւններից:
Փառատօնի հիմնադիր Ալէք Բաղդասարեանի նպատակն էր համահայկական այս ձեռնարկի միջոցով նպաստել Շուշիի մշակութային կեանքի աշխուժացմանն ու սփիւռքահայ երիտասարդներին հայ գրականութեան շուրջ համախմբման: Բաղդասարեանը, ով նաեւ «Աւան Շուշի Պլազա» ընկերութեան բաժնետէրերի նախագահն է, իր գաղափարով կարողացաւ համակել ոչ միայն գործընկերներին, նաեւ՝ բազմաթիւ մտաւորականների, ԼՂՀ կառավարութեանը: Փառատօնի նախորդ տարուայ մասնակիցները Իրանից էին, Ջավախքից, Հայաստանից ու Արցախից: Միացեալ Նահանգներից Ասմունքի համահայկական փառատօնին մասնակցելու տեսլականով էր, որ Ազգային վարչութիւնը արձագանքեց Բաղդասարեանին եւ համատեղ կազմակերպուեց Քալիֆորնիայի վարժարանների համահայկական Ասմունքի մրցոյթը:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top