Երկակի Չափանիշների Բումերանգը

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Պատերազմի ու խաղաղութեան սահմանագծին ապրող Հայաստանում այս օրերին ամենափնտռուած բանը լրահոսն է: Սահմանից իւրաքանչիւր լուր՝ մերձպատերազմական մթնոլորտին կամաց-կամաց վարժուող հայաստանցիներս, թռցնում ենք օդի միջից ու, զարմանալիօրէն, եւ շատերի համար անսպասելի՝ հակառակորդի իւրաքանչուր կրակոց կամ դիւերսիա աւելի՛ է կոփում մեր կամքը, միասնականութիւնն ու տիրող ոգին:
Օդում հայ զինուորի պաշտամունք կայ, եւ ամէն ինչ չափազանց ճշգրիտ է, այլընտրանք չհանդուրժող: Այդպէս էլ պիտի լինէր՝ մեր անկախութիւնը, արժանապատուութիւնը ու նաեւ շատ յաճախ ժողովրդից երես թեքած իշխանութիւնն այսօր սահմանին կանգնած տասնութամեայ հայ զինուորն է պահում: Մի քանի օր էր պէտք այս ճշմարտութեանը հասնելու համար:
Իսկ այս օրերին լրահոսից առհասարակ արեան ու բռնութեան հոտ է գալիս: Աշխարհն աւելի քան անհանգիստ է, մարկային նկարագիրը կորցրած՝ Միջին Արեւելքից մինչեւ Արեւելեան Եւրոպա…
Ինձ, մեզ ամենամօտը իմ սահմանն է ու սահմանին կանգնած հայ զինուորը, բայց սա չի խանգարում չպապանձուել այն պատկերի առջեւ, ինչ կատարւում է Հիւսիսային Իրաքում: Տեղահանուած, բռնաբարուած ու խոշտանգուած քրդերի ու եզդիների շարասիւններն ինձ Դեր Զօրում մարող հայոց երթն է յիշեցնում, գաղթի ճանապարհին ընտանիքը կորցրած ու գոյութիւնը փրկելու համար բարեկամ քուրդ ռեսի կողմից Ստեփան անունը Ֆայաթի

փոխած սասունցի պապիս յիշատակը: Միթէ՞ կարող է պատմութիւնն հարիւր տարի անց կրկնուել՝ այս նոյն անողոքութեամբ, արիւնառուշտ բարբարոսի դէմքով… Իսկ մեզ թւում էր, թէ հարիւր տարին լուրջ ժամանակահատուած էր: Բայց ոչ՝ ինչպէս Թումանեանը կ՛ասէր՝ «Ու հեռու է մինչեւ Մարդը իր ճամփան», իսկ զբաղուած, քաղաքակիրթ ու առաջադէմ աշխարհը դարձեալ լռում է…
Վերջապէս Բարաք Օբամայի շուրթերից հնչում է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ բառը: «Միացեալ Նահանգներն հնարաւոր ամէն միջոց պիտի ձեռնարկի կանխելու Իրաքում քրդերի նկատմամբ իրականացուող ցեղասպանութիւնը», Սպիտակ տանն անցկացուող խորհրդակցութեան ժամանակ յայտարարում է ԱՄՆի նախագահը:
Միջազգային լրահոսն ու փաստերը շարունակում են վկայել, որ այն, ինչ իրականացւում է «իսլամական պետութեան» կողմից՝ Իրաքի քրդերի ու եզդիների նկատմամբ, ամբողջովին տեղաւորւում է ցեղասպանութիւն միջազգային սահմանման մէջ:
Դժուար չէ կանխագուշակել, թէ քրիստոնէական աշխարհի քթի տակ ծաւալուող իսլամա-խալիֆական ծայրայեղական նկրտումներն աշխարհագրական ինչ ծաւալներով, քաղաքական սցենարներով ու հետեւանքներով են յղի:
Միթէ՞ 21րդ դարի կէսին պիտի հասնել՝ հասկանալու համար, որ չգնահատուած, չդատուած ցանկացած համամարդկային ոճիր առաւել այլասերուած ու անկանխատեսելի ձեւաչափեր է ընդունում ու բումերանգի պէս՝ կոտրւում աշխարհի գլխին:
Միթէ՞ պարզ չէ, որ ընթացող համաշխարհային բոլոր արիւնալի բախումների ու հակամարտութիւնների անկիւնաքարն այլեւս քաղաքակրթական է:
Եւ միթէ՞ ուղիղ 100 տարի ձգուած մեր Դատն ու պահանջատիրութիւնը նախեւառաջ Ցեղասպանութեան կանխարգելմանն ուղղուած չէ: Միթէ՞ հարկ կայ հիմնաւորելու, որ Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումը, Դատապարտումն ու Հատուցումը, մարդկութեան դէմ ուղղուած ցանկացած ոճրի կանխարգելում է:
Կրկնակի ստանդարտների (չա-փանիշներու-Խմբ.) քաղաքականութիւնը մի օր յանգեցնելու էր այս քաղաքակրթական ճգնաժամին:
Իսկ աշխարհը գնալով փոքրանում է, եւ նոյնիսկ, ինչպէս փաստերն են վկայում, ովկիանոսից այն կողմ գտնուելն անգամ չի ապահովագրում հակաքաղաքակրթական խաւարից:
Հայոց Ցեղասպանութեանն յաջորդած 100 տարիները քաղաքակիրթ աշխարհին մտածելու ու երկիր մոլորակի խաղաղ ու բարոյական համակեցութիւնը գնահատելու թանկ տարիներ էին:
Դեռ ուշ չէ…

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top