ՄԵՆՔ.Վհուկների Որսը Սկսուած Է. Ինչո՞ւ Է Թիրախաւորւում ՀՅԴն

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Ոչ իշխանական 4 ուժերի համատեղ նիստում այսօր որոշուել է Հոկտեմբերի 10ին անցկացնել հանրահաւաք: Թէեւ նախապէս յայտարարուել էր, որ այն հրաւիրւում է ամիսներ առաջ իշխանութեանը ներկայացուած 12 կէտանոց պահանջների կատարման վերջնական գնահատականը տալու նպատակով, սակայն քառեակի նիստից յետոյ պարզ է դարձել, որ, բացի դրանից, օրակարգում լինելու է նաեւ սահմանադրական բարեփոխումների՝ իշխանութեան նախաձեռնութեան հարցը: Այս հանգամանքն էլ պատճառ է դարձել, որպէսզի ՀՅԴն հրաժարուի հանրահաւաքին մասնակցութիւնից:
Այսօր հրաւիրուած ասուլիսում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը ներկայացրել է հանրահաւաքին ՀՅԴի չմասնակցելու պատճառները: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխութիւնների նախագիծը պէտք է ներկայացուէր Հոկտեմբերի 15ին, որից յետոյ միայն հասկանալի կը դառնար՝ արդեօք այն ծառայո՞ւմ է իշխանութեան վերարտադրութեանը, թէ բխում է կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու՝ իրենց համար առանցքային սկզբունքից եւ պատկերացումներից, արդեօք իշխանութիւնը հակու՞ծ է ընդունելու իրենց առաջարկութիւնների փաթեթը:
Ելնելով դրանից՝ ՀՅԴն քառեակի գործընկերներին առաջարկել է մի քանի օր յետաձգել հանրահաւաքը, եւ եթէ այդ ընթացքում ներկայացուելիք նախագծից եւ իշխանութեան վարքագծից պարզ դառնայ, որ իսկապէս այն անցկացւում է Սերժ Սարգսեանի իշխանութեան վերարտադրումն ապահովելու նպատակով, հանդէս գալ միասնական դիրքորոշմամբ: Մինչդեռ ԲՀԿն, ՀԱԿը եւ «Ժառանգութիւն»ը մերժել են առաջարկը՝ նշելով, թէ, իշխանութիւնների մտադրութիւնների հետ կապուած, արդէն իսկ ամէն ինչ պարզ է, ցանկացած դէպքում իրենք դէմ են սահմանադրական փոփոխութիւններին, եւ սպասելու անհրաժեշտութիւն չկայ: Սա հաստատել է նաեւ ԲՀԿ խմբակցութեան քարտուղար Նաիրա Զոհրաբեանը. «Կան էական տարաձայնութիւններ՝ սահմանադրական փոփոխութիւնների հետ կապուած, եւ, բնականաբար, հանրահաւաքում չէր կարող սահմանադրական փոփոխութիւնների մասին խօսք չլինել»:
Հանրահաւաքին ՀՅԴի չմասնակցելն իբրեւ քառեակի ձեւաչափի փլուզում ներկայացնելը, ի հարկէ, առնուազն քաղաքական անհասութիւն է: Նախ՝ այն երբեք ֆորմալ բնոյթ չի կրել եւ կառուցուած չի եղել փոխադարձ ֆիքսուած (ամրացուած-Խմբ.) պարտաւորութիւնների վրայ, որպէսզի հիմա էլ փլուզուի:
Երկրորդ՝ դրա մասին գոնէ պաշտօնական մակարդակով չեն խօսում ո՛չ ՀՅԴն, ո՛չ էլ միւս երեք ոչ իշխանական ուժերը՝ շատ լաւ հասկանալով, որ համագործակցութիւնն ի սկզբանէ կրել եւ կրում է հատուածական բնոյթ եւ կառուցւում է բացառապէս կոնսենսուսային (համախոհութեան-Խմբ.) որոշումների վրայ: Եւ եթէ սահմանադրական փոփոխութիւնների շուրջ այդ կոնսենսուսը չի կայացել, միւս գրեթէ բոլոր օրակարգային հարցերի շուրջ այն, կարծես, առկայ է: Դրա վկայութիւնն է այն փաստը, որ կայանալիք հանրահաւաքի ընթացքում երեք ուժերը ներկայացնելու են նաեւ ՀՅԴի գնահատականները իշխանութեանը ներկայացրած 12 կէտանոց իրենց պահանջների կատարման վերաբերեալ, որը միասնական դիրքորոշման արգասիք է: Բայց այս պրոցեսում ամենաէականը սա չէ:
Իրական ինտրիգը (մեքենայու-թիւն-Խմբ.) թաքնուած է հանրահաւաքի օրակարգում սահմանադրական փոփոխութիւնների հարցը ներառելու՝ ԲՀԿի, ՀԱԿի եւ «Ժառանգութեան» դիրքորոշման կամ արդէն կայացուած որոշման մէջ, որն իրականում առնուազն երկու պատճառով քաղաքական որեւէ հիմնաւորում կամ տրամաբանական հենք չունի: Նախ՝ ակնյայտ է, որ հանրահաւաքի ընթացքում այս երեք ուժերը փորձելու են հանրութեանը համոզել կամ հիմնաւորել, թէ ինչու եւ ինչպէս է իշխանութիւնը սահմանադրական փոփոխութիւններն օգտագործելու իր վերարտադրումը երաշխաւորելու համար: Բայց հարց է առաջանում, թէ ինչի՞ հիման վրայ են արուելու այդ պնդումները:
Քանի դեռ սահմանադրական փոփոխութիւնների կոնկրետ նախագիծ չի դրուել սեղանին, դրանք յիշեցնելու ենք քաղաքական սպեկուլեացիաներ, որովհետեւ զուրկ են լինելու փաստական հիմքից: Որպէսզի եռեակը հանրութեանը համոզի իր իրաւացիութեան մէջ, նախ պէտք է ներկայացնի, թէ կոնկրետ ինչ մեխանիզմով է իրականացուելու վերարտադրութիւնը, ԱԺ նախագահի ձեռքում կառավարման ո՞ր լծակների կենտրոնացման դէպքում է այն զբաղեցնողը ձեռք բերելու անսահմանափակ իշխանութիւն: Հանրահաւաքի ժամանակ դա անել եռեակը չի կարողանալու, որովհետեւ ձեռքի տակ չի ունենալու իր պնդումներն ապացուցող՝ փոփոխութիւններից բխող հիմնադրոյթները: Առողջ, հասուն քաղաքականութեան տեսանկիւնից սա ոչ թէ նոյնիսկ աւելորդ շտապողականութիւն է, այլեւ անլրջութիւն:
Ու որքան էլ տարօրինակ թուայ, դրա մասին հրաշալի գիտեն նաեւ եռեակում, առնուազն՝ ԲՀԿում: Այս կուսակցութեան ղեկավարն ընդամէնը երեք օր առաջ zham.am-ին տուած հարցազրոյցում, անդրադառնալով հէնց սահմանադրական փոփոխութիւնների նախաձեռնութեանը, բառացիօրէն ասում էր հետեւեալը. «Ես լուրջ չեմ համարում խօսել մի բանի մասին, որը դեռ չկայ, յայտնի չէ: Պարզ չէ՝ խօսքը ինչ փոփոխութիւնների մասին է: Երբ կը լինի փաթեթը, հայեցակարգը, այն ժամանակ ես պատրաստ կը լինեմ բոլոր հարցերին պատասխանելու»:
Այսինքն՝ ըստ Ծառուկեանի տրամաբանութեան՝ ստացւում է, որ կա՛մ եռեակն է որոշել մտնել անլուրջ պրոցեսի մէջ, քանի որ հանրահաւաքին խօսելու է մի բանի մասին, որ դեռ յայտնի չէ, կա՛մ էլ ԲՀԿն է իր ղեկավարի այս ռացիոնալ մօտեցումն անլուրջ համարում: Եւ ստացւում է, որ առնուազն ԲՀԿն, ուղղակի թէ անուղղակի, ՀՅԴին մեղադրում է հէնց իր ղեկավարի՝ Գագիկ Ծառուկեանի կողմից ճիշդ համարուող ճանապարհով ընթանալու մէջ:
Երկրորդ՝ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ, փաստօրէն, ՀՅԴին «չի ներւում» կառավարման մոդելի փոփոխութեան հարցում դրսեւորած անփոփոխ սկզբունքայնութիւնը: Բայց ինքնին հանրահաւաքի անցկացումը յետաձգելու նրա առաջարկը մերժելը քայլ է քառեակի նոյնիսկ այս՝ ոչ ֆորմալ ձեւաչափը խաթարելու, վերջնականապէս արժէզրկելու ուղղութեամբ՝ ներսում ժամանակավրէպ դաւաճանների, վհուկների որս սկսելու միջոցով: Սա ոչ այնքան հանրահաւաքն ամէն գնով կազմակերպելու հարցում հետեւողականութեան ցուցադրութիւն է, մանաւանդ, որ այդպէս էլ պարզ չի դառնում, թէ ինչ գործողութիւններ են հետեւելու, օրինակ, 12 պահանջների կատարման վիճակն անբաւարար գնահատելու պարագայում, որքան ընդդիմադիր դաշտում գործընկերներին վարկաբեկելու փորձերի միջոցով հեգեմոնիա (գերիշխանութիւն-Խմբ.) ձեռք բերելու թաքնուած միտում:
Պատահական չէր թերեւս, որ հէնց քառեակի վերջին նիստից առաջ մամուլում շրջանառութեան մէջ դրուեցին, այսպէս կոչուած, սահմանադրական փոփոխութիւնների հողի վրայ դաշտը սեւի ու սպիտակի բաժանելու, դաւաճաններին քաղաքական աղբանոցը նետելու մասին գաղափարները: Եւ եթէ սա առանց այն էլ յեղյեղուկ դաշտը ապականելու մտածուած գործողութիւնը չէ, ապա, յամենայն դէպս, կամայ թէ ակամայ, լուծում է այդ խնդիրը՝ իբրեւ թիրախ ընտրելով ՀՅԴն:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top