Խաչկարի Արձակ Երկերի Բազմաժանր Բնոյթը

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Լոյս է տեսել բանաստեղծ եւ արձակագիր Խաչկարի նոր գիրքը՝ «Արձակ Երկեր» ընդհանուր խորագրով: Գրքում զետեղուած են երկու առեղծուածավիպակ, մէկ պատմուածք եւ մէկ պատմական վիպակ:
Նախ, պիտի նշեմ որ առեղծուածավիպակները միայն պայմանականօրէն կարելի է դեդեկտիւներ համարել: Այո՛, այնտեղ կայ քրէական տարրը, եւ այո՛, հեղինակը փորձում է հնարաւորինս խճճել դէպքերի կամ դէմքերի ընթացքը, որպէսզի ընթերցողը, որքան կարելի է ուշ որոշի հաւանական «չարագործին»: Սակայն աւելի խորը ուսումնասիրելով դրանք, հասկանալի է դառնում, որ այդ քրէական տարրը ստեղծագործութիւններում պարզապէս միջոց է Խաչկարի համար բացայայտելու մարդկային էութեան պախարակելի կողմերը, կողմեր, որոնք այնպէս վարպետօրէն մարդիկ թաքցնում են գեղեցիկ խօսքերի, գրաւիչ արտաքինի, իմաստուն արտայայտութիւնների տակ: Հետաքննութեան ընթացքում, ինչպէս առաջին, այնպէս եւ երկրորդ դեդեկտիւի քննիչները հանդիպում են կերպարների, որոնց բնութագրերը այնքան ծանօթ են մեզ առօրեայ կեանքից: Երբ ընթերցում ես նրանց կեանքի պատմութիւնները, անկախ քեզանից թւում է թէ խօսքը գնում է հէնց այն ծանօթի, բարեկամի, հարեւանի մասին, որին լաւ ճանաչում ես, գիտես: Եւ այդուհետ, ստեղծագործութիւնն իրականութեան թեւեր է առնում ու գրեթէ մի շնչով աւարտում ես այն, փորձելով հասնել աւարտին, հասկանալու համար կեանքի գլխաւոր խորհուրդը, եւ ինչպէս են իւրովի ընկալում դա դեդեկտիւի «հերոսները»:
Ես ի հարկէ չեմ ցանկանում պատմել հիմա դեդեկտիւ ստեղծագործութիւնների բովանդակութիւնը, եւ սակայն կը փորձեմ թռուցիկ կերպով անդրադառնալ դրանց բնութագրին: Նշեմ որ առաջին դեդեկտիւի վերնագիրն է «Պատռուած Դիմակը»: Եւ ինչպէս վերնագիրն է յուշում, ստեղծագործութիւնն իր առջեւ նպատակ ունի բացայայտելու խնամքով կոծկուած դէմքը, անհատի տարբեր, հակառակ ու գաղտնի բնոյթը:
Երկրորդ դեդեկտիւն է «Երբ Օրէնքն Անզօր Է» առեղծուածավիպակը: Այս ստեղծագործութիւնը եւս ողջ մարդկային ճակատագրերի իւրօրինակ խաղարկման ու բացայայտման մի փունջ է, երբ առաքինութիւնը մղւում է հետնամաս, տեղը զիջելով մարդկային այնքան հին ու այնքան ծանօթ արատներին՝ ագահութեանը, կեղծաւորութեանը, սնափառութեանը:
Երկու առեղծուածավիպակներում էլ դէպքերը տեղի են ունենում արդի ժամանակաշրջանում, եւ եթէ առաջին դեդեկտիւի հիմնական տեղավայրը Մոսկուան է, ապա երկրորդը, մեր իսկ տեղի քաղաքներից մէկը՝ Գլենդելն է: Գլխաւոր գործող անձինք երկու դէպքում էլ հայեր են ռուսների եւ ամերիկացիների հետ մէկտեղ: Խորհուրդ կը տամ ի հարկէ կարդալ այս ուշագրաւ դեդեկտիւները, որոնք իսկապէս ընթերցւում են մի շնչով, հէնց սկզբից ներգրաւում իրենց հետաքրքրութեամբ ստեղծագործութեան անցուդարձի մէջ, յուզում ու այդպէս յուզուած պահում մինչեւ վերջ, որտեղ ի հարկէ չարագործը գտնում է իր պատիժը, բայց ոչ միշտ օրէնքով սահմանուած: Այստեղ է որ Խաչկարի դեդեկտիւներն իրենց բնոյթով տարբերւում են դասական նման ստեղծագործութիւններից, քանի որ շատ դէպքերում քրէական յանցագործութիւն կատարածները չարագործներ չեն, իսկ տուժածներն էլ չեն պատկանում հրեշտակների դասին:
Գրքի երրորդ ստեղծագործութիւնն «Ամենաթանկ Պարգեւը» պատմուածքն է, որ գրուել է Խաչկարի կողմից անցեալ դարի 90ական թուականների սկզբին: Իր բնոյթով այն պատմական է, քանի որ արծարծում է եղելութիւն, որի հիմքում ընկած է Թիֆլիսի Ներսէսեան ճեմարանի սաներից մէկի անձնուէր արաքը, երբ Երկրորդ ռուս պարսկական պատերազմի ժամանակ նա յատուկ յանձնարարականով մեկնում է Թիֆլիսից Էջմիածին, ճանապարհին բռնւում արեաց պահակազօրի կողմից ու խոշտանգւում: Եւ սակայն հիմնովին հաշմանդամ դառնալով կարողանում է իր մէջ գերբնական ուժ գտնել ընկճելու ցաւն ու անկարողութիւնը, հասնում նպատակակէտին ու կատարում իր վրայ դրուած յանձնարարութիւնը: Հիմա այդ հերոսի՝ Յովհաննէսի մասին, կարծեմ նշւում է պատմութեան դասագրքերում: Իսկ այն ժամանակ, երբ գրուել է այս պատմուածքը, այս մասին ոչ մի նիւթ չկար դասագրքերում: Եւ Խաչկարը, գուցէ թէ իր պարտքն է համարել, մոռացութեան ծովից դուրս հանել Յովհաննէսին, նրա սխրանքին արժանի գնահատական տալով: Ողջ պատմուածքը տոգորուած է մեծ հայրենասիրութեամբ եւ կարծես թէ պարծանքի ու մեծարանքի խօսքն է ստեղծագործութեան հերոսին, եւ իւրօրինակ կոչ մեր բոլոր երիտասարդներին՝ հայրենիքին անձնուիրաբար ծառայելու գործում:
Գրքի վերջին երկը՝ Խաչկարի «Վարք Վահանաց» պատմական վիպակն է: Այս ստեղծագործութիւնը գրուել է նոյնպէս անցեալ դարի 90ական թուականների սկզբին եւ առաջին իսկ տողերից տեղափոխում է հինգերորդ դարի պատմական անցեալի անցուդարձ: Պատմական անցքեր, որոնք սակայն այնքան էլ լաւ ծանօթ չեն լայն հասարակայնութեանը: Պատմական վիպակի ընդգրկած ժամանակաշրջանը ընդամէնը երեք տարի է՝ չորս հարիւր ութսուն մէկից չորս հարիւր ութսունչորս թուականները: Իսկոյն եւեթ աչքի է զարնւում այն հանգամանքը, որ դէպքերը տեղի են ունենում Աւարայրի ճակատամարտից ուղիղ երեսուն տարի անց: Եւ եթէ Աւարայրի պատմութիւնը մեզ ծանօթ է եղել Եղիշէի միջոցով, որը Դ. Դեմիրճեանի հանճարով հանրամատչելի ու սիրելի դարձաւ գրեթէ իւրաքանչիւր հայի համար, ապա այստեղ, ապագայի ժամանակահատուածը, որն այդքան մանրամասը նշել է մէկ այլ հանրայայտ պատմիչ՝ Ղազար Փարպեցին, անարդարացիօրէն անուշադրութեան է մատնուել մեր գրողների կողմից: Խաչկարը, ըստ իս, որոշել է լրացնել այդ բացը՝ ներկայացնելով այդ ժամանակուայ հերոս Վահան Մամիկոնեանին, որն ի դէպ Սուրբ Վարդանի եղբօր՝ Հմայեակի որդին է: Վիպակի միւս հերոսներին նոյնպէս հայ ընթերցողը հեռակայ ծանօթ է Դ. Դեմիրճեանի «Վարդանանք»ից: Դրանք Արշաւիր Կամսարականի որդիներ Ներսէս եւ Հրահատ Կամսարականներն են, արդէն մեծահասակ այր դարձած Ատոմ Գնունին: Մամիկոնեաններին ընդդէմ հանդէս են գալիս նոյն նախարարաց տները՝ Սիւնեաց, Խորխոռունեաց եւ այլն, Գդեհոն Սիւնու գլխաւորութեամբ: Հազկերտին փոխարինել է շահ Պերոզը, բայց քաղաքականութիւնը մնացել է նոյնը՝ կրօնափոխ անել եւ ձուլել հայոց ազգը արեաց:
Վիպակը սկսւում է Ակոռիի եւ Ներսեհապատի ճակատամարտերով եւ աւարտւում ՝ Նուարսակի դաշնագրով:
Ստեղծագործութեան մէջ տեղ են գտել ե՛ւ սիրոյ պատմութիւն, ե՛ւ հարազատ մարդկանց գժտութիւն, իսկ մարդկային այնպիսի յատկանիշներ, որպիսիք են առաքինութիւնն ու ստորութիւնն, ի յայտ են գալիս անկախ կողմերից ու ազգային պատկանելութիւնից: Ընթերցողը վիպակում կը հանդիպի Յովհաննէս Մանդակունի կաթողիկոսին եւ Սահակ Բագրատունի մարզպանին, կը ծանօթանայ այն շարժումներին, որ տիրում էր այն ժամանակ հայոց աշխարհում եւ կրօնաւորների մէջ, կը լսի Մովսէս Խորենացու, Մամբրէի ու Ղազար Փարպեցու խոհերն այս ամէնի մասին:
Ընդհանուր առմամբ պատմական վիպակը, որ յաւելուած է ծանօթագրութիւններով եւ տեղանքի համապատասխան քարտէսով, իր ուրոյն հետքը կը թողնի հայ ընթերցողի մտքում՝ մէկ անգամ եւս յիշեցնելով մեր ժողովրդի պատմական անցեալի այդ հերոսական դրուագը եւս:
Յուսանք, որ սա Խաչկարի եզակի գրքերից մէկը չի լինի, եւ հեղինակը կը շարունակի մեզ ուրախացնել կամ… տխրեցնել իր նոր ստեղծագործութիւններով: Դրանից կը շահեն թէ՛ ընթերցողը եւ թէ մեր գրականութիւնը, բոլորը…

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top