«Daily Mail»ը Ներկայացրել Է Քիմ Քարդաշեանի Նախնիների Ցեղասպանութիւնից Փրկուելու Պատմութիւնը

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Ամերիկեան հեռուստաստղ Քիմ Քարդաշեանի նախնիները հրաշքով են փրկուել Հայոց Ցեղասպանութիւնից եւ յայտնուել ԱՄՆում: Ամերիկեան «Daily Mail» թերթն անդրադարձ է կատարել Քարդաշեանի նախնիների պատմութեանն ու ներկայացրել դեռեւս չհրապարակուած փաստաթղթեր, թէ ինչպէս են Քարդաշեաները իւրայատուկ կերպով փախել Առաջին աշխարհամարտից եւ Հայոց Ցեղասպանութիւնից:
«Արմենփրէս»ի փոխանցմամբ, «Daily Mail»ը գրում է, որ այդ ժամանակ Քարդաշեանները եղել են Քարդաշովս՝ ռուսական տարբերակով: Ընտանիքը լքել է Արդահանի գաւառի հայրենի Կարակալա գիւղը 19րդ դարի վերջին եւ ուղեւորուել Գերմանիա: Քիմի ապուպապ Թաթոս Քարդաշեանը լքել է Կարակալան 1913թ.ին: Նա Գերմանիայից տեղափոխուել է Ամերիկա եւ սկսել նոր կեանք:
«Սարսափելի Ցեղասպանութիւնից փրկուած Քարդաշեանները մէկ դար անց դարձել են Ամերիկայի ամենաազդեցիկ ընտանիքներից մէկը, որի ներկայացուցիչներից ամենայայտնին Քիմն է, ով յայտարարել է, թէ այս տարի՝ ոճրագործութեան հարիւրամեայ տարելիցին, առաջին անգամ այցելելու է Հայաստան: Նրա ճոխ ապրելակերպը, թանկարժէք տները, միլիոնաւոր հետեւորդները չէին լինի, եթէ նրա նախնիները անտեսէին մարգարէի զգուշացումները: Շատ հայեր, ովքեր ականջ չարեցին վերահաս պատերազմի եւ յեղափոխութեան զգուշացումներին՝ սպաննուեցին», գրում է պարբերականը:
Էրզրումից հեռացածների շարքում էր Քիմի միւս ապուպապ Յովհանես Միրոյեանը, ով ծնուել էր 1844թ.ին: Յովհաննէս Միրոյեանն ամուսնացել է Լուսիա Չորբաջեանի հետ 1867թ. Էրզրումում: Նրանք Էրզրումից փախել են դստեր՝ Վարդանուշի հետ: Վարդանուշի աղջիկը՝ շիկահեր Հայկուհի Առաքէլեանը, ով առաւելապէս յայտնի է Հելեն անունով, ծնուել է 1917թ. ԱՄՆում: Հելենը Քիմի տատիկն է:
«Հելենն Ամերիկայում ամուսնանում է Քարդաշեանների տոհմից Թաթոս Քարդաշեանի որդու՝ Արթուր Քարդաշեանի հետ, եւ նրանք սկսում են ԱՄՆում մսի փաթեթաւորման ամենամեծ բիզնեսը: Հելենի եւ Արթուրի որդին՝ Ռոբերտը, ով յայտնի իրաւաբան էր, ամուսնանում է Քրիս Հոգթոնի հետ: Ռոբերտ Քարդաշեանը մահացել է 2003թ.՝ ստամոքսի քաղցկեղից: Քիմի տատիկն ու պապիկը մահացել են Կալիֆորնիայում, 2008 եւ 2012թթ.», յայտնում է «Daily Mail»ը: Յօդուածում ներկայացուած է նաեւ Քիմի ապուպապերի գիւղի՝ Կարակալայի ներկայ վիճակը: Ինչպէս 100 տարի առաջ, այնպէս էլ հիմա, մարդիկ այստեղ ձիերով եւ էշերով են երթեւեկում: Քաղաքակրթութիւնը գիւղ չի հասել, եւ պայմանները սարսափելի են: Գիւղում հիմնականում թուրքեր եւ քրդեր են ապրում:
«Daily Mail»ի թղթակիցը գիւղում հանդիպել է 30ամեայ Մուհամեր Կապուրին, ով նշել է, որ ինքը Քիմի հեռաւոր բարեկամն է: Նա վստահ է, որ նրանց ապուտատերը եղել են քոյրեր: Նա ասել է, որ գիւղում իրեն բոլորը նախանձում են հարուստ միլիոնատիրոջ բարեկամ համարուելու համար: Կապուրը նաեւ յոյս է յայտնել, որ մի օր Քիմն իրեն կը հրաւիրի ԱՄՆ:
Յօդուածում անդրադարձ կայ Հայոց Ցեղասպանութեանը: «Dail Mail»ը գրում է, որ 1915-1923թթ. աւելի քան 1.5 միլիոն հայ է սպաննուել:
Ըստ թերթի՝ թուրքական կառավարութիւնը հրաժարւում է ընդունել «ցեղասպանութիւն» տերմինը՝ չնայած շատ պատմաբաններ, միջազգային կազմակերպութիւններ եւ մօտ 2 տասնեակ երկրներ ճանաչել են հայերի ջարդերը որպէս Ցեղասպանութիւն:
ԱՄՆը եւ Բրիտանիան եւս չեն ճանաչել այն՝ թերեւս խուսափելով անհանգստացնել ՆԱՏՕի իրենց առանցքային դաշնակից Թուրքիային: 2012թ. Քիմ Քարդաշեանը Հայոց Ցեղասպանութեան ճանաչման արշաւ է սկսել: «ժամանակն է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Մինչեւ այս յանցագործութիւնը չդատապարտուի, հայ ժողովուրդը կ՛ապրի այն ցաւով, որ տեղի է ունեցել իր ընտանիքների հետ 100 տարի առաջ», ասել է նա:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top