Վանի Հերոսամարտը

VAN9

VAN9

2015թ. լրանում է ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան, այլեւ Վանի ինքնապաշտպանութեան 100ամեակը: Հերոսական պայքարին «Մեդիամաքս»ը յատուկ նախագիծ է նուիրում, որով կը պատմի, թէ Վանի հայերն ինչպէս էին կռւում իրենց ինքնութեան ու սեփական տանն ապրելու իրաւունքի համար:

1915թ. Ապրիլի 7

Վանեցիների ինքնապաշտպանութեան մեկնարկը տալու առիթ է դառնում 1915թ. Ապրիլի 7ի միջադէպը:
Այդ օրը թուրք զինուորները յարձակւում են Վանի մօտ գտնուող գիւղերից մէկից վերադարձող կանանց վրայ: Երկու հայ երիտասարդներ փորձում են պաշտպանել կանանց եւ սպանւում են: Հայերը պատասխան կրակ են բացում:
Վանի դէպքերի վաւերագիրներից Ա-Դոն իր գրքում գրում է, որ այս օրը պայթում է ցասումը, որը կուտակուել էր շաբաթների, ամիսների ու դարերի ընթացքում:
Թուրքական հրետանին սկսում է ռմբակոծել Այգեստանը, սակայն հանդիպում է կազմակերպուած դիմադրութեան: Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան օգնութեան կոմիտէի բժշկական գործի վարիչ Քլարենս Տ. Աշըրի վկայութեամբ՝ թուրքերը չէին սպասում կազմակերպուած դիմադրութեան ու այդ պատճառով խուճապի են մատնւում:
Նրանք յարձակւում են արուարձաններում ապրող այն հայերի տների վրայ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին հասցրել հեռանալ: Այս մարդկանց մեծ մասը կոտորւում է, միւսները հայ մարտիկների օգնութեամբ տեղափոխւում են Այգեստան: Մութն ընկնելուն պէս զինուորական մարմինն ազդ է ուղարկում, որով տեղեկացնում է, որ հայկական կողմից միայն անզէն մարդիկ են վիրաւորուել եւ կոչ է անում, որ անզէն մարդիկ աւելի ապահով տեղերում լինեն:

Պաշտպանութեան Կազմակերպումը

Պաշտպանութեան ամբողջ տարածքը բաժանուեց 7 շրջանների՝ 79 դիրքերով:
Իւրաքանչիւր շրջանում նշանակուեցին շրջանապետեր ու օգնականներ: Այգեստանում, որտեղ ամենակատաղի մարտերն էին, զէնք կրելու ունակ 1500 տղամարդ կար. ունէին 505 հրացան եւ 549 ատրճանակ: Վանի կուսակալ æեւդեթ բէյի հրամանատարութեան ներքոյ կար մօտ 12,000 զինուոր, որոնք հայերի դէմ կռւում էին 12 նորագոյն եւ մի քանի տասնեակ ողորկափող թնդանօթով:
Ինքնապաշտպանութեան առաջին տասնօրեակում թուրքերը ամէն օր աւելի քան 300 արկ էին արձակում Վանի գլխաւոր թաղամասերի վրայ:
Ապրիլի 5ի երեկոյեան Արամ Մանուկեանի կարգադրութեամբ ու յորդորով Այգեստանում արդէն ձեւաւորուել էր Զինուորական մարմինը, որի ղեկավարութիւնը ստանձնել էին Արմենակ Եկարեանը, Գրիգոր Բուլղարացին ու Կայծակ Առաքելը: Այս մարմնին կից գործում էին Տեղեկատու դիւանն ու Զինաբաշխ մարմինը: Յետագայ օրերին մարտիկների սննդի եւ հագուստի կարիքները հոգալու համար ստեղծուեց «Հայթայթի»չ անունը կրող մի յանձնաժողով, որի տրամադրութեան տակ անցան հացի փռերը, ջրաղացները, սպանդանոցները: Այս յանձնաժողովին կից սկսեցին գործել Նպաստից Յանձնախումբը, որը զբաղւում էր ձեռք բերուած մթերքի դասակարգմամբ ու տեսակաւորմամբ եւ Կարմիր խաչը:

1915թ. Ապրիլի 8

Կռուի երկրորդ առաւօտը բացւում է լուրով, որ անցած գիշեր թշնամու վատնած հարիւր հազարաւոր գնդակները նպատակ են ունեցել վախեցնել ժողովրդին, բայց հայկական դիրքերը լքուած չեն, զոհեր եւ վիրաւորներ չկան:
Ապրիլի 8ին թշնամու դիրքերից թնդանօթներն ակտիւ կրակում են: Ռումբերը քանդում են պատերն ու պատնէշները, բայց դիրքերը գրաւել չեն կարողանում: Միակ դիրքը. որ այդ օրն անցնում է թշնամուն, Շահբենդերեանի դիրքն էր՝ Հանկոյսների եկեղեցուն նայող:
Այս դիրքը հայ տղաները թողնում են օղակի մէջ յայտնուելուց եւ կատաղի կռուից յետոյ: Անգլիական հիւպատոսարանի շէնքում տեղակայուած թշնամին այդ օրը կրակի տակ է պահում Այգեստանի մեծ մասը՝ խզելով դիրքերի հետ կանոնաւոր կապը: Հայերը որոշում են գրաւել այդ կարեւոր դիրքը եւ ոչնչացնել թուրքական զօրանոցը: Մարտիկները՝ կոտրելով հիւպատոսարանի հարեւանութեամբ գտնուող շէնքի պատը իրենց հնարած նաւթ սրսկող գործիքով, որ իրենք «թուլումբա» էին անուանում, դիւրավառ հեղուկ են ցանում փայտերի վրայ ու հրդեհում հիւպատոսարանի շէնքը: Թուրքերը, չկարողանալով մարել հրդեհը, փախչում են, նրանց մի մասը հայերի բացած կրակից սպանւում է:
Այս օրը Զին. մարմինը որոշում է խրախուսել հայերին եւ սահմանում է առաջին քաջութեան շքանշան: Արծաթեայ փոքրիկ խաչը՝ «Հայ Յեղ» մակագրութեամբ, կոչում են «Պատուոյ Խա»չ: Երկրորդ օրուայ կռիւը Զին. մարմնի առաջ մի շարք խնդիրներ եւս դնում է. պարզ էր, որ կռիւը շաբաթներ էր տեւելու եւ առաջ է գալիս ռազմամթերք հայթայթելու խնդիրը: Անհրաժեշտութիւն կար նաեւ նորոգելու թնդանօթներից եւ ռումբերից վնասուած դիրքերն ու պաշտպանական պատերը: Կազմւում են որմնադիրների, հիւսների խմբեր, ովքեր անցնում են վերականգնման բարդ ու վտանգաւոր գործին;
Վանի հերոսամարտի խորհրդանիշ Արամ Մանուկեանին հետեւում էին բոլորը: Նա մեծ հեղինակութիւն ունէր ինչպէս վանեցիների, այնպէս էլ՝ օտարների եւ իր հակառակորդների մօտ: Նրան Արամ փաշա էին անուանում: Վանի ինքնապաշտպանութիւնը կազմակերպած Արամ Մանուկեանը Զինուորական մարմնի անբաժան ու հեղինակաւոր խորհրդակիցն էր: Հերոսական պայքարից յետոյ էլ՝ Մայիսի 7ին, նա նշանակուեց Վանի ժամանակաւոր նահանգապետ ու չորս ամիս, մինչ ռուսական զօրքի անակնկալ հեռանալը, ղեկավարեց Վանը:

Պայքարի Ոգին՝ Արամ Մանուկեանը

Արամ Մանուկեանը ծնուել է 1879թ. Զէյուա գիւղում (այժմ՝ Սիւնիքի մարզ, գիւղ Դաւիթ Բէկ): Առաջին անգամ Վան է մեկնել 1904թ. աշնանը, որտեղ մեծ սէր եւ հեղինակութիւն է վայելել, ստացել է Վանի Արամ անունը: Առաջին Աշխարհամարտը սկսուելուն պէս՝ կազմակերպել ու ղեկավարել է Վանի ինքնապաշտպանական մարտերը: Արամ Մանուկեանը, Վանի նահանգապետութեան անկման եւ ռուսական զօրքերի անակնկալ նահանջի ժամանակ, կազմակերպել է Վասպուրականի հայութեան գաղթն Արեւելեան Հայաստան, ինչի շնորհիւ էլ փրկուել է շուրջ 200 հազար մարդ:
Արամ Մանուկեանը համարւում է Հայաստանի Հանրապետութեան հիմնադիրը: Հանրապետութեան հռչակումից յետոյ երկրի ղեկավարն է եղել մինչեւ 1918թ. Յուլիսի 23ը: Յովհաննէս Քաջազնունու գլխաւորութեամբ ստեղծուած Հայաստանի Հանրապետութեան նոր կառավարութեան կազմում Արամ Մանուկեանը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտօնը: Աշխատանքի եւ խնամատարութեան նախարար Խաչատուր Կարճիկեանի սպանութիւնից յետոյ, մօտ մէկ ամիս, ղեկավարել է նաեւ այդ նախարարութիւնը:
Արամ Մանուկեանը մահացել է 1919թ. Յունուարի 29ին՝ բծաւոր տիֆից: Հանգչում է Երեւանի քաղաքային պանթէոնում:

Արամի Զինուորական Վերնաշապիկը

Վանի պայքարի հերոսական օրերի ամենավառ վաւերագիրներից մէկն՝ Արամ Մանուկեանի լուսանկարներից յայտնի զինուորական վերնաշապիկն է: Այն պահւում է Երեւանում՝ ՀՅԴ պատմութեան թանգարանում: Այս զգեստը նրա սիրելիներից է եղել, ինչի մասին փաստում են դրա մաշուածութիւնն ու տարբեր հատուածներում բացուած անցքերը:

Զինանշանը

Զինանշանը Արամ Մանուկեանն ու Վանայ իշխան Նիկոլ Պօղոսեանն էին կրում: Վանի 1915թ. ապրիլեան ինքնապաշտպանութեան նախօրեակին՝ Ապրիլի 3ին, Վանի կուսակալ æեւդեթի հրամանով Նիկոլ Պօղոսեանին սպաննում են: Վանայ իշխանի սպանութիւնից յետոյ զինանշանը միշտ Արամ Մանուկեանի մօտ էր:

Աշխատասենեակի Բանալին

ՀՅԴ պատմութեան թանգարանում է պահւում Արամ Մանուկեանի երեւանեան աշխատասենեակի բանալին:

Արամի Երեւանեան Տունը

Այն տունը, որտեղ Երեւանում ապրել է Արամ Մանուկեանը, այսօր, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Տարիների ընթացքում շէնքը չի խնամուել, եւ այսօր արդէն միայն նրա արտաքին պատերն են կանգուն: Արամ Մանուկեանի տունը ներառուած է «Հին Երեւան» նախագծում, որում հաւաքուելու են վերջին տարիներին Երեւանում ապամոնտաժուած (կազմաքանդուած-Խմբ.) պատմամշակութային շէնքերը:
Արամի փողոցի 9 հասցէի նկատմամբ ՀՀ կառավարութեան որոշմամբ ժամանակին ճանաչուել էր գերակայ հանրային շահ, եւ տարածքը ձեռք էր բերել «Գլենդել Հիլզ» ընկերութիւնը:
Երեւանի քաղաքապետարանի փոխանցմամբ, այս ընկերութեան ներկայացուցիչների հետ բանակցութիւններ են ընթացել՝ «Հին Երեւան» պատմաճարտարապետական թաղամասի կառուցապատման ծրագրի շրջանակում շինութեան մի մասը որպէս Արամ Մանուկեանի տուն-թանգարան վերակառուցելու մասին:
2014թ. Նոյեմբերից Գլխաւոր պողոտայի Աբովեան, Բուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակուած տարածքը, այդ թւում Արամի փողոց հ. 9 տան հողատարածքը, պատկանում է «Օլդ Սիթի» ընկերութեանը: Քաղաքապետարանից «Մեդիամաքս»ին յայտնել են, որ նոր սեփականատիրոջ հետ դեռեւս Արամ Մանուկեանի տուն-թանգարանի ստեղծման վերաբերեալ բանակցութիւններ չեն սկսուել:
«Հին Երեւան» նախագծի հեղինակ Լեւոն Վարդանեանը «Մեդիամաքս»ին ասել է, որ տարածքների նոր սեփականատիրոջը միայն մէկ անգամ է հանդիպել, եւ ֆունկցիոնալութեանը (գործառնութեանը-Խմբ.) վերաբերող հարցեր չեն քննարկել: Լեւոն Վարդանեանը կողմ է նախագծում մի քանի թանգարանների, այդ թւում՝ Արամ Մանուկեանի տուն-թանգարանի ստեղծմանը: Նա նշել է, որ այստեղ հիմնական անելիքը պետական մարմիններինն է, եւ, մասնաւորապէս, ՀՀ կառավարութեանը:
«Կառավարութիւնը պէտք է սեփականատիրոջ հետ պայմանաւորուածութիւն կարողանայ ձեռք բերել, որպէսզի այդ տարածքում թանգարան կառուցուի», ասել է նա:

1915թ. Ապրիլի 9

Վանի ինքնապաշտպանութեան համար ստեղծուած Զինուորական մարմինը կռուի արդէն երրորդ օրը խնդիր էր դնում ոչնչացնել Համուդ աղայի զօրանոցը, որը 120 զինուորով սարսափի տակ էր պահում հայկական մի քանի թաղամաս. հրդեհում եւ ռմբակոծում էին հայերի տները:
Զօրանոցը ոչնչացնելու գործը յանձն են առնում Զին. մարմնի մի անդամ եւ Բուլղարացի Գրիգորը:
Նա երեք օր շարունակ չի քնում, արդիւնքում գլխում միտք է ծագում. հիմքի գետնափոր անցքից ամրացուած պայթուցիկը պիտի վերջ դնէր զօրանոցին:
Առաւօտեան Բուլղարացի Գրիգորը ձեռնամուխ է լինում իր ծրագրի իրագործմանը, ինչին զուգահեռ չեն հանդարտւում թնդանօթների զարկերը:
Գրիգորը գործի է անցնում եւ զօրանոցի հիմքի տակ խնամքով տեղաւորում պայթուցիկ մեքենան, չափում ու ձեւում է պատրոյգի երկարութիւնը: Երբ ամէն բան պատրաստ էր, նայում է ժամացոյցին. ուղիղ ժամը 4ն էր, պատրոյգը վառում է եւ արագ հեռանում: 10 րոպէ անց խուլ որոտ է լսւում, զինուորներն իրար են անցնում, սակայն զօրանոցը կանգուն է մնում: Զօրանոցը պայթեցնելու առաջին փորձն անյաջողութեամբ է աւարտում:
Գրիգորը գնում է տուն ու նոր ծրագիր մշակում: Գիշերը՝ ժամը 3ին, Այգեստանը միանգամից լուսաւորւում է, դիրքերից ու տներից երեւում է կրակի մէջ յայտնուած Համուդ աղայի զօրանոցը: Թերլէմէզեանն իր յուշերում գրում է, որ այս օրը մի մեծ մղձաւանջից ազատուեցին: Միաժամանակ այգեստանցի մարտիկները գրաւում են զօրանոցի մօտ գտնուող երեք շինութիւնները եւ այնտեղ գտնուող ամբողջ գոյքը տեղափոխում են Այգեստան: Որպէսզի թշնամին այլեւս չվերադառնայ այդ դիրքը, բոլոր շինութիւնները հրդեհւում են: Քանի որ թուրքական հրետանու կրակը զգալիօրէն վնասել էր հայկական դիրքերը, Զինուորական մարմինը հրամայում է ձեռնամուխ լինել երկրորդ պաշարական գծի կառուցման աշխատանքներին:
Այս օրը հրապարակուած ազդերը խստօրէն պահանջում էին փամփուշտները միայն նպատակային օգտագործել, խստիւ արգելւում է օղու եւ գինու օգտագործումը:

1915թ. Ապրիլի 10

«Համուդ աղայի ղշլան այրւում է. կեցցէ Բուլգարացին». այս աւետումով բացւում է չորրորդ առաւօտը: Զօրանոցի հետ ընկել էին նաեւ մօտակայքում գտնուող տաճկական երեք տներ-դիրքերը:
Այս օրը Զին. մարմինը մի քանի ազդ է հրապարակում, որով դիմում է ժողովրդին եւ որոշ կարգադրութիւններ անում: Զին. մարմինը խստիւ արգելում է տներ մտնել եւ թալանել: Հակառակ դէպքում, ինչպէս նշւում է ազդում, «մահուան պատժի կ՛ենթարկուեն»: Զին. մարմնի մէկ այլ ազդում կոչ է արւում բոլոր խմբերին խմիչք չգործածել. «Եթէ շրջակայ տուներէն գինի կամ օղի առած էք, կամ գիտէք որ կայ, անմիջապէս գրեցէք Հայթայթիչ յանձնախումբին»:
Այս օրը թշնամին մի շարք գրոհներ է ձեռնարկում Այգեստանի զանազան դիրքերի ուղղութեամբ, սակայն հետ է շպրտւում: Հայերին յաջողւում է հրդեհել թուրքական մի շարք ամրութիւններ:

«Ֆանֆար» Նուագախումբը

Խաչատուր Պուճիկանեանի գլխաւորութեամբ ստեղծւում է պատանիների փողային նուագախումբ՝ «Ֆանֆարը», որը կռուի հէնց առաջին օրն անցնում է գործի ու մեծ ոգի հաղորդում հայ մարտիկներին: Այս նուագախումբը հայրենասիրական երգեր էր երգում դիրքերում եւ քաջալերում կռուող տղերքին:
Երբեմն, դիրքերից սուրհանդակներ էին իջնում քաղաք՝ խնդրելով որ նուագախումբն իրենց էլ այցելի, սա իւրօրինակ ոգի փոխանցելու ձեւ էր, որ հայ փոքրիկները հրաշալի էին կատարում:

1915թ. Ապրիլի 11

Կռուի 5րդ օրը նշանաւորւում է թշնամու՝ երկրորդ շրջանում գտնուող գլխաւոր յենակէտի հրդեհումով: Ամփոփելով վերջին երեք-չորս օրերը, Զին. մարմինը յայտարարութեան մէջ ասում է, որ «թշնամու հազարաւոր թնդանօթների, գնդակների, բարբարոս խուժանի յուսահատ զինուորների դիմաց անսասան են մնացել»:
Այս օրը երեկոյեան երեք նոր դիրք են գրաւում հայերը, սպանւում է 4 թշնամի եւ այրում են նրանց դիրքերը: Կամուրջի վրայ տեղի ունեցած փոքր կռուի արդիւնքում հայերն 8 սնտուկ ռազմամթերք են վերցնում:
«Այլեւս անհաշուելի կը մնայ թշնամիին կորուստը ինկած մեր հատ հատ գնդակներուն տակ: Այլեւս որոշ կը դառնայ մանաւանդ լքումն ու յուսահատութիւնը անոր՝ երբ անիկա տեսաւ իր դահճապետ Ջեւդեթի ծրագիրը եւ 24 ժամուան մէջ սպանդանոցի վերածելու մեր հայրենիքը եւ լոկ ցնորք մը եղաւ ու զառանցանք:
Օրէ օր մեր զինւորները կը քալեն յաղթանակէ յաղթանակ: Իրենց հոգիին մէջ կ՛եռայ հայրենիքի պաշտպանութեան աստուածային կրակը աւելի ու աւելի. եւ անոնք որոշած են մեռնել քու կեանքի, քու պաշտպաութեան ու քու վերջնական ազատութեան համար», ասուած է Զին. մարմնի ազդում:
Քաղաքում յորդառատ անձրեւներ են սկսւում, ինչի պատճառով թուրքական հրամանատարութիւնը ակտիւ գործողութիւնները դադարեցնում է: Ամերիկեան օգնութեան կոմիտէի բժշկական գործի վարիչ Քլարենս Տ. Աշըրին ուղղուած նամակում Վանի կուսակալ æեւդեթը սպառնում է, որ եթէ հայերը օգտագործեն ամերիկեան հաստատութիւնների շէնքերը, ապա ինքը կը հրամայի դրանք էլ ռմբակոծել:
Բուլղարացի Գրիգորի նախաձեռնութեամբ հերոսամարտի ընթացքում հայ զինագործները 2 թնդանօթ են ձուլում, որոնք, ցաւօք, վառօդի սակաւութեան պատճառով յաճախ չէ, որ գործի են դրւում:

***

Բուլղարացի Գրիգորը կամ Գրգոր Գեզեանը (Կէօզէյեան) ծնուել է Կարինում: Ծննդեան թիւն անյայտ է:
Փոքր տարիքում Գրիգորը ծնողների հետ գաղթել է Բուլղարիա: Երիտասարդ տարիներին Ալեքսանդրապոլում, Հառիճում եւ Գանձակում զինագործութեամբ է զբաղուել:
Ցարական իշխանութիւնները Գրիգորին հետապնդել են, ինչի հետեւանքով նա տեղափոխուել է Արցախ, այնտեղից էլ՝ Վան:
Վանի հերոսամարտի ժամանակ Զինուորական մարմնի անդամ է եղել: Վանի երկու՝ 1915 եւ 1916թթ. գաղթերի ժամանակ չի հեռացել քաղաքից: Նշանակուել է զինուորական կոմիսար, ապա՝ ոստիկանապետ: 1918թ. Մարտի 21ին, որպէս զինուորական մար-մնի ներկայացուցիչ, ստորագրել է Վանից հայերի վերջնական գաղթի հրամանը: Բուլղարացի Գրիգորը գաղթականների հետ տեղափոխուել է Թիֆլիս, ապա Երեւան: Այստեղից էլ մեկնել է Պոլիս, որտեղ 1922թ. կնքել է իր մահկանացուն:

***

Թնդանօթի ձուլարանը սովորական դարբնոց էր, որտեղ կուտակել էին դեղին պղնձեայ գործիքներ ու առարկաներ: Սկզբում սարքում են թնդանօթի կաղապարը եւ այդ կաղապարի վրայ երկու շաբաթուայ ջանքերից յետոյ ձուլում են հայկական թնդանօթն ու բաւականաչափ ռումբեր:
Բուլղարացի Գրիգորը բազմաթիւ ջանքեր է թափում թնդանօթ ձուլելու համար: Իր ըմբոստ մտադրութիւնը յաջողութեամբ է պսակում եւ Ապրիլի 21ին արդէն հայկական նորաձոյլ պղնձեայ թնդանօթը բերւում է վեցերորդ շրջանը, դրւում Տէր Խաչատրեանի դիրքում: Թնդանօթն ուղղւում է Հաջի բեքրի զօրանոցին եւ առաջին ռումբը որոտումով նետւում է: Այն, սակայն, պայթում է ընդամէնը 400-500 քայլ հեռաւորութեան վրայ՝ առանց տեղ հասնելու: Բուլղարացին չի վհատւում եւ շուտով երկրորդն է ձուլւում: Ճիշդ է՝ մեծ արդիւնքներ չեն արձանագրում, բայց այս թնդանօթի ձուլումը դառնում է հայերի ռազմական ոգու խորհրդանիշը:
Հայ վարպետները նաեւ կօշիկի արհեստանոց են հիմնում քաղաքում: Մօտ 30 վարպետներ ամէն օր աւելի քան 40-50 կօշիկ էին կարում մարտիկների համար: Գործում էր նաեւ զինարանը, որտեղ փչացած զէնքերն էին նորոգում:
Փամփուշտարանում, ուր փոքրիկ տղաներ ու պատանիներ էին աշխատում, մաքրում էին դատարկ գիլզաները. լցնում էին վառօդը, ամրացնում գնդակները ու դասաւորում արկղերի մէջ: Վառօդատունը կատարեալ քիմիական կաբինետ էր յիշեցնում. այստեղ հաւաքում էին մեծ քանակութեամբ ծծումբ, ածուխ եւ բորակ: Այստեղ էր աշխատում քիմիկոս, պրոֆեսոր Մինասեանը, ինչպէս նաեւ նախկին որսորդներ Մանուկն ու Մկրտիչ Բաղեշցեանը: Պատրաստում էին ծխաւոր ու անծուխ վառօդ: Վառօդատունը գերագոյն ճիգեր էր թափում վառօդ մատակարարելու համար:

1915թ. 12 Ապրիլի

Ապրիլի 12ից սկսած մի քանի օր կատաղի մարտեր են մղւում Այգեստանի բոլոր մասերում: Թշնամին անընդմէջ գրոհում է: Թուրքական հրամանատարութիւնը գործի է դնում հեծելազօրը, բայց ապարդիւն, հայ ինքնապաշտպանները չեն նահանջում:
Ապրիլի 12ին հրդեհւում է Սահակ բէյ դիրքի դիմաց գտնուող թուրքական ամրութիւնը, տարբեր դիրքերում թուրքեր են սպանւում: Այս օրը Այգեստան են տեղափոխւում մեծ թուով փախստականներ: Ականատեսներն իրենց յուշերում պատմում են, որ 50 մարդու համար նախատեսուած գերմանական հիւանդանոցում 142 մարդ էր տեղաւորուել:

1915թ. 13 Ապրիլի

Ապրիլի 13ին իրավիճակը համեմատաբար հանգիստ է լինում: Զին. մարմնի հրապարակած ազդագրում ասւում է, որ թշնամու կռուողներից մի քանիսն են սպանուել, յաջողուել է հրդեհել Թօփել մոլլայի տունը, որը թուրքերի ամենաուժեղ դիրքերից մէկն է: Թուրքերը հակայարձակման են անցել, բայց չի յաջողուել իրականացնել ծրագիրը, զէնքերը թողնելով‘ նրանք հեռացել են: Զին. մարմինը տեղեկացնում է ինչպէս սպաննուած թուրքերի, այնպէս էլ 11ամեայ հայ աղջնակի զոհուելու մասին:
Զինուորական մարմինը, ամփոփելով մի քանի օրուայ իրադարձութիւնները, մարտիկներին խոհեմութեան կոչ է անում. «Փոքր յաջողութիւնները թող չմատնեն ձեզ անխոհեմութեան, ամէն բանի վերջն է գովելի»:

Երեխաները Ինքնապաշտանութիւնում

Ինքնապաշտպանութիւնում հսկայական աշխատանք են տանում երեխաները: Թուրքական ողորկող թնդանօթների դէմ նրանց պայքարը լեգենդի պէս պատմւում է սերնդէ սերունդ: Հայերը հաշուարկել էին, որ դրանց արձակած արկերը պայթում են ընկնելուց 35 վայրկեան յետոյ: Երեխաները այդ ընթացքում հասցնում էին կտրել պատրոյգը եւ կրակը վառօդին չէր հասնում: Ինքնապաշտպանութեան ամբողջ ընթացքում հէնց երեխաներն էին հաւաքում դատարկ պարկուճները, որոնք յետոյ զինանոցում լցւում էին վառօդով եւ նորից օգտագործւում:
Հայ 10-15 տարեկան մօտ 50 պատանիներ մահն աչքի առաջ, խմբւում էին այն տեղերում, ուր ընկնում էին թշնամու հրասանդ տիպի թնդանօթների արկերը: Դեռ չպայթած‘ պատանիները հասցնում էին դուրս քաշել պատրոյգները, վնասազերծում ռումբերն ու դրանց մէջ եղած վառօդը յանձնում զինագործներին: Այդ չափազանց վտանգաւոր պարտականութիւնը կատարելիս 10-14 տարեկան պատանիների մի մասը զոհւում էր:

***

Վան-Վասպուրականի կռիւների ողջ ընթացքում երեխաները մեծերի նման պաշտպանում էին իրենց տունը: Փոքրիկ տղաները զէնք վերցնելու ամէն հնարաւոր առիթ բաց չէին թողնում եւ նոյնիսկ կռիւ էին տալիս նման իրաւունք ստանալու համար:
Այդպիսի մի ջոկատ էլ կար 1918թ.ին: 70 օր կեանք ունեցած հայկական իշխանութեան տապալումից ու Վանի 1915թ. գաղթից յետոյ մի քանի անգամ հայերի վերադարձ էր եղել, ինչի արդիւնքում ստեղծուել էր երկրորդ ժամանակաւոր կառավարութիւնը՝ Կոստի Համբարձումեանի ղեկավարութեամբ:
Այդ ժամանակ Արտամէտում մանուկ կամաւորների ջոկատ կար: Երեխաները փայտէ հրացաններ էին սարքել ու դրանցով էին պատրաստւում կռուել թշնամու դէմ:
Այս մասին պատմութիւնը մեզ է հասել National Geographic ամսագրի լրագրող Մէյնարդ Օուեն Ուիլեամսի շնորհիւ, ով 1918թ. Փետրուարին Վան էր այցելել:
Պարբերականի 1919թ. Օգոստոսի համարում հեղինակը պատմում է, թէ ինչպէս են երեխաները իրենց փայտէ հրացաններով ներկայանում Վանի ղեկավարութեանն ու խնդրում իրենց զէնք տրամադրել:
1917թ.ից Վանի հայկական ժամանակաւոր կառավարութիւնը Կոստի Համբարձումեանն էր ղեկավարում, իսկ քաղաքի պարէտը Յովհաննէս Թումանեանի որդին էր՝ Արտաւազդը:
Ինչպէս նկարագրում է National Geographic-ի թղթակիցը, 8-12 տարեկան երեխաները կտրում են նահանգապետի ճանապարհն ու յայտարարում, որ իրենց փայտէ հրացաններն ուզում են իսկական զէնքով փոխարինել:
Նահանգապետն ասում է, որ զէնքը սահմանափակ է, եւ տրամադրում են միայն պատրաստուածներին: Երեխաները շարունակում են պնդել, թէ մարզուած են:
Կոստի Համբարձումեանն անհաղորդ չի մնում: Փոքրիկների հրամանատարը հրամայում է փայտէ զէնքերը դնել գետնին, 8-12 տարեկան մանուկները, դէմքի խիստ արտայայտութեամբ, իջեցնում են «զէնքերը» եւ շարունակում պնդել, որ չեն վերադառնայ տուն, մինչեւ զէնք ստանան:
Կռուի սուղ պայմաններում մանուկներին զէնք չի հասնում, սակայն Վանի պարէտը՝ Արտաւազդը, նրանց հրամանատարին փայտէ սուր է նուիրում: Նա կոչ է անում զգօն լինել եւ շարունակել մարզուել, քանի որ ցանկացած պահի հնարաւոր է նրանց կարիքը լինի:
«Մենք պատրաստ կը լինենք», յայտարարում է փոքրիկ հրամանատարը:
National Geographic-ի յօդուածագիրը հաւելում է, որ մանուկների փոքրիկ ջոկատը խրոխտ շարժւում է Արտամէտ, որով մէկ ամիս անց, Վանի կոտորածի ճանապարհին, անցնում են թուրք հրոսակները:

1915թ. 14 Ապրիլի

Ապրիլի 14ից սկսած Սահակ բէյ դիրքը անընդհատ հրետակոծւում է, որի հետեւանքով այս շրջանի բոլոր տների վերին յարկերն ամբողջութեամբ քանդւում են:
Իտալական հիւպատոսի կողմից Վանի կուսակալ æեւդեթին նամակ տանող կին սուրհանդակը, ով ըստ օրէնքի ճերմակ դրօշակով է լինում, հայկական կողմից դուրս գալուն պէս գնդակահարւում է թուրքերի կողմից:

1915թ. 15 Ապրիլի

Ապրիլի 15ին հայերին յաջողւում է հրդեհել ոստիկանութեան շէնքը: Այստեղ տեղակայուած թուրք զինուորները լուրջ սպառնալիք էին դարձել քաղաքի համար: Վանից սուրհանդակների նոր խումբ է ուղարկւում գործող ռուսական բանակին: Այգեստանի ինքնապաշտպանական հանգոյցային կէտն էր Խաչ փողոցի շրջանը: Այդ պատճառով թուրքերը հիմնականում այս ուղղութեամբ էին գրոհում: Ըստ վկայութիւնների, հայերը երբեմն նոյն դիրքը ստիպուած էին բազմաթիւ անգամներ վերականգնել: Աշըրի վկայութեամբ հայերը դիմանում էին քիչ կորուստներով: Տների հաստ պատերը նրանց պաշտպանում էին:
Այս օրը թշնամին մօտ 20 գնդակ է արձակում Սահակ բէյի դիրքի վրայ:
«Գնդակներ, ինչպէս միշտ որ է, վնաս չեն կրցած պատճառել: Մեր ընկերները կրկին կը շարունակեն ծաղրել թնդանօթի հարուածները», ասուած է Զին. մարմնի ազդում:

Կանայք Ինքնապաշտպանութիւնում՝ Սեւօն

Վանի հերոսամարտում տղամարդկանց կողքին մարտնչեցին ու հերոսացան շատ վանեցի հայուհիներ: Նրանց մեծ մասը թիկունքում հսկայական աշխատանք էր տանում Կարմիր Խաչի եւ Վասպուրականի հայ կանանց միութեան կազմում:
Վերջինս, որ բազում տարիներ տիկին Սողոմէ æրբաշեանի եւ օրիորդներ Զարուհու, Հռիփսիմէի ու Արաքսի ղեկավարութեամբ կարուձեւ էր ուսուցանում հայ օրիորդներին, կռիւի յաջորդող օրերին միացաւ կազմակերպիչ յանձնախմբերին ու սկսեց հագուստ արտադրել զինուորների համար:
Ականատեսները վկայում են, որ թիկունքի աշխատանքներից զատ կանայք հրաշալի հետախուզում էին թուրքական դիրքերը, սուրհանդակ դառնում հայկական երկու դիրքերի համար: 19ամեայ Իսկուհի Համբարձումեանը նրանցից մէկն էր, ում մասին վկայութիւններ կան բազմաթիւ աղբիւրներում:
Ապրիլի 11ին հակառակորդի գրաւած Շահբենդերեանի դիրքը լուռ էր. այնտեղից կրակ չէր բացւում: Հայերը թակարդի էին սպասում: Ոչ ոք չէր հաւատում, որ դիրքի լռութիւնը պայմանաւորուած է նրանով, որ թշնամին լքել էր այն: Որոշւում է հետախուզութիւն կատարել, եւ համարձակ ու վտանգաւոր քայլին դիմում է Շահբենդերեանի դիրքում աշխատող 19 տարեկան օրիորդը: Կարճահասակ, նուազ կազմուածքով, պեպենոտ դէմքով Իսկուհի Համբարձումեանը կամ քանքար Խամբոյի աղջիկ Սեւօն, տղաների համար կերակուր էր պատրաստում, վիրաւորների վէրքերը կապում: Նա մաուզերի ատրճանակ էր կրում եւ ազատ ժամանակ կրակում թշնամու կողմը:
Վանեցի հայ աղջիկն իջեցնում է ուսից ատրճանակը, յանձնում այն տղաներին եւ ասում.
– Պահէք տասնոցս. եթէ ես զար-նուեմ. գէթ ատրճանակս ազատւած կը լինի. որը ձեզի հարկաւոր է:
Ասում է ու անհետանում: Տղաները սրտատրոփ սպասում էին հետեւանքին:
Սեւօն իջնում է, հետախուզում այգին, ապա երկու յարկանի տունը եւ հեռուից տեղացող գնդակների տակ վերադառնում՝ բերելով զգեստի վրայ բացուած գնդակի անցքը: Սեւոյի կեանքը հրաշքով է փրկւում: Սեւօն յայտնում է, որ դիրքը դատարկ է, հայերը հետ են վերցնում այն: Սեւօն Պատուոյ խաչի շքանշանին է արժանանում:

1915թ. Ապրիլի 16

1915թ. Ապրիլի 16ին թուրքական գրոհը նոր թափ է ստանում: Հակառակորդը համալրւում է թարմ ուժերով, Բիթլիսից թնդանօթներ ու ռազմամթերք է ստանում: Լրացնելով նիւթական ու մարդկային պակասը՝ թշնամին լայնածաւալ գրոհների է դիմում: Ամբողջ օրը թուրքերը կրակի տակ են պահում Սահակ բէյ դիրքը: Հայ պաշտպանները՝ մօտ 10 մարդ, կարողանում են ամբողջ օրը դիմակայել:
Ապրիլի 16ին կռուի 10օրեակն է լրանում: Զինուորական մարմինն ամփոփելով այդ օրերը, կոչ է արձակում, որում նշւում է, որ «սա ազգային ազատագրութեան ամենանուիրական պայքարն է»:
«Թշնամին՝ դարանակալ ու դաւադիր. ջարդարար ու բարբարոս. արիւնկզակ ու վայրենի. կ՛ուզէ վերջ դնել մեր գոյութեան ազգային ու անհատական: Բայց մենք որոշեցինք կռուել. կռուել մեր կեանքին համար, մեր ինչքին համար, մեր կրօնին համար, մեր պատուին համար, բռնաբարուած, առեւանգուած մեր մայրերուն ու քոյրերուն համար, ամբողջ ազգային գոյութեան համար: Մեր կռիւը ոճրագործ. մարդկային ու քաղաքական բոլոր իրաւունքներու, թշնամի՝ æեւդէթներու դէմն է, որոնք ծարաւ են հայ արեան ու արցունքին՝ ճիհատ քարոզեցին արտաքին թշնամիներու դէմ. բայց սկսան ջարդել բոլոր քրիստոնեաները. կին թէ երեխայ, մանուկ թէ ծեր, երիտասարդ թէ անդամալոյծ», ասուած է ազդագրում:

1915թ. Ապրիլի 17

Ապրիլի 17ի առաւօտեան թշնամին բերդի վրայ դրուած թնդանօթներից երկու ժամ կրակ է բացում Քաղաքամէջի վրայ:
Սահակ բէյ դիրքը շարունակում է յարձակումների ենթարկուել: Հայերն այստեղ գործի են դնում ինքնաշէն նռնակներ եւ կարողանում են դիմակայել: Միաժամանակ թշնամին հրետակոծում է նաեւ Արարաք թաղամասի հայկական դիրքերը: Թուրքերը փորձում են 200 հոգուց բաղկացած հեծելազօրքով ճեղքել Շուշանցի եւ Վարագի հայկական պաշտպանութիւնը, սակայն այստեղ էլ են անյաջողութեան մատնւում:

1915թ. Ապրիլի 18

Զին. մարմինը տեղեկացնում է, որ արդէն մի քանի օր է թշնամին թնդանօթներով ակտիւ գնդակոծում է Սահակ բէյ եւ Թովմազեան դիրքերը, ինչի հետեւանքով 400ից աւելի գնդակ է վատնել: Այգեստանի տարբեր հատուածներում ընկած գնդակների հետեւանքով մի քանի հայ է վիրաւորւում: Զին. մարմինը նկատում է, որ այս թնդանօթները նպատակ ունեն խփելու ամերիկեան եւ գերմանական շէնքերին, ու մի քանիսը յաջողել են:
Գիշերը թշնամին նորից ակտիւ գնդակոծում է հայկական դիրքերը, սակայն գնդակները որեւէ վնաս չեն տալիս:

1915թ. Ապրիլի 19

Ապրիլի 19ին Վանի կուսակալ Ջեւդեթը վերադառնում է Վան եւ վաղ առաւօտից վերսկսում յարձակումը Խաչ փողոցի դիրքերի վրայ: 200ից աւելի հեծեալ յարձակւում է, պատասխան գնդակից աւելի քան 10 զոհ է տալիս, հայերից միայն մէկ մարդ է վիրաւորւում: Քաղաքամէջը թշնամին շարունակում է թնդանօթների գնդակների տակ պահել:
Թուրքական զօրքը հրդեհում է Վարագայ վանքը եւ Արտամէտ գիւղը, զոհւում է 50 հայ: Դրութիւնը գնալով լրջանում է եւ Զին. մարմնի ղեկավար Արմենակ Երկանեանը հրամայում է զինագործներին նիզակներ պատրաստել ու բաժանել անզէն գիւղացիներին՝ հնարաւոր ճեղքման դէպքում պաշտպանուելու համար:
Ռ. Դէ Նոգալեսն իր յուշերում գրում է.
«Ես հազուադէպ եմ հանդիպել կամ ենթադրել, թէ երբեւիցէ կրկին ականատես կը լինեմ այդպիսի կատաղի կռուի, որին ես ականատես եղայ պաշարման ժամանակ: Կռուի թափն այնպիսին էր, որ դէպքեր եղան, երբ ստիպուած էի հրետանին տեղադրել տներում, քանդելու համար մեր հարեւան շէնքերը բաժանող տները, այդ շէնքերը գրաւելով, անմիջապէս հրդեհւում էին, որպէսզի հակառակորդը չփորձէր գիշերը վերագրաւել դրանք: Խանձուած մազերով, վառօդից սեւացած դէմքերով եւ գնդացիրների ճարճատիւնների ու հրազէնի պայթիւններից խլացած ականջներով յաջողուեց շարունակել մեր առաջխաղացումը, դանդաղօրէն եւ անլուր զոհերի գնով, մինչեւ սիրտը կամակոր քաղաքի»:

1915թ. Ապրիլի 20

Թուրքական հրետանին հրետակոծում է հայկական թաղամասը: Ուժգին յարձակման է ենթարկւում Թովմազեան դիրքը:
Առաւօտեան ժամերին փորձ է արւում յարձակում գործել հայկական դիրքերի վրայ, սակայն 4-6 զոհ տալով, թուրքերը յետ են քաշւում:
Մօտ 30 քուրդ փորձում են ներխուժել Լաւանդ օղլիի դիրք, հայկական դիրքերից բացուած կրակի հետեւանքով 3 զոհ են տալիս ու նահանջում:
Գիշերը եկեղեցու գերեզմանատան մօտ է ռմբակոծութիւն սկսում, պատասխան կրակից թուրքերը լռում են: Քիչ անց բուռն հրաձգութիւն է սկսում հայկական բոլոր դիրքերի վրայ: Այս հատուածում հայերը միայն մէկ վիրաւոր են տալիս:

æեւդեթի Զինուորականի Այցը

Կրակի թէժ օրերին էլ՝ Ապրիլի 20ի կէսօրին թշնամու ձեռքն անցած Թելոյի դիրքից Տէր Պօղոսեանի դիրքի տղաներին բանակցելու նշան է տրւում: Ընդառաջ է գնում Աւօն:
– Ես ուղարկուած եմ Ջեւդեթի կողմից,- հակառակ դիրքից այս խօսքերով է Աւոյին դիմում մի զինուորական: Նա աւելացնում է, որ Ջեւդեթը կամենում է վերջ տալ կռիւներին ու հաշտութիւն կնքել: Ուստի ցանկանում է, որ հայերը պայմաններ առաջարկեն:
– Մենք առաջնորդ ունենք, Արամ փաշա ունենք: Ջեւդեթը թող նրանց դիմի, մենք ինչացո՞ւ ենք, որ պայման առաջարկենք,- պատասխանում է Աւօն:
– Առաջնորդն իր տեղը, Արամ փաշան իր տեղը. դու էլ, որպէս խմբապետ, քո պայմանն առաջարկիր,- պնդում է æեւդեթի ուղարկած զինուորականը:
– Ես մէկ կոպիտ կռուող եմ, շատ բան չեմ հասկանում: Եթէ իմ պայմանը կ՛ուզես իմանալ, այս է՝ բերէք ինձ æեւդեթի գլուխը: Այն ժամանակ մենք կը հաշտուենք:
Վրդովուած զինուորականը հեռանում է:

Ոստիկանատան Հրդեհումը. Տիգրան Աբրահամեան

Այս օրերին ամենաուշագրաւ դէպքը, որ տեղի է ունենում, Արարոց հրապարակի ոստիկանատան հրդեհումն էր: Այստեղ կառավարութիւնը մեծ ուժ էր հաւաքել. բացի ուժերը ոստիկանութեան շէնքում կենտրոնացնելուց, օգտագործուել էր նաեւ Արարոց դպրոցը, որը գտնւում էր եկեղեցու բակում, զօրքերի ձեռքին էին հրապարակի վրայի մի շարք խանութներ: Այս բոլոր կէտերից շարունակ կրակ էր բացւում հայկական թաղամասի ուղղութեամբ:
Ոստիկանատունը գրոհով դժ-ուար էր գրաւել, միակ տարբերակը հրդեհելն էր, ինչն իրագործելու համար խիզախ մէկն էր պէտք:
Դէմքի մեղմ արտայայտութեամբ Տիգրան Աբրահամեանը կամ Տիգրան վարժապետը մի ժամանակ ուսուցիչ էր եղել: Թուրքական իշխանութիւնները նրան հալածել էին, զրկել սիրելի գործից: Խաղաղ բնաւորութեամբ ուսուցիչը թողել էր ընտանիքն ու թափառաշրջիկ դարձել:
«Ես պիտի հրդեհեմ», կառավարութիւնից իր վրէժն այսպէս է որոշում հանել ըմբոստ ուսուցիչը: Կէսօրին նա հանգստանում է, իսկ գիշերները՝ պատրաստում հրաձգութեան համար անհրաժեշտ գործիքները: Կանեփը թաթախում էր նաւթի մէջ, երբ մուրը թանձրանում էր, շալակում էր կանեփն ու անհետանում: Նման գիշերային արշաւանք Տիգրան վարժապետը չորս անգամ է կատարում՝ Ապրիլի 16ից 19ը: Փորձերն անյաջող էին անցնում, նա ոստիկանատունը հրդեհում էր մաս-մաս: Վերջին ու մեծ հրդեհումը տեղի է ունենում Ապրիլի 19ին:
Այս օրը նա մօտենում է խիստ զգուշութեամբ, քրքրում նաւթոտ կանեփի խուրձը, դիզում խանութների երկու դռների առաջ եւ լուցկին մօտեցնում: Կանեփը վայրկենապէս բռնկւում է, հրապարակը՝ լուսաւորւում: Վարժապետը թաքնուելու հնարաւորութիւն չի ունենում եւ անմիջապէս նետւում է հրապարակի կենտրոն: Յանկարծակի սկսում է երգել ու փախչել: Չորս կողմից կրակոցներ են արձակւում:
Ոստիկանատունն ամբողջութեամբ այրւում է: Ոստիկանատան հրդեհումը վերջ է դնում այն ահեղ կրակին. որին ենթարկւում էր Այգեստանն այդ օրը:

1915թ. Ապրիլի 21

Ջեւդեթը չի բաւարարւում Ապրիլի 20ին իր ուղարկած զինուորականի այցով եւ յաջորդ օրը երկու հայ կանանց միջոցով նամակ է ուղարկում հայերին, որը հասցէագրում է առաջնորդական տեղապահ Եզնիկ վարդապետին: Նա խոստանում է խնայել բոլորին, եթէ հայերը համաձայնեն յանձնել ամբողջ զէնքը եւ հնազանդութիւն յայտնեն:
«Այս առաջարկները ընդունելու պարագային, խոստանում եմ միջնորդել, որ կայսերական գթութեան արժանանաք: Ի զուր տեղ աւելորդ արիւն մի թափէք, ձեր ընտանիքներին խնայեցէք: Եթէ յամառէք, մեղքը ձեր վիզը», գրում է Վանի դաւադիր կուսակալը:
Եզնիկ վարդապետը պատասխան նամակ է ուղարկում՝ յայտնելով, որ հայերն ապստամբներ չեն: Նամակում նա առաջարկում է պատասխան տալու համար երկու պատուաւոր անձ ուղարկել:
Իրականում, ինչպէս նշում է Ա-ւօն, հայերը որեւէ բանակցութեան նպատակ չունէին, եւ այս նամակը գրելով, պարզապէս ցանկանում էին հնարաւորութիւն ստեղծել Քաղաքամէջի ու Այգեստանի միջեւ կապ հաստատել՝ պատրուակ բերելով, թէ հաշտութեան համար պիտի խորհրդակցել քաղաքի միւս մասում ապրող հայերի հետ: Իրականում, Զին. մարմինը համոզուած էր, որ Ջեւդեթը հերթական խորամանկութեանն է դիմում, որպէսզի քաղաքը սպանդանոցի վերածի:
Կուսակալ Ջեւդեթի առաջին նամակը ոգեւորել էր հայերին: Ա-ւօն գրում է, որ ընդհանուր տրամադրութիւնը բարձրանում է, եւ յոյսը սկսում ժպտալ: Դէ Նոգալեսը խոստովանում է իր յուշերում, որ այս օրերին հայերը դեւի պէս էին կռւում: Հայերը նախայարձակ են լինում դիրքերից մէկում: 4 քուրդ է սպանւում, 3 հայ վիրաւորւում:
æեւդեթը շարունակում է նամակագրութիւնը՝ յոյս ունենալով մոլորեցնել հայերին:
Մի փոքր բանակցութիւնից յետոյ հայերի առաջնորդներն ու æեւդեթի ուղարկած մարդիկ հանդիպում են բաց տարածքում: Հայերը պայման են դնում, որ հնարաւորութիւն տան Եզնիկ վարդապետին այցելել Այգեստան՝ հաշտութեան պայմաններ առաջարկելու համար, իսկ որպէսզի ապահովուի նրա անվտանգ վերադարձը, պատանդ թողնել երկու պատուաւոր թուրքերի:
Զին. մարմինը ազդագրով տեղեկացնում է, որ Ապրիլի 21ին թշնամին թնդանօթի զարկերի տակ է պահում Ամիրխանենց դիրքը, ապա անցնում Շահպենդերենց դիրքին: Ընդհարումների արդիւնքում թշնամին գետում թողնում է 10-12 սպանուած, եւս 20ը՝ Շահպենդերենց դիրքի մօտ:
Տարբեր դիրքերի ուղղութեամբ եկած ռումբերը վնասում են պաշտպանական պատերը, որից յետոյ հայերն անցնում են ամրացման եւ վերանորոգման գործին: Այս օրը հայերը մի քանի ուղղութիւններով փայլուն յաղթանակներ են տանում: Թշնամու զոհերը հաշւուում են մօտ 50-60:
Ապրիլի 21ի գիշերը թուրքական կողմից մէկ ժամում արձակուած գնդակների թիւը հասնում է 10 հազարի:

1915թ. Ապրիլի 22

Ջեւդեթի նամակը գալիս է մէկ օր անց՝ Ապրիլի 22ին, որով բացայայտւում է նրա նենգ մտադրութիւնը: Նա յայտնում է, որ իր առաջարկները փոխանցել է նաեւ Այգեստանի մէջ գտնուող հայութեանը, իսկ եթէ Եզնիկ վարդապետը չի կարող համոզել Քաղաքամէջում ապրողներին, ապա ոչինչ չի կարող անել այս թաղամասից դուրս: æեւդեթը կրկին յորդորում է ապաւինել իշխանութիւնների գթասրտութեանն ու յանձնուել, հակառակ դէպքում՝ հրամայելու է ոչնչացնել մինչեւ վերջին զինուորը: Հայերն այս նամակը թողնում են անպատասխան:
Այս օրուայ մարտերի մասին Զինուորական մարմինը հաղորդագրութիւն է տարածում, որտեղ ասուած է, որ թշնամին համեմատաբար լռութիւն է պահպանել: Այս օրուայ լռութեան բացատրութիւնը յետագայում երեւում է Նոգալեսի յուշերում, որտեղ ասուած է, որ թուրքերը նոր ուժերի էին սպասում: Ռազմամթերք ստանալուց յետոյ, յաջորդ օրը նրանք հուժկու յարձակում են սկսում: Գիշերը հայերը գրոհում են թուրքական դիրքերից մէկը ու զէնք ու ռազմամթերք են վերցնում, իսկ Վանի մէկ այլ հատուածում մարտիկներին յաջողւում է ոչնչացնել թշնամու թնդանօթաձիգին, մարտերի արդիւնքում երկու հայ է վիրաւորւում: Այս օրը Շատախից եկած սուրհանդակը այգեստանցի մարտիկներին յայտնում է, որ իրենք նոյնպէս յաջողութեամբ յետ են մղում թշնամու գրոհները:

1915թ. Ապրիլի 23

Ապրիլի 23ին հայերը յարձակւում եւ հրդեհում են թուրքական երկու դիրք: Շարունակւում է փախստականների հոսքը Այգեստան: Աշըրիի վկայութեամբ, թուրքերը դիտաւորեալ մարդկանց դէպի Այգեստան էին քշում՝ յոյս ունենալով, որ այս կերպ սով կը սկսուի, ինչը կը ստիպի հայերին յանձնուել: Զինուորական մարմնի ազդագրերը յայտնում են մեծ թուով թուրքերի շարժի մասին:
Մի քանի դիրքերի ուղղութեամբ կրակը պարբերաբար կրկնւում է, քաղաքից ներս եղած բոլոր դիրքերը հայերին ձեռքին են, իսկ հակառակորդի դիրքերը, ինչպէս նաեւ հեռագրատունն ու կառավարական շէնքերը վնասուած են: Զին. մարմինը նաեւ ուրախութեամբ տեղեկացնում է, որ æեւդեթի տարածած տեղեկութիւններն այն մասին, որ Քաղաքամէջն աւերուած ու դատարկուած է, չեն համապատասխանում իրականութեանը:

1915թ. Ապրիլի 24

Ապրիլի 24ին գիշերային յարձակման ժամանակ թշնամու մոլորուած ստորաբաժանումները ընդհարւում են միմեանց հետ, որը վերջանում է նրանց համար ծանր կորուստներով: Օգտուելով դրանից, հայ մարտիկները կարողանում են բնակչութեանը դուրս բերել շրջափակումից եւ տեղափոխել նրանց Աւերակի գիւղը: Յետագայ օրերին թշնամին յարձակւում է նաեւ այս գիւղի վրայ: Հայերը ստիպուած են լինում գիշերային գրոհ նախաձեռնել եւ, ճեղքելով պաշարման օղակը, մարդկանց Այգեստան տեղափոխել:

Զինուորական Մարմնի Անփոխարինելի Ղեկավարը՝ Արմենակ Եկարեան

Արմենակ Եկարեանը Վանի ինքնապաշտպանութեան կազմակերպման առանցքային դէմքերից է: Եկարեանը ինքնապաշտպանութեան ամբողջ ընթացքում ղեկավարել է Զինուորական մարմինը, յետագայում էլ ստանձնել նահանգային ոստիկանութեան ղեկավարումը:
1870թ. Վանում ծնուած Եկարեանը ընտրել էր դերձակի մասնագիտութիւնը: Իր մասնագիտութեան մէջ դեռ չհմտացած պատանին շուտով հրաժարւում է դրանից, ընդունւում Արմէնական կուսակցութեան շարքերն ու սկսում զէնք տեղափոխել հայ կամաւորական խմբերի համար: Եկարեանը շուտով ստանձնում է ամենաբարդ առաջադրանքները՝ բազմաթիւ անգամներ կտրելով Վան-Թաւրիզ-Սալմաստ ճանապարհն ու զէնք հասցնելով մարտիկներին: Երբեմն, նա իր խմբով ամիսներով ճանապարհներին էր անցկացնում՝ զէնքը տեղափոխելով ոտքով եւ աշխատելով հիմնականում գիշերները, քանի որ համիդեան լրտեսներն ամէնուր էին եւ ցանկացած վրիպում այս գործում, կարող էր ձերբակալութեամբ աւարտուել:
Եկարեանն արդէն կոփուել էր այս գործում, երբ սկսուեց Վանի հերոսամարտն ու պատահական չէ, որ նրան միաձայն Զինուորական մարմնի ղեկավար կարգեցին: Վանի ինքնապաշտպանութեան ականատեսներից շատերն են իրենց յուշերում պատմում, թէ ինչպէս էր Եկարեանը դիրքից դիրք շրջում, անձամբ ստուգում ամրութիւնները, երբեմն անձամբ էր ղեկավարում խմբերը, որոնք օգնութեան պիտի հասնէին դժուար կացութեան մէջ յայտնուած մարտիկներին:
Արմենակ Եկարեանը յետագայում Վանի ինքնապաշտպանութեան մասին յուշեր է գրել: Իր կեանքի 55 տարիներից 25ը զինուորական գործին նուիրուած, կռիւների թոհուբոհով անցած, բազմաթիւ անգամներ բանտում յայտնուած, ամէն ինչ տեսած այս մարդը ցաւով է յիշում, թէ ինչպէս յաղթանակած վանեցին ստիպուած եղաւ լքել իր տունը:
Վանի հայութեան գաղթի օրերին եւս Եկարեանը անգործ չէր. նրա ղեկավարութեամբ գործող մի խումբ ստանձնել էր որբերին հաւաքելու ու խնամելու պարտականութիւնը: Վանի ինքնապաշտպանական մարտերից յետոյ Եկարեանը միանում է հայերի խմբին, որ պատրաստւում էր ազատագրել Կիլիկիան, անգամ ռազմական ուժեր է հաւաքագրում, բայց Անկարայի դաշնագրի կնքումից յետոյ հիասթափուած ռազմական գործիչը թողնում է հայրենիքն ու մեկնում Պոլիս, այնուհետեւ Եգիպտոս, որտեղ եւ կնքում է իր մահկանացուն: Արմենակ Եկարեանը մահանում է 1925թ.ին՝ ժանտախտից:

Վանի Ոստիկանութիւնը

Վանում յաղթանակից յետոյ նահանգապետութեան ստեղծման եւ նոր կուսակալի նշանակման ժամանակ որոշւում են, որ Վանը նաեւ ոստիկաններ պիտի ունենայ, իսկ այդ մարմինը Եկարեանը պիտի ղեկավարի: Ոստիկանութեան ղեկավարումը յանձնում են Եկարեանին՝ հաշուի առնելով ինքնապաշտպանութեան ամբողջ ընթացքում Զինուորական մարմնի կազմակերպուած աշխատանքը:
Թւում է՝ նոր կազմաւորուող այդ կառոյցը պիտի երկար ճանապարհ անցնէր կայանալու համար, բայց բաւական են մի քանի փաստեր ոստիկանութեան գործունէութեան մասին, որպէսզի պատկերացում կազմենք, թէ որքան հեռատես ու բանիմաց էին այս գործը ստանձնողները:
Հայաստանի Ազգային արխիւում պահպանուել են Վանի նահանգային ոստիկանութեան աշխատանքը ներկայացնող փաստաթղթեր: Ոստիկանութեան տրամադրած զէնք կրելու արտօնագրերով հաշուառում էին այն վանեցիներին, ովքեր զէնք ունէին կամ ցանկանում էին զէնք կրել:
Վան քաղաքը բաժանւում է ոստիկանական 5 տեղամասերի, իւրաքանչիւրում նշանակւում է շրջանապետ (կոմիսար): Կարճ ժամանակահատուածում կառոյցի ղեկավարները մշակում են ոստիկանական ծառայութեան ներքին կանոնադրութիւն: Այն կազմուած էր 7 բաժիններից եւ 53 յօդուածից: Յետագայում մշակւում է նաեւ բանտային կանոնադրութիւն, քանի որ Վանի բանտը նոյնպէս անցնում է ոստիկանութեան վերահսկողութեանը: Վանի նահանգային ոստիկանութիւնը, թէեւ սուղ միջոցներին, ամէն բան անում էր նահանգում ու Վան քաղաքում կարգուկանոնը պահպանելու ուղղութեամբ: Իւրաքանչիւր քայլ վերահսկւում էր ոստիկանութեան կողմից. դա են վկայում նաեւ արխիւում պահուող փաստաթղթերը:

1915թ. Ապրիլի 25

Ապրիլի 25ին երկուստեք կատաղի մարտեր են ընթանում: Այն հանգամանքը, որ ամերիկեան միսիոներական կազմակերպութիւնների աշխատակիցները չեն ցանկանում համագործակցել թուրքերի հետ, առաջացնում է Ջեւդեթի զայրոյթը:
Նա մի ազդու նամակ է գրում Ք. Աշըրին՝ սպառնալով ռմբակոծել ամերիկեան հաստատութիւնները: Աշըրին այս մասին յայտնում է ամերիկեան կառավարութեանը: Նա տեղեկացնում է, որ Վանում գտնուող ամերիկացիների կեանքը վտանգուած է:

1915թ. Ապրիլի 26

Շարունակւում է փախստականների անընդհատ հոսքը: Այգեստանի վրայ կախւում է սովի սպառնալիքը:

Շղթայուած Կանայք Ու Երեխաները

Ապրիլի 26ին՝ դեռ կէսօր չեղած, 20-30 հայ կանայք ու երեխաներ շղթայ բռնած ու անհաստատ քայլերով մօտենում են Թեքէալիֆի-Հարպիէի դիրքին: Սարսափներ ապրած, պատառոտուած ու կեղտոտ հագուստով կանայք ու երեխաները գիւղերից էին: Դիրքի տղաները ներս են առնում տանջուած հայերին: Մի փոքր չանցած երեւում է երկրորդ խումբը, որին եւս ներս են առնում: Հայ կանանց ու երեխաների հոսքը գնալով շատանում է, բայց այս անգամ արդէն մնում են դրսում: Դիրքի տղաներն անմիջապէս տեղեկութիւն են ուղարկում Զին. մարմնին, որը գալիս է դիրք ու տեսնելով սարսափելի տեսարանը, ընկնում մտատանջութեան մէջ:
Այդքան մեծ թուով մարդ ընդունելը վտանգաւոր էր. մի կողմից կար պաշարի հարցը, միւս կողմից՝ գալիք լքումն ու յուսահատութիւնը: Հայերը չէին բացառում նաեւ հայկական տարազի տակ թաքնուած դաւադրութեան հնարաւորութիւնը: Երկար խոր-հրդակցելուց յետոյ, որոշում են ներս չառնել: Այս թշուառ կանանց ու երեխաների շղթան պտոյտ է կատարում, մօտենում Թաւրիզի դռներին, սակայն այստեղ եւս ապաստան չեն գտնում:
«Դաւադրութիւն է ստոր ու խարդախ æեւդեթի կողմից», ասում էին ամէնքը եւ արգելում նրանց մուտքը քաղաք:
Մի քանի հարիւր հոգուց բաղկացած այդ թշուառների բազմութիւնը երկու օր ու գիշեր սոված ու ծարաւ մնում են պարիսպների տակ: Նրանք ոչ կարող էին առաջ շարժուել, ոչ հետ դառնալ:
Թշնամին, նկատելով, որ այդ կերպ չի կարողանում ազդել հայերի վրայ, սկսում է նոր դաւադրութիւններ մտածել:
Թուրքերն իրենց դիրքերից մէկում տանջամահ են անում երկու հայ կանանց, ապա սպաննում եւ նրանց դիերը քարշ տալիս փողոցում: Նոյնն անում են մի քանի դիրքերում: Նրանք այս դաժանութիւններով նպատակ ունէին ազդելու հայերի վրայ, որպէսզի բացեն դարպասներն ու ընդունեն աւելի ու աւելի մեծ թուով կանանց ու երեխաների, ինչն էլ կը տանէր ինքնապաշտպանութեան թուլացմանը:
Զին. մարմինն անկոտրում էր, բայց նաեւ անտարբեր հետեւել չէին կարող: Յաճախ հայ տղաներն իրենց դիրքերից հաց էին նետում թշուառներին, սակայն այդչափ բազմութեան քաղցը յագեցնել չէին կարող: Պարիսպների տակ նրանց մի մասը մահացաւ, մի մասն էլ սպաննուեց դիրքերից եկող գնդակներից: Գոյութեան ծանր կռիւը գնալով աւելի էր բարդանում:

1915թ. Ապրիլի 27

Ապրիլի 27ին թուրքերը, կանանց զգեստներով ծպտուած, փորձում են հրկիզել հայկական դիրքերը: Նրանց երկու փորձից մէկը, ցաւօք, յաջողւում է: Նոյն օրը դիրքերից մէկի խմբապետը Զինուորական մարմնին հաղորդում է, որ թուրքերը գոյք են տեղափոխում նաւահանգիստ: Զինուորական մարմինը հրամայում է հետեւել անցուդարձին՝ առանց կրակ բացելու: Թէեւ փոխադրութեան այս շարժը շարունակւում է նաեւ յաջորդ օրը, բայց կռիւը նոյն թափով շարունակւում է:

1915թ. Ապրիլի 28

Ապրիլի 28ին թուրքերը յարձակւում են Չաուշ բաշ կոչուող դիրքի վրայ: Մինչեւ երեկոյ տուած գրոհը նրանց համար անարդիւնք է աւարտւում: 25 թուրք է զոհւում:

Վանի Միակ Իշխանը՝ Նիկոլ Պօղոսեան

Նիկոլ Պօղոսեանը, որն աւելի յայտնի է որպէս Վանայ Իշխան, ծնուել է Շուշիում: Յաճախել է տեղի թեմական վարժարանը, ուր աչքի է ընկել իր ըմբոստ վարքագծով ու կարճ ժամանակ անց հեռացուել վարժարանից՝ յետագայում ուսումը շարունակելով Երեւանի թեմական վարժարանում: Շուշիի վարժարանում ուսանելու տարիներին ծանօթացել է Արամ Մանուկեանի հետ՝ մասնակցելով Արամի կազմած աշակերտական ինքնազարգացման ու յեղափոխական խմբերին: Նրանց գաղափարական մտերմութիւնը շարունակուեց յետագայում: Իշխանը հետեւեց Արամի գործունէութեանը նախ Ալեքսանդրապոլում, այնուհետեւ Կարսում եւ Վանում:
Արամի եւ Իշխանի ընկերութիւնը Ռուբէն Տէր Մինասեանը նկարագրում է այսպէս. «Իշխանը մերկացրած սուր էր, իսկ Արամը դրա պատեանը, որովհետեւ Արամը միակ մարդն էր, որ կարողանում էր զսպել, երբ Իշխանը տաքանում էր»: Իշխանի մահից յետոյ Արամը երկար ժամանակ հոգ էր տանում նրա որդուն: Վանի դէպքերի ժամանակ Իշխանի ընտանիքից միայն կինն ու որդին են փրկւում:
20ամեայ Իշխանը 1903թ.ին միացաւ ռուս-թուրքական սահմանը հատող Նեւրուզի զինատար խմբին՝ Սասունին զէնք եւ կռուող ուժ հասցնելու առաքելութեամբ: Հրաշքով փրկուեց բախումներից յետոյ եւ 1904թ.ին հասաւ Վան:
Վանի ինքնապաշտպանութիւնից մի քանի օր առաջ՝ Ապրիլի 1ին, Այգեստանի Նորաշէն եկեղեցու դահլիճում ժողով տեղի ունեցաւ: Ժողովի մասնակից կուսակցութեան ներկայացուցիչներն ու առաջնորդարանի պատուիրակները որոշեցին շարունակել հակառակորդ կողմին կտրուկ քայլերի չմղելու քաղաքականութիւնը եւ բաւարարել կուսակալի պահանջները: Այդ նոյն կուսակցութիւնների երիտասարդ անդամներին այս որոշումը դուր չեկաւ: Յաջորդ օրը նրանք թերթի խմբագրութիւնում հանդիպում են: Ժողովի մասնակիցների թւում էին Վանի երեք կարկառուն գործիչներ Արամ Մանուկեանը, Նիկոլ Պօղոսեանը (Վանայ Իշխան) եւ ՀՅԴ արեւմտեան Բիւրոյի անդամ Արշակ Վռամեանը:
Վռամեանն այս օրը ելոյթ է ունենում՝ ասելով. «Թող Վռամեան մը չըլլայ, թող Իշխանը մը սպանուի, թող 500 ամեհիներ անստոյգ կամ անխուսափելի մահուան ենթարկուին, թող ամբողջ գաւառ մը նոյնիսկ հուրի ու սուրի ոչնչանայ… բայց թող փրկուի մեծամասնութիւնը, թող կարենայ ճողոպրիլ հայութիւնը իբրեւ ազգային հաւաքականութիւն…»: Վռա-մեանի այս խօսքերը մարգարէական եղան:
Վանի կուսակալն ու թուրք պաշտօնատարները վաղուց էին լծուել Իշխանին ու նրա զինակիցներին չէզոքացնելու գործին: Նրանք Շատախում հայ-քրդական բախումներ հրահրեցին, ապա Իշխանին խնդրեցին, որ կողմերին հաշտեցնի: Իշխանը, երեք զինակիցներով, Ապրիլի 3ին հասաւ Հիրճ գիւղ եւ հիւրընկալուեց իր ծանօթ քրդերից մէկի տանը, այստեղ æեւդեթի կամակատարները յարձակուեցին եւ սպաննեցին Իշխանին: Ընդամէնը 32 տարեկանում աւարտուեց այս մարտիկի կեանքը, բայց իր մահով անգամ նա միաւորեց Վանի հայութեան բոլոր շերտերին, որոնք Իշխանի մահուանից յետոյ վերջնականակապէս համոզուեցին, որ թուրքական կառավարութիւնը մեծ դաւադրութիւն է մտայղացել ու սկսել իրագործել այն:
Վանի երիտասարդ գործիչներից մէկը՝ Հմայեակ Մանուկեանը իր յուշերում գրում է.
«Այնքան անակնկալօրէն ու այնքան վայրկենական կատարուած Իշխանի եղեռնական մահը ստեղծեց պահանջուած պահը: Ամէնքը՝ յեղափոխականն ու պահպանողականը, ծերն ու երիտասարդը, կուսակցականն ու չէզոքը, կինն ու երեխան, բոլորը, բոլորը, մէկ վայրկեանում, հոգեբանական զսպանակի ուժով զգացին, որ զէնքը ձեռքին պաշտպանուելուց զատ՝ չկայ ուրիշ միջոց: Իշխանի մահը եղաւ հասարակական բոլոր ուժերը շաղկապող, զօդող օղակը, հանրային բոլոր կարողութիւնների, այն մի մարտկոց եղաւ եւ մեր դիմադրական ուժի բոլոր ակերը բացեց մէկ կէտի վրայ: Իշխանի մահը եղաւ երկաթեայ այն հարուածը, որը դարբնեց բոլոր կարողութիւնները եւ նրանցից ստեղծեց մի հզօր ու ապառաժեայ կամք՝ Ցեղի գոյութիւնը պահելու եւ յաղթանակելու անյողդողդ մի որոշումով»:
1904ից սկսած եւ 11 տարի շարունակ Իշխանը գործեց Վանում՝ յատկապէս Վասպուրական աշխարհի գաւառի ու գիւղերի վրայ կենտրոնացնելով իր յեղափոխական ծաւալուն գործունէութիւնը: Վան մտնելուց յետոյ առաջին բանը, որ նկատեց հեռատես գործիչը, այն էր, որ Վանում ամէն բան կենտրոնացած է քաղաքում եւ լեռնային շրջաններն ու գիւղացիները ոչ մի գործում ներգրաւուած չեն: Նա որոշեց ուղղել այս բացը: Գիւղեր էր գնում, ինքնազարգացման խմբեր կազմում, զինավարժութիւն սովորեցնում: Առհասարակ կարծիք կայ, որ Վանում դրսից եկած գործիչներին այնքան էլ սիրով չէին ընդունում, բայց Նիկոլի պարագայում տեղի ունեցաւ ճիշդ հակառակը: Շուշիում ծնուած փոքրամարմին յեղափոխական գործիչը այնպիսի նուիրումով էր աշխատում, հաւատում հայրենիքի ազատագրութեանը, որ նրա անկոտրում ու կազմակերպչական հզօր ջիղով օժտուած կերպարով հիացած վանեցիները նրան տալիս են Վանայ Իշխան անունը: Իր յուշերում Իշխանի ընկերը՝ Ռուբէն Տէր Մինասեանը գրում է, որ Աղթամարի դպրոցի տարեվերջեան քննութիւնների ժամանակ, երբ աշակերտներից մէկին հարցնում են, թէ Հայաստանն այժմ թագաւոր ունի, երեխան պատասխանում է՝ այո: Երբ հարցնում են, թէ ով է թագաւորը, աշակերտն ասում է՝ Վանայ Իշխանը: Արամ Մանուկեանի վկայութեամբ՝ Իշխանը «զարմանալի ղեկավարելու, թելադրելու, կազմակերպելու շնորհ ունէր: Նրանից պատկառում էին նաեւ Վանի մեր ընկերներն ու զինուորները: Իսկ ժողովուրդը ո՛չ միայն պատկառում էր, այլեւ՝ սիրում: Արդէն սկսել էին երգել նրա քաջագործութիւնները՝ «Իշխանը եկաւ, ձեռքին մաուզեր…»:
Յեղափոխական գործունէութիւնից զատ Իշխանը ստանձնել էր նաեւ կրթական-լուսաւորչական կեանքի զարգացման գործը: Նա է հիմնել «Արեան Ձայն» թերթը, որը գործում էր ընդյատակեայ: Յետագայում նրա խմբագրութեամբ է լոյս տեսնում նաեւ Վանի «Աշխատանք» թերթը, որը այդ տարիներին մեծ նշանակութիւն ունեցաւ մարտական ոգին պահելու գործում: Վահէ Թաշճեանի՝ Իշխանի մասին պատմող գրքից տեղեկանում ենք, որ Իշխանը հրաշալի ձայնային տուեալներ է ունեցել եւ անգամ խաղացել է Վանում բեմադրուած Ժան Ռոզ օպերայում՝ ստանձնելով գլխաւոր դերը: Իշխանը նաեւ ստեղծագործում էր: Նրա բանաստեղծութիւնների մի մասը պահպանուել է:
Վանայ իշխանի մասին տեղեկութիւնները փոխանցել է նրա թոռնուհի Մինա Միքայէլեանը:

1915թ. Ապրիլի 29

Ապրիլի 29ին մէկ օրուայ ընթացքում թշնամու հրետանին 5 անգամ աւերում է Սահակ բէյի եւ Թովմազեանի տուն-դիրքերը: Ամրաշէնները 5 անգամ վերականգնում են դրանք: Թշնամին ամբողջ գիշերուայ ընթացքում չի դադարեցնում այդ դիրքերի հրացանային եւ հրետանային գնդակոծումը: Զինուորական մարմինը հանդէս է գալիս յայտարարութեամբ՝ յայտնելով, որ թուրքերի մէջ խուճապ է նկատւում:
Զինուորական մարմինը կարգադրում է հետախուզել եւ իմանալ՝ արդեօք լուրերը համապատասխանո՞ւմ են իրականութեանը, թէ թուրքերը ծուղակ են լարում: Որոշ աղբիւրներում նշւում է, որ առաջնորդարանի վերին յարկից երեւում էր, թէ ինչպէս են թուրքերը բեռնում նաւերը, իսկ Արտամէտի ճանապարհի վրայ երեւում էին ճանապարհ դուրս եկած թուրք ընտանիքները:

1915թ. Ապրիլի 30

Ապրիլի 30ին տարբեր շրջաններից լուրեր են ստացւում, որ հակառակորդի դիրքերում, ամրութիւններում եւ խրամատներում սովորականից քիչ թուով զինուորներ են մնացել: Երեկոյեան կողմ թշնամին, ասես գլխի ընկնելով, որ հայերը տեղեկացել են իրենց սակաւութեան մասին, փոթորկալից կրակ է բացում, որը տեւում է մինչեւ առաւօտ:
Յովհաննէս անունով մի հայ մարտիկի յաջողւում է հետախուզութիւն իրականացնել եւ ստոյգ տեղեկութիւններ հաղորդել Զինուորական մարմնին: Ըստ այդ տեղեկութիւնների՝ ոստիկաններ տուն առ տուն մտել եւ հեռանալու հրաման են տուել:
Հայ ոստիկան Յովհաննէսը, ում յաջողուել էր փախչել գերութիւնից, պատմել է. «Երեք օր ի վեր է, որ թուրքերը սկսած են գաղթել դէպի Պիթլիս: Առաջին մեծ ընտանիքները եւ հիւանդանոցը Աւանուց նաւահանգիստը գնացին, նաւով դատուան երթալու: Երէկ ալ Ջեւտէթի խիստ հրամանով, ոստիկաններն ու փոլիսները թուրք թաղերը պտըտեցան ազդարարելու, որ պէտք է շուտով հեռանան Գաւաչ, հակառակուողները բռնի ճամբայ պիտի հանուին: Բոլորովին ստոյգ է, որ ռուսական բանակը մտեր է Ապաղա եւ յարձակուեր է Բերկրիի վրայ: Այնտեղի Գայմադամն ու պաշտօնէութիւնը երէկ քաղաք հասան: Նոյնպէս ռուսները մտած են Պաչգալէ: Ջեւտէթի հրամանը այնպէս է՝ զինուորներն ու կռուողները պէտք չէ, որ հեռանան, միայն ընտանիքներն ու երեխաները հեռանալու են: Զօրանոցի մէջ մենք եօթը հայ ժանտարմներ մնացեր էինք, զինաթափ վիճակի մէջ: Մեզ ալ կ՛ուզէին տանիլ եւ գիտեմ, թէ ողջ պիտի չթողնէին, ուստի ընկերներով խորհեցանք փախչիլ, բայց անոնք չհամաձայնեցան: Ես մենակ, մութէն օգտուելով, դուրս ելայ եւ կերպով մը յաջողեցայ հասնիլ հոս»:
Զին.մարմինը հրապարակում է կուսակցութիւններին եւ մասնաւոր անհատներին պատկանող զէնքերի վիճակագրութիւնը.
1. Հրացաններ- Մոսինի, Մաուզերի, Մոդել այնալի. Կափաղլի, Բերդան՝ 480 հատ՝ 68,000 փամփուշտով:
2. Ատրճանակ- տաս-հարուածային մաուզերի 520 հատ՝ 42,000 փամփուշտով:
3. Ատրճանակ- այլ տեսակի՝ 265 հատ 11,000 փամփուշտով: Ընդամէնը՝ 1265 զէնք 212, 000 փամփուշտով:
Կռուի սկզբում եղած զէնքի թիւը հասնում էր 700ի, այժմ այդ թիւը մեծացել էր: Կռուի ընթացքում Հայոց-ձորի. Թիմարի. Արճակի, Շուշանց եւ Վարագի կռուողները, տեղի տալով թշնամու գերազանց ուժերին, իջել էին Այգեստան՝ իրենց հետ բերելով զէնքերը: Ինչ վերաբերում է փամփուշտի քանակին, այդ արդէն ցոյց է տալիս, թէ ինչպէս էին փամփուշտի խնայողութեան հետ միասին նորից ու նորից լցնում դատարկ պարկուճները եւ գործածում:
1915թ. Մայիսի 1

Մայիսի 1ին արդէն բոլոր դիրքերից երեւում է, թէ ինչպէս է հեռանում մահմեդական բնակչութիւնը: Մինչեւ Մայիսի 3ը թշնամու հրետանին լռում է: Այդ ամէնը վկայում էր, որ ռուսական բանակը մօտենում է Վանին եւ թուրքերը սկսել են տարհանել զօրքն ու բնակչութիւնը:
Շահպենտերի դիրքում սպանւում է յայտնի կռուող ասորի քահանան՝ Կաշան: Ա. շրջանից տեղեկութիւն է ստացւում, որ Հաջի-պեքրի զօրանոցի առջեւի դիրքից թնդանօթներով ռմբակոծում են Այգեստանի արեւելեան բոլոր սահմանները: Կրակը յետագայում ուղղւում է մի քանի հայկական դիրքերի վրայ, բայց վնասներ չեն լինում: Երեկոյեան ռումբեր են արձակւում բոլոր դիրքերի վրայ, երեք հայ է վիրաւորւում, որոնցից մէկը մահանում է: Տարտանելի հատուածում սկսուած ռմբակոծութեանը մէկ հայ է զոհ գնում, նկատւում է թշնամու շարժ մի քանի ուղղութիւններով:
Զին. մարմնի ստացած տեղեկութիւններով՝ ծովի վրայ 10 նաւ է երեւում, որոնց ուղղութիւնը յայտնի չէ:

Մաուզեր Վրձնի Փոխարէն՝ Փանոս Թերլէմէզեան

«1915թ.ին վանեցիք երգելով կը կռուէին թուրք բանակին դէմ, բացարձակօրէն անհաւասար ուժերով: Կը կռուէին եղունգներով, ատրճանակներով, որսի հրացաններով եւ կը դիմադրէին Կրուպի թնդանօթներուն, որովհետեւ հաւատքը իրենց կուրծքերէն պրոնզէ պատնէշներ կերտեց, եւ համերաշխ ու անձնուէր գործունէութիւնը յոյսի առաջնորդող ջահն եղաւ…»: Վանի հերոսամարտը յետագայում այսպէս է նկարագրում նկարիչ Փանոս Թերլէմէզեանը, որը ապրիլեան այդ օրերին մի կողմ էր դրել վրձինն ու ձեռքն էր առել մաուզերը:

***

Փանոս Թերլէմէզեանը ծնուել է 1865թ.ին՝ Վանում: Դեռ Վանի Կեդրոնական վարժարանում սովորելու տարիներին անդամագրւում է Արմէնական կուսակցութեանը, յետագայում միանում է սուլթանական կառավարութեան դէմ պայքարող երիտասարդական խմբաւորմանը, ինչի պատճառով էր 1893թ.ին ստիպուած է լինում լքել Վանն ու փախչել Իրան, այնուհետեւ՝ Թիֆլիս: 1898թ.ին Թերլէմէզեանը մեկնում է Փարիզ, ընդունւում Փարիզի Ժիւլիան գեղարուեստի ակադեմիան: 1912թ. Փանոսը Կոմիտասի հետ մեկնում է նրա ծննդավայր Քեօթահիա: Նրանք ապրում են վրանի տակ: Ահա այստեղ էլ Թերլէմէզեանը մեծն երգահանին պատկերում է՝ ծառի տակ նստած, երաժշտական գործիքը կողքին, խորասուզուած նոտաների ընթերցանութեան մէջ: 1914թ.ին գեղանկարիչը ստեղծագործական շրջագայութիւն է կատարում Վանում: Նկարում է «Սիփան սարը Կտուց կղզուց», «Վանայ լիճը» բնանկարները: Շնորհալի արուեստագէտը կեանքից հեռացաւ 1941թ. Ապրիլի 27ին՝ Երեւանում:
***

Այգեստանում ծաւալուած մարտերի եւ դրանցում նկարչի մասնակցութեան մասին վկայութիւն կայ Գուրգէն Մահարու «Այրուող այգեստաններ» վէպում:
Ստեղծագործութեան վերամշակուած տարբերակի «Ճանապարհորդութիւն դէպի անցեալ. Փանոս Թերլէմէզեանի հետքերով» վերնագրուած հատուածում, որն առաջին անգամ հրատարակուել է «Սովետական արուեստ» ամսագրում, խօսւում է Թերլէմէզեանի անցած ուղու եւ նկարչի բանտարկութեան մասին:
Գուրգէն Մահարին նկարագրում է Թերլեմէզեանի եւ Խրիմեան Հայրիկի ջերմ փոխյարաբերութիւնները, մեծ ակնածանքով է շարադրուած նրա եւ Կոմիտասի բարեկամութեանը նուիրուած հատուածը:
Թերլէմէզեանը եղել է առաջնակարգ նշանառու: Նա իր դիպուկ գնդակով ոչնչացրել է հայերին կեղեքող Նուրիին, իսկ 1915թ. Վանի հերոսական պաշտպանութեան ժամանակ Փանոսն աչքի ընկնող կազմակերպիչներից մէկն էր, նրան տանում էին մի գծից միւսն ու խնդրում դիպուկ գնդակով հեռուից ոչնչացնել թշնամու դիրքերի սպաներին եւ զինուորական այլ աստիճանաւորների:
Այգեստանի հերոսամարտի մասնակից Օննիկ Մխիթարեանը գրում է.
«Փանոս Թերլէմէզեան ջղայնոտ կը մօտենայ դիրքին, մօտիկէն կը զննէ, կը ստուգէ թնդանօթի ծուխն ու վայրը, յետոյ մէկ, երկու կ՛արձակէ հրացանը եւ ետ կ՛ուղղուի յուսալով թէ սպաննած է թուրք թնդանօթաձիգը: Դիրքը պարապ չի մնար: Հերթապահ զինուորը կ՛անցնի Փանոսի տեղը եւ ակնդէտ կը հսկէ…»:
Փանոս Թերլէմէզեանի մասին հատուածը պատրաստուել է արուեստագիտութեան թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արուեստի ինստիտուտի գիտաշխատող, Երիտասարդ արուեստաբանների խորհրդի նախագահ Մերի Կիրակոսեանի աջակցութեամբ:

Վանի Հերոսամարտը՝ Վերջաբան
2015թ. լրացաւ ոչ միայն Հայոց Ցեղասպանութեան, այլեւ Վանի ինքնապաշտպանութեան 100ամեակը: Հերոսական պայքարին «Մեդիամաքս»ը յատուկ նախագիծ նուիրեց՝ պատմելով, թէ Վանի հայերն ինչպէս էին կռւում իրենց ինքնութեան ու սեփական տանն ապրելու իրաւունքի համար:
Վանի ապրիլեան հերոսամարտից երկու ամիս էր անցել: Վանը քիչ-քիչ կերպարանափոխւում էր: Մարտիկները, զէնքը վայր էին դրել ու շինարարական գործիքները ձեռքն առած՝ վերաշինում էին քաղաքը, երբ Յուլիսի 13ին լուրեր հասան, որ ռուսական զօրքը ճակատում նահանջում է: Յուլիսի 14ին Վանի Երամեան վարժարանում հրաւիրուեց ժողով, որին մասնակցում էին հերոսամարտի 1000ից աւելի մասնակից:
Վանի ինքնապաշտպանութեան ղեկավարները նրանց յայտնեցին, որ ռուսական բանակի նահանջի հետեւանքով Շատախի եւ Մոկսի կորուստը կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ նաեւ Վանի համար: Ժողովի մասնակիցները միաձայն վճռեցին, որ համատարած գաղթ չպիտի լինի, որոշուեց կանանց, ծերերին ու երեխաներին դուրս բերել քաղաքից, իսկ 17-45 տարեկան տղամարդիկ պիտի խմբեր կազմէին՝ հնարաւոր յարձակմանը դիմագրաւելու համար: Նոյն օրը Արամ Մանուկեանը ռուսական զօրքերի գեներալ Նիկոլայեւին հետեւեալ գրութիւնը ուղարկեց.
«Մեզ անյայտ ռազմագիտական պատճառով լսում ենք, որ ռուս զօրքը պիտի նահանջի: Մենք, որոշած լինելով մնալ, խնդրում ենք. 1. մեզ թողնել բաւական ռազմամթերք, 2. մեզ թողնել այն զէնքը, որ դուք հնարաւորութիւն չպիտի ունենաք տեղափոխելու, 3. ձեր մթերանոցները, որոնք փոխադրելու հնարաւորութիւն չունենաք, չփչացնէք»:
Պատասխանը մխիթարիչ չէր. բացի այն, որ Նիկոլայեւը յայտնել էր Վանից հեռանալու մասին, տեղեկացրել էր նաեւ, որ ռուսական զօրքը վանեցիներին զէնք տրամադրել չի կարող: Արամն ու ժողովականները այս լուրից յետոյ փոխեցին մտադրութիւնը, եւ որոշուեց կազմակերպել Վանի հայութեան գաղթը: Յուլիսի 18ին յայտարարուեց գաղթն սկսելու մասին:
Վանի հերոսամարտի վաւերագիրներից Ա-Դօն գրում է. «Սոսկումով լսեց վանեցին գաղթի որոշումը: Կսկիծը սրտում՝ ապուշ կտրածի պէս հնազանդուեց դառը ճակատագրի անողոք ծաղրին: Ալջաւազն ու Արճէշը գաղթել էին. ռուսական զօրքերը յետ էին քաշուել»:
Մարդիկ հասցնում են 5-6 օրուայ պաշար վերցնել միայն ու ճանապարհ ընկնել: Թուրքերին չթողնելու նպատակով՝ Յուլիսի 18ի երեկոյեան հրդեհւում են Վանի լաւագոյն տները, բազմաթիւ շինութիւններ ու խանութներ:

Գաղթի Ճամբան

Աւագ Յարութիւնեանի «Վան-Վասպուրականի ազգաբնակչութեան 1915 թուականի Յուլիսեան գաղթը» յօդուածում կարդում ենք. ««Հովիտ» թերթի վկայութեամբ, ճամբան լիքն է. մերկ, բոկոտն, ցնցոտիներով մայրերը՝ երեխաներին շալակած… ոտքով քայլում են անձայն կամ կենդանիների հետ խօսելով… գաղթականութեանը ոչ սկիզբ կայ, ոչ վերջ»:
Անմխիթար էր փոխադրութեան միջոցների վիճակը՝ նախ, այն պատճառով, որ թուրքական կառավարութիւնը 1914թ. աշնանը հաւաքել էր հայերին պատկանող բոլոր սայլերն ու ձիերը, եւ երկրորդ՝ Վանի ապրիլեան կռիւների ժամանակ հայերի մօտ մնացած ամբողջ շարժական գոյքն ընկել էր քրդերի ձեռքը»:
Ու քանի որ փոխադրամիջոց չկար, մարդիկ գնում էին հիմնականում ոտքով, ծանր էր յատկապէս հիւանդների ու երեխաների տեղափոխութիւնը:
Վանի հայութեան գաղթը տեւեց 34 օր: Գաղթեց շուրջ 281 հազ. 888 մարդ: Ճանապարհին մահացաւ շուրջ 8000 մարդ:

Արեւելեան Հայաստան՝ Էջմիածին

Արեւելեան Հայաստան հասած գաղթական հայութիւնը սկզբնական շրջանում հիմնական ապաստան էր փնտռում Էջմիածնում: Մայր տաճարի ու Գէորգեան ճեմարանի բակում հազարաւոր մարդիկ գիշերում էին բաց երկնքի տակ՝ առանց սննդի ու անհրաժեշտ պարագաների: Տարածուած բազմաթիւ հիւանդութիւնները ամէն օր հարիւրաւոր մարդկային կեանքեր էին խլում: «Հորիզոն»ի այդ օրերի էջերից տեղեկանում ենք, որ Օգոստոսի վերջին տասնօրեակում միայն վանքի բակում աւելի քան 2600 դիակ կար: Նրանք, ովքեր փրկուեցին հիւանդութիւններից ու սովից, յետագայում ապաստան գտան Հայաստանի տարբեր բնակավայրերում:
1915թ.ին ձեւաւորուած Վասպուրականի իշխանութեան գիւղատնտեսական գործերի վարիչ Արմենակ Մաքսապետեանն իր յուշերում գրում է. «Շաղ տուած են մեզ աշխարհի չորս ծայրերուն, իսկ մենք կ՛ուզենք մեր մօտաւոր անցեալի, ամէնէն աւելի հայօրէն ապրելու եւ պայքարելու կեանքը, ներկան ալ մէջը գրի առնել: Սակաւապետ եղած ենք եւ թերեւս համեստ մեր ուժին ու մեր ձգտումներուն մէջ: Այս կը պահանջէ ժամանակը, որուն յարմարած ենք ճկուն կերպով, առանց դեդեւելու մեր գաղափարին ու մեր գաղափարներին մէջ, ակնակառոյց ապագային: Եւ սակայն այսօր կ՛ուզենք օղակ մը ստեղծել մեր անցեալի ու ապագայի միջեւ, երբ կարողանանք օր մը դարձեալ եզր ըլլալ հայրենի հողին եւ անոր ստեղծագործ աշխատանքին, մեր երկնքին տակ: Իսկ մինչ այդ ահա օղակը:
Բայց անցեալն է անց:
Ներկան մեզ կը թելադրէ՝ «Չմոռանանք մեր հողն ու մեր գործը»»:
Գաղթից յետոյ Երեւանում հաստատուած Վանի ինքնապաշտպանական կռիւների մասնակից Արտաշէս Փխրիկեանը մէկն էր այն վանեցիներից, ով ամբողջ կեանքում «չմոռացաւ իր հողն ու իր գործը»: Մինչեւ մահ երազեց Վան վերադառնալու ու իր հայրենի տանն ապրելու մասին:
Նրա որդին՝ Ժօրա Փխրիկեանն այսօր 91 տարեկան է: Մասունքի պէս պահում է հօրից մնացած լուսանկարները, մի քանի էջանոց յուշերն ու քարտէսը, որի գոյութեան մասին նրա մահից յետոյ է իմացել:
Վանի այս քարտէսը 1925թ. Մարտիրոս Խէրանեանն է գծել՝ Թաւրիզում: Թէ ինչպէս է քարտէսը Արտաշէս Փխրիկեանի մօտ յայտնուել, որդին չգիտի. Խորհրդային Հայաստանում շատ բաների մասին պէտք էր լռել: Արտաշէս Փխրիկեանի տանը լռում էին Վանի մասին, թաքցնում այն, ինչ կարող էր յիշեցնել Վանը:
«Երբ հայրս ու իր վանեցի ընկերները հաւաքւում էին, մի անասելի տխրութիւն էր յայտնւում բոլորի դէմքին, խօսում էին շշուկով: Յիշում էին Վանը», պատմում է Ժօրա Փխրիկեանը, «Յիշում եմ, որ մի հարց բոլորին տանջում էր: Այն, թէ ոնց կարելի էր յաղթած ժողովրդին ասել՝ պիտի գաղթէք»:
Արտաշէս Փխրիկեանը ծնողների ու քոյրերի հետ Երեւան հասած առաջին վանեցի գաղթականներից էր: Մասնագիտութեամբ կօշկակար երիտասարդը դպրոցն աւարտելուց յետոյ Արմէնական կուսակցութեան շարքերն էր անցել, մասնակցել Վանի ինքնապաշտպանութեանը: Ժօրա Փխրիկեանը յիշում է, որ հայրը պահել էր նաեւ այն մաուզերը, որով կռուել էր:
«Յետոյ այն պէտք եկաւ իրեն այստեղ. Ղանթարի շուկայում հայրս մի օր տեսնում է, որ թուրք վաճառողը մի հայ մարդու ստիպում է, որ ամբողջ արկղ չամիչը առնի, որովհետեւ ձեռք էր տուել չամիչին: Հայրս, տեսնելով որ թուրքերը կամաց-կամաց հաւաքւում են ու հային պիտի ծեծեն, հանում է մաուզերն ու օդ կրակում, որ սրանք ցրուեն: Դէպքի երեկոյեան հօրս ձերբակալում են: 3 օր պահում են ոստիկանները, ստիպում են, որ զէնքի տեղն ասի, ստիպուած է լինում ասել, ու այդպէս զէնքը վերցնում են նրանից», պատմում է Ժօրա Փխրիկեանը:
Վանեցի հերոսի որդին յիշում է, թէ ինչպէս էր հայրը ջանում, որ Երեւանի իր տունը Այգեստանի տան նման լինի, որ ամէնուր Վանի շունչը զգացուի:
«Մենք Մատենադարանի մօտ էինք ապրում: Տան դիմաց այգի սարքեց, ճիշդ այն այգուց, որ Վանի իրենց տան դիմաց էր եղել: Քրոջ թոռներին հպարտութեամբ պատմում էր այդ այգու մասին, ցոյց տալիս ծաղիկներն, ասում, որ դրանք ճիշդ այն ծաղիկներն են, որ Այգեստանի տան բակում էին աճում: Ժամանակին Երեւանի ամենագեղեցիկ բակերից էր մեր բակը: Կառավարութեան ընդունելութեան տունը որ սարքեցին, քանդեցին այգին: Բարեբախտաբար, հայրս չտեսաւ դա», պատմում է Ժօրա Փխրիկեանը:
Ժօրա պապը դժուար է խօսում հօր մասին, յուզւում է: Ամբողջ կեանքը բժշկութեանը ու հարիւրաւոր մարդկանց կեանքի փրկութեանը նուիրած վանեցին ափսոսում է, որ այդպէս էլ չտեսաւ այն տունը, որն այդքան կարօտով էր յիշում հայրը. «Արդէն ծեր եմ, շատ ժամանակ չի մնացել ապրելու: Երբեք այդպէս էլ չեմ տեսնի հօրս տունը»:

Մարի Թարեան, Աստղիկ Յակոբեան

Վանի հերոսամարտին նուիրուած «Մեդիամաքս»ի յատուկ նախագիծն իրագործուել է Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումների պետական յանձնաժողովի աջակցութեամբ:

Նախագծի խորհրդատուներն են՝

ՀՀ ԳԱԱ Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտութիւնների դոկտոր, ազգագրագէտ Յարութիւն Մարութեանը,
Պատմական գիտութիւնների թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աշխատակից Ռուբէն Սահակեանը,
ՀՅԴ պատմութեան թանգարանի տնօրէն, պատմաբան Անոյշ Ամսէյեանը:

Նախագծում օգտագործուած աղբիւրներն են՝ Մխիթարեան Օ., «Վանի Հերոսամարտը», Սոֆիա, 1960թ., Սահակեան Ռ., «Արեւմտահայութեան Ցեղասպանութիւնը Եւ Ինքնապաշտպանական Կռիւները 1915 Թուականին», Ե., 2005թ., Ա-Դօ, «Մեծ Դէպքերը Վասպուրականում 1914-1915 Թուականներին», Երեւան, 1917թ., «Հայաստանի Մայրաքաղաքները». Գիրք Ա., Վան (Վան քաղաքի առաջին յիշատակութեան 2865ամեակին նուիրուած միջազգային գիտաժողովի նիւթերի ժողովածու), Երեւան, ՀՀ ԳԱԱ հրատարակչութիւն, 2013թ., «Վան-Վասպուրականի Հերոսամարտը-75», Երեւան, 1990թ., Հայկական Հարց հանրագիտարան, Երեւան, 1996թ.:- See more at: http://www.mediamax.am/am/news/van-100/14068/#sthash.WyTthKTT.dpuf

—————————————————————————

Այս Էջը Կը Հովանաւորեն

Ի Յիշատակ Յարութիւն Լ. Բարսեղեանի
ՍԱՐԳԻՍ ԲԱՐՍԵՂԵԱՆ

—————————————————————————
Ի Յիշատակ Գուրգէն Խանճեանի
ԱՊՏՈՒԼԵԱՆ ԵՒ ԽԱՆՃԵԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
—————————————————————————

Ի Յիշատակ Վրէժ, Արմենակ Եւ Վանիկ Կապուտեաներու
ՆՈՒԷՐ ԿԱՊՈՒՏԵԱՆ
—————————————————————————

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ
ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ

—————————————————————————

ՏԷՐ ԵՒ ՏԻԿ. ՄԻՆԱՍ ԵՒ ԹԱԼԻՆ ՀԱՇՕԼԵԱՆ ԵՒ ԶԱՒԱԿԸ՝ ԿԱՐՕ

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

Top