Որքա՞ն Փող Ունեն Մարզպետները

ՆԵԼԼԻ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

 

 

Ուսումնասիրելով բարձրաստիճան պաշտօնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցուած անձանց գոյքի եւ եկամուտների յայտարարագրերը՝ փորձեցինք պարզել, թէ որքան ֆինանսական կարողութիւն են յայտարարագրել ՀՀ մարզպետները: Եթէ քաղաքապետերի նշուած յայտարագրերում եկամուտները, նախորդ տարուայ համեմատ, նուազում են, որը որոշ քաղաքապետներ կապում են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի հետ, եւ նրանց եկամուտների մեծ մասը գնում է վարկերի փակմանը, ապա նոյնը չի կարելի ասել մարզպետների յայտարարագրերի մասին, նրանց յայտարարագրերը «ծաղկում են»: Ըստ յայտարարագրերի՝ ամենաշատ դրամական միջոցներն ունի Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյեանը: Նրա դրամական միջոցները 2014թ.ին կազմել են 1 մլրդ. 352 մլն. դրամ եւ 94 հազ. դոլար, մարզպետի պաշտօնը ստանձնելուց յետոյ 2015թ. յայտարագրում 1 մլրդ. 344 մլն. 950 հազար դրամ եւ 82 հազար դոլար: Այսինքն՝ փոքր ինչ նուազել են:

Այնուհետեւ առաւել շատ դրամական միջոցներով աչքի է ընկնում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամեանը: Նա 2014թ.ին պաշտօնը ստանձնելիս յայտարարագրել է 7.6 մլն. դրամ, 33 հազ. դոլար եւ 15,000 եւրօ, ինչպէս նաեւ բեռնատար (բեռնաուղեւորատար) աւտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ «Ford Courrier Van 1.3» մակնիշի: Տարեվերջին մարզպետի դրամական միջոցները կազմել են 10 մլն. դրամ, 35 հազ. դոլար եւ 15 հազ. եւրօ: Եկամուտը 3 մլն. 303 հազար դրամ:

Տաւուշի մարզպետ Յովիկ Աբովեանի դրամական միջոցները 2014թ.ի սկզբին եղել են 40 մլն. 200 հազ. դրամ, իսկ տարեվերջին՝ 31 մլն. դրամ եւ 110 հազ. դոլար: Թէ ինչի վրայ է ծախսել իր միջոցները, յայտարարագրում նշուած չէ, բացառութեամբ ընթացիկ տարուայ ընթացքում ձեռք բերուած «Toyota Land Cruiser 100 4.5» մակնիշի մարդատար մեքենայի, որը ձեռք է բերել 7.5 մլն դրամով: Նշենք, որ հարկային տարում մարզպետի եկամուտը կազմել է 2 մլն. 583 հազ. 328 դրամ:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդեանի դրամական միջոցները 2014թ.ի սկզբին կազմել են 1 մլն. 613 հազար դրամ եւ 220 հազար 781 դոլար, իսկ 2014 վերջին կազմել են 1 մլն. 214 հազ. դրամ եւ 229 հազ. 862 դոլար: Հարկային տարուայ եկամուտը 2013թ. կազմել է 8 մլն. 694 հազար դրամ, իսկ 2014թ. կազմել էր 10 մլն. 329 հազար դրամ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանեանի 2014թ. դրամական միջոցները տարեսկզբին 18 մլն. 340 հազար դրամից կազմել է 21 մլն. 340 հազ. դրամ, իսկ հարկային տարուայ եկամուտը՝ աւելի քան 5 մլն. 616 հազ. դրամ:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակեանի դրամական միջոցները, ըստ յայտարարագրի կազմել են 16 մլն. 888 հազ. դրամ, ինչը տարեսկզբի համեմատ աւելացել է 2 մլն. դրամով, եկամուտը՝ 7 մլն. 631 հազար դրամ:

Սիւնիքի մարզպետ Սուրիկ Խաչատրեանի դրամական միջոցները, ըստ յայտարարագրի, կազմում են 2 հազ. 999 դոլար, իսկ եկամուտը՝ 215 մլն. 202 հազ. դրամ:

Վայոց Ձորի մարզպետ Յարութիւն Սարգսեանը 2014թ.ի վերջին կրկին դրամական միջոցներ չի յայտարարագրել, իսկ հարկային տարում նրա եկամուտը կազմել է 2 մլն. 909 հազ. դրամից աւելի:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակեանը եւս դրամական միջոցներ չի յայտարարագրել, իսկ հարկային տարում նրա եկամուտը կազմել է 4 մլն. 874 հազ. դրամ՝ 2013թ. 2 մլն. 597 հազար դրամի փոխարէն:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորեանը դրամական միջոցներ չի յայտարարագրել, 2014թ.ին նրա եկամուտը կազմել է 6 մլն. 620 հազ. դրամից աւելի: 2013թ. եւս դրամական միջոցներ չի յայտարարագրել, իսկ եկամուտը աւելի քիչ է եղել՝ 2 մլն. 834 հազ. դրամ:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top