Նոր Ուղղութիւն Արուեստում՝ Պարտադրում Է Ժամանակակից Մարդը

0114godel6

 

ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

 

«Excessivism-ը հազար տարին մէկ պատահող շարժում է՝ բառիս բուն իմաստով».   Gallereo

«Excessivism ֆենոմենի (երեւոյթի-Խմբ.) մասին պէտք է իմանայ արուեստի իւրաքանչիւր կոլեկցիոներ (հաւաքածոյ կազմող-Խմբ.)».

WideWalls

 

Արուեստում  խօսք ասելու համար անհրաժեշտ է ժամանակին համընթաց լինել՝ սա արուեստում արդիական լինելու կարեւորագոյն պայմանն է, եւ այսպէս է մտածում նկարիչ, արուեստագէտ Գալուստ Գէօդելը: Արուեստը երեւոյթի գեղարուեստական ձեւակերպումն է, խտացումը, հայեացքն ու տեսակէտը: Եւ իւրաքանչիւր ժամանակաշրջան իր ձեւակերպումներն է բերում արուեստում: Հիմա, երբ արուեստն ուսումնասիրուած ու պեղուած է թւում,  հաւաքական ի՞նչ նոր   մտածողութիւն կարելի է բացայայտել: Բոլոր ժամանակերում էլ միշտ ասելիք կայ՝ ըստ Գէօդելի:

«Մենք ապրում ենք կապիտալիստական համակարգում, երբ գլխաւոր խնդիրը եկամուտ ապահովելն է անձնական ներդրողի համար», ասում է նա։ «Եւ շատ անգամ մեր գործողութիւնները մեր որոշմամբ չեն, մենք արձագանգում ենք մեր շրջապատին, ինչը որ մեզ գրաւում է ու ուղղորդում: Ստեղծւում են պայմաններ, նորաձեւութիւն է յօրինւում, վաճառքի տարբեր ձեւեր են մտայղացւում: Շատ անգամ մենք չենք գիտակցում, որ դրանք մեզ պարտադրուած են»:

Այս համակարգում, երբ եկամուտ ապահովելը հիմնական գործօնն է, իսկ խրախուսուողը՝ շռայլութիւնը, ինչպիսի՞ն կը լինի դրա արտայայտումն արուեստում: Ըստ Գէօդելի, արուեստում այն նոյնպէս կը լինի չափազանցուած եւ շռայլուած արտայայտչաձեւերով:

Տնտեսական նիւթապաշտութիւնից ծնուած արուեստի ձեւակերպման՝ Excessivism-ի,  հիմնադիրը համարւում է Գալուստ Գէօդելը:

«Վիկիպեդիա»ում Excessivism յօդուածը բացատրում է, որ դա նորագոյն ուղղութիւն է արուեստում: Այն արտացոլում, ուսումնասիրում եւ քննում է ընդունուած չափերից աւելին արտայայտելու ցանկութիւնը: Excessivism-ն արուեստում նոյնպէս ռեսուրսների (միջոցների-Խմբ.) չափազանցուած օգտագործումն է՝ ներկի, նիւթի, բառի կամ որեւէ այլ եղանակով:

Եթէ Gallereo հանդէսը համարում է, որ Excessivism-ը բացառիկ եւ հազար տարին  մէկ հանդիպող իրադարձութիւն է արուեստում, ապա այն պատճառով, որ այն ոչ միայն ուղղութիւն է, այլ շարժում, որն ընդգրկում է կեանքի բոլոր ոլորտները: Այդ շարքում, օրինակ՝ Califor-niaNewswire-ը նախագահական թեկնածու Թրամփի քարոզչական արշաւում չափազանցուած խօսքը բնորոշել էր որպէս Excessivism-ի արտայայտում: Այնինչ՝ պատմականօրէն, արուեստում ուղղութիւները կապուած են եղել որոշակի արժէքների հետ (excessivism.com/media.htm)։

«Պատմականօրէն այն արուեստները, որոնք կարեւոր հաւաքածուների մաս են կազմում, ընդգրկուած են եղել արուեստի շարժումների մէջ եւ իրենց ազդեցութիւնն են թողել յաջորդ սերնդի վրայ», ասում է Գալուստ Գէօդելը։ «Անհատ արուեստագէտները հասարակական ընդհանուր կարծիք չեն ներկայացնում, ուղղութիւնը արդէն մասսայական կազմակերպուած տեսակէտ է: Արուեստի շարժումները ոչ թէ անհատական, այլ հաւաքական գիտակցութեան արտայայտութիւն են»:

Ինչպէս հասարակութիւնն է առիթ դառնում արուեստում նոր յայտնագործութիւններ անելու համար, այնպէս էլ արուեստն է օգնում բնորոշելու մարդկային հասարակութիւնը, իսկ շարժումն, ընդհանրապէս, շատ աւելի համամարդկային ու հասարակական բնոյթ է կրում: Սա է արուեստում առաջնային խօսք ասելու արուեստագէտի խնդիրը՝ արուեստի լեզուով բացայայտելու աշխարհը: Եւ ինչքան էլ թուայ, որ ամէն ինչ արդէն բացայայտուած է, միեւնոյն է, այնքան, ինչքան տարբեր է կեանքը, այնքան աւելի տարբեր են կեանքում հնարքները: «Արուեստում նորութիւնը մարդիկ դժուարութեամբ են ընդունում, այնինչ՝ արուեստագէտը հէնց այն մարդն է, ով ոչ թէ կանխատեսում, այլ ժամանակին է գնահատում շրջապատող գործողութիւնները», ասում է Գալուստ Գէօդելը, «հասարակութիւնն է, որ երբեմն ուշացնում է ընկալումը: Առաջադէմ արուեստն այնուհանդերձ ժամանակի հետ քայլող արուեստն է»: Հասարակարգը չի կարող գոյատեւել առանց օրինաչափութիւնների եւ դրանք ձեւակերպուելով միայն կարող է բնութագրել ժամանակային փուլը:

Մենք այժմ արուեստի պատմութիւնը յիշում ու բաժանում ենք ըստ արուեստի ուղղութիւնների: Համակարգումը իւրաքանչիւր արուեստում  հնարաւոր է դարձնում կարեւորել հիմնականը, նշել նորարութիւնը եւ շեշտել մտածողութիւնը: Արուեստագէտի միջամտութիւնը այստեղ համակարգային մտածողութեան սահմանումն է:

«Գալուստ Գէօդելը ժամանակի ամենառաջադէմ արուեստագէտն է», ասում է «Անզոհ» ցուցասրահի տնօրէն, նկարիչ Զոհրապ Քըմքըմեանը։ «Նրա համար նորի բացայայտումը ստեղծագործական լուծումներ յայտնաբերելու ճանապարհն է»: Շարժման գաղափարը Գալուստի մօտ առաջ եկաւ նրա դեռեւս նախորդ շրջանի աշխատանքերում: Դրանցից մէկը Լոնդոնի հանրայայտ Սաաչի անձնական հաւաքածուի մշտական մասն է կազմում:

Գալուստ Գէօդելի աշխատանքները գրեթէ քանդակային մտածողութիւն ունեն՝ իրենց տարածական չափերով: Այնքան, որքան երեւակայութիւնն է անսահման, այդքան էլ անկաշկանդ է Գալուստի ստեղծագործական մօտեցումը: Մատերիան դուրս է յորդում կտաւի շրջանակից, ծալքեր առաջացնում, շրջւում, պտտւում, տարածութիւններ ստեղծում: Շրջանակը նրա համար սահմանուած տարածք չէ:   Նոյն օրինաչափութիւները, օրինակ նիւթի շռայլ օգտագործումը, պարզուեց, որ կրկնւում է բոլոր ասպարէզներում: Ծնուեց ուղղութեան գաղափարը՝ որը, հիմա արդէն  հիմնաւորուած է իր մանիֆեստով, համակիրներով եւ նաեւ խրախուսւում է միջազգային մամուլի արձագանգով: Իսկ ամերիկացի յայտնի արուեստաբան Շանա Նիս Դամբրոդը իր վերլուծականում յստակօրէն հիմնաւորեց Ex-cessivism-ի դերը ժամանակակից արուեստում:

Excessivism-ի հիմնադիր ցուցադրութիւնը տեղի ունեցաւ անցած տարուայ Հոկտեմբերին, LA Artcore -ում եւ ներառեց 21 արուեստագէտների աշխատանքներ:    Այդ շարքում նաեւ՝ Սամուէլ Սաղաթելեանի եւ Զատիկ Զատիկեանի գործերը: Նիւթի ընդգծուած օգտագործմամբ գաղափարի փոխանցման ձեւը՝ այս արուեստագէտներին ընդհանրացնող բնորոշումն է: Նոյն շարքում հայ եւ համաշխարհային արտիստների գործերը նայելով՝ ակնյայտ է դառնում ընդհանրութիւնները եւ «Excessivism» սահմանում էլ ընկալելի:

Արշիլ Գորկին վերացական էքսպրեսիոնիզմի (արտայայտչապաշտութեան-Խմբ.) հիմնադիրներից է, որի շնորհիւ նրա թողած ժառանգութիւնն էլ ընկալուեց որպէս բացայայտում: Նրա ստեղծագործութիւնը չէր լինի այնքան ծանրակշիռ ու վառ, եթէ այն չընկալուէր իր հիմնադրած վերացական էքսպրեսիոնիզմի շրջանակում: Գալուստ Գէօդելը յաջորդ հայն է, ով արուեստում շարժում ձեւակերպեց: Եւ Excessivism-ն արդէն փաստ է, իրողութիւն, առաջին վառ ու համակարգուած շարժումը 21րդ դարում:

 

excessivism.com

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top