«Դաշնակցութիւնը «Սկզբունքօրէն» Ընդունել Է Իշխող Կոալիցիայի Մաս Կազմելու ՀՀԿ Առաջարկը»

0120hrantmarkarian

«ԱԶԱՏՈՒԹԵԱՆ» ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ

 

0120hrantmarkarian «Ազատութեան» հետ հարցազրոյցում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը նշեց, որ այդ հարցի շուրջ երկու օր առաջ բանակցութիւններ են ունեցել հանրապետութեան նախագահ եւ իշխող կուսակցութեան ղեկավար Սերժ Սարգսեանի հետ:

«Մենք մինչեւ վերջին հանրաքուէն, երբ մեզ ասում էին, մենք երդւում էինք, որ ոչ մի խօսակցութիւն չկայ մեր եւ իշխանութեան միջեւ կոալիցիայի հարցով: Մենք այդ միշտ ասել ենք: Մինչեւ այս պահը, որ ես ձեզ հետ խօսում եմ, նման որեւէ բան մեր մէջ տեղի չի ունեցել եւ չի ունենում: Այսօր պիտի ասեմ, որ այսօր տեղի է ունենում, եւ ես թաքցնելու խնդիր չունեմ: Հարցը նրանումն է, որ, այո՛, մենք պատասխանատուութեամբ ենք գնացել նոր Սահմանադրութեան ընդունմանը: Դաշնակցութիւնը մեծ բեռ է վերցրել իր վրայ, Դաշնակցութիւնը մեծ պատասխանատուութիւն է վերցրել՝ համոզումով, հաւատքով գնալով սահմանադրական փոփոխութիւններին: Եւ այսօր մենք չենք կարող պատասխանատուութիւն չկրել այդ առումով, այդ Սահմանադրութիւնն իրագործելու առումով, այդ Սահմանադրութիւնը կեանքի վերածելու իմաստով: Դրա համար մենք համաձայն ենք համագործակցութեան», ասաց Հրանդ Մարգարեանը:

Մարգարեանի խօսքով՝ առայժմ դժուար է ասել, թէ իշխանութեան հետ համագործակցութիւնն ինչ ձեւ կը ստանայ, որովհետեւ դեռ գտնւում են «բանակցութիւնների նախնական փուլում»։ «Եղել է առաջարկութիւնը, եւ մեզ համար դա սկզբունքօրէն ընդունուել է, որ պէտք է ունենանք համագործակցութիւն Սահմանադրութիւնը կեանքի վերածելու իմաստով: Բայց ուրիշ որեւէ խօսակցութիւն առայժմ տեղի չի ունեցել»:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը նաեւ դժուարացաւ նշել՝ իշխող կոալիցիայի մաս են կազմելու 2017ի խորհրդարանական ընտրութիւններից առա՞ջ, թէ յետոյ.«Ես դեռ չեմ կարող ասել, որովհետեւ իրականութեան մէջ իրական կոալիցիա կարող է լինել խորհրդարանական ընտրութիւնից յետոյ: Որովհետեւ կուսակցութիւնները խորհրդարանի մէջ մեծամասնութիւն ունենալու համար իրար պէտք է պէտք ունենան: Դա է իրական կոալիցիան»:

Թուրքիայի հարցում Սերժ Սարգսեանի քաղաքականութեան պատճառով իշխող կոլաիցիան 2009ի Ապրիլին լքած Դաշնակցութիւնը յետագայում «Բարգաւաճ Հայաստան»ի, Հայ Ազգային Կոնգրեսի ու «Ժառանգութեան» հետ խստօրէն քննադատում էր Հանրապետականին, սակայն որոշ ժամանակ անց դուրս եկաւ նաեւ ընդդիմադիր քառեակից՝ պաշտպանելով Սերժ Սարգսեանի նախաձեռնած Սահմանադրական փոփոխութիւնները. «Ես շատ լաւ գիտակցում եմ, որ այսօրուայ բարոյահոգեբանական մթնոլորտի մէջ մեզ ձեռնտու չի կոալիցիայի անդամ լինել, որովհետեւ նոր խօսակցութիւնների, նոր քննադատութեան… Թէպէտ միշտ եղել է դա: Հիմա էլ կը լինի: Գիտեմ, որ քաջութիւն պէտք է այս պայմանների մէջ այդ պատասխանատուութեան տակ մտնելը: Բայց ես ուրիշ ելք չեմ տեսնում այս երկրի վիճակը փոխելու: Այո, ներսից էլ պէտք է փոխենք, դրսից էլ պէտք է փոխենք»:

Անցած տարիների ընթացքում Դաշնակցութիւնը շարունակաբար պնդում էր, որ իշխող կոալիցիա կը մտնի միայն իրենց առաջադրած եօթ կէտերի կատարումից յետոյ: Հրանդ Մարգարեանը մեզ հետ զրոյցում չյստակեցրեց՝ արդեօք այդ պահանջները կատարուե՞լ են, չմանրամասնեց նաեւ, թէ նոր կառավարութիւնում ՀՅԴին ի՛նչ պաշտօններ են տրուելու:

«Ես կարծում եմ, որ ժողովուրդը յուսահատուած է քաղաքական ուժերից, բայց ժողովուրդը նաեւ ճանապարհ է ցոյց տալիս: Ժողովուրդը հէնց այն ճանապարհն է ցոյց տալիս, որի մասին են խօսում մենք արդէն մի քանի տարի. որ, այո՛, մենք ուրիշ ելք չունենք, բացի այն, որ ընտրութիւնների միջոցով պէտք է իշխանափոխութիւն տեղի ունենայ: Եւ դա հնարաւոր է, եւ դա կարելի է»:

Երբ դաշնակցակական գործչին յիշեցրինք, որ 1991 թուականից ի վեր ընտրութիւնների միջոցով երբեք իշխանութիւն չի փոխուել, իսկ ընդդիմադիրներն էլ միշտ պնդել են, որ ընտրութիւնները կեղծուել են, Մարգարեանը արձագանգեց. «Հիմա ես չեմ կարող ասել, որ 1991 թուականից մինչեւ այսօր ընտրութիւնները նոյն չափով, նոյն մասշտաբով, նոյն խորութեամբ, նոյն մեծութեամբ կեղծւում են: Ես հաւատացած եմ, որ օր օրի ժողովրդի մասնակցութիւնը, ակտիւութեան չափը մեծանում է: Ընդունում եմ, որ կեղծւում են, բայց ես տեսնում եմ նաեւ զարգացման պրոցես»:

Սահմանադրական հանրաքուէից յետոյ ընդդիմադիր ուժերը յայտարարեցին, որ դրա արդիւնքները կեղծուել է, Դաշնակցութիւնը չբացառեց, որ կեղծիքնէր եղել են՝ պնդելով, սակայն, որ հանրաքուէն կայացած է:

«Որ բոլոր ընտրութիւններում կեղծիք է եղել՝ անշուշտ այդպէս է: Բայց կեղծուել բառը շատ բացարձակ հասկացողութիւն է եւ վտանգաւոր հասկացողութիւն է: Իսկապէս, երբ որ մենք այս ընտրութիւններին ասում ենք, որ, այո՛, մենք ընդունում ենք, որ կեղծիք եղել է, բայց կեղծիքը ո՞ր չափով է եղել… Մենք ի վիճակի չենք այդ գնահատականը տալու, սա փաստ է: Հեշտ է ասել՝ կեղծուել է… 90 տոկոսո՞վ, 95 տոկոսո՞վ, թէ 51 տոկոսով, թէ 48 տոկոսով… Ոչ ոք չափման միաւոր չունի: Սա ոչ թէ այս ընտրութիւնների պարագայում էր: Նախորդ ընտրութիւնների պարագայում էր, երբ Դաշնակցութիւնն ասում էր, որ կեղծուած է եղել, յայտարարութիւն է տուել, բայց արդիւնքները ընդունել է, որովհետեւ այլ ելք չի եղել»:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top