ՄԱՀԱԽՕՍԱԿԱՆ- Վիգէն Իսախանեան

AASC00019

ՏԻԳՐԱՆ ԴԱՒԹԵԱՆ

 

 

Սրանից քառասուն օր առաջ, կարճատեւ հիւանդութիւնից յետոյ կեանքից հեAASC00019ռացաւ հանքաբան-ճարտարագէտ Վիգէն Իսախանեանը: Հանգուցեալը անուանի մասնագէտ էր Իրանի հանքարդիւնաբերութեան ոլորտում եւ մեծ ներդրում ունէր արժեքաւոր մետաղների ու քարերի նոր հանքերի բացայայտման ու շահագործման ասպարէզում: Վ. Իսախանեանը ճանաչուած մտաւորական էր իրանահայ համայնքում եւ գործուն մասնակցութիւն ունէր Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագէտների միութեան աշխատանքներում: Փնտռուած հանքագէտը Իրանի արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարութեան կողմից հանգստի կոչուելուց յետոյ դարձել էր նոյն նախարարութեան խորհրդական եւ համակարգում էր Հայաստանի հետ երկրաբանական հետազօտութիւնների աշխատանքը: Ճարտ. Իսախանեանի ազգականները, ընկերներն ու շրջապատը հանգուցեալին յիշում են որպէս ճշդապահ ու աշխատասէր գիտնական եւ միաժամանակ՝ ուրախ, սրամիտ ու կատակասէր մարդ:

Վիգէն Իսախանեանը ծնուել է 1932 թուականին, Թաւրիզում։ Հօր աշխատանքի բերումով նրանց ընտանիքը տեղափոխւում է Աբադան, եւ նա իր դպրոցական ուսումը ստանում է այդ քաղաքում: Աւարտական դասարանի համար տեղափոխւում է Թեհրանի նշանաւոր «Ալբորզ» դպրոցը, ապա ընդունւում ՝ Պոլիտեխնիկ համալսարան: 1958 թուականին հանքաբանութեան մագիստրոսի աստիճանով աշխատանքի է ընդունւում Իրանի այն ժամանակուայ Հանքերի ու մետալուրգիայի նախարարութիւնում:

Պատասխանատու պաշտօններ է վարել հանքահետազոտութեան ասպարէզում, գործուղուել է Ֆրանսիա, Անգլիա եւ շատ ուրիշ երկրներ։ Եղել է Իրանի ներկայացուցիչը հանքարդիւնաբերութեան տարածաշրջանային միութիւնում: Իրանի Համադան, Չհար Գոնբադ, Զառշուրան եւ այլ շրջաններում մասնակցել է ուրանի, ոսկու, բերիւղի (բերիլ), պղնձի, գետչելիտի, բուքսիտի եւ քաոլինի հանքերի հետազօտման աշխատանքներին. բերիլի (beryl) եւ գետչելիտի (getchellite) հանքերի բացահայտման աշխատանքը գրանցուած է Վ. Իսախանեանի անունով: Նախարարութեան Երկրաբանութեան հիմնարկի առաջարկով հիմնել է Իրանի առաջին երկրաբանական թանգարանը, ապա ընտրուել է որպէս նոյն հիմնարկի փոխտնօրէն:

Ճարտ. Իսախանեանը նոր ու արդիական մօտեցումներ է դրսեւորել հանքարդիւնաբերութեան ոլորտում, իր աշխատակիցների հետ կազմել է Իրանի մետալուրգիական քարտէզը, մի շարք հանքերի մասնաւորեցման ու գործարարներին ընդառաջելու հարցով առաջարկների փաթեթ է ներկայացրել կառավարութեան եւ խորհրդարանին, ջանացել է իրանական հանածոները գնով եւ որակով մրցունակ դարձնել միջազգային շուկայում: Հանքերի մասնաւորեցման կողմնակից լինելով հանդերձ, երբեւէ չի փորձել ինքը եւս անձնական հանքեր շահագործել եւ իր գիւտերն ու բացայայտումները համարել է պետական սեփականութիւն:

Հանքագէտ Իսախանեանը՝ որպէս Իրանի հանքարդիւնաբերութեան հիմնարկի խորհրդական, համակարգել է Հայաստանի հանքաբանների հետ աշխատանքը եւ մեծ թուով հայ մասնագէտների հրաւիրել է Իրանի Ահար, Սոնգուն ու Ասալվիէ շրջանները՝ պղնձի հանքերի ուսումնասիրութեան, ապա հորատման համար: Նա իրանցի իր աշխատակիցների հետ բազմաթիւ անգամ այցելել է Հայաստան եւ մասնակցել գիտաժողովների եւ գործնական հանդիպումների:

Իրանի արդիւնաբերութեան եւ հանքերի նախարարութեան մեծ թուով մասնագէտներ մասնակցեցին հանգուցեալի յուղարկաւորութեան: Նոյն նախարարութեան աւագ մասնագետ Մանուչեհր Սադրզադէն իր դամբանական խոսքում վեր հանեց Վ. Իսախանեանի մեծ ներդրումը, որն ունեցել է Իրանի հանքարդիւնաբերութեան ճիւղի կայացման եւ զարգացման գործում:

Վիգէն Իսախանեանը, իր մասնագիտական գործունէութեան զուգահեռ, գործուն մասնակցութիւն է ունեցել հասարակական, բարեգործական ոլորտներում: Արմատներով լինելով Արցախի Շուշուայ քաղաքից՝ հայրենիքի կանչին ականջալուր, անկախութեան առաջին օրերից նիւթական եւ բարոյական իր աջակցութիւնը չի խնայել: Հովանաւորել է Հայաստան հիմնադրամին, յանձն է առել ազատամարտիկների ընտանիքի հոգածութիւնը, ինչպէս նաեւ գործարար ներդրումներ է կատարել թէ՛ Հայաստանում եւ թէ Արցախում:

Վիգէն Իսախանեանը ամուրի էր, ամբողջութեամբ կլանուած էր իր սիրած մասնագիտութեամբ եւ ապրում էր իր ընկերական հաճելի մթնոլորտով։ Նա կեանքի վերջին տարիներում եւ յատկապէս ծերութեան ու հիւանդութեան շրջանում վայելում էր Իսախանեան գերդաստանի՝ հօրեղբօր թոռների եւ հայաստանաբնակ սանիկների ջերմագորով փայփայանքն ու հոգածութիւնը:

Մեր խորին ցաւակցութիւնները Իսախանեան գերդաստանի անդամներին, միւս հարազատներին, Իրանի Հայ ճարտարապետների ու ճարտարագէտների միութեան եւ Վիգէն Իսախանեանի ընկերական մեծ շրջանակին:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top