Լոս Անջելեսում Կը Բացուի Երեխաների Համար Մասնագիտացուած Առաջին Թատրոնը

0716armina

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

0716arminaԼոս Անջելեսում այսուհետ կը գործի մանուկների ու պատանիների համար նախատեսուած թատրոն: ««Իմեջին» նախագիծը հիմնադրուել է այն անհրաժեշտութիւնից ելնելով, որ մանուկներն ու պատանիները պէտք է ունենան արհեստավարժ դերասաններից եւ ստեղծագործական խմբից կազմուած բացառապէս իրենց համար ներկայացումներ բեմադրող մասնագիտացուած թատրոն», նշում է թատրոնի համա-արտադրող (քո-պրոդիւսեր), գրող եւ բեմադրիչ (ռեժիսոր) Արմինա Լա Մաննան:

Արուեստի այս կենտրոնը, որ Լոս Անջելեսի գաւառում առաջինն է եւ Կալիֆորնիայում երկրորդը, ներառելու է տիկնիկային ու խամաճիկների թատրոն:

Մեր հայրենակցուհի Արմինա Լա Մաննան, ով նախագծի համահեղինակն է, նշում է, որ մեծ պատասխանատուութեամբ է մօտեցել աշխատանքին եւ մէկ տարի ուսումնասիրել է ոլորտը: «Արուեստի ներկայութիւնն անհրաժեշտութիւն է մարդու կեանքում՝ սկսած մանուկ հասակից: Այս առումով,  թատրոնը եւ այն ներկայացողները՝ ռեժիսորը, բեմադրիչը, դերասանները շատ մեծ ազդեցութիւն կարող են ունենալ երեխայի  աշխարհահայեացքի կերտման վրայ, եւ կարեւոր է բծախնդիր ու մանրամասն մօտեցումն այս հարցին», նշում է Լա Մաննան:

«Իմեջին» նախագծի առաջին ներկայացման համար որպէս ոգեշնչում  է հանդիսացել Կառլօ Գոզիի «Տուրանդոտ» պիեսը, որը հիմնուած է Ֆրանսու Պետիս Դէ Լա Կրուայի կարճ պատմութեան վրայ: Ներկայացումը նախատեսուած է պատանի հանդիսատեսի համար: «Գոզիի պիեսում եւ Պուչինիի օպերայում արքայադուստրը ներկայացուած է որպէս խելացի, սակայն անսիրտ երիտասարդ կին, ով յայտարարում է, որ ամուսնանալու է միայն արքայական արիւն ունեցող երկրպագուի հետ, ով կարող է լուծել իր առաջադրած երեք հանելուկները: Մեր ներկայացման մէջ, պատմութիւնը ներկայացուելու է Տուրանդոտի տեսակէտից՝ երիտասարդ կնոջ, ով ստիպուած է ամուսնանալ իր կամքին հակառակ՝ մինչ առիթ կ՛ունենայ  բացայայտելու աշխարհն ու ինքն իրեն: Մեր ներկայացումը կենտրոնանում է անհատի ազատ ընտրութեան եւ երազանքներին հասնելու պայքարի շուրջ», պատմում է Լա Մաննան: Ներկայացումը նախատեսուած է ձմրանը:

0716armina1 Նախագիծն իրականացնելու համար յաջորդ շաբաթուանից կը գործի քրաուդ ֆանդինգ՝ ինդիգոգօ կայքում: Արմինա Լա Մաննան, կարեւորելով գաղափարը, յորդորում է հայ համայնքին եւս ակտիւօրէն մասնակցել հանրային դրամահաւաքին: «Այն անհատները, ովքեր կարեւորում են մանկական թատրոնի գոյութիւնը, կարող են մաս կազմել հիմնադիր խորհրդի: Լոս Անջելեսը բազմաթիւ ազգեր ու մշակոյթներ միաւորող քաղաք է, եւ մեր թատրոնի նպատակն է արտացոլել բոլոր համայնքներին, ու դառնալ շփման ու միմեանց հետ ծանօթանալու համար արուեստի իւրօրինակ կենտրոն: Մեր ստեղծագործական խմբի անդամները տարբեր ազգային պատկանելիութիւն ունեն, եւ ես շատ եմ ցանկանում, որ հայերն էլ առաւելագոյնս ներգրաւուեն այս նախագծում», նշում է Արմինա Լա Մաննան եւ տեղեկացնում, որ երկրորդը բեմադրելու են Ղազարոս Աղայեանի համանուն հեքիաթի մոտիվներով «Անահիտ» ներկայացումը:

«Իմեջին» նախագծում ներգրաւուած են մրցանակակիր արհեստավարժներ: Նախագծի միւս համա-արտադրողն է Ալեքս Զոնինը: Արմինա Լա Մաննան Լոս Անջելեսի տարբեր բեմերում ցուցադրուած  բազմաթիւ ներկայացումների ռեժիսոր է:

Թատրոնին աջակցելու կամ հիմնադիր խորհրդի մաս կազմելու համար, կարելի է գրել հետեւեալ էլ.հասցէին՝

imagineprojectca@icloud.com

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top