«Ջաւախքը Հայաստանի Անվտանգութեան Երաշխաւորներից Է»

0318lena

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀՕՄ-Ի «ՋԱՒԱԽՔ» ՅԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆԻ ՀԵՏ

 

Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Եր՞բ եւ ի՞նչ նպատակներով է ստեղծուել ՀՕՄի «Ջաւախք» հիմանդրամն ու յանձնախումբը:

0318lena ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ) 2001 թուականին հիմնեց «Ջաւախք» հիմնադրամի ծրագիրը, եւ ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը հիմնադրեց  «Ջաւախք» հիմնադրամի յանձնախումբը՝ ջաւախահայութեան տնտեսական, ընկերային վիճակը բարելաւելու, հայերի համար ռազմավարական նշանակութիւն ունեցող մեր պատմական տարածքից արտագաղթը կասեցնելու նպատակով:

Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Վրաստանում բնակուող ազգային փոքրամասնութիւնների որոշ իրաւասութիւններ ճնշուեցին, իշխանութիւնները արհեստական խոչընդոտներ սկսեցին առաջացնել այլազգիների համար: Օրինակ, ԽՍՀՄ տարիներին, Ջաւախքում նոյնիսկ պետական մարմիններում ընդունուած լեզուները ռուսերէնն ու հայերէնն էին՝ արեւելահայերէնը եւ արեւմտահայերէնը, որովհետեւ մեծամասնութիւնը գաղթել էին Կարինից եւ Էրզրումից, եւ երբեք կարիք չէին ունեցել վրացերէն սովորելու: Վրաստանի անկախացումից յետոյ՝ ընդունելի լեզու սահմանուեց վրացերէնը: Արդիւնքում, բազմաթիւ աշխատատեղեր այլեւս անհասանելի դարձան ջաւախահայերի համար, տարբեր հաստատութիւններից՝ պետական կառոյցներից, բուժհիմնարկներից, դպրոցներից հայերը հեռացուեցին բարձր պաշտօններից, նաեւ՝ աշխատանքից: Միաժամանակ, հայկական դպրոցները վրացականացուեցին, երբ ընդունուեց օրէնք հայկական դպրոցներում կրթութեան դասաւանդման լեզուն վրացերէնով իրականացնելու մասին: Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն էլ ամբողջացրեցին իրավիճակը, եւ Ջաւախքի հայ բնակչութեան գրեթէ կէսը արտագաղթեց: Այս մասին խօսուն է հայաբնակ Կարծախ գիւղի երեւոյթը. Խորհրդային Միութեան վերջին շրջանում այստեղ բնակւում էր շուրջ ութ հազար հայ, եւ սա այն գիւղն էր, որ բաւական ակտիւ էր մշակութային, հասարակական առումով, յայտնի մտաւորականներ էին այստեղ բնակւում: Այսօր, Կարծախում ապրում է 800 հայ:

Գործազրկութեան բարձր մակարդակը, գիւղում հայերէնի ուսուցման պակասը, հոգեւոր եւ կրօնական ազատութեան կաշկանդումը, շրջաններում՝ առողջապահութեան միջոցներից օգտուելու դժուարութիւնները, այս հարցերի նկատմամբ վրացական կառավարութեան անտարբերութիւնը, եւ ամէնից վտանգաւորը՝ թուրք-ադրբեջանական գործօնը, հարցեր էին, որ  մտահոգութեան տեղիք տուեցին, եւ 16 տարի առաջ ՀՕՄի արձագանգը եղաւ «Ջաւախք» հիմնադրամի ստեղծումը: Մեր յանձնախումբը հաստատեց մնայուն եւ շարունակական ծրագրեր՝ երիտասարդական, կրթական, ընկերային, մշակութային ոլորտներում:

 

0318lena1 ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք նշեցիք թուրք-ադրբեջանական գործօնը: Ինչպէ՞ս է այն յատկապէս արտայայտւում:

ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- Թուրքերը, ադրբեջանցիների հետ միասին միլիարդաւոր դոլարների ներդրում են կատարում Վրաստանում եւ յատկապէս Ջաւախքում: (2014 թուականի տուեալներով, վերջին 15 տարուայ կտրուածքով, թուրքական ներդրումների թիւը Վրաստանում կազմել է 1.4 մլրդ. դոլար, ադրբեջանականը՝ 1 միլիարդից աւելի: Հիմնական ներդրումները կատարուել են Աջարիայի ինքնավար հանրապետութիւնում եւ Սամցխէ-Ջաւախքում: Ջաւախքն իր մէջ ընդգրկում է Վրաստանի Սամցխէ-Ջաւախք նահանգը (6 շրջաններ) եւ Քուեմօ Քարթլի նահանգի Ծալկայի շրջանը-Խմբ.): Վրացական շուկան ողողուած է թուրքական էժան ապրանքներով, որոնք ճնշում են այլ արտադրանքը:

Թուրքերը կառուցում են հիդրօէլեկտրակայաններ, օրինակ՝ Փարվանայի ՀԷԿի կառուցման համար ծախսել են  200 միլիոն դոլար: Շինարարական գործընթացում աշխատանք չտրամադրուեց տեղի բնակիչներին, այլ՝ աշխատաւորներ բերուեցին Թուրքիայից:  Միաժամանակ, այս աշխատանքները մեծ վնաս են պատճառում կենսոլորտին եւ սպառնում են տեղի բնակիչների առողջութեանը: Այս շրջանում չնաշխարհիկ բնութիւն է՝ լեռներ, ջրվէժներ, որոնց մեծ մասը, հիդրօէլեկտրակայանների ստեղծման արդիւնքում չորացել է:

Ջաւախքում օրէցօր աւելանում է թուրքական ճաշասրահների թիւը, եւ օրինակ Ախալցխայում՝ 15ից աւելի նման հաստատութիւններ կան, այն դէպքում, երբ թուրքերի թիւն այստեղ մեծ չէ: Այնինչ, Ախալցխայում 40 տոկոս կազմող հայերն այստեղ չունեն ոչ մի հայկական ճաշասրահ:

0318lena5Թուրքերը նաեւ հեռահար նպատակներ ունեն՝ հայաբնակ շրջանները թուրքերով վերաբնակեցնելու եւ այս շրջաններում իրենց ազդեցութիւնը մեծացնելու: Այս բիզնեսների ստեղծումը նաեւ առիթ է տուեալ շրջաններում ստեղծելու թուրք-ադրբեջանական համայնքներ: (Թուրքիան պարբերաբար բարձրացնում է մինչեւ 1944 թուականը Սամցխէ-Ջաւախեթիում ապրող մեսխեթցի թուրքերի վերադարձի հարցը-Խմբ.): Այս փաստերը, վերջերս նոյնիսկ մտահոգում են Վրաստանի կառավարութեանը:

Դրան էլ յաւելենք այն հանգամանքը, որ այս տարի նախատեսւում է Բաքու-Ախալքալաք-Թբիլիսի-Կարս երկաթուղու գործարկումը, որ թուրքերի համար նպատակ ունի նաեւ տարածաշրջանից ու աշխարհից Հայաստանին մեկուսացնելը:

Այդուհանդերձ, երկաթուղին անցնելու է Ջաւախքով, եւ սա եւս մէկ վկայութիւն է, որ Ջաւախքը ռազմավարական անքննելի  նշանակութիւն ունի Հայաստանի  համար: Հայութիւնը պէտք է գիտակցի այս փաստն ու կենտրոնացնի ուժերը՝ պատմականօրէն հայերին պատկանած այս շրջանը պահպանելու եւ զօրացնելու համար:

Ջաւախքի գոյութիւնը երաշխաւորում է Հայաստանի անվտանգութիւնը, եւ այդ առումով, ջաւախահայութան խնդիրները համահայկական են: Սա փաստ է, որ ողջ աշխարհի հայութիւնը պէտք է գիտակցի: Ջաւախքը Հայաստանի համար ելք է դէպի ծով, դէպի աշխարհ: Լինելով ռազմաքաղաքական այլ իրողութեան մէջ, Ջաւախքը Հայաստանի համար զարգացման եւ դէպի աշխարհ դուրս գալու այլընտրանք է:

Համայն հայութեան ուշադրութիւնը պէտք է սեւեռուած լինի Ջաւախքին: Մենք պէտք է նեցուկ լինենք ջաւախահային բոլոր առումներով՝ թէ՛ նիւթապէս, թէ՛ բարոյապէս եւ թէ հոգեպէս: Չպէտք է թոյլ տանք, որ Ջաւախքում, մեր հողը պահող ջաւախքցին ամէնօրեայ հացի խնդիր ունենայ: Ի հակադրութիւն թուրք-ադրբեջանական ճակատի, մենք էլ պէտք է մեր հերթին ներդրումներ կատարենք՝ աշխտատեղեր ստեղծելով, մշակութային, կրթական ոլորտներում զօրակցելով, ենթակառուցուածքներն ուժեղացնելով ու նորոգելով: Չպէտք է թոյլ տանք, որ ջաւախքցու մօտ տիրի լքուածի, անուշադրութեան մատնուածի հոգեբանութիւնը, որ աւելի վատ է քան նիւթական վիճակը:

 

0318lena6ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ջաւախքում հայկական գործօնը նաեւ Վրաստանի անվտանգութեան երաշխաւոր է. հաւասարակշռող դեր կարող է ունենալ թուրք-ադրբեջանական ճակատին: Վրաստանի կառավարութիւնը ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ջաւախքում իրավիճակի բարելաւման համար: Իսկ Հայաստանի՞ կառավարութիւնը:

ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- Վերջին 16 տարիների ընթացքում, ինքս մի քանի անգամ այցելել եմ Ջաւախք, եւ այս տարիների ընթացքում հիմնաւոր բարելաւում չեմ նկատել, հակառակը՝  դժուարութիւններ են աւելացել: Որոշ բարեփոխումներ կատարւում են եւրոպական, ամերիկեան տարբեր կազմակերպութիւնների դրամաշնորհային ծրագրերի շնորհիւ, որտեղ պարտադիր նշուած է փոքրամասնութիւններին աջակցութիւնը: Վրաստանի կառավարութիւնը, սակայն այդ գումարներով բարենորոգում  է համալիրներ կամ աւազաններ, որոնք առանձնակի նշանակութիւն չունեն բնակչութեան համար: Իրենց աշխատանք է հարկաւոր, շրջանի տնտեսութեան զարգացում:  Ջաւախքը, իրականում, լուրջ յայտ կարող է ներկայացնել Վրաստանի տնտեսութեան զարգացման հարցում նաեւ:

Հայաստանի կառավարութիւնն էլ պէտք է ակտիւօրէն ներգրաւուի այս հարցում, ինչը բնաւ չի նշանակում միջամտել Վրաստանի ներքին գործերին: Դա կարելի է իրականացնել օրէնքի եւ համաձայնագրերի շրջանակներում, ինչպէս վարւում են Ադրբեջանն ու Թուրքիան:

Ջաւախահայերը, չնայած բազում դժուարութիւններին, յամառօրէն շարունակում են մնալ ու ստեղծել իրենց նախնիների հողում: Մենք, թէ՛ Հայաստանը, թէ՛ Սփիւռքը, պէտք է նեցուկ կանգնենք, որ Ջաւախքում հայաթափում չլինի եւ չունենանք նոր Նախիջեւան: (Ջաւախքում, ըստ ուսումնասիրութիւնների, ներդրումների համար գրաւիչ ոլորտներ են՝ գիւղատնտեսութիւնը, հիդրօէլեկտրակայանների կառուցումը, զբօսաշրջութիւնը-Խմբ.):

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Ջաւախք» հիմնադրամն ինչպէ՞ս է իրականացնում աջակցութիւնը ջաւախահայերին:

ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- ՀՕՄի «Ջաւախք» հիմնադրամը բարեսիրական կազմակերպութիւն է, որ տարբեր միջոցներով հասնում է ջաւախահայերին՝ ելնելով առաջնահերթութիւններից:  Մեր հիմնական առաքելութիւններից է հայապահպանութիւնը, որի շրջանակներում հիմնել ենք կրթամշակութային երիտասարդական կենտրոններ տարբեր քաղաքներում: Ախալցխայում, Ախալքալաքում, եւ Նինոծմինդայում ՀՕՄի Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական վարչութեան եւ «Ջաւախք» հիմնադրամի եւ Նինոծմինդայում՝ Ֆրանսիայի «Ջաւախք» յանձնախմբի հետ միասին  գնել ենք, վերանորոգել կենտրոնների համար շէնքեր եւ ստանձնել ենք դրանց պահպանումը: Մեր միջոցների մի մասն ուղղւում է այս կենտրոնների բարեկարգմանը, կահաւորմանը:

Այս կենտրոններ յաճախում են աւելի քան 700 պատանիներ ու երիտասարդներ նաեւ մօտակայ գիւղերից: Կենտրոնում կայ գրադարան, համակարգիչներ, առաջարկւում են հայոց լեզուի, հայոց պատմութեան, անգլերէնի, համակարգչային ծրագրերի, կար ու ձեւի դասընթացներ: Գործում են երգ ու պարի, թատերական, շախմատի եւ նկարչութեան ակումբներ: Յատկապէս հիմա, երբ չկան հայկական դպրոցներ, մեր կենտրոններն են դարձել լեզուի, պատմութեան ու մշակոյթի մատուցման հիմնական աղբիւր, եւ սա գիտակցելով, մենք առաւել հակուած ենք հայապահպանման ու հայակերտման այս կենտրոնները զօրացնելու:

Կենտրոնները նաեւ իւրատեսակ հաւաքատեղի են մեր երիտասարդների համար. նրանք հնարաւորութիւն են ունենում ծանօթանալու միմեանց, հանդէս գալու համատեղ նախաձեռնութիւններով, կիսելու իրենց մտայղացումները հասակակիցների հետ, ինչի արդիւնքում նաեւ կազմակերպւում են բազմաբնոյթ ձեռնարկներ՝ նուիրուած ազգային տօներին, հերոսներին: Այս կենտրոնները նաեւ դարձել են Հայաստանից, Սփիւռքից Ջաւախք այցելող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների պարտադիր այցի վայր, որտեղ կարող են  ծանօթանալ ջաւախահայերի առօրեային, խնդիրներին: Շատ ենք լսել հիացական արձագանգներ կենտրոնների եւ առաքելութեան մասին, նաեւ՝ որպէս հայակերտման օջախների: Մանրամասներին կարելի է ծանօթանալ «Ֆէյսբուք» սոցիալական ցանցում կենտրոնների էջերից:

 

0318lena4

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ այլ ծրագրեր էք իրականացնում Ջաւախքում:

ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- ՀՕՄի «Ջաւախք» յանձնախումբը նաեւ հոգում է կենտրոնների պահպանումը, ուսուցիչների ու մասնագէտների մշտական ներկայութիւնը: Ապահովում ենք մեր  գրադարանները գրքերով: Մենք նաեւ հոգում ենք ջաւախահայ դպրոցականների համար՝ յատկացնում ենք գրենական պիտոյքներ, հագուստ: Ախալցխայում, Ախալքալաքում, Նինոծմինդայում եւ Ծալկայում ամէն տարի կազմակերպուող ճամբարներին մասնակցում է շուրջ 150 երեխայ: 10-12 օրուայ ընթացքում 7-15 տարեկան երեխաները ծրագրի շրջանակներում մասնակցում են  դասախօսութիւնների՝ հայոց պատմութեան, մշակոյթի թեմաներով, ներգրաւուում են  ազգագրական երգերի, պարերի ուսուցման, մարմնամարզութեան եւ մանկական խաղերի: Ծրագրում նախատեսուած է նաեւ փոքրիկ շրջապտոյտներ: Սա եւս մէկ առիթ է ջաւախահայ մեր պատանիներին ազգային արժէքներ ներարկելու, նաեւ՝ սփիւռքահայ երիտասարդների հետ հաղորդակցուելու, ամառային արձակուրդի օրերը ճամբարական հետաքրքիր եւ բովանդակալից կեանքով անցկացնելու:

Մեր ծրագրերը ներառում են նաեւ առողջապահական ոլորտի բարելաւմանն ուղղուած աշխատանքներ: Առանձնացնեմ բուժքոյրերի համար երկշաբաթեայ վերապատրաստման դասընթացները, որոնք վարում էին Հայաստանից եւ Սփիւռքից փորձառու մասնագէտներ: Հովանաւորել ենք նաեւ գիւղերում բնակիչներին բժշկական ծառայութիւնների մատուցում:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր աշխատանքի ընթացքում հանդիպո՞ւմ էք արդեօք խոչընդոտների:

ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- Մենք, վերջերս յատկապէս դժուարութիւն ենք ունենում æաւախք մեր օգնութիւնը տեղ հասցելու հարցում, մանաւանդ՝ հայալեզու գրքեր: Վրացիները շատ զգայուն եւ նախայարձակ են դարձել ազգային որեւէ դրսեւորման նկատմամբ, եւ սահմանն անցնելուց մշտապէս խոչընդոտներ են ստեղծում: Մենք փորձում ենք հայկական գրականութիւն մատակարարելով ինչ-որ կերպ լուծել հայկական դպրոցների փակումից յետոյ ստեղծուած իրավիճակը, եւ մեր գրադարանները համալրել հայոց լեզուի, պատմութեան ու մշակոյթի մասին գրականութեամբ:

Մեր յանձնախմբի անդամների Ջաւախք այցերի ժամանակ էլ, ճամբորդութեան սկզբից մինչեւ վերջ հետեւում են մեր իւրաքանչիւր քայլի: Սակայն այս հանգամանքը երբեք չի կարող խանգարել մեր աշխատանքներին:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր յանձնախմբի գործունէութեան մի մասն էլ ներառում է Սփիւռքում Ջաւախքի մասին իրազեկումը: Ինչպէ՞ս է արձագանգում հանրութիւնը:

ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- Մեր նոր կարգախօսն է «Ջաւախքին զօրակցելը մեր պարտականութիւնն է», որով եւ ներկայում իրականացնում ենք մեր քարոզչական գործունէութիւնը, որ «Ջաւախք» հիմնադրամի յանձնախմբի հիմնական աշխատանքային ուղղութիւններից է: Մենք համայնքին ծանօթացնում ենք Ջաւախքում տիրող իրավիճակը, ներկայացնում մեր ծրագրերը տարբեր միջոցներով՝ լրատուամիջոցներով, տարբեր դասախօսական ձեռնարկներ կազմակերպելով, որտեղ բանախօսները նաեւ Ջաւախք այցելած անհատներ են:

Յատկապէս կարեւորում ենք մեր պատանիների եւ երիտասարդների հետ աշխատանքը: Այս նպատակով, մեր յանձնախմբի անդամներն ու Ջաւախք այցելած եւ այնտեղ գործած երիտասարդներն այցելում են հայկական վարժարաններ, եւ պատմում հայութեան համար Ջաւախքի կարեւորութեան մասին, կիսւում իրենց այցի տպաւորութիւնները՝ մեր աշակերտների մօտ զարգացնելու ազգային պարտականութեան գիտակցութիւնը: Անշուշտ, ուսուցիչներին էլ փոխացում ենք տեղեկութիւններ, տեսանիւթեր, որ ներկայացնեն իրենց աշակերտներին: Մեր մանուկների համար հրատարակել ենք երկլեզու գիրք, որտեղ ասւում է, թէ Ջաւախքն ինչ նշանակութիւն ունի մեր համար, եւ ինչու է կարեւոր Ջաւախքին օժանդակելը:

0318lena3Մեր երեխաներն անմիջականօրէն մասնակցում են նաեւ Ջաւախքին նիւթապէս աջակցելու գործընթացին: Արդէն ութ տարի է, որ յատուկ Ջաւախք գանձանակներ ենք բաժանում ազգային վարժարաններում, եւ  հայ աշակերտներն այսպիսով իրենց լուման են ներդնում մեր գործում:

Պատանիների շրջանում քարոզչական աշխատանքն իր պտուղները տալիս է շատ առումներով: Օրինակ, այն սերունդը, ում մենք տարիներ առաջ տեղեկացրել ու կրթել ենք, այսօր իրենք էլ ստանձնել այդ դերը: Նրանք նաեւ այցելում են Ջաւախք, ուսումնասիրութիւններ անում, տեսանիւթեր են նկարահանում եւ վերադառնում են իրենց աշխատանքները ներկայացնում, կիսւում իրենց զգացումներուն ու փորձառութիւնը: Այս տարի նաեւ Ջաւախքին նուիրուած յատուկ պաստառներ ենք պատրաստել եւ տեղադրել հայկական մեր վարժարաններում, որ մեր աշակերտներն իրենց ստորագրութիւնները դրոշմեն:

Այսօր, ջաւախեցին առաւել բարոյահոգեբանական, հոգեւոր աջակցութեան կարիք ունի, եւ մեր կողմից ուշադրութեան իւրաքանչիւր դրսեւորում ջաւախահայի համար նշան է, որ Սփիւռքի հայրենակիցներն իրենց հետ են: Ջաւախքի հարցը պէտք է լինի մեր ազգային օրակարգի առաջնահերթութիւնը, եւ այս գիտակցումով էլ մենք աշխատում ենք:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս են գոյանում ձեր գործունէութեան համար անհրաժեշտ գումարները:

ԼԵՆԱ ՊՕԶՈՅԵԱՆ.- Մեր բարեգործական աշխատանքների համար հիմնական ֆինանսական միջոցները յատկացնում են ՀՕՄի մասնաճիւղերը, շրջանի կազմակերպութիւնները, ունենք  անհատ նուիրատուներ: Մեր յանձնախումբն ամէն տարի անցկացնում է հիմնական հանգանակային ձեռնարկ, որ այս անգամ տեղի կ՛ունենայ Ապրիլի 2ին, Լոնգ Բիչում՝ Քուին Մերի (The Queen Mary) նաւի վրայ, ժամը 12ից 5ը:

Այս տարուայ ձեռնարկը համընկնելու է Արցախի քառօրեայ պատերազմի առաջին տարելիցին, եւ յայտագիրը կազմել ենք օրուայ խորհրդին համահունչ: Ցուցադրելու ենք նաեւ տեսերիզ, որտեղ Ջաւախքի աշակերտները կ՛ընթերցեն Արցախի զինուորներին ուղղուած իրենց նամակը:

Կոչ եմ ուղղում ԱՄՆում բնակուող ջաւախահայերին, եւ մեր բոլոր հայրենակիցներին որ աջակցեն մեզ, մասնակցեն մեր աշխատանքներին: Մենք կարիք ունենք իրենց ներկայութեան, իրենց քարոզչութեան, իրենց ներդրումին՝ ոչ միայն ֆինանսական, նաեւ բարոյական ու հոգեբանական:

Ջաւախքում գոյատեւումն ամէնօրեայ պայքար է, եւ այսօր ջաւախահայութիւնը, աւելի քան երբեւէ, մեր օգնութեան կարիքն ունի: Համայն հայութեան պարտականութիւնն է օգնել Ջաւախքին, որպէսզի այն հզօրանայ, իր պատմական փառահեղ անցեալը վերապրի, եւ ջաւախահայութիւնը մնայ պապենական հողերում՝ միաժամանակ երաշխաւորելով Հայաստանի անվտանգութիւնը:

 

Ձեռնարկի մուտքի նուէրը 125 դոլար է: Տոմսերի համար՝ կապուել ՀՕՄի Շրջանային վարչութեան գրասենեակ՝ հեռաձայնելով (818) 500-1343:

ՀՕՄի «Ջաւախք» հիմնադրամի յանձնախմբի աշխատանքներին եւ հետագայ ծրագրերին կարելի է ծանօթանալ կազմակերպութեան կայքից, «Ֆէյսբուք»ում գործող էջից, նաեւ՝ «Ասպարէզ»ից:

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top