Լոս Անջելեսի Քաղաքապետարանի Հեռուստածրագիրն Անդրադարձել է Փոքրիկ Հայաստանի Մուտքն Ազդարարող Մշակութային Նախագծին

laweek

Տեսանիւթը դիտել՝

https://www.facebook.com/LAThisWeek/videos/1447987008553926/

 

«Լոս Անջելեսն Այս Շաբաթ» քաղաքապետարանին կից  գործող հեռուստածրագիրն անդրադարձել է Հոլիվուդի Փոքրիկ Հայաստան շրջանի մուտքն ազդարարող, այսպէս կոչուած` «դարպաս»ի ստեղծման նախագծին: Խօսքը, մշակութային կոթողի մասին է, որ պէտք է տեղադրուի Փոքրիկ Հայաստանում եւ կը խորհրդանշի հայ համայնքի ներկայութիւնն ու մշակութային ժառանգութիւնը:  «Շուտով Փոքրիկ Հայաստանն էլ կ’ունենայ Դարպաս: Սակայն, ներկայացուած տաղանդաւոր գործերից,  ընտրել լաւագոյն նախագիծը` շատ դժուար է: Միայն մէկը կարող է  արժանանալ այնտեղ գտնուելու պատուին», նշւում է տեսանիւթում:

Լոս Անջելեսի քաղաքապետարանը նախորդ տարի մրցոյթ էր յայտարարել յուշարձանի համար, եւ ներկայացուած նախագծերից ընտրուել է հինգը: Լաւագոյնը կ’ընտրուի յատուկ այս նպատակով ստեղծուած  յանձնախմբի կողմից, սակայն մինչ վերջնական քուէարկութիւնը, Լոս Անջելեսի քաղաքապետարանը, ի դէմս խորհրդի անդամ Միթչ Օֆարելի՛ եւ Մշակութային վարչութեան, որոշել էր ստանալ նաեւ համայնքի կարծիքը նախագծերի շուրջ: Մարտի 25ին, հայ համայնքի ներկայացուցիներն առիթ ունեցան ծանօթանալու եզրափակիչ փուլ աշխատանքներին:

«Հայ համայնքի երազանքն էր ունենալ մի յուշարձան, կոթող, որը կը ներկայացնի հայկական մշակութային ժառանգութիւնը, մեր ձեռքբերումները, մեր նպաստը, ներգրաւուածութիւնն ու ներկայութիւնն այս քաղաքում», տեսանիւթում նշում է Հայ Դատի Հոլիւուդի Յանձնախմբի համանախագահ Լարա Երեցեանը:

Յուշարձան-կոթողը տեղադրուելու է 101 մայրուղու կողքին կանաչ գօտու տարածքում, եւ կը նշանաւորի «Փոքրիկ Հայաստան»ի մուտքը: Նախագծի իրականացման համար յատկացուել է 350 հազար դոլար, որը ծախսուելու է դիզայնի, արտադրութեան եւ տեղադրման համար: Ծրագրի ֆինանսաւորումն իրականացնում են Լոս Անջելեսի քաղաքապետարանն ու Արուեստի զարգացման հիմնադրամը, որը վերականգնուել է քաղխորհդրի անդամ Օ’ֆերելի եւ գործընկերների կողմից:

Եզրափակիչ փուլ անցած նախագծերի հեղինակներն են` Աթանեան Արուեստի կենտրոնի արուեստագէտների խումբը` Վլադիմիր Աթանեան, Գոռ Աթանեան եւ Արմէն Կազանչեան, Եան Աւերբուխը, Քլիֆ Գարթենը, Նարինէ Միրզայեան եւ Հիթեր Ռոբերջ արուեստագէտների երկեակը, եւ Հիթ Սաթօուն:

 

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top