Համշէնի Միակ Քրիստոնեայ Գերդաստանը՝ Այդպէս Էլ Չկոտրուած Մնակեանները

0000Sofia Hagopian

Վարեց՝ ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ

 

0000Sofia HagopianԹէեւ համշէնցի հայերի թեման իսլամացուած հայերի կոնտեքստում (պարունակին մէջ.-Խմբ.) կարելի է համարել ամենաուսումնասիրուածը, այնուամենայնիւ, մեր հասարակութեան բաւականին մեծ զանգուածի շրջանակներում Համշէնի ու համշէնցիների վերաբերեալ կարծրատիպերի մի ամբողջ ծանր ու մեծ պարկ դեռ մնում է չբացուած:

Հայաստանում եւ Սփիւռքում մինչ օրս ոմանք դժուարանում են գտնել պատմական Համշէնը քարտէսի վրայ՝ յաճախ այն շփոթելով Արեւմտեան Հայաստանի հետ: Դէ իսկ ոմանց մօտ «համշէնցի» բառը ասոցացւում է (կը զուգորդուի-Խմբ.) միայն Թուրքիայում ապրող մահմեդականացուած հայերի հետ, աւելին՝ հասարակութեան մի ստուար զանգուածի համար «համշէնցին» հէնց «մահմեդական հայ»ի հոմանիշն է:

Մինչդեռ Համշէնն ու համշէնցիները շատ աւելին են, քան պարզապէս կրօնափոխ բառի հոմանիշ կամ մեր հալածուած լինելու խորհրդանիշը:

Դեռեւս 8-9րդ դդ.ում Արեւելեան Հայաստանի Կոտայքի եւ Արագածոտնի շրջաններից արաբական նուաճումների ժամանակ սեւծովեայ շրջան տեղափոխուած այս հայերը, Պոնտոսի անտառոտ ու բարձրադիր լեռներում հիմնեցին Համամաշէն քաղաքը՝ անուանելով այն իրենց առաջնորդող Համամ Ամատունի իշխանի պատուին:

Թիւր կարծիք է, թէ բոլոր համշէնցիները մահմեդականացուած են: 18րդ դարում, երբ Օսմանեան կայսրութիւնը սկսեց բռնի իսլամացման քաղաքականութիւնը Սեւ ծովի տարածաշրջանում ապրող ազգերի նկատմամբ, բազմաթիւ համշէնցիներ արտագաղթեցին՝ պահպանելով քրիստոնէական կրօնը: Նրանց բազմահազար ժառանգներին այսօր կարող ենք հանդիպել Աբխազիայում, Վրաստանի մի շարք շրջաններում, Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար եւ այլ քաղաքներում:

Պէտք է նշենք նաեւ, որ Թուրքիայում մնացած եւ բռնի ուժով մահմեդականացուած համշէնցի հայերին էլ իսլամացնել յաջողուեց երկար ու ձիգ տարիների, անգամ դարերի ընթացքում:

0000Mnagian Hamshen1Սեւ ծովի ժողովուրդների շրջանում համշէնցի հայերն ամենավերջինն են ընդունել իսլամ, ի տարբերութիւն օրինակ՝ հարեւան լազերի:

Ընդ որում, եթէ բուն Համշէնի տարածքում օսմանցիներին յաջողուեց համշէնցիներին մոռացնել տալ մայրենին, ապա հալածանքների արդիւնքում բուն Համշէնից դէպի Խոպա, Օրդու, Գիրեսուն եւ Սամսուն արտագաղթած համշէնցիների բազմաթիւ գերդաստաններ հայերէնը պահպանեցին ընդհուպ մինչեւ 20րդ դարի 80ականների վերջ: Խոպայի մի քանի գիւղերում համշէնցիները սահուն կերպով հայերէն են խօսում մինչ օրս:

Չեմ սխալուի, եթէ ասեմ, որ համշէնցիները Սեւ ծովի շրջանի ամենահիւրընկալ ու ջերմ ժողովուրդն են: Ես Համշէն ասելիս առաջինը պատկերացնում եմ դրախտային անտառներ, առնուազն 300 տարուայ եւ կատարեալ պահպանուած փայտէ համեստ տնակներ, այդ տնակների կողքին նստած ու միշտ գուլպայ գործող աննկարագրելի գեղեցիկ տարազով բարի տատիկներ, հարուստ խոհանոցային աւանդոյթներ ու յատկապէս հրուշակագործութիւն:

Սակայն, ինչ խօսք, համշէնցիները հայկական աշխարհում առաջին հերթին անվիճելի առաջատար են երգ-երաժշտութեան հարցում: Չգիտեմ, կարիք կայ արդեօք ասելու, որ չնայած այս հարցում Թուրքիայի կողմից մշտապէս տարուող խտրական ու ճնշող քաղաքականութեանը՝ համշէնցիների երաժշտական (յատկապէս մայրենի լեզուով երգուող երգերի) ինդուստրիան (գործունէութիւնը-Խմբ.)  չափից դուրս զարգացած է:

***

Այսօր պիտի ներկայացնեմ Չամլըհեմշին (Չամլըհեմշին նշանակում է եղեւնոտ Համշէն: Չամ բառը համշէնցիների բարբառով նշանակում է եղեւնի) շրջանից այն եզակի հայ ընտանիքի պատմութիւնը, որը դարերի յամառ պայքարի արդիւնքում ոչ միայն չի ասիմիլիացուել (ձուլուել-Խմբ.), այլեւ յաջողացրել է պահպանել նաեւ կրօնը, ինչը եզակի դէպք է Չամլըհեմշինի հայերի համար:

Իր ընտանիքի պատմութիւնը մեզ հետ կիսել համաձայնեց Շերմին Մնակեանը, ով Չամլըհեմշինի միակ ու վերջին քրիստոնեայ ընտանիքի ժառանգներից է, եւ ում հետ մենք զրուցեցինք Թուրքիայի Պուրսա քաղաքում, որտեղ նա բնակւում է այժմ:

Ի պատիւ Շերմինի պիտի շեշտեմ, որ վերջինս եզակի զրուցակիցներիցս է, որը ոչ միայն յատուկ չի խնդրել չնշել իր անունը, այլեւ պնդել է հակառակը: Իր իսկ խօսքով՝ «ի հեճուկս մեզ ձուլել փորձողների»:

 

ՇԵՐՄԻՆ ՄՆԱԿԵԱՆ.- Պապիկս Համշէնից դուրս է եկել 1875թ.ին: Սկզբում գնացին Կ. Պոլիս: Նպատակը ի հարկէ պատրիարքարանին, համայնքին աւելի մօտ լինելն էր, սակայն մեծ քաղաքին այդպէս էլ չընտելացան մերոնք եւ 1914ին նորից Համշէն վերադարձան: Երբ պապիկս եկաւ Չամլըհեմշին, տեսաւ, որ 1875ին թողած իր հայրենիքում բոլորն արդէն մահմեդականացել են: Իր բոլոր ազգակիցներին, հարեւաններին գտաւ «նամազի նիազի» մէջ: Քանի որ Չամլըհեմշինի բնակչութեան մեծ մասը Ցեղասպանութեան ժամանակ արդէն իսլամ ընդունած էին այդ շրջանի վրայ տուեալ դէպքերը շատ չազդեցին, բայց մերոնք, ի հարկէ, մշտական ճնշումների մէջ էին: Յաճախ, երբ ժանդարմները գալիս էին գիւղ, պապիկս եղբայրներին հաւաքում ու բարձրանում էր սար. լեռնային անտառներում իր թաքստոցն ունէր: Մեր ընտանիքը ոչ մի պարագայում չընդունեց իսլամ եւ նոր ճնշումների արդիւնքում կրկին լքեցին Չամլըհեմշինը, սակայն այս անգամ շատ հեռու չգնացին, հասան Տրապիզոն, յետոյ հաստատուեցին Գիրեսունում: Գիրեսունի ամենահարուստ գերդաստաններից մէկն էինք: Պապիկս հարիւրաւոր պնդուկի ծառեր ունէր, արտահանում էին Թուրքիայի տարբեր քաղաքներ ու արտերկիր: Մինչեւ հիմա այն փողոցը, որտեղ գտնւում էր մեր տունը Գիրեսունում ժողովրդի շրջանում կոչում են Մնակեանների թաղ: Այդտեղ եմ մեծացել, Գիրեսունը երբեք չեմ մոռանում: Մեր տունը դատարկ է հիմա, բայց չենք վաճառում, մեր անունով է գրանցուած:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Գիրեսունում բացի ձեզանից շա՞տ հայեր կային Ցեղասպանութիւնից յետոյ, ինչպիսի՞ն էին փրկուած հայերի կեանքի պայմանները:

ՇԵՐՄԻՆ ՄՆԱԿԵԱՆ.- Շատ կային: Համշէնցիներ էլ կային, տեղացիներ էլ… Տարիների ընթացքում համայնքը նօսրացաւ, կա՛մ արտագաղթեցին, կա՛մ թուրքացան: Հիմա էլ քիչ չեն, բայց բոլորը մահմեդականացել են: Հիմնականում պետական պաշտօններ ստանալու ճանապարհին խոչընդոտների պատճառով էին անձնագրերում գրում «Իսլամ», այսինքն այդպէս է սկսում ամէն ինչ, յետոյ սերունդներդ մոռանում են, դառնում են թուրքից աւելի թուրք: Ես դպրոցում դասարանի միակ հայն էի,միշտ «ԱՍԱԼԱի ճուտ» եւ նմանատիպ հայհոյանքներ եմ կերել: Հայրիկս բանտում էր, ԱՍԱԼԱի հետ կապերի մէջ էր մեղադրւում: Յիշում եմ, հայրիկիս հետ առաջին անգամ ծանօթացել եմ բանտի պատերից ներս, 3 տարեկան հասակում:

Բայց նաեւ յիշում եմ, որ մենք միշտ մեզ հպարտ էինք պահում, մայրս այդպիսով մեզ առանձնացնում էր միւսներից: Դպրոցում կարիքաւոր երեխաներին տանում էին առեւտրի, հագուստ էին նուիրում, պետութիւնն էր հովանաւորում: Նստացնում էին մեզ բեռնատարի ետնամասում ու քշում շուկայ: Երբեք չեմ մոռանայ, ուրախացած եկայ տուն հագուստները ձեռքիս, մայրս յաջորդ առաւօտեան տարաւ այդ շորերն ու ուղիղ տնօրէնի երեսին շպրտեց. «Դու ինչպէ՞ս ես իմ երեխայի հանդէպ նման բան անում»:

Այդպիսինն ենք, չափից դուրս հպարտ ենք, անկախ եղած պայմաններից, դա ինձ էլ է փոխանցուել:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Չամլըհեմշինի ժողովրդի շրջանում հայկական բարբառը ցաւօք մոռացուած է, ի տարբերութիւն Խոպայի համշէնցիների: Ինչպիսի՞ն էր իրավիճակը ձեր ընտանիքում, եւ առհասարակ, Գիրեսունի հայերի շրջանում:

ՇԵՐՄԻՆ ՄՆԱԿԵԱՆ.- Մեր տանը տատիկս Համշէնի բարբառով էր խօսում երբեմն, ես շատ քիչ բան գիտեմ:

0000Mnagian Hamshen2Գիրեսունի համշէնցիների մէջ որոշ ժամանակ պահուեց մայրենին, սակայն հիմա արդէն շատ քիչ են հանդիպում հայախօս համշէնցիներ այդ քաղաքում: 1980ականներից այս կողմ շատ մեծ նահանջ ապրեց համշէնցիների մայրենին այդտեղ: Քանի որ իմ ժամանակ արդէն հայկական դպրոց չկար Գիրեսունում, մենք գրական արեւմտահայերէն էլ չսովորեցինք, բայց մայրս, մօրաքոյրս շատ լաւ են տիրապետում: Բայց ամէնօրեայ շփման լեզուն, բնականաբար, թուրքերէնն է:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Չամլըհեմշինցի այլ գերդաստաններ կա՞ն, որոնք յաջողացրել են պահպանել կրօնն ու չձուլուել:

ՇԵՐՄԻՆ ՄՆԱԿԵԱՆ.- Մեզանից բացի կային Խզարեանները: Անտառահատներ էին: Բայց նրանց տոհմի պատմութիւնն աւարտուեց 1960ականներին, հաւանաբար տղայ զաւակ չունեցան:

Ամբողջ Չամլըհեմշինում միայն մենք ու Խզարեաններն էինք մնացել քրիստոնեայ:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Շատ յաճախ Թուրքիայի հայերի շրջանում հանդիպում ենք դէպքերի, երբ բռնի իսլամացման արդիւնքում գերդաստանները տրոհւում են. մի մասը ընդունում է իսլամ, իսկ միւս մասը՝ հրաժարւում դրանից եւ շարունակում պահպանել կրօնական ինքնութիւնը: Նման դէպքեր պատահե՞լ են ձեր ընտանիքում:

ՇԵՐՄԻՆ ՄՆԱԿԵԱՆ.- Դա կայ գրեթէ բոլորի մօտ: Այդ ցաւոտ տրոհումը չի շրջանցել գրեթէ ոչ մի արեւմտահայ ընտանիքի Թուրքիայի տարածքում: Մեր գերդաստանի միւս ճիւղը ոչ միայն ընդունել է իսլամ, այլեւ փոխել ազգանունն ու ներկայանում են, բառիս բուն իմաստով, որպէս թուրք ազգայնականներ: Սա շատ տարածուած է Չամլըհեմշինում: Ոչ մի թուրք ազգայնական նրանց չի հասնի իր ծայրայեղութեամբ:

 

ՍՈՖԻԱ ՅԱԿՈԲԵԱՆ.- Չամլըհեմշինի հետ կապը, այնուամենայնիւ, պահում էք:

ՇԵՐՄԻՆ ՄՆԱԿԵԱՆ.- Իմ հայրենիքն է, իմ հողն է, ինչպէ՞ս չպահեմ: Ինչքան էլ բարկանամ, ինչքան էլ մեղադրեմ կամ չմեղադրեմ այնտեղ մնացածներին, նրանք էլ են իմ սրտի մի մասը, իսկ հողիցս ինչպէ՞ս խռովեմ: Դու կարող ես ճնշումներից փախչել, ինքնութիւնդ, կեանքդ փրկելու համար թողնել գաղթել, բայց դու միշտ պէտք է վերադառնաս այնտեղ, որտեղից սկսել է ձեւաւորուել քո գենը: Իր հողի հետ կապը կտրած անձը կորցնում է ամէն ինչ: Կորցնում է իր ներդաշնակութիւնը, կորցնում է իր խաղաղութիւնը: Ես հաւատում եմ, որ շատ կարեւոր է, որպէսզի մարդը թաղուի իր նախնիների կողքին: Մենք 1875ից սկսած գաղթում ենք անընդհատ, բայց մեր ընտանիքի բոլոր անդամներին թաղել ենք միմիայն Չամլըհեմշինում: 3 ամիս առաջ տատիկիս էլ այնտեղ թաղեցինք, ես էլ մեռնելիս որտեղ էլ ուզում է լինեմ, թէկուզ այլ մայրցամաքում ապրեմ, ինձ պէտք է բերեն Չամլըհեմշին:


 

 ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

Mr. & Mrs.

Zareh & Meline

Isakhanian

 


 

 

NOVITA

Harry Nazarian & Family

 

We remember. We demand

 


 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top