Թուրքիայի Համշէնցիներ. Բարդ Ինքնութիւն

hikmet

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐԻ ԽՄԲԻ ՅԱՅՏՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔԻ ՀԵՏ

 

 

hikmetԻնքնութեան հարցն աշխարհում ամենաշատ ուսումնասիրուած թեմաներից է: Որեւէ ինքնութեամբ ծնուել կամ ինքնութիւնը ձեռք բերել… Մարդկանց ինքնութիւնն ի՞նչ չափանիշներով է որոշւում: Օգտագործուող լեզո՞ւ, կրօ՞ն, թէ մշակոյթ: Ինքնութիւնը կարծրատիպ չէ: Երբ ասում ենք՝ հայկական ինքնութիւն, համշէնցիներն առաջինը մտաբերուող խումբն են: Համշէնցիների ինքնութեան հարցը հիմնականում պատմութեան եւ զգացողութեան տեսանկիւնից է ուսումնասիրւում: Համշէնցիների եւ նրանց պատկանելիութեան վերաբերեալ նուրբ հարցերը քննարկեցինք Թուրքիայում հինաւուրց այս խմբի յայտնի ներկայացուցիչ Հիքմեթ Աքչիչեքի հետ: Աքչիչեքն ասում է՝ դժուար է իրենց համշէնցի համարող բոլորին նոյն էթնիկ ծագման համարել, այդ պատճառով էլ առաջարկում է հարցին երկու տարբեր տեսանկիւնից մօտենալ:

 

ՀԱՐՑ.- Համշէնցիներն ովքե՞ր են: Ինչպէ՞ս ենք նկարագրում նրանց կամ ինչպէ՞ս պէտք է նկարագրենք:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Համշէնցիների էթնիկ ծագման հարցին երկու տարբեր տեսանկիւնից պէտք է նայել: Նախ՝ պէտք է դիտարկել, թէ այսօր Թուրքիայում ապրող համշէնցիներն ինչպէս են իրենք իրենց բնութագրում, իսկ յետոյ՝ պատմական էթնիկ արմատների տեսանկիւնից:

Երբ առաջին տեսանկիւնից ենք նայում, այս մարդիկ իրենք իրենց համարում են որպէս հարիւրաւոր տարիներ առաջ իսլամին ծանօթացած, իսլամ ընդունած, մահմեդական հասարակութեան մաս կազմողներ եւ այսօր թուրք մուսուլման լինելը համարում են իրենց ինքնութեան մի մասը: Գոնէ այսօր Թուրքիայում ապրող համշենցիների մեծ մասն այսպէս է մտածում:

 

ՀԱՐՑ.- Եթէ պատմութեան տեսանկիւնից նայենք, ապա ո՞վ է համշէնցին այսօր, ի՞նչ կապ ունի հայկականութեան հետ:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Պատմութեան տեսանկիւնից համշէնցիները բնութագրւում են որպէս Համշէնում ապրող եւ օսմանեան ժամանակաշրջանում՝ 1700ականներին մահմեդականացուած հայ համայնք: Ի հարկէ՝ ազգայնական հատուածների կողմից այս նկարագրութիւնը հերքւում է: Նրանք պնդում են, որ թուրքական արմատներ ունեն, եւ հայկական մշակոյթի ու լեզուի նմանութիւնները կապուած են նոյն տարածաշրջանում հայերի հետ ապրելու փաստի հետ: Դեմոկրատ, ձախակողմեան եւ սոցիալիստ համշէնցիներն աւելի մօտ են այն մտքին, որ իրենք մահմեդականացուած հայերից ստեղծուած համայնք են: Սակայն նրանց գիտակցութեան մէջ էլ սա ոչ այլ ինչ է, քան պատմութեան փաստ, եւ զգացողութեան տեսանկիւնից անհնար է խօսել հայ զգալու մասին: Կարող ենք ասել՝ շատ քչերն են, որ հայ լինելու գիտակցութիւնն ունեն:

Այսպէս թէ այնպէս՝ դժուար է ասել, որ իրենց որպէս համշէնցի ներկայացնող բոլոր մարդիկ նոյն արմատներն ունեն, քանի որ տարածաշրջանում օսմանեան քաղաքականութեան արդիւնքում եւ նախաօսմանեան ժամանակներում էլ հաստատուած ժողովուրդներ են եղել: Այդ պատճառով, պատմական տեսանկիւնից որքան էլ համշէնցիների՝ հայկական արմատներ ունենալու մասին խօսուի, այս փաստն ընդհանրացնելն այդքան էլ իրատեսական չէ:

hikmet1

ՀԱՐՑ.- Վերջին քսան տարուայ ընթացքում Թուրքիայում ինքնութեան վերաբերեալ հասկացութիւնների ու բնութագրերի հետ կապուած լուրջ քննարկումներ եւ, որոշ իմաստով, պայքար կայ: Օրինակ՝ թուրք ասելու փոխարէն աւելի ճիշդ է համարւում թուրքիացի ասել: Իսկ ինչպէ՞ս է վիճակը համշէնցիների առումով: Երբ ձեզ հարցնում են ձեր ինքնութեան մասին, թուրքիացի՞ էք ասում, թէ համշենցի:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Ի հարկէ՝ համշէնցի եմ ասում, քանզի Թուրքիայի Հանրապետութիւնում բնակուող միւս քաղաքացիներից ինձ տարբերակողն իմ համշէնական ինքնութիւնն է: Բայց, միեւնոյն ժամանակ, Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի եմ, թուրք եւ, մահմեդական հասարակութիւնում ծնուելու ու մեծանալու արդիւնքում, նաեւ այդ ինքնութեան մի մասնիկը: Ինձ համար շատ աւելի տրամաբանական է այն թէզը, որ համշէնցիներն իսլամացած հայերից են սերում: Բայց միեւնոյն ժամանակ լինելով սոցիալիստ՝ էթնիկական ծագման տեսանկիւնից որեւէ պատկանելիութիւն չեմ զգում: Սակայն մշակութային իմաստով, այո՛, համշէնցի եմ եւ այդ մշակոյթի մասնիկ: Սա, ըստ իս, էթնիկական պատկանելիութեամբ ներկայանալ չէ: Ինչ վերաբերում է թուրքիացի եմ հասկացութեանը, ապա սա աւելի ընդհանրական մօտեցում է եւ արդիական է յատկապէս արտերկրում ներկայանալիս: Նման պատասխանից յետոյ մարդ կարիք է ունենում նշել, թէ ինչ ծագում ունի: Ահաւասիկ, հէնց այդ ժամանակ էլ համշէնցին նորից օրակարգ է գալիս:

 

ՀԱՐՑ.- Թուրքիայում ապրող համշէնցիներն ի՞նչ կապ ունեն Ռուսաստանում, Աբխազիայում ապրող համշէնցիների հետ:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող համշէնցիներին կարող ենք որպէս երկու տարբեր խմբեր դիտարկել: Առաջին խմբում Թուրքիայի համշէնցիների բարեկամներն են, որոնք Խորհրդային Միութեան սահմանների յստակեցման ժամանակ Բաթումում մնացած Խոփայի համշէնցիներն են: Նրանք, Կովկասի միւս մահմեդական ժողովուրդների հետ միասին, Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիների հետ համագործակցելու եւ քաղաքական այլ պատճառներով 1944թ. աքսորուել են Ղազախստան եւ Ղրղզստան:

 

ՀԱՐՑ.- Ապրելակերպի տարբերութիւններ կա՞ն:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Վերջին 40-50 տարում Ղազախստանում եւ Ղրղզստանում ապրելով՝ նրանք աւելի շատ այդ հասարակութիւններին բնորոշ յատկութիւններ են ձեռք բերել:

 

ՀԱՐՑ.- Հայկական ինքնութեանն աւելի մօտ չե՞ն:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Ճիշդ հակառակը, հեռու են եւ շատ մեծ հակազդեցութիւն ունեն: Մեծամասնութիւնը նման է թուրք ազգայնականի: Այս մարդիկ առաջին խմբին են պատկանում: Ճակատագրին (սա նաեւ պատմութիւն կարող ենք անուանել) նայէք, որ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ համշէնցիների մեծ մասը, Ղազախստանի եւ Ղրղզստանի ազգայնական քաղաքականութիւնից մտահոգուելով, գաղթել են Ռուսաստանի Ռոստով, Վորոնեժ եւ Կրասնոդոր քաղաքներ: Եւ այդ քաղաքներում երկրորդ խմբի՝ քրիստոնեայ համշէնցիների հետ կողք-կողքի են ապրում:

 

hikmet2Ռուսաստանում եւ Աբխազիայում ապրող երկրորդ խմբի համշէնցիներն իսլամացման ժամանակաշրջանից առաջ՝ 1600-1800ականների ընթացքում, Համշէնից գաղթելով (այս գաղթի պատճառների մասին տարբեր մեկնաբանութիւններ կան)՝ Տրապիզոն, Օրդու եւ Սամսոն շրջաններում հաստատուած, իսկ աւելի ուշ՝ 1850ականներից սկսած (սա յատկապէս վերաբերում է 1860ականներից սկսած Կովկասից Անատոլիա մահմեդականների եւ Անատոլիայից Կովկաս քրիստոնեաների գաղթին-աքսորին) եւ 1914ին սկսուած Հայոց Ցեղասպանութեամբ ամբողջացուած ժամանակահատուածում Սեւ ծովի միւս ափեր՝ Ռուսաստանի Սոչի եւ Կրասնոդար շրջաններ, անցած, ինչպէս նաեւ՝ Աբխազիա գաղթած համշէնցիներն են:

 

ՀԱՐՑ.- Թուերի վերաբերեալ յստակ տեղեկութիւններ կա՞ն:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Շուրջ 300-400 հազարի մասին է խօսւում, բայց գուցէ եւ փոքր ինչ չափազանցուած է: Այս մարդիկ իրենց նմանեցնում են Կարսի կամ Դիարբեքիրի հայերին եւ ասում են՝ համշէնահայ են, բայց, ի հարկէ, գիտակցում են, որ փոքր ինչ տարբեր են: Որպէս լեզու՝ մեծ մասամբ դեռ Համշէնի բարբառով են խօսում: Օրինակ՝ ես այսօր արեւելահայերէնի միայն քսան տոկոսն եմ հասկանում, արեւմտահայերէն‘ գուցէ մի քիչ աւելի, բայց Սոչիի համշէնահայերի հետ վաթսուն-եօթանասուն տոկոս հասկանում ենք իրար: Հայերէն բառեր աւելի շատ են օգտագործում, քանի որ հայկական դպրոցներում եւ եկեղեցիներում են կրթութիւն ստացել, այդ պատճառով համշեներէն խօսելիս մեզանից աւելի լաւ են նախադասութիւն կազմում:

 

ՀԱՐՑ.- Քրիստոնեայ համշէնցիների հետ ի՞նչ յարաբերութիւններ ունէք, տեղեա՞կ էք միմեանց մասին:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Քրիստոնեայ համշէնցիների հետ մեր կապը սկսուել է Խորհրդային Միութեան փլուզումից երկար տարիներ յետոյ: «Վովա» երաժշտական խմբի համերգները, Ստամբուլում «Հատիկ»՝ Համշէնի մշակոյթի ուսումնասիրման եւ պահպանման միութեան ստեղծումը եւ նմանատիպ մշակութային, հասարակական, նոյնիսկ տուրիստական գործունէութեան միջոցով սկսեցինք միմեանց ճանաչել:

Օրինակ՝ «Վովա» երաժշտական խումբը Սոչիում եւ Մոսկուայում երկու համերգ ունեցաւ, երկուսն էլ՝ քրիստոնեայ համշէնցիների հրաւէրով եւ կազմակերպմամբ: Չենք կարող խօսել խորացուած երկխօսութեան մասին, բայց նաեւ ամբողջական ընդհատում էլ չկայ: Կարճ ասած՝ այո՛, տեղեակ ենք միմեանց մասին:

 

ՀԱՐՑ.- Գենետիկ կապից այն կողմ չի՞ անցնում…

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Նոյն աշխարհագրական վայրում ապրելը եւ նոյն լեզուով խօսելը նշանակում է կա՛մ նոյնն ես, կա՛մ հարեւան, կա՛մ նման մի բան…

 

ՀԱՐՑ.- Եթէ դիտարկենք պատմական իրականութեան եւ մահմեդականացումից առաջ հայկական ինքնութեան պատկանելու տեսանկիւնից, այսօրուայ անջատումն ու մերժումը որտեղի՞ց են բխում:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Այս հարցում նախ եւ առաջ պէտք է ընդգծել այն հանգամանքը, որ համշէնցիների շրջանակում շատ տարածուած է համշէնցիների՝ թուրքական արմատ ունենալու եւ հայերի հետ նոյն աշխարհագրական տարածքում ապրելուց բացի՝ որեւէ այլ կապ չունենալու թէզը:

Երկրորդ հերթին, ի հարկէ, աշխարհագրութիւնն ինքնութեան ձեւաւորման հարցում կարեւոր ազդեցութիւն ունի: Եթէ անգամ համշէնցիների արմատները հայկական լինեն, միեւնոյնն է, համշէնցին սեւծովեան մարդ է, եւ այս համատեքստում լազերի հետ աւելի շատ նմանութիւններ ունի: Սակայն կարող եմ նաեւ ասել՝ Սոչիի համշէնցիների հետ նմանութիւններ ունենք: Նկատի ունեմ աշխարհագրութեան պատճառով առկայ առանձնայատկութիւնների նմանութիւնները: Միւս կողմից՝ լեզուից, կրօնից, էթնիկ, քաղաքական եւ գաղափարական կեցուածքից բխող շատ այլ նմանութիւններ եւ տարբերութիւններ կան:

Երրորդ, կրօնը մեծ ազդեցութիւն ունի: Սրանից 100-150 տարի առաջ կրօնն ինքնութեան կարեւոր եւ որոշիչ բաղադրիչն էր: Եթէ մահմեդական ես, ուրեմն այլ ես, քրիստոնեայից տարբեր: Սա մի քիչ էլ կրօնն է թելադրում. եթէ իսլամ ես ընդունել, ուրեմն պէտք է հեռանաս քրիստոնէութեանը պատկանող ամէն ինչից, դրանք այլեւս մեղքեր են, որոնցից պէտք է ազատուես: Նոյնը վերաբերում է նաեւ Հայ առաքելական եկեղեցուն: Եթէ առաքելական եկեղեցուց բաժանուել ես եւ, ասենք, բողոքական կամ կաթոլիկ ես դարձել, ապա քեզ մի քիչ ծուռ աչքով են նայում: Գոնէ կարդացածս իմ մէջ այդպիսի տպաւորութիւն է թողել: Այս դէպքում մահմեդական լինելը եկեղեցու կողմից անընդունելի է թւում:

Երբ այս ամէնին աւելացնում ենք հարիւր տարի առաջ տեղի ունեցած մեծ կոտորածն ու դրանից յետոյ երկու հասարակութիւններում առաջ եկած հոգեկան վիճակի, Թուրքիայի կրօնական, ազգայնական մօտեցումների կամ տարբերութիւնները հերքող ձուլման քաղաքականութեան ազդեցութիւնները, երեւան եկած արդիւնքներն ամենեւին էլ զարմանալի չեն:

 

ՀԱՐՑ.- Այս հարցի շուրջ ես էլ եմ շատ մտորել եւ յանգել եմ այն եզրակացութեան, որ ինքնութիւնը կարծրատիպ չէ: Միայն կրօնով կամ լեզուով չի կարող որոշուել… Աւելի շատ զգացական է…

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Այո՛, ինքնութիւնը պատմութեան ընթացքում ձեւաւորուող եւ ժամանակի ընթացքում փոփոխուող բան է: Միայն մէկ գործօնի հետ կապուած չէ. մի շարք բաներից է ազդւում՝ պատմական հանգամանքներ, աշխարհագրական դիրք, որտեղ ապրում ես, կրօն, հարեւան կրօն, լեզու, մշակոյթ: Ինքնութիւնն այս ամէնի համադրութեան արդիւնքն է, եւ համշէնցու ինքնութիւնն էլ բացառութիւն չէ:

 

ՀԱՐՑ.- Նախկինում համշէնցիների եւ հայերի միջեւ առկայ կապն այսպիսի հակազդեցութիւն չէր ունենում, ի՞նչն է փոխուել:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Շատ համշէնցիներ, թէկուզ անուղղակիօրէն, բայց գիտեն նման կապի գոյութեան մասին: Ընդունեն կամ ոչ՝ այլ հարց է: Մեր մեծերն այդ մասին մեզ պատմեն կամ ոչ, միեւնոյն է, շրջապատի մարդիկ այդ աչքով են նայում: Առօրեայում լազ կամ քուրդ ընկերներդ քեզ դիմելիս՝ «Ի՞նչ կայ-չկայ, հայ» են ասում: Խնդիրը սա ընդունել-չընդունելն է: Փոխուած եւ փոփոխուածը, մեծ հաւանականութեամբ, քիչ առաջ նշածս պատմական ընթացքն է:

 

ՀԱՐՑ.- Աշխարհագրական տեղանքի դերի մասին հարցս հէնց սրան էր վերաբերում: Սեւծովեան շրջանը յայտնի է իր ազգայնական կեցուածքով: Հետեւաբար, հարցին նաեւ այս կողմից նայենք. եթէ համշէնցիներն ապրէին, ասենք, Միջերկրական, արեւելեան կամ Էգէյեան շրջաններում, պատկերն ա՞յլ կը լինէր:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Թուրքիայում ամէնուր մթնոլորտը հիմնականում նոյնն է… Մահմեդականաց(ու)ած հայերի դէպքում սովորաբար նշւում է, որ  ինքնապաշտպանութեան եւ ողջ մնալու նպատակով են իսլամ ընդունել: Ժամանակի ընթացքում էլ գերիշխող վախի պայմաններում մահմեդականներից առաւել մահմեդական են եղել ու այդպէս ապրել: Նոյնը կարո՞ղ ենք համշէնցիների մասին ասել:

Նախ ասեմ, որ Թուրքիայում բնակուող համշէնցիներն իրենց իսլամացուած հայ կամ համշենահայ չեն համարում: Համշէնցիների՝ կամաւոր կամ ստիպողաբար իսլամ ընդունելու վերաբերեալ շատ տարբեր կարծիքներ կան: Հայաստանցի որոշ մտաւորականներ, հիմք ընդունելով մի քանի փաստաթուղթ, նշում են, որ այդ գործընթացը ստիպողաբար է իրականացել: Ոմանք էլ ասում են, որ ոչ թէ ստիպողաբար, այլ կամաւոր է եղել: Ես այս հարցում մասնագէտ չեմ, բայց կարող եմ ասել, որ որեւէ մէկը երգ ու պարով կրօն չի փոխի: Եթէ նոյնիսկ չասենք, որ ստիպողաբար եւ բռնի ուժով է տեղի ունեցել, ապա կարող ենք նշել պայմանների փոփոխութեան եւ մարդկանց ստիպուած կրօնափոխ լինելու հաւանականութեան մասին:

Համշէնցիների իսլամացման գործընթացն ամբողջացած եւ աւարտուած է: Համշէնցիներից շատերը հայկական պատկանելութան վերաբերեալ ամէն ինչ ժխտում են, եւ սա միայն Թուրքիայում կիրառուող ազգայնական կեցուածքից չի բխում: Պատմական տեսանկիւնից հայկականութեան հետ կապի հաւանականութեանը հաւատացող մարդիկ նոյնիսկ Թուրքիայի հասարակական, մշակութային, քաղաքական եւ պատմական պայմաններից ելնելով, այսօր կը քաշուեն դրա մասին խօսելուց: Եւ այսպիսի համշէնցիները շատ են: Գիտեն, որ պատմական տեղեկութիւն է, բայց նախընտրում են լռել:

 

ՀԱՐՑ.- Մշակոյթի, լեզուի, երաժշտութեան, երգերի ստեղծած կամուրջներն անտեսելն արդեօք վախի հետեւա՞նք է:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Ի հարկէ, վերոնշեալ պատմական, մշակութային եւ կրօնի գործօնների կողքին կայ նաեւ վախ: Միայն պատմական տեղեկութեան մասին խօսելու արդիւնքում շատ տարբեր վիրաւորանքի, դաւաճանութեան ու լրտես լինելու մեղադրանքների ենք արժանանում: Եւ սա մենք՝ հասարակութեան կրթուած, մշակութային բեռ ունեցողներս ենք մեր մաշկի վրայ զգում: Պատկերացրէք Խոփայում, Համշէնում ապրողներին, որոնք աւելի շատ են ջանք թափում եւ զգոյշ են: Ինքնապաշտպանման բնազդն այլ ժողովուրդների մօտ էլ է տեսանելի: Թուրքիայում ապրող հայերն էլ միայն խիստ անհրաժեշտութեան դէպքում են իրենց ինքնութեան մասին բարձրաձայնում:

 

ՀԱՐՑ.- Համշէնցիները, որպէս համայնք, ի՞նչ խնդիրներ ունեն այսօր:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Համշէնցիները մոնոլիտ համայնք չեն, հետեւաբար՝ միատարր պահուածք չեն դրսեւորում: Սոցիալիստ, ազգայնական, լիբերալ, սոցիալ-դեմոկրատ, պահպանողական, աջակողմեան համշէնցիներ կան: Խոփայի համշէնցիների նման համշեներէն խօսողներ կան, Ռիզէի Համշէնի-Չամլըհեմշինի շրջանում լեզուն չկիրառող եւ գրեթէ մոռացած կամ ընդհանրապէս համշեներէն չիմացողներ կան: Բայց կարող ենք խօսել լեզուն, մշակոյթը եւ ինքնութիւնն անհետացումից փրկելու եւ պահպանելու համար առկայ ընդհանուր բնազդի մասին: Ես ինքս, որպէս համայնքի մի մասնիկ, կարեւոր եւ խնդրահարոյց եմ համարում Թուրքիայի առաւել ժողովրդավար լինելու անհրաժեշտութիւնը: Համշէնցիների եւ միւս բոլոր համայնքների համար կենսական նշանակութիւն ունի Թուրքիայի ժողովրդավար լինելը, երբ երկրի սահմանից ներս բոլոր մշակոյթները, կրօնները եւ տարբերութիւնները կը համարուեն այս հասարակութեան ընդհանուր արժէքներ: Յատկապէս վերջին տարիներին օր-օրի աճող եւ մոլութեան սահմաններն անցնող իսլամամոլութիւնն ու թուրք ինքնութեան շեշտադրումը խօսում են այն մասին, որ ժողովրդավարութիւնը հաց ու ջրի պէս կենսական պահանջ է:

 

ՀԱՐՑ.- Թուրքիայի համշէնցիները պատմութեան եւ հայկական ինքնութեան առումով ի՞նչ են իրենց համարում:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Համշեէնցիներին հայ-թուրքական համատեքստում դիտարկելը եւ յատկապէս Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում որպէս քաղաքական գործօն մօտենալը ծայրաստիճան վտանգաւոր եւ վնասակար է:

 

ՀԱՐՑ.- Ինչո՞ւ…

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Որոշ պատմական գործընթացներում, մարդկանց բարի մտադրութիւններից անկախ, էթնիկ հարցերն ապակառուցողական յատկանիշ են ունենում: Այս համատեքստում համշէնցիները, մշակութային իմաստով, ուշադրութեան արժանի համայնք են, որին որպէս քաղաքական առարկայ օգտագործելուց պէտք է խուսափել, քանզի շատ փոքր համայնք է եւ նման բեռ չի կարող կրել: Նմանատիպ խնդրահարոյց հարցերից խոյս տալու միակ ճանապարհը, ինչպէս քիչ առաջ նշեցի, ժողովրդավարութիւնն է: Միայն ժողովրդավար երկրում մարդիկ կարող են ազատօրէն բարձրաձայնել իրենց տարբերութիւնների մասին: Երբ ինքնութիւններն անկաշկանդ կերպով պահպանուեն, բոլորի ինքնութեան վերաբերեալ իրական զգացումները լսելի կդառնան…

 

ՀԱՐՑ.- Լաւ, իսկ ի՞նչ կապ կայ Հայաստանի հետ:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Խոփայի համշէնցիները նախկինում անասնապահ էին, հիմա անասունների փոխարէն բեռնատար մեքենաներ ունեն: Խոփայում բեռնափոխադրող շատ ընկերութիւններ կան, որոնց զգալի մասը համշէնցիներին է պատկանում: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Թուրքիայից դէպի Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան առեւտրային բեռնափոխադրումների մեծ մասը համշէնցիներն են իրականացնում: Հետեւաբար, կարող ենք ասել, որ առեւտրային յարաբերութիւններ կան: Վերջին տարիներին որոշ մշակութային եւ զբօսաշրջային այցեր են լինում:

 

ՀԱՐՑ.- Պոլսահայ համայնքի առաջնային եւ ճգնաժամային համարուող խնդիրներից մէկն էլ կամաց-կամաց քայքայիչ էրոզիայի (քայքայման-Խմբ.) ենթարկուելու վտանգն է: Ի սկզբանէ կամաւոր կամ ստիպողաբար կրօնափոխ եղած եւ ամբողջ կեանքն այդպէս ապրած համշէնցիների դէպքում ձուլման վտանգ կամ նմանատիպ այլ էրոզիաներ կա՞ն:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Մինչեւ 1960-70ականները, նոյնիսկ մինչեւ 80ականները, չնայած պատմական բոլոր փոփոխութիւններին, հնարաւոր էր խօսել կենսունակ եւ աշխոյժ համշէնական ինքնութեան մասին: Քրիստոնեայ կամ հայ չէր, բայց երբ ասում էիր համշէնցի, կար մի ինքնութիւն, որ միանգամից մտաբերում էին: Սա Թուրքիայում ապրող միւս ժողովուրդներին համար գրեթէ նոյնն է: Բայց յետոյ քայքայում սկսուեց:

 

ՀԱՐՑ.- Ի՞նչը դրեց դրա սկիզբը:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- «Քաղաքացի՛, թուրքերէն խօսիր» արշաւը, նոյնիսկ ձուլման տասնեակ քաղաքականութիւնները մեզ նման փոքրիկ համայնքներում այնպիսի քայքայիչ ազդեցութիւն չեն ունեցել, որքան 1980ականներից յետոյ սկսուած ուրբանիզացիան, գլոբալացումը: Երբ 1980ից յետոյ փակ տնտեսական համակարգը լուծարուեց, բնակչութեան մեծ մասը գաղթեց դէպի մեծ քաղաքներ: Ամէն մի տուն հեռուստացոյցի մուտքը, քաղաքում աշխատելու եւ սովորելու ցանկութեան աճը քայքայումն արագացնող գործօններ են: Մարդիկ իրենց ծննդավայրում քիչ թէ շատ ինքնութիւնը պահպանում էին, բայց քաղաք գալուց յետոյ գործի են անցնում քօղարկումն ու յարմարուելը: Համշէնցին Խոփայում համշեներէն է խօսում, Ստամբուլ գալուց յետոյ թուրքերէնը հիմնական կիրառուող լեզուն է դառնում: Բացի այդ՝ յայտնի չէ, թէ ում հետ կը ծանօթանայ եւ կ՛ամուսնանայ, մեծ հաւանականութեամբ՝ ոչ համշէնցու: Նման կորուստները տեղի են տալիս պահմանման բնազդին: Օրինակ «Վովա» ալբոմը պատրաստելս, «Հատիկ» միութեան հիմնադիրների շարքերում լինելս, «Գոռ» հանդէսը պատրաստող աշխատակազմում տեղ գրաւելս մէկ բանով է պայմանաւորուած՝ պահպանել եւ ապրեցնել համշէնցու լեզուն, մշակոյթը եւ ինքնութիւնը:

Նոյնիսկ Խոփայում համշեներէնն արդէն կամաց-կամաց մոռացութեան է մատնւում: Երեխաները հասկանում են, բայց չեն խօսում, քանի որ առաջ՝ մինչեւ հեռուստացոյցի տուն մտնելը, ընտանիքներում միայն համշեներէն էին խօսում: Ծնողները չեն ցանկանում, որպէսզի երեխաները համշեներէն խօսեն, խուսափում են հաւանական խտրականութիւնից: Բացի այդ՝ սեւծովեան բարբառով խօսելը կարող է պատճառ դառնալ, որ ընկերները ծաղրեն, եւ սա երեխային կը վիրաւորի: Նմանատիպ տասնեակ պատճառներ է՛լ աւելի են նպաստում լեզուի եւ մշակոյթի քօղարկմանը, ինչն էլ քայքայում է: 1940-50ականները գուցէ աւելի շատ արգելքներ ունէին, բայց փակ տնտեսական կառուցուածքը, ի տարբերութիւն այսօրուայ, լեզուն եւ մշակոյթն աւելի լաւ է պահպանել:

 

ՀԱՐՑ.- Ինչպէ՞ս էք տեսնում համշէնցիների վաղուայ օրը:

ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Լեզուի եւ մշակոյթի տեսանկիւնից շատ լաւատես չեմ: Մշակութային եւ գիտական գործունէութեան միջոցով մի կողմից ջանում ենք լեզուն եւ մշակոյթը պահպանել, միւս կողմից էլ՝ փաստագրել յաջորդ սերունդների համար: Բայց, ցաւօք, քայքայումն անխուսափելի է: Հարցը եւս մէկ անգամ գալիս եւ ժողովրդավարութեան անհրաժեշտութեանն է բախւում: Ժողովրդավար երկիր լինելու դէպքում գուցէ որոշ էրոզիաներ չկանխուեն, բայց նուազագոյն դէպքում լեզուական եւ մշակութային արժէքներին տէր կանգնելու եւ ապրեցնելու մտահոգութեամբ կրթական, մշակութային եւ արուեստի քաղաքականութիւն կը մշակուի:

 


ԵՂԵՌՆԻՆ ՆՈՒԻՐՈՒԱԾ ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

Հիւսիսային Սան Ֆերնանտօ Հովիտ

ՀՅԴ «Արշաւիր Շիրակեան» Կոմիտէ

ՀՕՄի «Լոռի» Մասնաճիւղ

Համազգայինի «Լեւոն Շանթ» Մասնաճիւղ

ՀԵԴ «Արցախ» Ուխտ

ՀՅԴ «Հրայր Մարուխեան»

Պատանեկան Ուխտ

Հայ Դատի Յանձնախումբ

Հիւսիսային Հովիտի Երէցներու Համախումբ

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top