Հայերի Ժամադրավայրը Հայրեինքն Է

0603miki

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԸ ԳՐԱՍԵՆԵԱԿ ՊԻՏԻ ԲԱՆԱՅ ԱՐՑԱԽԻ ՄԷՋ

 

0603miki

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան գրասենեակը շուտով կը գործի նաեւ Արցախում: Հէնց այդ առաքելութեամբ են այս օրերին Արցախում Համազգային միութեան ներկայացուցիչները: «Ապառաժ»ը Արցախում իրականացուելիք առաջիկայ ծրագրերի, միութեան գործունէութեան եւ ռազմավարութեան շուրջ զրուցել է Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան ատենապետ Մկր-տիչ Մկրտիչեանի հետ:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.-  Ինչպէ՞ս հասունացաւ Արցախում Համազգայինի գրասենեակ հիմնելու գաղափարը:

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Համազգային միութեան իւրաքանչիւր պատգամաւորական ժողովի օրակարգային կէտերից մէկը Արցախում գործունէութիւն իրականացնելու հարցն էր: Ծրագրեր չէինք իրականացնում ուրիշ կազմակերպութիւնների փորձից ելնելով: Պետական մարմինները չէին օժանդակում արտասահմանից եկած միութիւնների աշխատանքներին, արդիւնքում՝ միութիւնների աշխատանքները չեն յաջողել: Իսկ մենք համբերատար մարդիկ ենք: Սպասեցինք այն օրուան, երբ մեզ կ՛ասեն՝ համեցէք: Օրը եկաւ եւ մենք այստեղ ենք:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.-  Արցախում ի՞նչ ռազմավարութեամբ են իրականացուելու ծրագրերը:

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Արցախում ծաւալուող աշխատանքները տարբերուելու են արտասահմանում իրականցուող ծրագրերից: Այստեղ կրթական եւ մշակութային մակարդակի վրայ աշխատելու խնդիր չունենք: Սակայն մեր առջեւ աւելի բարդ խնդիր է: Հայաստանի Համազգայինի գրասենեակի նուիրուած եւ քրտնաջան աշխատանքի արդիւնքում յաջողել է Հայաստան-Սփիւռք մշակութային կամուրջը: Արցախն այսօր պէտք է Արցախ-Հայաստան-Սփիւռք մշակութային կամրջի դերակատարութիւնը ստանձնի:

Սփիւռքի համայնքների միջեւ կապը եւ այդ համայնքների ու հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի միջեւ կապը պէտք է լինի հաստատուն եւ տեւական: Հայրենիքում ապրող եւ աշխարհով մէկ սփռուած հայերի ամէն մի համայնք տարբերւում է իր մտածելակերպով եւ տեսակով: Ամերիկահայերը, ֆրանսահայերը, լիբանանահայերը, բոլորը տարբեր են, սակայն բոլորի ժամադրավայրը հայրենիքն է:

Այստեղ է, որ հայերը պէտք է հաւաքուեն ամէն առիթով: Բոլորին հնարաւոր չէ բերել, սակայն գործընթացը շարունակական է: Այս տարի ես եմ եկել սփիւռքից, յաջորդ տարի միւսը, եւ այդպէս շարունակ: Հայրենիքում երկու շաբաթ, մի ամիս կ՛անցկացնեն, կը պատմեն Սփիւռքի իրենց ընկերներին եւ ժամանակի ընթացքում կը ստանանք միատեսակ հայ: Միատեսակ՝ ոչ թէ ձանձրալի, այլ՝ թէկուզ տարբեր ձեւով մտածող, սակայն հայկական մտայնութիւնը եւ մշակոյթը կրող հայ: Հայութեան համար դա շատ կարեւոր է:

Ասեմ նաեւ, որ Սեպտեմբերին Հայաստանի Համազգայինի գրասենեակի նախաձեռնութեամբ Շուշիում լուսանկարչական ցուցահանդէս է կազմակերպուելու: Համազգայինը Արցախ է մտնում մեծ դռներից, եթէ կարելի է այդպէս ասել:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.-  Մայիսի 28ին Համազգայինը տօնեց հիմնադրման հերթական ամեակը: Որպէս հաշուետուութիւն՝ ինչպէ՞ս էք գնահատում 89ամեայ միութեան գործունէութիւնը:

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Համազգային միութիւնը հիմնադրուել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման օրը՝ Մայիսի 28ին: Այսօր մենք մի քիչ դժուարութիւն ունենք, որովհետեւ յաջորդ տարի Համազգային միութեան 90ամեակն է եւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 100ամեակը: Բնական է, որ Համազգայինը միշտ ստուերում էր եւ շարունակելու է ստուերում մնալ: Սակայն մենք ոչ միայն բարդոյթ չունենք, այլ ուրախ ենք, որ այդպէս է: Ուրախ ենք, որ Համազգայինը հէնց այդ օրն է հիմնադրուել: Այդ խորհուրդը մեծ է եւ բարձրացնում է միութեան դերը: Առաջին Հանրապետութիւնը հիմնադրած մարդկանց ստուերում գործունէութիւն ծաւալելը պատիւ է: Մենք այդ խորհրդի կրողն ենք: Եւ այն բարոյական մեծ նշանակութիւն ունի մեզ համար: Կարծում եմ՝ Համազգային միութիւնը այդ մարդկանց չի յուսախափել:

Չենք սիրում մեզ գովել եւ շիկնում ենք, երբ մեզ են գովում: Սակայն մարդիկ հետեւեալ կերպ են պատասխանում այդ հարցին. «Համազգային» միութիւնը 89 տարուայ ընթացքում իր սուղ միջոցներով արել է անկարելին, որպէսզի երեխաները ստանան հաստատուն կրթութիւն եւ հայ մշակոյթը վառ մնայ Սփիւռքի հայկական համայնքներում:

 

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ.- Ի՞նչ ծրագրեր է իրականացնում «Համազգային» միութիւնը:

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏԻՉԵԱՆ.- Ձեռնարկել ենք համացանցային հարթակ, որպէսզի սփիւռքում ապրող հայ երիտասարդութեան տրամադրութեան տակ դրուի հայկական բարձր մշակոյթի տուեալները, որպէսզի նրանք չհեռանան հայութիւնից: Սա մեր ամենակարեւոր ձեռնարկներից մէկն է:

Արհեստագիտական իմաստով որոշ հարցեր ունի, եւ ժամանակատար է, բայց մի օր հասարակութեանը կը հասնի այդ ծրագիրը:

2-3 տարի առաջ Փարիզի Թարգմանչաց վարժարանի կողմից դիմում ենք ստացել՝ այդ վարժարանով զբաղուելու առաջարկութեամբ: Եւ, չնայած այն մեր վարժարանը չէ, սակայն ընդունեցինք առաջարկը եւ զբաղուեցինք այդ վարժարանի՝ մանաւանդ կրթական եւ հայագիտական բաժնի մակարդակի բարձրացման ուղղութեամբ:

Անցած երեք տարուայ ընթացքում մենք նոր մասնաճիւղ ունեցանք Քուէյթում: Ժամանակին տեղական ուժերը յարմար չէին գտնում, որ Համազգայինը գրասենեակ ունենայ այնտեղ, քանի որ միւս միութիւններն արդէն կլանած էին ամբողջ գաղութը: Հիմա, իրենց դիմումի հիման վրայ այդ մասնաճիւղը կազմուեց եւ մեծ գործ է արւում:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top