«Պնակ Մը Տաք Ճաշ»ն Ու Լուսանկարչի Մեծ Աշխարհը

0610kaprielpanosian4

«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ՍԱՆ ՖՐԱՆՍԻՍՔՈՅԷՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐԳԱՂԹԱԾ ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆԻ ՀԵՏ

 

Պատրաստեց՝ ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ

 

Ծովից ծով Հայաստան, պատմական շքեղ Հայրենիք ունեցած հային տարբեր դարաշրջաններում բաժին է հասել բռնի ուժով իր նախնիների հողից զրկուելու ու զարկուելու դառը ճակատագիրը: Սփիւռք եւ հայրենադարձութիւն, ներգաղթ ու արտագաղթ բառերն ասես ծնուել են հայի հետ, սակայն  Աստծոյ կամօք, աշխարհի տարբեր ծագերում ապրող  բոլոր հայերը մի օր հաւաքուելու են հայրենի հողում եւ ստեղծելու են հզօր Հայաստան:

Վերջին տարիներին Հայաստան վերադարձող, հայրենադարձուող հայութեան թիւն էականօրէն աւելացել է: Մեր հայրենակիցների մի մասը Հայաստան է եկել  շատ տարիներ առաջ, գտել իր տեղն ու դերը մեր հասարակութեան մէջ, կայացել իբրեւ մասնագէտ: Նրանցից մէկն էլ 12 տարի առաջ հայրենիքում հաստատուած Գաբրիէլ Փանոսեանն է, ում հետ հետաքրքիր զրոյց ծաւալուեց «Հայերն Այսօր»ի խմբագրութիւնում:

 

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարո՛ն Փանոսեան, պատմէք , խնդրեմ ձեր՝ հայ մարդու ոդիսականի մասին:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ես մուսալեռցիների զաւակ եմ, ծնուել եմ Լիբանանում, ապրել եմ Միացեալ Նահանգներում, իսկ 12 տարի առաջ հաստատուել եմ Հայաստանում: Ահա իմ ոդիսականը:

 

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչը պատճառ դարձաւ ձեր հայրենադարձուելուն:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Լիբանանում երկար տարիներ ես սկաուտների խմբապետ եմ եղել. իմ խմբի երեխաներին շարունակ հայրենասիրութիւն եմ քարոզել, նրանց սովորեցրել եմ հողով, քարով Արարատ լեռ սարքել եւ միշտ մտածել եմ, որ ես ժամանակաւոր եմ ապրում Լիբանանում, որ ես տեղացի չեմ ու մի օր պիտի գնամ իմ հայրենիք: Այդ ժամանակ, երբ դեռեւս Հայաստանում խորհրդային կարգերն էին իշխում, Հայաստան գալն աներեւակայելի էր: Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 1974 թուականի Հոկտեմբերի 9ին, որից յետոյ, վերադառնալով Լիբանան, իմ տպաւորութիւնները փոխանցել եմ շրջապատիս: Երկրորդ անգամ Հայաստանում եղել եմ 1991ին՝ ՀՀ նախագահի ընտրութեան օրերին. հէնց այդ ժամանակ մի շարք թղթակցութիւններ արեցի: Յետագայում ընտանիքով փոխադրուեցինք Ամերիկայի Միացեալ Նահանգներ… բայց հասկացայ, որ դա էլ իմ տեղը չէ: Երբ Հայաստանում անկախութիւն հռչակուեց, ես որոշում կայացրեցի, որ պէտք է Հայաստան գամ: Այդ տարիներին Սան ֆրանցիսկոյում  ղեկավարում էի «Համազգայինի Ձայն» ռադիօժամը: Ես էլեկտրականութեան մասնագէտ եմ, սակայն մշտապէս կապուած եմ եղել արուեստի աշխարհին: Դեռ մանկուց հետաքրքրուած եմ եղել նկարչութեամբ. մի քանի անգամ տարբեր առիթներով ասել եմ՝ ափսոսում եմ, որ Հայաստանում չեմ ծնուել, թէ չէ՝ բոլորովին ուրիշ ճակատագիր կ՛ունենայի, նպաստաւոր միջավայր կը լինէր իմ մասնագիտական կողմնորոշման համար, ներքին ապրումներս արտայայտելու հնարաւորութիւն կ՛ունենայի իմ ստանալիք կրթութեամբ:

 

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Գաբրիէ՛լ, դուք հիմնականում զբաղւում էք լուսանկարչութեամբ եւ, կարծես թէ, հէ՛նց այդ ոլորտում էլ կայացել էք… ինչպէ՞ս յայտնուեցիք այդ դաշտում:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ես արդէն ասացի, որ միշտ ձգտում ու սէր եմ ունեցել արուեստի, մշակոյթի հանդէպ, առիթ եմ ունեցել թղթակցութիւններ անելու, ռադիօժամ ղեկավարելու, իսկ  լուսանկարչութեան բնագաւառում ներկայացայ մի հետաքրքիր դիպուածով. ցոյցերից մէկի ժամանակ մի լուսանկար արեցի, որում Կիրօ Մանոյեանը փաթաթուել էր մի ձողի, եւ օրէնքի պահապանները նրան չէին կարողանում պոկել, ետ քաշել այդ ձողից: Այդ լուսանկարն ուղարկեցի «Ազդակ» օրաթերթին, նրանք շատ հաւանեցին նկարը, եւ այն  իմ անուն-ազգանունով տպագրուեց: Լուսանկարը շատերի ուշադրութիւնը գրաւեց, ու  ես օրաթերթի   ֆոտօլրագրողը դարձայ: ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ ստեղծման առաջին իսկ օրուանից սկսել եմ համագործակցել նախարարութեան հետ, նախարարն ինձ շատ է քաջալերել, որի համար երախտապարտ եմ: Մինչ օրս էլ շարունակւում է մեր համագործակցութիւնը. մեծ սիրով եմ մասնակցում նախարարութեան բոլոր միջոցառումներին: Յարգարժան նախարարը կարծում էր, թէ ես «Ազդակ»ի պաշտօնեայ եմ եւ զարմացաւ՝ իմանալով, որ ես իմ նախաձեռնութեամբ եմ լուսանկարներ պատրաստում: 1993ին բարեգործական նպատակներով եղել եմ Արցախում եւ ականատես եմ եղել մի դէպքի. մէկուկէս տարեկան առեւանգուած Լոլային ետ էին վերադարձել, ես հանդիպեցի նրա ընտանիքին, եկայ Երեւան եւ թերթերում գրեցի այդ մասին. դա իմ լրագրողական առաջին աշխատանքն էր, հիմնականում լուսանկարչութեամբ եմ զբաղւում:

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Երբեւէ մտածե՞լ էք ձեր լուսանկարների անհատական ցուցահանդէսը բացել:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ես 9ը ցուցահանդէս եմ ունեցել, որոնցում, սակայն, ցուցադրուել են աբստրակտ լուսանկարներ. ասեմ, որ այդ ցուցահանդէսների քաջալերողը տիկին Հրանոյշ Յակոբեանն է եղել:

Իմ լուսանկարները ցուցադրուել են նաեւ խմբային տարբեր ցուցահանդէսների ժամանակ: Ես միշտ ուզում եմ տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում, ես չեմ ուզում նոյնը տեսնել: Շատ լուսանկարներ եմ արել Արցախում. լուսանկարել եմ Շուշի քաղաքի դռները, նաեւ՝ եկեղեցիները: Ես նկարել եմ հայկական տների եւ ադրբեջանական, թուրքական տների ձեւերը՝ ցոյց տալու դրանց տարբերութիւնը: Իմ լուսանկարչական բոլոր ցուցահանդէսներին միշտ երկու աղջիկ էին գալիս, նրանց հետաքրքրութիւնը գրաւեց իմ ուշադրութիւնը, մի օր մօտեցայ եւ հարցրեցի, թէ ինչն է նրանց այդքան գրաւել, աղջիկներն ասացին՝ վաղն առաւօտեան կը գանք, կ՛ասենք… յաջորդ օրն առաւօտեան աղջիկները եկան՝ իրենց հետ մի տետր բերելով, որտեղ իմ նկարների հիման վրայ գրուած բանաստեղծութիւններ էին: Հիացած էի… երբ մէկ տարի անց գնացի Մացեալ Նահանգներ, բարեկամս՝ Եզնիկ Բալայեանը, իմանալով այդ մասին, յորդորեց հրատարակել այդ բանաստեղծութիւնները: Վերադարձայ Հայաստան, գտայ  այդ երկու աղջիկներին, ասացի իմ մտայղացման մասին, շատ ուրախացան. պարզուեց, որ նրանք էլ էին նոյնը մտածել, եւ իմ նկարների տպաւորութեամբ ստեղծուած այդ բանաստեղծութիւնների գիրք-ալբոմն արդէն հրատարակուել է. նկարն է եւ նրա  կողքին՝ նկարի տպաւորութեամբ գրուած բանաստեղծութիւնը: Մօտ ժամանակներում շնորհանդէսը կը կազմակերպենք:

 

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ես  տեղեակ եմ, որ դուք հիմնադիրն էք «Պնակ մը տաք ճաշ» նախաձեռնութեան. ի՞նչ է այն իրենից ներկայացնում, մանրամասնէ՛ք, խնդրում եմ:

ԳԱԲՐԻԷԼ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ինչպէս տեսաք, այս տարի Հայաստանում դաժան ձմեռ էր. ես Արարատեան դաշտավայրում՝ Նորամարգ գիւղում, մի ֆերմա ունեմ, ասացի՝ գնամ տեսնեմ ինչ վիճակում է: Տեսայ, որ կէս մետր ձիւն է նստել, չկարողացայ դուռը բացել ու ներս մտնել… այդ օրն էլ առատ ձիւն էր մաղում, դրսում մի քանի մարդիկ էին հաւաքուել՝ ծանօթ ու անծանօթ. հարցրեցի, թէ այդ եղանակին ինչ են անում բաց երկնքի տակ, նրանք էլ պատասխանեցին, որ տանը տաքութիւն չունեն, ուտելիք չունեն, աշխատանք էլ չկայ, գնան տուն՝ ի՞նչ անեն… այդ գիշեր աչքերիս քուն չեկաւ, մտածում էի, թէ ինչ կարելի է անել, ինքս ինձ խօսք տուեցի, որ մի միջոց պէտք է գտնեմ: Որոշումս իրականացնելու համար դիմեցի իմ մի քանի ծանօթների, ովքեր հաւանութեան արժանացրին այդ՝ «Պնակ մը տաք ճաշ» ծրագիրս, որից յետոյ գնացի գիւղապետի մօտ եւ ներկայացրի ծրագիրս. գիւղապետը շատ ուրախացաւ՝ ասելով՝ Աստուած քեզ ուղարկեց:  Որոշեցինք 100 անապահով մարդկանց օրը մէկ անգամ կերակրել: Գնացի ապրանքը բերեցի, մարդիկ գտայ, ովքեր պէտք է աշխատէին: Գիւղապետը կարիքաւորների ցանկը բերեց, պարզուեց, որ 150 է այդ մարդկանց թիւը: Ասացի, որ այդքան տեղ չունեմ (ինձ մօտ էի տեղ առանձնացրել, որ սեղան-աթոռներ դնենք, մարդիկ գան ու ճաշեն): Մտածեցի, որ այդ մարդկանց մի մասը գալու է գիւղի մի ծայրից, ճանապարհները՝ ցեխոտ, անյարմար, ինչպէ՞ս պէտք է տեղ հասնեն… ի՞նչ անել, ի՞նչ ձեւով իրականացնել այդ ծրագիրը, որ յարմար լինի: Օգնականիս՝ Արեւիկի հետ խորհրդակցեցինք եւ որոշեցինք չոր սնունդ մատուցել մարդկանց, որ գան եւ այդ մթերքը տանեն, իրենց տներում պատրաստեն: Առաջին օրը  60՝ ամէնից աւելի կարիքաւորներին բաժանեցինք, յաջորդ օրը մարդկանց թիւը մեծացաւ, դարձաւ մօտ 400 հոգի: Իւրաքանչիւրին մօտաւորապէս 15-20 կգ. սնունդ բաժանեցինք՝ բուսական իւղ, վերմիշել, մակարոն, բրինձ, շաքարաւազ… եղան նաեւ տհաճ, ինչպէս նաեւ՝ հաճելի դէպքեր. մարդիկ եղան, ովքեր հրաժարուեցին օգնութիւնից՝ ասելով, որ իրենցից աւելի վատ ապրողներ կան, աւելի լաւ կը լինի, որ նրանց տան այդ օգնութիւնը: Ինձ կամաւորութեան սկզբունքով օգնում էին հրաշալի երիտասարդներ՝ առանց դոյզն-ինչ ակնկալիքի: Յետոյ մտածեցի, որ կարիքաւորներին կարտոֆիլ բաժանելու փոխարէն՝ աւելի լաւ կը լինի, որ նրանց կարտոֆիլի սերմացու տանք, իրենք ցանեն. այդպէս էլ արեցինք եւ մօտ 4 տոննա սերմացու բաժանեցինք: Ինձ նիւթապէս օժանդակում էին արտերկրի հայերը: Ծրագիրը նախատեսուած էր երկու ամսուայ համար, սակայն մենք երեք ամիս աշխատեցինք: Հիմա նպատակ ունենք այս ծրագիրը պաշտօնական ձեւով իրականացնել, վերածել շահոյթ չհետապնդող կազմակերպութեան: Նախընտրում ենք առաջինը ձեռք մեկնել Արարտեան դաշտավայրի սահմանային գիւղերի բնակիչներին. նրա՛նք էլ իւրօրինակ զինուորներ են, որովհետեւ չեն լքում իրենց բնակավայրերը եւ միշտ զգօն են:

Ես իմ խորին  երախտագիտութիւնն եմ յայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր միացան մեր նախաձեռնութեանը, մասնաւորապէս՝ մեր 3 բարերարներ, նուիրատուներ Գաբրիէլ Չեմբերջեանին, ժիրայր Սարգսեանին, նրա տիկնոջը՝ Սրբուհուն, Վահան Զանոյեանին. յետագայում մեզ միացաւ նաեւ Նուբար Դէմիրճեանը: Մենք մօտաւորապէս 1200 հոգու սնունդ ենք բաժանել, իսկ 600 հոգու՝ կարտոֆիլի սերմ: Յուսամ, որ կը կարողանանք այս տարի եւս իրականացնել նմանատիպ ծրագիր:

 

ԿԱՐԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Շնորհակալութիւ՛ն, պարո՛ն Գաբրիէլ, յաջողութիւն եմ մաղթում ձեր մարդասիրական նախաձեռնութեանը եւ ֆոտօլրագրողի՝ ձեր աշխատանքային գործունէութեանը: Թո՛ղ ձեր լուսանկարչական խցիկը երբեւէ չտեսնի հայի տխուր դէմքեր, թո՛ղ այն միշտ որսայ ժպտացող աչքեր, եւ թո՛ղ մշտապէս պնակ մը տաք ճաշ ունենան բոլորը:

 

 

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top