Տան Եւ Հայրենի Տան Արանքում

0707arminemukoyan

0707arminemukoyan

Յարգելի խմբագիր,

Ծնուելով եւ ապրելով հայրենիքում, երբեք չեմ անդրադարձել՝ ինչպէ՞ս է ապրում Սփիւռքում հայը, իսկ որտեղի՞ց նրան այդքան ուժ, չէ որ Սփիւռքը վերջիվերջոյ պետութիւն չէ, բայց որտեղից նրան այդքան կարողութիւն՝ լինելու հայրենիքի մէջքին, նպաստելու նրա՝ որպէս Հայաստանի պետութեան կայացմանը, հզօրացմանը:

Սփիւռքից հեռու ի՞նչ էր Սփիւռքը ինձ համար. այն հայրենիքի թիկունքն էր, ուժն էր, հզօր ու  կարեւորագոյն յենասիւնն էր:

Հիմա ապրում եմ հայրենիքից հեռու՝ Սփիւռքում, եւ այստեղ է, որ գտնում եմ հարցերիս պատասխանը. Հայաստանում մենք չգիտենք Սփիւռքի հայի ամէնօրեայ ապրումի մասին, մենք չենք ճանաչում Սփիւռքի հային, մենք գիտենք միայն ՍՓԻՒՌՔ:

Այստեղ է, որ հասկացայ՝ ի՜նչ դժուար է եղել օտարութեան մէջ դառնալ սեփական ճակատագիրի դարբինը:

Այս է, որ ինձ մղեց գրելու ո՞վ է Սփիւռքի հայը եւ ինչո՞վ է նա տարբերւում եւ ի՞նչ է փնտռում:

Գրութիւններս կարծիքի եմ տուել հայաստանեան եւ սփիւռքեան գրական աշխարհի մարդկանց, նրանք ինձ առաջարկեցին, խորհուրդ տուեցին այն ուղարկել Սփիւռքի թերթերին: Այս խրախուսումն էր, որ պատճառ եղաւ ձեր կարծիքին եւ դատին ուղարկել իմ գրութիւններից մէկը, եթէ այն նպատակայարմար կը գտնէք հրապարակելու, շնորհակալ կը լինեմ:

 

Յարգանքով եւ ջերմ բարեւներով՝

ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ ԹԱՇՃԵԱՆ

 

 

Դուռը բացուեց: Ինձ սպասում էին:

Բարեւ,- լսեցի առաջին բառը:

Hi,-լսեցի երկրորդը:

Տան տիկինը ժպտալով ինձ ներս հրաւիրեց:

Հիւրասենեակը շնչում էր հայերէն, պատերին հայկական եկեղեցիները պատկերող նկարներ էին, խաչ եւ հայկական տառապատկերներով ձեռագործ աշխատանքներ, ինչպէս Սփիւռքի ամէն հայի տանը, այստեղ էլ պատին, բոլորին տեսանելի տեղում, կախուած էր Արարատը՝ իր ողջ վեհութեամբ եւ գեղեցկութեամբ. օջախը հայկական էր:

Տան տէրը՝ վարպետ Յակոբը, որ Լիբանանից էր տեղափոխուել, շատ դժուարութիւններ էր ապրել իր կեանքում, նրա հայրը՝ Բէյրութում յայտնի ոսկերիչ ընկեր Գարեգինը (այդպէս են նրան անուանել իր դաշնակցական, քաջարի մարտական լինելու համար) տղային մեծացրել է ազգային ոգով, օրուայ ծանր աշխատանքի չափազանց յոգնութիւնը չի խանգարել նրան տղային պատմել ի սէր հայրենեաց մարտնչած քաջորդիների սխրանքների մասին, ներշնչել նրան ազգային ուժեղ ոգի, ազգային գիտակցութիւն: Խիստ եւ շատ հպարտ մարդ է եղել ընկեր Գարեգինը, եղել է տան միակ կերակրող ձեռքը, բայց այդժամ հազիւ ապրուստ հայթայթող ընտանիքի հայրը իր զաւակներին պէտք է կրթութեան ուղարկեր ազգային վարժարան. դա նրա պարտք էր, նրա հպարտութիւնը՝ իր զաւակները պէտք է խօսէին հայերէն, պէտք է կրթուէին հայերէն:

Մայրը՝ տիկին Անուկը, արմատներով Կիլիկիոյ Ադանա քաղաքից, համեստ եւ բարի կին է եղել: Վարպետ Յակոբը յաճախ յիշում էր Բուրջ Համուդի իրենց տունը, որտեղ մեծացել է վեց երեխայ, բայց տունը միշտ մաքուր եւ միշտ կոկիկ է եղել, յիշում էր՝ ինչպէ՞ս էր մայրը ձեռքով հագուստ կարում իր վեց երեխաների համար, ինչպէս երբեք բաց չէր թողնում Կիպրոսի ռադիօկայանից շաբաթական երկու-երեք անգամ հեռարձակուող կէս ժամանոց հայկական ռադիօժամը՝ հայերէն երգեր լսելու համար, եւ ինչպէ՜ս էր լացում այդ երգերը լսելիս, իսկ եթէ երգը Ադանայի կոտորածն էր, մայրը կծկւում էր եւ երկար ժամանակ լուռ արտասւում:

Վարպետ Յակոբը այնքան երջանիկ չէր եղել երկար վայելելու հօրն ու մօրը: Նրա հայրը մահացել է, երբ վարպետը տակաւին տասնհինգ տարեկան էր, իսկ երեք տարի անց մահացել է նաեւ մայրը:

Վարպետը այլեւս տան պատասխանատուն պէտք է լինէր, նրա խնամքին էին չորս քոյրերն ու եղբայրը: Իսկ նա սիրել է սովորել, եղել առաջադէմ աշակերտ, բայց դպրոցն ու համալսարանը արդէն իր տեղը չէին, պէտք է աշխատէր:

Վարպետը եղաւ նաեւ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայկական թաղամասերի ինքնապաշտպանութեան գործի նուիրեալներից: Նա երբեք չմոռացաւ իր նահատակ ընկերներին:

Տարիներն անցել էին, այստեղ նա ծանօթացել եւ ընտանիք էր կազմել Թամարի հետ, տունուտեղ էին դրել, զաւակներ ունեցել:

– Գիտե՞ս, մեր տունը հայկական աշխարհակալ տէրութիւն է, չե՞ս հաւատար,- ժպտաց վարպետը ու իր թաւ ձայնով կանչեց.

– Արշակ, Վան, Շուշի, Արազ, հո՛ս եկէք:

Վարպետ Յակոբը զաւակներին ներկայացրեց եւ ամէն մէկի անունը տալիս՝ հպարտ, իր ժպտուն աչքերով նայում էր ինձ եւ ասում.

– Արշակ՝ Արշակունիներու թագաւորութիւն, Վան՝ հայոց առաջին մայրաքաղաքն ու մեր Վանայ լիճը, Շուշի՝ մեր Արցախի անառիկ բերդաքաղաքը, Արազ՝ մեր մայր գետը: Հիմա համոզուեցա՞ր,- ծիծաղեց վարպետն ու գոհունակութեամբ նստեց:

Երեխաները համեստօրէն բարեւեցին ինձ.

– Բարեւ,-ասեց Արշակը, երեխաներից մեծը, որ նոր էր աւարտել շրջանի հայկական դպրոցը եւ ուսումը շարունակում էր  յայտնի անգլիական քոլեջում՝ իրաւաբան դառնալու հեռանկարով:

– Բարեւ,- Վանն էր: Վանը հայկական դպրոցի սան էր, սիրում էր կիթառ նուագել: Ակտիւ ներգրաւուած էր հայ համայնքի պատանեկան միութեան աշխատանքներին:

– Վանը իմ արհեստը շարունակողն է, իմ մեծ հայրս հմուտ եւ ճարտար ոսկերիչ եղած է, հայրս ալ, ես ալ շարունակած ենք անոր արհեստը, եւ Վանն է մեր այդ ոսկերչական ծառի նոր ճիւղը,-վարպետը ձեռքով թփթփացրեց Վանի ուսին,- գիտե՞ս, որ  Կոստանդնուպոլսի ոսկերիչները միայն հայեր եղած են, կ՛ըսեն թէ միայն մէկ յոյն ոսկերիչ կար, բայց, վստահ, որ հայկական արմատներ ունենալու էր,- ծիծաղեց վարպետ Յակոբը:

– Hi,-ամաչկոտ հայեացքով բարեւեց Շուշին:

Վարպետը զգուշօրէն ուղղեց.

– Բարեւ է, Շուշի՛, եւ ո՛չ Hi:

Շուշին սեւ աչքունքով, գեղեցիկ կեցուածքով, գանգրահեր հայուհի էր: Եղբայրների նման նա էլ էր սովորում հայկական դպրոցում: Վարպետը դեռ վաղուց նկատել էր Շուշիի հետաքրքրութիւնը կինոյի հանդէպ, լսել էր աղջկայ դերասանուհի դառնալու ցանկութեան մասին, սակայն դեռ լուռ էր, ինքն իր մէջ պայքարում, չէր կարողանում հեշտ յարմարուէր այդ մտքին: Նա երազում էր Շուշիին տեսնել բժշկուհի:

– Hi, no բարեւ,- ինքն իրեն ուղղեց Արազը, որ ամենափոքրն էր, նրա գեղեցիկ երկար ալիքներով վարսերը կարծես հէնց Արազի ալիքները լինէին, ժպտուն աչքերով, աշխոյժ աղջնակ էր Արազը:

Բարեւեց եւ փորձեց նստել հօր ծնկներին:

– Ասիկա մեր տան կարկաչուն աղբիւրն է,- ծիծաղեց վարպետը:

– Ինչպէ՞ս է, հաւնեցա՞ք այս երկիրը, յարմարուեցա՞ք,- տան տիկինն էր, որ գեղեցիկ եւ հարուստ սեղան էր պատրաստել՝ յատուկ հայկական օջախին: Սեղանի վրայ առանձնանում էր նռան տեսքով ապակէ շշով հայկական գինին:

«Հայրենիքից հեռու, բայց այսքան հայրենիք այս չորս պատի մէջ»,- մտածեցի ես:

Մտքերն ինձ տարան Հայաստան, մեր գիւղի տունը, փորձեցի յիշել՝ ի՞նչ ունենք տանը այսքան հայկական. մեր տան պատերին չունենք հայկական եկեղեցիներով նկարներ, բայց ո՛չ, սպասի՛ր,-ինքս ինձ կանգ տալով,- հայկական գորգ ունենք, Իջեւանի,- ժպտացի եւ շարունակեցի յիշել՝ էլ ի՞նչ ունենք,- Արարատի նկարը չունենք, հետաքրքիր է Հայաստանում ո՞ւմ տանն եմ տեսել այսքան մեծ, այսքան վեհ Արարատ, մեր տանը չունենք նաեւ խաչ եւ հայկական տառերը պատկերող նկարներ, սակայն ունենք աստուածաշունչ եւ սրբապատկեր:

– Ի՞նչ կը խմէք,- տան տէրն ընդհատեց միտքս,- վստահ, հայկական գինի շատ խմած կ՛ըլլաք,  կ՛ուզէ՞ք համեղ լիքէօր մը փորձել,- վարպետ Յակոբը ոտքի էր կանգնել եւ սպասում էր իմ պատասխանին:

Յանկարծ վարպետը շրջուեց զաւակներին, որոնք անգլերէնով ինչ-որ բան էին իրար բացատրում.

– Ես ձեզի ըսած եմ տան մէջ հայերէն խօսեցէք,- բարկացկոտ տօնով դիմեց զաւակներին:

Մռայլուեց վարպետը: Յենուեց, հոգոց հանեց, կորաւ դէմքից քիչ առաջուայ հպարտութիւնը:

Կարօտը դաջուեց դէմքին:

Իմ մտքերն ինձ նորից տարան Հայաստան, մեր գիւղի դպրոցը եւ լսեցի ուսուցչուհուս՝ Հայոց Դանթէականը կարդացող ձայնը. «Այբ-բեն-գիմ-դա- է՜, ձա՛գս,– Ասում, գրում էր մայրը հայ գրերն աւազի վրայ…»:

Օտարութեան մէջ հայը ցաւի յիշողութեամբ դարձել է իր ճակատագիրի դարբինը:

– Վարպետ Յակոբ,-լռութիւնս դարձաւ բառ, եւ ընդհատուեց. Արազը յանկարծ՝ կարծես հասկանալով հօր հոգու ցաւը, իր չարաճճի եւ անմեղ աչուկներով նայեց հօրն ու սկսեց թոթովախօս լեզուով երգել՝ «Արագիլ գարնան, արագիլ ամռան…»։

Վարպետը ժպտաց եւ հայկական գինով լցուած բաժակը երկարեց ինձ:

Authors

Discussion Policy

Comments are welcomed and encouraged. Though you are fully responsible for the content you post, comments that include profanity, personal attacks or other inappropriate material will not be permitted. Asbarez reserves the right to block users who violate any of our posting standards and policies.

*

Top